Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ»

«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ»
27.05.2011 | 00:00

Ըստ վիճակագրական տվյալների` աշխարհում կանանց ավելի քան քսան տոկոսը ենթարկվում է կամ կարող է ենթարկվել ընտանեկան բռնության:
Սոցհարցումներ են իրականացվել մի խումբ կանանց շրջանում, համաձայն որոնց` հարցվող կանանց շուրջ 90 տոկոսը համարում է, որ ընտանեկան բռնությունը բռնի գործողություն է, որը բերում է հարկադրված սեռական հարաբերությունների կամ մարմնական վնասվածքների: Մոտ 70 տոկոսի կարծիքով` հրապարակավ կնոջը նվաստացնելը նույնպես ընտանեկան բռնության ձև է: Հարցվող կանանց մոտ 9 տոկոսը խոստովանել է, որ ամուսինների կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Սեռական բռնության ենթարկված յուրաքանչյուր 5 կանանցից 4-ն ընդունել է, որ նաև ֆիզիկական բռնության զոհ է դարձել, 7 տոկոսը խոստովանել է, որ ամուսիններն արգելում են աշխատել, իսկ աշխատող կանանց 9 տոկոսն ասել է, որ ամուսիններն իրենց ձեռքից վերցնում են աշխատավարձը: Մոտ 60 տոկոսն էլ նշել է, որ ծնողները հսկում են իրենց կյանքը: Պետք է ասել, որ առանց թվերի էլ պատկերը պարզ է: Մասնագետները փաստում են, որ ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում նույնպես բավականին շատ են: Համենայն դեպս, հայկական իրականության մեջ այս խնդիրների մասին կանայք հիմնականում գերադասում են լռել: Հասկացված չլինելու, պաշտպանված չլինելու և այլ պատճառներով: Եթե մարդը կանգնում է սեփական իրավունքները պաշտպանել-չպաշտպանելու երկընտրանքի առաջ, ուրեմն խնդիրը պետք է դիտարկվի նախ և առաջ հոգեբանական համատեքստում:

«Բռնությունը մարդու կամքին հակառակ գաղափարներ, մտքեր, պատկերացումներ թելադրելն է, հոգեկան և ֆիզիկական առողջությանը սպառնացող գործողություններ կատարելը,- մանրամասնում է հոգեբույժ-հոգեվերլուծող ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ:- Այլ կերպ կարելի է ասել, որ բռնությունն ագրեսիա է տվյալ մարդու նկատմամբ: Իհարկե, կան նաև հիվանդ մարդիկ, որոնց դուր է գալիս, երբ իրենց նկատմամբ ուժ են կիրառում, ֆիզիկական, բարոյական ճնշումներ են կատարում. դա արդեն բռնություն չէ, այլ ինքնաագրեսիայի ձևերից մեկը»:
-Կանայք ավելի շատ հոգեբանակա՞ն բռնության են ենթարկվում, թե՞ ֆիզիկական, կամ գուցե դրանք փոխկապակցված են, և երբեմն դժվա՞ր է տարանջատելը:
-Ըստ ռուս հայտնի հոգեբան Լեոնտևի` միտքը գործողություն է: Եթե մարդուն մտքով վիրավորում են, դա նույնպես վիրավորանք է: Խոսքը մտքի արտահայտված ձևն է: Տարբեր մարդկանց նույն բառը կարելի է ասել` տարբեր իմաստներ դնելով, և տարբեր հետևանքներ առաջ բերել: Վիճակագրական տվյալները, ըստ իս, ճիշտ չեն, որովհետև, օրինակ, եթե հետևենք մամուլի հրապարակումներին, օրական միջին հաշվով մեկ հոգի ինքնասպան է լինում: Բայց դրանք այն դեպքերն են, որ հասել են մամուլ: Ինքնասպանության, բռնության շատ դեպքեր մնում են վիճակագրական տվյալներից դուրս կամ այլ մեկնաբանություն են ստանում: Էլ չասենք, որ սոցհարցումների ժամանակ հարցվողները ոչ միշտ են ասում այն, ինչ մտածում են, շատ հաճախ աղավաղում են տվյալները: Այսինքն, սոցհարցումները գիտական հետազոտության համար հիմք դառնալ չեն կարող։
-Խոսեք Ձեր դիտարկումների մասին` որպես հոգեբանի:
-Բռնություն կա ամեն տեղ և կիրառվում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց նկատմամբ` կանանց կողմից (ավելի քողարկված), ավելի հաճախ` երեխաների նկատմամբ, աշխատողների նկատմամբ` գործատերերի կողմից և այլն:
-Բռնության ամենաարտահայտված, կոպիտ ձևը, կարելի է ասել, ծեծն է: Խոսենք կանանց մասին, որոնք հաճախ են ֆիզիկական բռնության ենթարկվում ամուսինների կողմից: Սա վկայում է տղամարդու տեսակի՞ մասին, թե՞ զույգերի անհամատեղելիության, գուցե նաև կնոջ անխոհեմության:
-Կա տղամարդու տեսակ, որ ոչ միայն կնոջը, այլև ցանկացած մարդու հաճույքով կծեծի: Բայց քանի որ կինը «սեփական» է, համեստ է, ձայն չի հանում, հիմնականում կնոջ նկատմամբ է կիրառում իր ագրեսիվությունը: Բռնության հիմքում ագրեսիվությունն է, դրան հաջորդում է ագրեսիան: Պետք է տարբերել ագրեսիվություն և ագրեսիա երևույթները:
Ագրեսիվությունը մարդու ներսում կուտակված զայրույթն է ինչ-ինչ երևույթների նկատմամբ, ցանկությունն ինչ-որ կերպ արտահայտելու այն:
Ագրեսիան դեստրուկտիվ, քանդող, վնասակար գործողություն է: Մարդը կարող է ագրեսիվություն ունենալ, բայց ագրեսիայի չդիմել: Այսինքն, մեկն իր զայրույթն արտահայտում է կնոջը, երեխաներին ծեծելով, տան իրերը ջարդելով, կամ փոխակերպված ձևով` ալկոհոլ է գործածում, մյուսը կարող է իր ագրեսիվությունը վերածել, ասենք` արվեստի գործի, պոեմ գրել, նկարել, քանդակել և այլն:
-Այսինքն, նորմա՞լ երևույթ է ագրեսիվությունը:
-Այո, ավելին ասեմ, համարվում է առողջության ցուցանիշ: Եթե մարդն ագրեսիվություն ունի, ուրեմն հոգեպես առողջ է: Բայց չմոռանանք, որ ագրեսիվությունն ագրեսիան չէ: Կիրթ մարդը վիրավորվել է, զայրացել և զսպում է իր նեղվածությունը: Զսպելու ունակությունը, հոգեվերլուծական տերմինով, կոչվում է սուբլիմացիա` փոխակերպում, և ըստ այն բանի, թե մարդն ինչպես է փոխակերպում իր զսպված էներգիան, կարելի է նրա մասին կարծիք կազմել: Այսինքն, որքան մարդը կիրթ է, այնքան կիրթ ձևերի մեջ է արտահայտում, նույնիսկ իր զայրույթն օգտագործում է ստեղծագործական, կառուցողական նպատակներով: Որքան անկիրթ է, այնքան արտահայտումները դեստրուկտիվ են` մարդը հակված է քանդելու, խփելու, հայհոյելու, ինչպես կենդանական աշխարհում է. շան մոտից ոսկորը տանում ես` կծում է:
-Իսկ ի՞նչ դեր ունի այս դեպքում նյարդային համակարգը, և արդյոք նյարդային ու կոպիտ լինելը չի՞ փոխանցվում գեներով:
-Նյարդային լինելը չի խոսում կոպիտ և անկիրթ լինելու մասին: Կան շուտ գրգռվող և ուշ գրգռվող մարդիկ: Նյարդային համակարգի տիպն անցնում է գեներով, բայց երկու դեպքում էլ մարդը կարող է կիրթ լինել, կամ անզուսպ և անկիրթ: Դյուրագրգիռ մարդու համար ավելի դժվար կլինի ինքնազսպումը, բայց եթե ճիշտ դաստիարակություն ստանա մանկությունից, կարող է, ինչպես վերը նշեցինք, իր ագրեսիվությունը զսպել, հարաբերությունները քաղաքակիրթ ձևով պարզել և ոչ թե միակողմանի մեղադրել դիմացինին ու վնաս հասցնել:
-Խոսեցիք նաև տղամարդկանց նկատմամբ կիրառվող քողարկված բռնության մասին:
-Այս երևույթը շատ տարածված է ու չի վերլուծվում: Կա տարածված պատկերացում հասարակության մեջ, որ բռնությունը վերաբերում է հիմնականում կանանց: Ասում են` ինչպե՞ս կարելի է կնոջ նկատմամբ բռնություն գործել: Իսկ դա ինչո՞վ է տարբերվում տղամարդու նկատմամբ բռնությունից: Կանայք կարող են անարդար լինել, հրահրել, սրել հարաբերությունները` առանց ֆիզիկական ուժ կամ կոպիտ խոսք գործածելու զայրացնել տղամարդուն: Կնոջ հիմնական ֆունկցիան տղամարդուն հանգստացնելն է: Տղամարդն արտաքին աշխարհից գալիս է տուն` գրգռված, հոգնած, նյարդային: Տանը պետք է կինը հաշտեցնի, խաղաղեցնի մթնոլորտը` մի բարի խոսքով, համեղ ուտեստով և այլն: Կան կանայք, որոնց մեջ բացակայում են այդ հատկությունները, դա դեռ ոչինչ: Բայց կին կա, որ եթե ամուսինն ինչ-որ բան իր ուզածով չի արել, կարող է հատուկ իր ջերմությունը չտալ` յուրատեսակ «ընտանեկան մարմնավաճառություն» է սա: Ամուսինը կզայրանա, կարող է հունից դուրս գալ. չէ՞ որ կուլտուրան, համբերությունը, ինքնազսպվածությունը սահամաններ ունեն: Հետո էլ կինը կասի` տեսա՞ք` ինչ արեց, բոլորի մոտ վիրավորեց ինձ: Նորմալ հոգեվիճակում գտնվող ոչ մի տղամարդ չի ցանկանա գալ տուն, տան կահ-կարասին ջարդել կամ կնոջը վնասել: Պետք է փորձել պատճառը հասկանալ: Չեմ ասում, թե լավ բան է անում: Բայց չի կարելի միանշանակ մեղադրել: Հոգեբանության տեսակետից խստիվ արգելվում է միջանձնային հարաբերությունների մեջ գնահատական, մեղադրանքներ տալը, ինչպես Աստվածաշնչում է ասվում` «Մի՛ դատիր, որ չդատվես»: Գնահատականը մեր սուբյեկտիվ կարծիքն է այդ իրականության վերաբերյալ և կարող է ճիշտ չլինել:
«Կին և տղամարդ» ֆիլմի առաջին մասում կինը պատմում է տղամարդու մասին, դատապարտում է նրան, ֆիլմը դիտող մարդիկ ցավակցում են կնոջը: Ֆիլմի երկրորդ մասում տղամարդն է պատմում իրենց հարաբերությունների մասին, և ֆիլմը դիտողները դատապարտում են կնոջը: Այսինքն, ճիշտը անհասանելի է, և «սիրողական մակարդակով» դրա «հետևից ընկնելը» կոպիտ խախտում է համարվում թե՛ հոգեբանության մեջ, թե՛ հոգևոր դաշտում, թե՛ մարդկային հարաբերությունների այլ ասպարեզներում: Երևույթների արմատներին է պետք նայել, իսկ դա հեշտ չէ, սենսացիոն չէ, հետաքրքիր չէ: Դրանից քաղաքական շոու կամ անհասկանալի նպատակներ հետապնդող գրանտային ծրագրեր չես սարքի: Օրինակ, որևէ կազմակերպություն դրամաշնորհ չի տա, որ կին-տղամարդ հարաբերություններում առկա թերությունների արմատը մեր երկրում վերացվի: Բռնության դեմ են պայքարում, թեժ գիծ բացում, հոգեբաններ վերցնում: Բայց խնդիրների արմատները, ասենք, ամուսինն աշխատանք չունի, կամ հոգեբանական խնդիրներ ունի, այս հարցերը ոչ մեկին չեն հետաքրքրում: Երևույթը միակողմանի ներկայացնելով` վատնում են նյութական և մարդկային ռեսուրսներ, հանրության ուշադրությունը շեղում են խնդրի բուն արմատից, որտեղից և ծագում է բռնությունը:
-Բայց երբ խոսում ենք ընտանիքներում առկա բռնության մասին, հիմնականում նկատի ենք ունենում տղամարդու այն տեսակը, որը, անկախ ամեն ինչից, հակված է բռնության: Որտե՞ղ որոնել սրա արմատը:
-Սադիստական հակումները, որոնք թե՛ տղամարդու, թե՛ կանանց կողմից իրականացվող բռնի վարքի պատճառի հիմնական (ոչ միակ) գործոնն են, ձևավորվում են վաղ մանկական հասակում` ծնողների (հիմնականում` մայրերի) սխալ և, իհարկե, չգիտակցված դաստիարակության պատճառով: Ստացվում է, որ բռնության հիմնական հեղինակները (ըստ հոգեբանական գիտության և էլեմենտար տրամաբանության) հենց իրենք` կանայք են: Խոսենք ընտանեկան բռնությունների, և ինչպես նշեցիք` տղամարդու կողմից իրականացվող բռնի ֆիզիկական գործողությունների մասին: Այս դեպքում պետք է նայել և՛ տղամարդու, և՛ կնոջ դաստիարակությանը:
Հիմա տարբեր արժեհամակարգ, տարբեր դաստիարակություն և անցյալ ունեցող կանայք կան: Մեկը տանը տեսել է նման բռնություններ, և դա նրա համար նորմալ է: Մեկը գուցե բռնցքամարտիկ է և փոխադարձաբար է պատասխանում ամուսնուն: Մեկը տարիներով հանդուրժում է, մյուսը մեկ օր էլ չի հանդուրժում: Հարց է առաջանում. որքա՞ն այս կինն ու տղամարդը կապրեն իրար հետ: Կինը հոգեթերապևտ չէ, ոչ էլ դեղամիջոց: Այնպիսի պաթոլոգիական բնավորության գծերով մարդիկ կան, որ կինը, որքան էլ իմաստուն լինի, փորձառու, կանացի, չի կարող խաղաղեցնել կամ վերափոխել նրան: Հայտնի ճշմարտություն է` սիրելը միմյանց վրա նայելը չէ, այլ ուս ուսի տված մի ուղղությամբ նայելը: Մշտական հակադրությունը բերելու է կոնֆլիկտի, որն ինքն իրենով բռնություն է: Խնդիրն այն է, որ բռնությունը տարիներով կրկնվում է, ու կինը հանդուրժում է:
-Եվ ի՞նչ ազդեցություն է դա ունենում կնոջ հոգեվիճակի վրա:
-Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում կնոջ վիճակը, եթե նա հանդուրժում է, եթե չի բողոքում: Ի՞նչ իրավունք ունենք խառնվելու, ինչպես ասում են, ընտանիքը «սուրբ» է: Ո՞վ իրավունք ունի մարդուն պարտադիր ձևով բուժելու:
-Իսկ եթե կինը պարզապես անօգնական է և չգիտի՞ ինչ անել:
-ՈՒրեմն, համապատասխան ինստիտուտներ պետք է զարգացնել: Բայց կին կա, որ այդ ինստիտուտների պարագայում էլ ասում է` նա ինձ սիրում է, և հանդուրժում է բռնությունը: Մենք պետք է ավանդական մեթոդներից անցնենք օրենքի տիրույթ, որը պետք է գերակայող լինի: Մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն: Եթե բռնությունը, ծեծը պարբերական բնույթ են կրում և, ինչպես վերը նշեցինք, կատարվում են բռնության ենթարկվողի կամքին հակառակ` բռնարարը, միանշանակ, պետք է պատասխան տա օրենքի առաջ:
-Բայց հասարակությունը շատ հաճախ մեղադրում է կնոջը` ընտանիքը չպահպանելու համար:
-Հասարակությունն օբյեկտիվ չէ, որպես այդպիսին: Քաղաքակիրթ երկրներն օրենքին են ապավինում, ոչ թե հասարակությանը:
-Ձեզ դիմո՞ւմ են բռնության երևույթի հետ կապված:
-Այո, հաճախ, ու փորձում ենք արմատները գտնել: Ցանկացած նևրոզ բռնության արդյունք է: Եթե երեխան կակազում է, կպչուն վիճակներ ունի, եթե չափահաս մարդն անքնություն, տագնապներ ունի, բռնության արդյունք է: Մանուկ հասակում սխալ դաստիարակության պատճառով ջերմությունից զրկում են երեխային, անտեսում, դա բռնություն չէ՞:
-Ի՞նչ անել:
-Առաջարկում եմ օրենքին ապավինել: Զարգացնել բնակչության իրավական գիտելիքներն ու բարոյահոգեբանական կուլտուրան: Միայն այդ դեպքում է հնարավոր լուծել մեր հասարակությանը հուզող խնդիրները:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ