ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱԳԱՎՈՐԵԼ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ»

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱԳԱՎՈՐԵԼ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ»
01.02.2011 | 00:00

Տիգրան Կարապետյանի բազմամարդ հանրահավաքներից հետո քաղաքական որոշ շրջանակներ բարձրաձայնեցին, թե ընդդիմադիր դաշտը համալրվում է նոր ընդդիմադիր բևեռով։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, թե ՀԱԿ-ից դուրս նոր ընդդիմություն չպետք է փնտրել։ Այս կարծիքին է նաև ՀԱԿ-ի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։
-Այսօր մեզ ավելի շատ հետաքրքրում է Հայաստանում հաստատված ռեժիմի դեմ պայքարը,- ասաց պարոն Զուրաբյանը։- Բացարձակ անիմաստ եմ համարում այլ քաղաքական ուժերին գնահատականներ տալը։ Մի բան ակնհայտ է` բոլոր այն ուժերը, որոնք հավակնում են այդ պայքարում տեղ գրավել, պետք է հասկանան, որ երկու ճանապարհ կա` լինել իշխանության մաս, դառնալ նրա խոսնակը և երկրորդ` հասարակության հետ պայքարել այս օլիգարխիկ համակարգի դեմ։ Երբ խոսում ենք առաջին, այսպես ասած, մանիպուլացվող ընդդիմության մասին, նկատի ունենք Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը։ Երկրորդ պարագայում քաղաքական ուժերը պիտի հասկանան, որ երկրի համար ամենակարևոր խնդիրն արատավոր համակարգն է։ Պիտի սրա դեմ բացահայտ պայքարել, չվախենալ բաց քննադատությունից, հնչեցնել պատասխանատուների, կեղեքիչների, թալանողների անունները, պահանջել համակարգային փոփոխություններ, ինչը նշանակում է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ Եթե այս նպատակների շուրջ է կայանում համախմբումը, դա միայն ողջունելի է։ Ի վերջո, իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ով է իր համար իրական վտանգ ներկայացնում, դրա համար էլ ոստիկանությունն ակտիվ է լինում իրական ընդդիմության նկատմամբ, հանրահավաքների օրերին չի աշխատում տրանսպորտը, բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում, ակտիվիստների նկատմամբ մաքսային, հարկային ճնշումներ են կիրառում, այսինքն, իշխանությունը բնազդով տարբերում է իրական ու կեղծ ընդդիմությունը, հասարակությունն էլ սկսել է լավ հասկանալ այս նրբությունները։ Կարծում եմ` ՀԱԿ-ի այս երեք տարվա պայքարը լավ դարբնոց էր, դպրոց` ողջ հասարակության համար, որովհետև բոլորը հասկանում են իշխանության բանեցրած հնարքները։
-Մտավախություն չունե՞ք, որ այն չափորոշիչները, որոնցով Դուք կեղծ և իրական ընդիմությունն եք տարանջատում, կեղծ ընդդիմության դեպքում իշխանությունը կիրառի` հասարակությանը շփոթեցնելու համար։
-Իշխանությանը դա չի հաջողվի, որովհետև իշխանության աջակցությունն իր ստեղծած ընդդիմությանը շատ ակնհայտ է։ Եթե նրանք սկսեն այդ «ընդդիմության» հետ վարվել այնպես, ինչպես ՀԱԿ-ի պարագայում է, բոլոր պատեհապաշտներն ուղղակի կփախչեն, միտինգի չեն գա։ Այնպես որ, նման մտավախություն բացարձակապես չունեմ։ Ամեն դերասանություն ունի որոշակի սահման, և իշխանության խաղն էլ ակնհայտ է։
-Ձեր չափորոշիչներին Տիգրան Կարապետյանը հակադրել է իրական ընդդիմությունը տարբերակելու իր մեթոդը և հակադարձել. «Ինձ ամբողջությամբ թալանել են, ամեն ինչ վերցրել են ձեռքիցս, իսկ նրանք օպերայի մոտ օբյեկտներ ունեն»։ Ձեր պատասխանը։
-Մեր շարժման մեջ չգիտեմ որևէ մեկին, որն օբյեկտ ունի կամ բիզնես։ Հակառակը, ով էլ ունեցել է, նրա ձեռնարկատիրական գործունեությունն ավերել են։ Բայց համաձայն եմ, Տիգրան Կարապետյանի չափորոշիչը ևս կարելի է կիրառել։
-Անդրադառնանք ՀԱԿ-ի հանրահավաքային «սեզոնի» բացմանը։ Նախատեսված է փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնել։ Մարտի 1-ից առաջ (ՀԱԿ-ը մշտապես մարտի 1-ին հանրահավաք է անցկացնում) նախատեսված հանրահավաքը նպատակ ունի «ջրե՞լ» փետրվարի 28-ին Տիգրան Կարապետյանի հրավիրած միջոցառումը։
-Ոչ, ամենևին։ Անցյալ տարի մենք հանրահավաք անցկացրինք հունվարի 10-ին։ Մարտի 1-ին, անկախ ամեն ինչից, հանրահավաք լինելու է, քանի որ դա այն օրն է, երբ իշխանությունը զենք բարձրացրեց սեփական ժողովրդի վրա, սակայն դա չի խանգարում մարտի 1-ից առաջ հանրահավաք անցկացնելուն։ Մենք միշտ ասել ենք, որ Ամանորից հետո վերսկսելու ենք միտինգները, ուստի այդ տեսակետը պարզապես զարմանալի է։ Մեկ ասում են` քիչ եք հանրահավաքներ անցկացնում, մեկ ասում են` շատ, ու փորձում տարբեր պատճառներ հորինել։
-Գուցե պայմանավորված նրանով, որ հասարակությունը սպասելիքներ ու ակնկալիքներ ունի հենց ընդդիմությունի՞ց։
-Հասկանալի է, բայց քննադատությունները պետք է միմյանց չհակասեն։ Պետք է պարզ լինի` հիմա մեզնից ավելի շա՞տ են միտինգներ պահանջում, թե՞ քիչ։ Միտինգների անցկացումն ինքնանպատակ չի լինում, շատ հաճախ դրանք այնքան էլ հիմնավորված չեն։ Հաճախակի անցկացվող միտինգները մաշում են շարժումը։ Իհարկե, կա մի քանի հազար մարդ, որոնց համար զանգվածային միջոցառումներին մասնակցելը դարձել է կենսակերպ, ու նրանք ձգտում են պերմանենտ հանրահավաքների։ Բայց միտինգների հաջողությունը չի որոշվում միայն այդ զանգվածի ցանկություններով, կա ավելի բազմամարդ զանգված, որի համար հանրահավաքը իրադարձություն է։ Եթե դա դառնում է հերթապահ մի աշխատանք, նրանք հոգնում են ու դրանում իմաստ չեն տեսնում։ Բովանդակային առումով ևս միտինգը կորցնում է իր գրավչությունը, իմաստը։ Այս զանգվածի համար հանրահավաքը պետք է լինի իրադարձություն։ Ինքնանպատակ հանրահավաքները, ինչպես ցույց տվեց վրացական ընդդիմության փորձը, միայն վարկաբեկում են ընդդիմությանը։ Մենք այդ ճանապարհով չենք գնացել ու ճիշտ ենք վարվել։ Երբ գա պահը, ու պետք լինի անել այն, ինչ` 2008-ի փետրվարին, ուրեմն կանենք։ Բայց դա ենթադրում է հասարակության էլեկտրալիզացիայի մի այլ աստիճան, որին պետք է հասնել։ Այս առումով մեր լավագույն դաշնակիցն իշխանությունն է, որն իր գործողություններով ամեն ինչ անում է, որ այդ պահը հասունանա։ Ձախողել են արտաքին քաղաքական նախաձեռնությունները, ժողովրդին որևէ նոր բան չեն կարող առաջարկել, ստեղծվել է սոցիալական դժվար վիճակ և այլն։ Նույն փողոցային առևտրի արգելումը. մի՞թե հնարավոր չէր տալ ադապտացիոն ժամանակ, մարդկանց նախապես զգուշացնել։ Այս իշխանությունները հիանալի հասկանում են, որ այդ մարդիկ շարժման հենքերից մեկն են։
-Հաշվի առնելով, որ 2011-ը նախընտրական տարի է, ՀԱԿ-ն ինչպիսի՞ մարտավարություն է որդեգրելու։
-Օգտագործելով հասարակության խոր դժգոհությունը, սոցիալական լարվածությունը, երեք տարվա ընթացքում ձևավորված գիտակից քաղաքացիական շարժման ներուժը, մենք կարողացանք հասնել մի իրավիճակի, երբ իշխանությունները ստիպված կլինեն գնալու արտահերթ ընտրությունների։ Խնդիրն այն չէ, որ վախենում ենք հերթականից ու պնդում ենք արտահերթ ընտրությունների անցկացումը, այլ այս իշխանության յուրաքանչյուր օրը պատուհաս է մեր ժողովրդի համար։ Մենք, որպես ընդդիմություն, կարող ենք դիմանալ մինչև հերթական ընտրություններ, իսկ ժողովուրդը չի կարող։
-Ընդդիմությունն ու ժողովուրդը տարբե՞ր են։
-Չէ, պարզապես, եթե խոսքը մեր քաղաքական կարիերայի մասին է, կարելի էր սպասել հերթական ընտրություններին։ Բայց խնդիրը ժողովրդի տառապանքն է։ Ի վերջո, մենք չենք ցանկանում թագավորել փլատակների վրա։
-Գործընթացները, սակայն, հերթական ընտրություններ չե՞ն ենթադրում։
-Չեմ հասկանում, երբ ասում են` արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան։
-Երեք տարի է` ՀԱԿ-ը նշում է, որ նախադրյալներ կան, բայց գործն այդպես էլ արտահերթ ընտրություններին չի հասնում։
-Որովհետև մեր դիմաց կանգնած է մի ռեժիմ, որի վերջին հենարանը Կալաշնիկովի ավտոմատն է։ Միայն այդ պատճառով արտահերթ ընտրություններ չեն լինում։ Ցանկացած երկիր, որն ունի ժողովրդավարության կուլտուրա, արդեն յոթ անգամ կառավարություն էր փոխել։ Նախադրյալներն այսօր բավարարում են յոթ անգամ իշխանություն փոխելուն։ Եգիպտոսի, Թունիսի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս ամենը երկար չի կարող տևել։ Տարբերությունն այն է, որ այդ երկրներում կազմակերպված ընդդիմություն չկա, և դա ժողովուրդն է անում` սոցիալական բողոքի ալիքի վրա։ Մենք ասում ենք այսօրվա իշխանությանը, որը դեռևս հնարավորություն ունի անցումը դեպի ժողովրդավարություն կատարելու սահուն ձևով։ Ավելի լավ է գործ ունենալ պետական մտածողություն ունեցող, կազմակերպված ընդդիմության հետ, քան դիմակայել սոցիալական բունտին, որի ականատեսն ենք Թունիսում և Եգիպտոսում։ Այդ շանսը գնալով պակասում է։ Իշխանությունն այսօր սևեռվել է ՀԱԿ-ը վերացնելու վրա։ Վստահ եղեք, եթե այդ երկրներն ունենային Ղարաբաղի խնդիր, թշնամին հաստատ կօգտվեր ստեղծված իրավիճակից։ Դրա համար էլ մենք առաջարկում ենք սահուն գործընթաց, որը թույլ կտա նման զարգացումներից խուսափել։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ