ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՆ ՈՒ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՆ Է, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ»

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՆ ՈՒ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՆ Է, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ»
11.11.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ
-2012-ի բյուջեն որոնելիս 2011-ին ի՞նչ գտանք:
-Գտանք, որ կառավարությունը այդպես էլ չհրաժարվեց Հայաստանում ցածր եկամտի պահպանման քաղաքականությունից: Գործող կառավարությունը տարիներ շարունակ աշխատավարձերի և կենսաթոշակների լուրջ բարձրացում չի իրականացրել: Պատճառաբանություններ շատ են եղել` ճգնաժամն է խանգարում, գնաճը... Թվում էր` գոնե 2012-ի համար կնախատեսվեն բարձրացումներ, հատկապես, որ անհրաժեշտ ռեսուրսներ կան: Քաղծառայության համակարգում այդպես էլ դրույքաչափի փոփոխություն չեղավ, տարիներ շարունակ բազային աշխատավարձը մնում է 40000 դրամի մակարդակին: Ես համոզված եմ, որ 2500 դրամով նպաստների ու կենսաթոշակների չնչին բարձրացումները որևէ կերպ չեն լուծում քաղաքացիների աղքատացման հարցը, որը վերջին տարիներին սրվեց: Մասնավոր դրամական փոխանցումները նվազեցին, գնաճը վերջին 3-4 տարիներին մոլեգնեց, իսկ քաղաքացիների եկամուտները չբարձրացան: Պարզ է, որ հետևանքը քաղաքացիների աղքատացումը պետք է լիներ: Կառավարությունն էլ է ընդունում, որ աղքատների թիվն ավելացավ` 23,5-ից հասնելով 34,1 տոկոսի, և այսօր Հայաստանում երեքից մեկն աղքատ է: Եթե հաշվի առնենք, որ աղքատության շեմի որոշման մեթոդաբանությունն էլ վիճահարույց է, և աղքատության շեմն իրականում շատ ավելի բարձր է, եթե հիմք ընդունենք կենսապահովման նվազագույն զամբյուղը, ապա ստացվում է, որ աղքատների իրական թիվը բնակչության կեսից ավելի է: Այս պայմաններում քաղաքացիների համար տարրական կենսամակարդակ ապահովելու որևէ քայլ չենք տեսնում: Կառավարությունը դա բացատրում է գնաճային ճնշումներով: Նախորդ կառավարությունները տարիներ շարունակ հետևողական բարձրացրել են աշխատավարձերն ու կենսաթոշակները, այն ժամանակ նույնպես եղել է գնաճ, սակայն քաղաքացիները գնաճային ճնշումներն այսքան ցավոտ չէին տանում, որովհետև ամեն տարի պետբյուջեի նախագծում լինում էին համապատասխան բարձրացումներ: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն ամեն տարի նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրանում էր, այս տարի նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Եթե աշխատավարձերի բարձրացումը հանգեցնում է գնաճի, ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ տարիներ շարունակ էական բարձրացումների և մասնավոր դրամական փոխանցումների մեծ հոսքի առկայությամբ, որը դրամի մեծ զանգված էր կուտակել և փողի արժեքի նվազեցում էր բերել, ավելի մեծ գնաճ չկար, քան հիմա: Այսօր իրականում կա դրամի զանգվածի, եկամուտների դեֆիցիտ, կա շրջանառվող փողի պակաս: Այս պայմաններում արդյոք քաղաքացիների եկամուտների ավելացումը հանգեցնելո՞ւ է լրացուցիչ գնաճի: Եթե գործարարներին հարցնեք` իրե՞նք են ուզում գումար ստանալ կառավարությունից, թե՞ ցանկանում են, որ կառավարությունն այդ գումարները քաղաքացիներին տա, հավատացնում եմ, որ բոլոր գործարարները միանշանակ կգերադասեն քաղաքացիների եկամուտների ավելացումը, որովհետև անիմաստ է աջակցություն ստանալ, երբ դու ի վիճակի ես այդ ապրանքն արտադրելու կամ այդ ծառայությունը մատուցելու, քո պրոբլեմը ոչ թե քո արտադրության կազմակերպումն է, այլ սպառողների գնողունակության ապահովումը: Սպառողների գնողունակ պահանջարկի ձևավորումը բերելու է տնտեսության աշխուժացմանը. քաղաքացու գրպանում հայտնվող գումարն անմիջապես տնտեսություն է մտնելու, որովհետև նա ձեռք է բերելու ապրանքներ և օգտվելու է ծառայություններից, արդյունքում ավելանալու են շրջանառվող գումարի չափը և արագությունը: Եթե նույնիսկ ինչ-որ չափով գնաճ է լինելու, այդ գնաճը վերադառնալու է քաղաքացուն աշխատավարձի տեսքով:
-Այդ ամենը հասկանալի է, հասկանալի չէ, թե ինչո՞ւ կառավարությունը հնարավորություններ ունի ու չի բարձրացնում կենսաթոշակներն ու աշխատավարձերը:
-Կառավարությունը ռեսուրս ունի, բայց համոզված է, որ Հայաստանի մրցունակությունն ապահովում է քաղաքացիների ցածր եկամուտը: Դա ամրագրված է նաև կայուն զարգացման ռազմավարությունում, որտեղ նշված է, որ կառավարությունը խնդիր է դնում ապահովել արտադրողականության աճ կայուն ցածր վարձատրության պայմաններում: Այսինքն` կառավարությունն ակնկալում է, որ այսքան ցածր, նույնիսկ կենսամակարդակից ու աղքատության շեմից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է ավելի շատ աշխատեն և ավելի որակյալ ու մրցունակ արտադրանք տան: Նշանակում է` գործում է շահագործման մեխանիզմը` կառավարությունն ուզում է հարկ եղած աշխատավարձը չվճարել ու ստանալ ավելի բարձր արտադրողականություն: Սա կայուն զարգացման ռազմավարություն չէ, սա ժողովրդին շահագործելու մոտեցում է: Կան զարգացող կամ հետամնաց երկրներ, որտեղ մարդիկ ավելի ցածր եկամտով պատրաստ են աշխատելու: Բայց կան և զարգացած պետություններ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, որտեղ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է Հայաստանի միջին աշխատավարձից, և այդ երկրները կարողանում են տալ որակյալ ու մրցունակ արտադրանք, նրանց ընկերություններն ու մատուցած ծառայություններն աշխարհում լավագույններից են: Կյանքը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում մրցունակության համար շատ ավելի կարևոր են տեխնոլոգիաները, գիտելիքները, որակյալ ու գրագետ աշխատուժը, քաղաքական աջակցությունը տեղական արտադրողներին և արտահանմանը, քան ցածր եկամուտը, որովհետև ցածր եկամուտ ստացող քաղաքացին չի կարող տալ որակյալ արտադրանք, որը մրցունակ լինի շուկայում: Այսինքն, այն մոդելը, որ կառուցում ենք Հայաստանում, հետամնաց երկրի մոդել է: Մենք ասում ենք` Հայաստանի ապագան դա չէ: Եթե որակյալ արտադրանք և ծառայություն ենք ակնկալում, պետք է ունենանք որակյալ աշխատուժ, որը չի կարող գոյություն ունենալ ցածր եկամտով: Որակյալ աշխատուժը ուղղակի լքում է հանրապետությունը, իսկ ոչ որակյալ աշխատուժից այսպիսի եկամտի պայմաններում չես կարող ակնկալել ո՛չ արտադրողականության աճ, ո՛չ մասնագիտական վերելք:
-2012-ի բյուջե՞ն էլ որակվեց սոցիալական, և ի՞նչ է դա նշանակում:
-Ընդհանրապես մի քիչ դժվար է հասկանալ, թե կառավարությունն ինչ է հասկանում «սոցիալական» բառն օգտագործելով: Քաղաքացիների իրական կենսամակարդակի բարձրացումը փոխարինվում է նոր հասկացություններով: Կառավարությունը հայտարարում է, որ քաղծառայողների աշխատավարձը չի բարձրացնում, բայց ձևավորում է սոցիալական փաթեթ, որը թույլ կտա քաղաքացուն ինչ-ինչ խնդիրներ լուծել:
-Ի՞նչ խնդիրներ:
-Կրթական, առողջապահական, հանգստի, հիպոթեքի: Բայց այս հայտարարությունն ավելի շատ քարոզչական նպատակներ ունի, որովհետև կառավարությունն էլ վերջնականապես չի որոշել` ո՞ւմ է սոցիալական փաթեթը տրվելու, ի՞նչ պայմաններով ու ինչպե՞ս: ՈՒստի հարց է առաջանում` արդյո՞ք սա ֆինանսական շուկայի առողջացման հերթական ծրագիրը չէ, քաղաքացին այդ գումարներն այդպես էլ չի տեսնելու, բանկային համակարգում հայտնվելով` դրանք ծառայելու են ֆինանսական շուկայի առողջացմանը, կամ` եթե քաղաքացին այսօր հաց գնելու, էլեկտրաէներգիայի կամ գազի դիմաց վճարելու կոնկրետ խնդիր ունի, հանգստանալու համար կառավարության նախատեսած փաթեթը նրան պե՞տք է` աշխատավարձը մի քանի տարի չբարձրանալու պայմաններում: Կառավարությունը նաև քայլեր է իրականացնում, որ որևէ կերպ չես կարող անվանել սոցիալական: Մեզ համար սոցիալական քաղաքականությունը ֆինանսավորման չափերը պահելը չէ:
-Ո՞րն է սոցիալական քաղաքականությունը:
-Սոցիալական քաղաքականությունը նախ և առաջ քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելն ու եկամտի աղբյուրներ ձևավորելն է, քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը: Հիշո՞ւմ եք` ինչ թափ էր առել շինարարությունը մինչև ճգնաժամը, ինչ գումարներ էին հոսում այդ ուղղությամբ պետական բյուջեից և մասնավոր հատվածից, առաջացավ մի փուչիկ, որը ճգնաժամի ժամանակ պայթեց, բայց դա չի նշանակում, որ շինարարությամբ և բնակարանային ապահովմամբ ընդհանրապես չպետք է զբաղվել: Մենք խնդիր ունեցանք գնողունակ պահանջարկի բացակայության պայմաններում անշարժ գույքի կառուցման մասով, անհամաչափություն բնակարանների իրական կարիքի և կառուցվող բնակարանների միջև, բայց չի նշանակում, որ շինարարության ոլորտը պետք է անտեսել: Կառավարությունն այս տարի կտրուկ նվազեցրել է բնակարանային ապահովմանը և պետական շինարարությանն ուղղված գումարները. մինչդեռ դա ոչ միայն բնակարաններով ապահովման սոցիալական ծրագիր էր, այլև տնտեսության խթանման ծրագրերից` շինարարությունը որպես համակարգաստեղծ ոլորտ զարգացնում է նաև այլ ոլորտները, ապահովում աշխատատեղեր, շինանյութերի արտադրություն և այլն: Այսինքն` կրճատելով այդ գումարները, պակասեցվում են այդ ոլորտներում զբաղված քաղաքացիների եկամուտները: Նույնը տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտում: Այն օրից, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, կառավարությունը հետևողականորեն կրճատեց գյուղատնտեսությանը հատկացվող գումարները, գյուղատնտեսության աջակցության ոչ մի ծրագիր փաստացի գոյություն չունի: Շատերն են հիմա քննադատում գյուղատնտեսության նախարարին, բայց չեն ասում, որ նախարարությունը նախկինից շատ ավելի քիչ գումար է ստանում: Դժվար է այդ պայմաններում գյուղատնտեսություն զարգացնել, որովհետև երբ պետությունը, որպես խոշորագույն ներդրող, դուրս է գալիս ոլորտից, ոլորտը ոչ գրավիչ է դառնում նաև ուրիշների համար:
-Հիմա մենք ճգնաժամի ո՞ր փուլում ենք գտնվում` հաղթահարե՞լ ենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, թե՞ ճգնաժամը վերադառնում է, պետական բյուջեի նախագծում կա՞ն ճգնաժամից պաշտպանվելու մեխանիզմներ:
-Մենք մտել ենք պերմանենտ ճգնաժամի փուլ:
-Եթե հիշողությունս չի դավաճանում, մենք 20 տարի պերմանենտ ճգնաժամի փուլում ենք:
-Ոչ, 90-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբին ճգնաժամային վիճակ Հայաստանում չկար, զարգացման բավականին նպաստավոր պայմաններ էին, նախ անկման և կազմալուծման մեծ ժամանակաշրջան էր եղել, որից հետո ենթակառուցվածքները բնականաբար պետք է թափով զարգանային, շատ բարենպաստ էր միջազգային կոնյունկտուրան: Արդեն այն ժամանակ նշվում էր տնտեսության իրական հատվածի զարգացման կարևորությունը: Իշխանական որոշ գործիչներ կարծում էին, որ այդ իրավիճակը հավերժ շարունակվելու է, և մինչև հիմա էլ չեն գիտակցել, որ այդ ժամանակներն անցել են: Հիմա եկել է մի շրջան, երբ պետք է զարգացնել իրական հատվածը և նոր տնտեսական համակարգ կառուցել: Տնտեսական զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ ամեն հաջորդ ճգնաժամը շատ ավելի ուժեղ է լինում նախորդից: Եվ դրան հարկավոր է պատրաստ լինել: Մենք ներսում չկարողացանք բարեփոխումների գնալ, որովհետև դրանք շատ ցավոտ են քաղաքական վերնախավի համար: Երբ քաղաքական և տնտեսական էլիտան սերտաճած են, քաղաքական և տնտեսական խնդիրներ լուծել նշանակում է հարվածել կոնկրետ անձանց շահերին: Նման քայլերի ռիսկ չանելով` մենք վերացնում ենք բարեփոխումների շանսը:
-Այսինքն` սպասում ենք, թե ինչ կլինի, ոչ թե փորձում ենք կառավարել ճգնաժամը:
-2012-ի պետբյուջեի նախագծում կառավարությունը փորձել է նվազեցնել հնարավոր ռիսկերը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Մենք պետք է կարողանանք գնալ անհրաժեշտ և ցավոտ բարեփոխումների: Եթե 2012-ին պետական բյուջեն կատարենք, բոլորովին չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարել ենք, որովհետև նախաճգնաժամային ՀՆԱ-ին և կենսամակարդակին դեռ չենք հասել և հայտնի չէ, թե առաջիկա տարիներին երբ կհասնենք: Եթե նույնիսկ 1,2,3 տարի հետո հասնենք էլ, չենք ստեղծել կայուն զարգացման անհրաժեշտ նախադրյալներ և չունենք երաշխիք, որ հերթական ճգնաժամը մեզ չի հանգեցնի դեֆոլտի վտանգին: Մենք պետք է լրջորեն աշխատենք տնտեսական, էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման համար: Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև երկրի անվտանգության, երբ քաղաքացիներն ի վիճակի են երկրում վաստակելու ապրուստ և տնտեսական համակարգում ունենալու մրցունակ փոքր տնտեսավարող սուբյեկտներ: Մենք պետք է հասկանանք, որ արտագաղթի կասեցումը և ներգաղթի խրախուսումը ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, այլև տնտեսական, որովհետև ինչքան քաղաքացիները հեռանում են Հայաստանից, այնքան նվազում են տնտեսության ծավալները, պակասում են պետբյուջեի մուտքերը։ Ե՛վ ազգային, և՛ տնտեսական անվտանգությունը, և՛ սոցիալական խնդիրները փոխկապակցված են: 2004-2006 թթ. մենք միգրացիայի դրական սալդո ունեցանք, տարեկան 20000-ից ավելի մարդ էր վերադառնում, թեպետ մեր կենսամակարդակը բոլորովին էլ եվրոպականին հավասար չէր, բայց մարդիկ հավատում էին, որ հայրենիքում կարելի է աշխատել ու ապրել, տուն և մեքենա գնել, ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Այսօր այդ մթնոլորտը չկա, և արտագաղթողները հեռանում են, որովհետև չկա զարգանալու բարոյահոգեբանական մթնոլորտ:
-ՀՅԴ-ն ի՞նչ առաջարկներ ունի պետբյուջեի նախագծի վերաբերյալ:
-Ինչպես նախորդ տարիներին, ՀՅԴ-ն հրապարակելու է խմբակցության տեսակետը ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի և պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, այդ վերլուծության մեջ կլինեն և մեր գնահատականները:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ