«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ»

«ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ»
05.11.2010 | 00:00

Ջավախքում պահպանվում են ազգային լավագույն ավանդույթները։ Քաղաքային բնակչությունն այստեղ շատ քիչ է։ Գյուղերում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, Նինոծմինդայի շրջանում՝ առավելապես անասնապահությամբ։ Թեև Ջավախքի տարածաշրջանում գործող եկեղեցիները շատ քիչ են, սակայն քրիստոնեական հավատը խոր արմատներ ունի ջավախքցիների մեջ։ Վերջին մի քանի տարում հոգևոր կյանքի աշխուժություն է նկատվում տարածաշրջանում, չնայած բազմաթիվ դժվարություններ կան, սակայն համեմատած ոչ վաղ անցյալի հետ՝ այսօր եկեղեցին իր տեղը վերագտնում է տեղի հայ բնակչության հոգևոր-մշակութային կյանքում։ Թեմայի շուրջ ներկայացնում ենք մեր զրույցը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր ՏԱԹԵՎ քահանա ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ։
-Ջավախքում բնակչությունը հավատացյա՞լ է։
-Հավատացյալ լինելը հարաբերական է։ Պատմականորեն եթե նայենք, ապա կտեսնենք, որ Ջավախքում չի եղել գյուղ, որտեղ չլինի եկեղեցի։ Հիմնական բնակչությունը Ջավախքում վերահաստատվել է 1800-ական թվականներից հետո, և ամեն համայնք ստեղծել է իր հոգևոր կյանքը։ Հետագայում՝ խորհրդային իշխանության օրոք, աստվածուրացության տարիներին, ինչպես ամենուր, Ջավախքում նույնպես շատ մեծ սերմեր է գցել աթեիստական գաղափարախոսությունը, որից հետո ժողովուրդը դժվարությամբ է վերադառնում հավատքի իր արմատներին։ Եվ այս մեծ չարիքին միացել է նաև հոգևոր կյանքին անտեղյակությունը։ Ժողովուրդը, վերհիշելով իր հին, պապական ամուր հավատքը, դրա մեջ ներդնում է ավելի շատ հեթանոսական, սնոտիապաշտական գաղափարներ։ Սա հետևանք է այն բանի, որ հետխորհրդային տարիներին լուրջ վերահսկողություն Ջավախքում, ցավոք, չի եղել։ Վերջին տասը տարիներին, երբ հաստատվեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը, և առաջնորդական փոխանորդ նշանակվեց հայր Բաբկեն Սալբիյանը, շատ բան է փոխվել. Ջավախքում ծառայության են գալիս հոգևորականներ։ Հատկապես Ախալքալաքում և այն բնակավայրերում, որտեղ կան հոգևոր հովիվներ, կամաց-կամաց հոգևոր կյանքը վերածնունդ է ապրում։
-Ջավախքում քանի՞ եկեղեցի կա, և դրանցից քանի՞սն է գործում։
-Ես արդեն նշեցի, որ գրեթե չկա գյուղ, որ եկեղեցի չունենա։ Ախալքալաքի շրջանի 72 գյուղում էլ կա եկեղեցի, սակայն մեծ մասը կիսավեր, փլված, խոնարհված վիճակում է։ ՈՒնենք տասնյակից ավելի եկեղեցիներ, որոնք վերանորոգվեցին, վերաօծվեցին և այսօր գործում են։ Հուսով ենք, որ ժողովրդի կյանքում տեղի կունենա հոգևոր արթնացում։ Ամուր հավատքը Ջավախքի բնակչության մեջ կա, պարզապես հարկավոր են վերազարթոնք և ճշմարիտ ուղղություն, որ մարդիկ չշեղվեն։
-Վրացիների մոտ հավատն ամուր հիմքերի վրա է դրված։ Կրոնը, եկեղեցին մեծ հեղինակություն ունեն այս երկրում։ Ինչի՞ շնորհիվ են նրանք հասել դրան, և ի՞նչ ունենք սովորելու վրացիներից։
-Վրաց ուղղափառ եկեղեցու այսօրվա հզորության գրավականն այն է, որ պետության աջակցությամբ եկեղեցին իր լայնածավալ գործունեությունը սկսեց ծավալել ամբողջ երկրով մեկ։ Բավականին մեծացավ հոգևորականների թիվը։ Միայն Ախալցխայի տարածաշրջանն ունի վրաց ուղղափառ եկեղեցու 30 հոգևորական, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցու՝ ընդամենը մեկ քահանա։ Ախալքալաքում ունենք մեկ քահանա, մեկ փոխառաջնորդ հայր սուրբ։ Ախալքալաքի գյուղերում ունենք մեկ, Նինոծմինդայում՝ երկու քահանա, ևս մեկ քահանա՝ Ծալկայի տարածաշրջանում։ Բնականաբար, հոգևորականների այս թիվը շատ քիչ է։ Մինչդեռ վրաց եկեղեցու հոգևորականների մեծ հոսքը ժողովրդի մեջ տալիս է իր պտուղները։ Որքան շատ է լինում հոգևոր սպասավորությունը, այնքան շատ է երևում հետագա ազդեցությունը, որքան սերմերը շատ են ցանվում, այնքան բերքն առատ է լինում։ Իհարկե, տասը տարի առաջվա վիճակի հետ համեմատելով՝ պետք է ասենք, որ 6-7 հոգևորական ունենալը Ջավախքում մեծ ձեռքբերում է։ Բայց ժողովրդի համար այս թիվը բավականին քիչ է։
-Աղանդավորական շարժումները Ջավախք մուտք գործե՞լ են։
-Ինչպես ամենուր, այստեղ նույնպես իրենց տարածումը գտել են։ Աղանդավորական խմբերից առանձնանում են «Եհովայի վկաները», որոնք ժամանակին քայքայիչ աշխատանք են տարել տարածաշրջանում։ Սակայն այժմ նրանց գործունեությունը կանգ է առել, քանի որ աստիճանաբար հզորանում է Հայ առաքելական եկեղեցու դերը։ Տարբեր տոներ, ծիսակատարություններ են իրականացվում Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում։ Թեև կա ընդամենը երկու սպասարկող հոգևորական, սակայն ոչ մի տոնական արարողություն, ծիսակարգ բաց չի թողնվում, և ժողովրդի մեծ հոսք կա դեպի Հայ առաքելական եկեղեցի։ Աղանդավորների գործունեությունը կարծես թե սահմանափակվում է իրենց նեղ շրջանակներում։ «Եհովայի վկաներից» բացի, կան նաև աղանդավորական մանր խմբակցություններ, բայց երբ մարդիկ ունենում են տեղեկատվություն, ինֆորմացիայի հոսք է լինում, հեռուստաեթերով պարբերաբար հաղորդումներ են հեռարձակվում, լրացվում է հոգևոր այն բացը, որ առաջացել էր խորհրդային տարիներին։ Թեև լիարժեք հոգևոր համայնք դեռևս չունենք, սակայն կան այդ համայնքի ձևավորման համար շատ լավ նախապայմաններ։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ