Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԱՆԻՎԸ ԿՐԿԻՆ ՀԵՏ Է ՊՏՏՎԵԼՈՒ»

«ԱՆԻՎԸ ԿՐԿԻՆ ՀԵՏ Է ՊՏՏՎԵԼՈՒ»
03.04.2012 | 00:00

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՂՈՒԼԻՑ ԸՆԿԱՎ 90 ԹՎԱԿԱՆԻՆ»
ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ (ՀԿԿ առաջին քարտուղար)

-Շուտով մեկնարկում է քարոզարշավը, ի՞նչ է անում կոմկուսը հանրությանը պատշաճ ներկայանալու համար:
-ՀԿԿ-ն լուրջ է պատրաստվում ընտրություններին: Ժողովուրդն անհամբեր սպասում է սոցիալիստական գաղափարների առավելությունների ներկայացմանը, զուգահեռ կթողարկենք մեր տեսահոլովակները: ՈՒնենք 45 շրջանային կազմակերպություն, և այդ տարածաշրջաններում քարոզչությունը շատ ակտիվ կլինի: Կոմկուսում մարտական վիճակ է:
-Ֆինանսապես չե՞ք նեղվում:
-Ֆինանսական խնդիրներ կոմկուսը միշտ ունեցել է և ունի, բայց մի քանի ամիս առաջ հանգանակության խնդրանքով դիմել ենք մեր բոլոր կառույցներին, և հավաքված գումարը հատկացրել ենք գրավ մուծելուն և այլ կազմակերպչական աշխատանքներին: Փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը Մոսկվայում էի, մասնակցում էի Գենադի Զյուգանովի քարոզարշավի վերջին ակորդներին, հանդիպեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-Ասում են, ֆինանսական օգնություն էլ հենց Զյուգանովից եք ստացել:
-Ոչ, այդ տեղեկությունը սխալ է: Դրսից ֆինանսական օգնություն ստանալը նշանակում է՝ ինչ-որ կառույցներ օգնում են Հայաստանի կոմկուսին: Այնինչ մեր ունեցածն անհատական հանգանակության արդյունք է, որն այսօր հրապարակման ենթակա չէ:
-Իշխանական կուսակցությունների ձեռքում են բոլոր լծակները, վարչական ռեսուրսն ու ֆինանսները, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ նույն հարթությունում պայքարելը:
-Իհարկե, ինձ հայտնի է, որ լինելու է դոլարային հրավառություն, մի կողմ են շպրտվելու ծրագրերը, գաղափարները, պատմական փորձը: Օրինակ, երեկվա նորելուկներն այնպիսի բաներ կասեն, որ կմտածես` այս երկիրն իրենք են կառուցել: Դրա համար մեր ուսերին է դրված հաջողության հասնելու առաքելությունը:
-Ո՞ր ուժին եք համարում ձեր գլխավոր մրցակիցը:

-Բոլոր կուսակցություններն էլ մեր գաղափարական մրցակիցներն են, որովհետև նրանք լիբերալ-ազատական են, այսինքն, ժողովրդին աղքատացնելու, իրենց հարստացնելու քաղաքականությունն են առաջ տանում: Էլ ո՞ւմ հետ կարող ես համագործակցել, ու եթե վաղը խոսեն բնակարանաշինության, կրթության մատչելիության ու այլ բարձր գաղափարների մասին, այդ ամենը կլինի շինծու՝ ապրիլի 8-ից մինչև մայիսի 6-ը: Դրանից հետո անիվը կրկին հետ է պտտվելու: Սովետական Հայաստանը շողուլից ընկավ 90 թվականին, երբ հարուստ երկիրը տրվեց պատահական մարդկանց, ի դեմս ՀՀՇ-ի:
-Կոմկուսի շտաբն արդեն ձևավորվե՞լ է, մարզեր գնալո՞ւ եք:
-Այո, այն ղեկավարելու եմ ես: Մեր հնարավորությունների սահմաններում գնալու ենք մարզեր:

«ԻՇԽԱՆԱՄԵՏԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱԹՈՌԻՆ, ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏԸ՝ ԱԶԳԻՆ»
ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ («Միավորված հայեր» կուսակցության նախագահ)

-Ինչո՞ւ եք որոշել մասնակցել խորհրդարանական ընտրություններին, կարծում եք` «Միավորված հայերի» «տեսակը» պակասո՞ւմ է մեր քաղաքական դաշտում:
-Իհարկե, մեր «տեսակը» պակասում է: Մենք քաղաքական դաշտը բաժանում ենք 3 ուժերի՝ ընդդիմադիր՝ մեր անցյալը, իշխանամետ՝ մեր ներկան, և պետականամետ՝ մեր ապագան: «Միավորված հայերը» երրորդ ուժ է, ոչ աջ, ոչ ձախ, այլ պետականամետ:
-Ընդդիմությունն ու իշխանությունը պետականամե՞տ են:
-Մի հատ նայեք ընդդիմության ներկայացրած ցուցակը, բոլորը նախկին իշխանամետներ են: Իշխանությունն էլ ասում է՝ «Հավատանք, որ փոխվենք»: Ինչի՞ն հավատանք, կարմիր կովն իր կաշին չի փոխում: Մենք տարանջատում ենք իշխանամետ և պետականամետ հասկացությունները: Իշխանամետը ծառայում է աթոռին, գրպանին, գալիս են իշխանության ու մեկ տարվա ընթացքում դղյակներ են կառուցում: Պետականամետը ծառայում է ազգի շահերին, այսինքն` օրենքի գերակայությանը:
-Ժամանակին այլ ուժեր էլ էին խոսում երրորդ ուժ լինելու, պետականամետության մասին, ինչպես ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Դուք ինչո՞վ եք նրանցից տարբերվում:
-Այո, շատերն էին հայտարարում, թե անկախ ուժեր են, այնինչ այսօր այդ հայտարարողները կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության ցուցակում են: Ստացվում է, որ իրենք շահն են հետապնդում: Մեր գաղափարախոսության հիմքում ազգի շահն է: Իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին: Եթե օրենքն ուժ չունի, երկիրն էլ ապագա չունի:
-Ի՞նչ եք կարծում, հասարակության ո՞ր հատվածն է ձեր ընտրազանգվածը:
-Չկա հստակ տարանջատում, նրանք են, ովքեր մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, ուզում են ունենալ իրապես ընտրված իշխանություն: Մեր ընտրողների տոկոսը գուցե շատ քիչ է՝ 30-40 տոկոս, բայց նրանք կան: Դրա համար էլ ընտրել ենք «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր» կարգախոսը: Այսօր, ցավոք, ժողովուրդը ոչ մեկին չի հավատում, անգամ մտավորականներին: Է՜, ճիշտ է անում: Մտավորականն ազգի խիղճն է, բայց մենք կորցրել ենք այդ խիղճը: Հանուն պաշտոնի տեսեք ինչպես են մի դաշտից մյուսը վազում: ԱԺ-ն օրենսդիր մարմին է, ու օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պրոֆեսիոնալներին, ոչ թե օլիգարխներին, նախկին դատվածներին, երգիչներին:
-Լինելով փոքր կուսակցություն` ֆինանսական խնդիրներ չունե՞ք:
-Իհարկե, նման խնդիր ունենք: Մենք հենվում ենք մեր անդամավճարների և 7 տոկոս գործարարների վրա: Բայց մեր կարգախոսը ոչ թե փող բաժանելն է, այլ ժողովրդին հասկացնելը, որ պետականամետությունն է մեր ապագան:
-Քարոզարշավի ժամանակ մարզեր այցելելո՞ւ եք:
-Եթե հնարավորությունները ներեն, այլապես մեր ծրագրային դրույթների մասին ընտրողներին կիրազեկենք հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ներով, մեր թերթի միջոցով:
-2003-ին Դուք առաջադրվել էիք նախագահի թեկնածու, այս ընթացքում Ձեր համախոհների թիվն աճե՞լ է, որ ընտրություններին մասնակցելու հայտ եք ներկայացրել:
-Դրանից հետո ոչ մի ընտրության չենք մասնակցել, որովհետև գործում էր փողի, ուժի իշխանությունը: Դրան մաս դառնալու իմաստ չէինք տեսնում: Այսօր մենք չունենք մեծամասնականով առաջադրված թեկնածու, որովհետև դեռ այդ մեխանիզմներն աշխատում են: Հավատում եմ, որ համամասնական ընտրակարգով ընտրություններն արդար կլինեն: Հավատը հենվում է նախագահի և վարչապետի հավաստիացումների վրա:
-Եթե այս անգամ էլ չհաջողվի 5 տոկոսի շեմը հաղթահարել, հնարավո՞ր է, որ ընտրությունից հետո խոշոր կուսակցություններից մեկի հետ միավորվեք:
-Հավատում եմ, որ ժողովուրդն իր ապագան կընտրի: Մնացածի առումով էլ` կապրենք, կտեսնենք:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ