Որ Միխեիլ Սաակաշվիլու բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնություններն անսպասելի ու սկանդալային են լինում, մենք արդեն սովորել ենք։ Որ դրանք նյարդայնացնում են և կոշտ հակահարված են ստանում Ռուսաստանի կողմից, դրան կրկնակի ենք սովորել։ Սակայն վրաց նախագահի վերջին քայլը` ռուսական Հյուսիսային Կովկասի բոլոր բնակիչների համար անհրավեր այցեկարգի սահմանման մասին նրա հրամանագիրը, հավանաբար, լուրջ հետևանքներ կունենա և փոփոխություն կառաջացնի տարածաշրջանում տիրող իրավիճակում։ Իսկ դա ընդհանուր պատկերի առանձնակի իմաստավորում է պահանջում։
Իրոք, այն իրավիճակը, երբ Հյուսիսային Կովկասի բնակիչները Վրաստան մուտք գործելու համար պետք է երկար ճանապարհ անցնեին և այցի թույլտվություն ստանային Մոսկվայում, առնվազն տարօրինակ էր։ Այնպես որ, առաջին հայացքից այդ նախաձեռնությունը շատ մարդասիրական է և միանգամայն համահունչ միջազգային պրակտիկային։ Սակայն, եթե հաշվի առնենք երկու երկրների փոխհարաբերությունները, որոնք դժվար է անվանել բարիդրացիական, պատկերը փոքր-ինչ այլ լույսով կներկայանա։ Ավելին, նման շռայլության համար կարելի էր ավելի մեղմ անցակարգ սահմանել և մի երկու ժամում «Վերին Լարս» անցակետում այցեհրավերներ տրամադրելու ծառայություն հիմնել։ Նկատենք, որ ամեն ինչ արվել է միակողմանիորեն և չի համաձայնեցվել ոչ միայն ռուսական կենտրոնական, այլև տեղական իշխանությունների հետ։ Համապատասխանաբար, անմիջապես մոռանալով այն մասին, որ Մոսկվան ինքն է ձգտում Եվրամիությունից ստանալ նմանօրինակ դյուրացումներ Կալինինգրադի մարզի բնակիչների համար, ռուսները զգաստացան ու արդեն սովորական դարձած պաշտպանական կեցվածք ընդունեցին։ «Քաղաքակիրթ գործընկերների միջև ընդունված հարաբերությունների շրջանակներում այս կարգի բաները հարկ է քննարկել փոխշահավետության հիմքի վրա, իսկ այն տեսքով, ինչպես, դատելով ըստ ամենայնի, դա արվելու է, ավելի շատ հերթական քարոզչական քայլն է հիշեցնում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Իսկ փորձագետները շտապել են հայտարարել, թե Վրաստանում չեն ուզում «փաստաթղթավորել» տեղաշարժերը Ռուսաստանից, թե Թբիլիսին նպաստում է «ահաբեկիչներին ցուցաբերվող օժանդակությանն ու նրանց ուսուցմանը», թե Աբխազիայում մահմեդական հոգևորականության ներկայացուցիչների և մզկիթների վրա մի շարք հարձակումներ կատարվել են Վրաստանից և, ամենագլխավորը, «նման պայմաններում անհրավեր այցեկարգի սահմանման մասին հայտարարությունը սադրանքի է նման»։
Իրոք, առաջին հայացքից այցեհրավիրային կարգը միանգամայն տեղավորվում է Թբիլիսիի ոչ միայն չդադարող, այլև սաստկացող հակառուսական քարոզչության շրջանակներում։ Այսպես, վերջերս Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե գործունեություն են ծավալում համաշխարհային հանրության մեջ Սոչիի ձմեռային օլիմպիադայի անցկացման հնարավորության հանդեպ կասկածներ առաջացնելու նպատակով, ուստի Վրաստանի խորհրդարանում տեղի կունենան ունկնդրումներ` սահմանելու «հակաօլիմպիական ճակատում» գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը։ Այդ ճանապարհի առաջին քայլը դարձավ նախագահ Սաակաշվիլու ելույթը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գագաթաժողովում, որտեղ նա հայտարարեց, թե Սոչիի խաղերի նախապատրաստման գործում Աբխազիայում էկոլոգիական խնդիրներ են առաջացել, որոնք կարող են դժվարություններ առաջացնել Սև ծովի ավազանի բոլոր երկրների համար (վրաց բնապահպանները պնդում են, թե շինանյութերի արդյունահանումը փոփոխում է առափի ուրվագիծը, իսկ վնասը կազմելու է 15 մլրդ դոլար)։ Սակայն անհրավեր այցեկարգը, ինչպես ենթադրվում է, արդեն ոչ միայն քարոզչական, այլև Մոսկվայի վերաբերմունքը պահանջող կոնկրետ քայլ է։
ՈՒրեմն ինչո՞ւ է Սաակաշվիլին հանկարծ ձգտում նորից սրել հարաբերությունները։ Արդյոք սա Կրեմլին չի՞ դրդի նոր փորձեր անելու Վրաստանում իրավիճակի սրման ուղղությամբ, թեև նախորդ բոլոր սիրախաղերն ու վրացական ընդդիմությանը ֆինանսական ներարկումները ոչնչի չհանգեցրին։ Արդյոք համարժե՞ք է լինելու Մոսկվայի դժգոհությունը` ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը Վրաստանի անսպասելի և բացահայտորեն ոչ պատահական համաձայնությանը։ Եվ, ամենագլխավորը, հարց է ծագում` այս ամբողջ քաղաքական անցուդարձը որքանո՞վ է զուտ վրացական ռազմավարություն։ Որքանո՞վ է Վրաստանի արտաքին քաղաքականության հյուսիսկովկասյան ուղղությունը ներդաշնակում տարածաշրջանում Արևմուտքի վարած քաղաքականության համատեքստին։
Առանց այդ հարցերի պատասխաններն իմանալու դժվար է կանխագուշակել վրացական արտաքին քաղաքականության նոր վեկտորի հեղինակների ռազմավարական մտահղացումները։ Այդուամենայնիվ, արձանագրենք, որ վերջին ժամանակներս նկատվում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից վրացական թեմաների նկատմամբ հետաքրքրության նոր և, հավանաբար, ոչ պատահական քայլեր։ Ավելին, վերսկսվել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների Թբիլիսի այցելություններն ու շփումները, որոնք թուլացել էին հայտարարված ռուս-ամերիկյան «փոխաբեռնման» համատեքստում։ Դժվար է կանխագուշակել, թե իրականում ինչ է թաքնված սովորական հայտարարությունների ու կարծրատիպերի թիկունքում, և Թբիլիսիի համար ինչ նոր դեր է նախապատրաստվում։ Սակայն, ինչպես երևում է, Սաակաշվիլու վերջին նախաձեռնությունը միանգամայն տրամաբանորեն ներդաշնակվում է Կովկասի ինտեգրման ընդհանուր սցենարին, որը, երկար մոռացությունից հետո, նորից մտնում է արևմտյան ռազմավարների առաջնային խնդիրների շարքը։ Ավելին, չպետք է բացառել, որ, ինչպես 90-ական թվականների սկզբներին, Հյուսիսային Կովկասը սկսել է դիտվել որպես տարածաշրջանային ընդհանուր համակարգի բնական բաղկացուցիչ, ինչը և՛ օրինաչափ է, և՛ տրամաբանական։
Նկատենք, որ Վրաստանի արտգործնախարարությունն ընդգծել է, թե «Հյուսիսային Կովկասի` ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունների հետ անհրավեր այցեկարգը միասնական Կովկասի մասին նախաձեռնության մաս է, որը Վրաստանի նախագահ Սաակաշվիլին ազդարարեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»։ Այսպես, արդեն կազմավորվել են խորհրդարանական համապատասխան կառուցվածքներ, ակտիվ աշխատանք է ընթանում տեղեկատվական ոլորտում։ Օրերս Կրասնոդարի երկրամասի ադըղեների հասարակական շարժման ղեկավար Ասքեր Սոհթը հայտարարել է, թե «ընդհանուր առմամբ անհրաժեշտ է խոստովանել, որ տարածաշրջանում Վրաստանի ազդեցությունն ուժեղանում է, իսկ դրա հետևանքներն անկանխատեսելի են»։ Մինչդեռ վրաց ղեկավարները, հավանաբար, հաշվարկել են, թե ժամանակն է տեղեկատվական-քաղաքական պաշտպանությունից անցնելու ավելի ակտիվ «կանխիչ» գործողությունների, և «անհրավեր այցեկարգը» միանգամայն հաջող ու հեռանկարային «ինտեգրման գործիք» է։
Հանուն արդարության անհրաժեշտ է նկատել, որ «ընդհանուր Կովկասի» արևմտյան պլաններից սպառնացող վտանգը Մոսկվայում եթե լիովին չեն գիտակցում, ապա կռահում են և փորձում են խլել նախաձեռնությունը։ Այսպես, դրա շրջանակներում վերջերս Դոնի Ռոստովում տեղի ունեցավ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» միջազգային խորհրդաժողով, սակայն, ինչպես թվում է, ռուսները հախուռն զեկույցներից այն կողմ դեռևս չեն անցել։ Ավելին, Մոսկվայի բոլոր վերջին գործողությունները մեկ անգամ ևս համոզում են, որ դաշնային չինովնիկներն անհամարժեք են պատկերացնում Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը, որ նրանք այդպես էլ նեղություն չեն կրում խորամուխ լինելու այդ ինքնատիպ տարածաշրջանի առանձնահատկությունների մեջ, որին պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել և, ինչպես բնորոշ է մետրոպոլիային, ընդհանուր ստանդարտների կիրառմամբ և ծեծված մեթոդներով կփչացնեն ամեն ինչ։ Այսպես, օրերս Ռուսաստանի ուժային գերատեսչությունները զեկուցեցին ահաբեկչության և «Հյուսիսկովկասյան ընդհատակյա բանդկազմավորումների» դեմ պայքարում իրենց ձեռք բերած հաջողությունների մասին։ Նշվեց, որ 2010-ի անցած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում անցկացվել է ավելի քան 50 հակաահաբեկչական և ավելի քան 4,5 հազար օպերատիվ մարտական միջոցառում։ Դժվար չէ հաշվարկել, որ դա նշանակում է օրական իրականացնել մարտական 17 գործողություն։ Այդուամենայնիվ, ոչ ոք պատասխան չի տալիս, թե ինչու է հերթական ավազակախմբի ոչնչացմանը զուգահեռ ռազմական աշխարհագրությունը միայն ընդլայնման կայուն միտում դրսևորում։ Ասենք ավելին` ինչո՞ւ այս բոլոր «հաջողությունների» և լրատվամիջոցներում սպանվածների լուսանկարների կանոնավոր հրապարակման պայմաններում ահաբեկիչների թվի աճ է նկատվում միայն։ Ինչո՞ւ է «կովկասյան խնդիրը» տասնամյակներ անց դարձյալ մնում սուր, բայց սակավ կանխատեսելի։ Չմոռանանք նաև քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոստովանությունն այն մասին, թե հյուսիսկովկասյան հանրապետություններում տիրող իրավիճակը մոտ է օրհասականին և պատերազմական գործողություններ է հիշեցնում։ Խիստ հատկանշական են նաև նոր միտումները։ Ահմեդ Զակաևը, որին այդպես էլ Լեհաստանը չհանձնեց, օրերս հայտարարել է իր գլխավորած «Իչկերիայի նախարարների կաբինետի» հրաժարականի և այն մասին, որ իր կողմնակիցները «պատերազմի» ժամանակաշրջանում «Իչկերիայի» իշխանության բարձրագույն մարմին են ճանաչում Չեչնիայի լեռներում ինչ-որ տեղ ստեղծված «պաշտպանության պետական կոմիտեն` «շուրա մեջլիսը»` Հուսեյն Գակաևի գլխավորությամբ։ «Մենք այդ բանն անում ենք, քանի որ կարծում ենք, որ չեչեն մարտիկները մի կողմ են քաշվել «իմարաթ» անվանումով այդ առասպելական կազմավորումից և մտադիր են վերադառնալ Իչկերիայի իրավական դաշտ»,- Զակաևի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։ Նկատենք, որ վաղուց արդեն մի շարք չեչեն վտարանդի պարագլուխներ ընդհարվել են Դոկու ՈՒմարովի հետ, որը հայտարարել էր «Կովկասի իմարաթի» ստեղծման մասին, իսկ Լեհաստանում կայացած չեչենների կոնգրեսից հետո կոնկրետ փոփոխություններ են կատարվել նաև ղեկավարության կազմում։ Ինչո՞վ են այս ամենին փորձում պատասխանել Մոսկվայում, բացի կանոնավոր «զտումներից»։
Օրինակ, վերջերս ՌԴ կառավարության կայքում տեղադրվել է «Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի մինչև 2025 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը» փաստաթուղթը։ Այն բաղկացած է 100 էջից և պատրաստվել է լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինի կողմից (դեռ մինչ Մոսկվայի քաղաքագլուխ դառնալու ցանկություն հայտնելը)։ «Ռազմավարությունը» միանգամից արժանացավ Ռուսաստանի վարչապետի պաշտպանությանը։ Ներկայումս հավանություն է ստացել 242 մլրդ ռուբլի գումարի նախագծերի ֆինանսական ապահովումը, իսկ մոտ ապագայում սպասվում է ևս 160 մլրդ-ի հատկացում։ Ինչպես միանգամայն արդարացիորեն նշվում է այդ փաստաթղթում, «Կովկասն ունի փողի, մասնագետների ու տեխնոլոգիաների կարիք», դժվար է հիշել մեկ ուրիշ ռուսական տարածաշրջան, որն այդ ամենի կարիքը չունենար։ Այնտեղ, իրոք, գործազրկության ամենաբարձր մակարդակն է. «բարօրության մեջ ապրող» Չեչնիայում այն հասնում է 50 տոկոսի։ Միակ բանը, ինչին Հյուսիսային Կովկասն առայժմ հասել է, ժողովրդագրական հարցն է, որը ռուսական բոլոր տարածաշրջանները շատ հետ է թողել ծնելության բարձր և մահացության ցածր մակարդակով։ «Ռազմավարության» մեջ շեշտադրվում է թեթև և սննդի արդյունաբերության, ագրոարդի ու զբոսաշրջության վերելք (անհասկանալի է, թե ո՞վ է փող դնելու, և ո՞վ է հանգստանալու գալու մի շրջանում, որտեղ անտառներում «գրոհայիններ են վխտում»)։ Բայց ամենահետաքրքիրը, ավելին չասենք, կառավարության ծրագրերն են` նպաստելու կովկասցի գործազուրկների տեղափոխմանը նոր աշխատավայրեր։ Բարենորոգիչները հույս ունեն տարեկան աշխատանքի տեղավորելու Կովկասից Ռուսաստանի տասնյակ տարածաշրջաններ մեկնած մոտ 40 հազար մարդու, և մտադիր են այդ նպատակով հիմնել հատուկ միգրացիայի գործակալություն։ Ընդ որում, «ռազմավարությունն» արձանագրում է, որ անհրաժեշտ է վճռականորեն կասեցնել Հյուսիսային Կովկասից էթնիկ ռուսների արտահոսքը և այնտեղ վերաբնակեցնել մասնագետների։ «Կովկասյան ազգության անձանց» նկատմամբ Ռուսաստանում ձևավորվող վառ արտահայտված այլատյացության մասին փաստաթղթում ոչինչ չի ասվում, փոխարենը մատնանշվում է հետևյալ նպատակը` «ձևավորել միասնական ռուսական քաղաքացիական նույնականացում»։ Դժվար չէ գուշակել, թե ռուսական տարածաշրջանների տեղաբնիկներն ինչպես կընդունեն աշխատանքի շուկայում Հյուսիսային Կովկասից եկած մրցակիցների հայտնվելը։ Առավել ևս, որ, ՌԴ կառավարության տվյալներով, սպասվում է, որ գործազրկությունը Ռուսաստանում կաճի, իսկ առավելագույն բարձր մակարդակ կարձանագրվի 2011-ի մարտին` 2,08 մլն մարդ։ Ստալինյան վերաբնակեցման հետ ի՞նչ նմանություններ դա կարթնացնի Կովկասի բնակչության հիշողության մեջ։ Այսինքն, ազգամիջյան հակասությունների վառվող խարույկի վրա «նոր փայտ ավելացնելու» ավելի լավ եղանակ դժվար է գտնել։ Այստեղ ինչպե՞ս չհիշես ռուս ականավոր ազգագիր Լև Գումիլյովին, որն ապացուցում էր, թե Հռոմեական կայսրության վախճանն սկսվեց կայսրության ծայրամասերից նրա ժողովուրդների վերաբնակեցմամբ։ Այնպես որ, «բարի մտադրությունների» այդ փաստաթղթով կարելի է մեկ անգամ ևս համոզվել, որ Կրեմլում սրբորեն հավատում էին, թե փողը բոլոր սոցիալական ու ազգային խնդիրների լուծման ամենազորեղ գործիքն է։ Իսկ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ