ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կրկնուսույցներից մինչև խոշոր բիզնես

Կրկնուսույցներից մինչև խոշոր բիզնես
30.01.2009 | 00:00

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց` երկրների կառավարությունները միջոցներ են փնտրում այն մեղմելու և հնարավոր բացասական հետևանքները վերացնելու ուղղությամբ: Զարգացած և զարգացող երկրներում սկսել են հատուկ ուշադրություն դարձնել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Մասնավորապես, վերջին 50 տարիներին առաջին անգամ տնտեսական լուրջ խնդիրների առաջ հայտնված Ճապոնիայի կառավարությունը զբաղվածության 80 տոկոսն ապահովող փոքր և միջին բիզնեսի խթանման հատուկ ծրագիր է մշակել: Ռուսաստանի կառավարությունը ևս, չնայած նավթի գների անկմամբ պայմանավորված բյուջեի պակասորդին, 550 մլրդ ռուբլու հարկային զեղչ կիրառեց միջին և փոքր գործարարության ոլորտում: Իսկ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է 50 մլրդ եվրո տրամադրել այս ոլորտի մատչելի վարկավորման համար: Չնայած աշխարհը գնում է փոքր և միջին բիզնեսի կյանքը որոշակիորեն հեշտացնելու ճանապարհով, սակայն 2008-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ խորհրդարանը կառավարության ներկայացմամբ հարկային փոփոխություններ իրականացրեց այս ոլորտում։ Օրենքում կատարված փոփոխությունները պարզաբանելու նպատակով դիմեցինք ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ:
Ըստ նրա, այս պահին ամբողջ աշխարհը փորձում է փոքր և միջին բիզնեսում ընդգրկվածների, ինչպես նաև ինքնազբաղվածների կյանքը թեթևացնել: Մասնավորապես, եթե որոշ մասնագիտությունների գծով մարդն առաջ հարկայինին չէր վճարում, սակայն ոչ բացահայտ ձևով այդ գումարը, միևնույն է, ուներ իր հասցեատերը, ներկայումս փոքր բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Եթե առաջ ինքնազբաղվածները կաշառք էին վճարում գործունեություն ծավալելու համար, ներկայումս ստատուս-քվոն մնացել է նույնը, վերացել է միայն այն, որ կարող են հեշտ վճարել, առանց վախի և թաքնվելու: Նրանք տարեկան պետբյուջե են վճարելու առավելագույնը 60000 դրամ` Երևանում, և մինչև 3600 դրամ` մարզերում ու գյուղերում: Եվ ով նրանց կասի, թե գրանցված չեք և անօրինական գործունեություն եք ծավալում, պարոն Չիլինգարյանի բնորոշմամբ «կարող են ուղարկել գրողի ծոցը»: Այս վճարն, ըստ կատարված փոփոխության, արտոնագրային մուծում է, և քանի որ նրանք չունեն անհատ ձեռնարկատերերի կարգավիճակ, ապա ՀԴՄ նրանց անհրաժեշտ չէ, միայն թե ունենան այդ գործունեության վարման արտոնագիրը: Դեկտեմբերի 26-ին ընդունված այս փոփոխությունը վերաբերում է մոտ 5000 ինքնազբաղվածների, սակայն այս փոքր հարցը, Չիլինգարյանի փոխանցմամբ, մեծ աղմուկ հանեց, թեև խոսքն ընդամենը վճարման փոփոխության ձևի մասին է և ընդամենը մթնոլորտ է փոխում:
Ընդունված օրենքի փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանում բավականին լայն տարածում գտած կրկնուսույցների գործունեությանը: Ըստ այդմ, եթե նրանք 2,5 միլիոն դրամից մեծ գումար են վաստակում, ապա պետք է ենթարկվեն ավելի լուրջ հարկային ռեժիմի, այսինքն` գրանցվեն և դառնան հարկատու, այլապես նրանց սպառնում է հարկայինի խոշորացույցի տակ ընկնելու վտանգը:
Այն հարցին, թե կատարված փոփոխությունների արդյունքում փոքր և միջին բիզնեսի ուսերին հավելյալ գումարային պարտավորություններ չե՞ն դրվում, մասնավորապես, հաշվապահական հաշվառման տեսանկյունից, և տոնավաճառներում գործունեություն ծավալողներն այժմ լրացուցիչ գումարնե՞ր են վճարելու դրա համար, պարոն Չիլինգարյանը պատասխանեց, որ խնդրի առնչությամբ նախօրոք որոշել էին մարդկանց կարծիքը հարցնել: Տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելուց առաջ կառավարությունը գումար տրամադրեց, հարցաթերթ կազմվեց, ՓՄՁ-ի միջոցով հարցում անցկացվեց 500 մարդու շրջանում: Հիմնական խնդիրն այն էր, թե գործարարը ո՞ր թուղթը լրացնելիս է դժվարություն զգում, ո՞ր թղթի դիզայնն է բարդ, որպեսզի քիչ զբաղվեն թղթարարությամբ և շատ գործ անեն: Այն հարցադրմանն էլ, թե հաշվապահ պահելը տոնավաճառներում աշխատողների համար առնվազն 30000 դրամի լրացուցիչ ծախս է պահանջելու, պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալը պատասխանեց, թե կան ընկերություններ, որոնք պատրաստ են այդ ծառայությունը մատուցել 5000 դրամով, ու նաև դրան էր միտված սույն ամսվա 24-ին հաշվապահական հաշվառման կենտրոնի բացումը: Ըստ նրա, եթե ուզում են հարկային հաշվառման դաշտը կարգավորել, դա չի նշանակում հարկային բեռի ավելացում: Այլ այն, որ բոլորը հարկման դաշտում հավասար հնարավորություններ ունենան, և օրենքն էլ այս պարագայում բոլորի համար համաչափ է կիրառվելու: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլորը հաշվառվեն, կառավարությունն էլ պետք է այնպես անի, որ ձեռնարկատերն ավելի քիչ տանջվի հաշվառման, լիցենզավորման, բնապահպանական պահանջների դեպքում: Ահարոն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ փոքր և միջին բիզնեսի վիճակը թեթևացնելու աշխատանքները սկսվել են դեռևս 2008-ի օգոստոսին` ԱԺ-ում ընդունված հարկային բարեփոխումների փաթեթով: Սա նշանակում է, որ կառավարությունը գիտակցում էր` հարկավոր է միջին ու փոքր բիզնեսի համար հնարավորինս ավելի մատչելի պայմաններ ստեղծել: Այն հարցին էլ, թե ներկայիս ճգնաժամի պայմաններում մարդիկ, այդուհանդերձ, այնքան էլ գոհ չեն ընդունված հարկային փաթեթից, պատասխանեց. «Եթե այս հարկային բարեփոխումները չարվեին, Հայաստանում, իրոք, ճգնաժամի հետևանքներն ավելի ծանր կլինեին։ Բարեբախտաբար, կառավարությունը հասցրեց այս բարեփոխումներն անել, քանի որ եթե փոքր և միջին ձեռնարկատերերը գտնվում են տարեկան 58,3 մլն դրամ շրջանառության շեմից ներքև, հարկային մարմնին ֆինանսական հաշվետվություններ կարող են չներկայացնել։ Այսինքն, եթե մինչև օրենքի ընդունումը փոքր ձեռնարկատերերի համար հաշվապահական տեղեկատվության հիմնական օգտագործողը հարկային տեսչությունն էր, ապա հիմա հարկայինը նրանց վրայից հանել է այդ պահանջը և սլաքն ուղղել ավելի խոշորների կողմը: 2008 թ. դեկտեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման» մասին օրենքի փոփոխությունների համաձայն, եթե առաջ հաշվետվություն ներկայացնելու համար 58 մլն դրամի շրջանառություն էր նախատեսված, ապա ներկայումս այն բարձրացվել է 100 մլն-ի, դրանից ցածր շրջանառության պարագայում նպատակահարմար չէ միջազգային հաշվապահական հաշվառում իրականացնել` հարկայինին ինչ-որ բան ցույց տալու համար»։
Հարցին, թե քաղաքականության հետ սերտաճած մարդկանց բիզնեսը հարկային դաշտ բերելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, պրն Չիլինգարյանը պատասխանեց, որ խոշոր կազմակերպությունների համար, որոնց շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամը, սահմանվել են պարտադիր ֆինանսական հաշվետվություններ, և, բացի միջազգային աուդիտից, այդ տեղեկատվությունը պետք է նաև հրապարակվի: Այսուհետ այդ ընկերությունները պետք է անկախ աուդիտորական կազմակերպություններին տրամադրեն իրենց գործունեության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, և այս պարագայում, ի տարբերություն փոքր և միջին բիզնեսի խաղի կանոնների, կրկնակի կանոններ են կիրառվելու: Ըստ միջազգային հաշվապահական ստանդարտների` տնտեսավարողը պետք է բացահայտի իր բոլոր գործարար փոխկապակցված կողմերի անունները: Այս նպատակով վարչապետի որոշմամբ դեռևս 2008 թ. դեկտեմբերին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է հաշվապահության վարման և աուդիտի անցկացման բարեփոխումներ, և այս գործընթացում միջազգային կառույցներից մասնագետներ են ներգրավված: Քննարկումներ են ընթանում, որ անհրաժեշտ է փաստաբանների պալատի նման աուդիտորական նույնատիպ կառույց ստեղծել: Արդյո՞ք միջազգային աուդիտի պայմաններում անգամ, երբ Հայաստանի բիզնեսը կենտրոնացած է 50-60 ընտանիքների ձեռքում, նրանք իրար մեջ համաձայնության չեն գա և չեն շրջանցի այս օրենքի կատարումը` հարցրինք։ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը պատասխանեց, թե գերագնահատվում է մեր խոշոր գործարարների «հնարամտության աստիճանը»: «Գործարարն իր իմիջի համար չի ցանկանա, որ հրապարակվի, թե միջազգային աուդիտն իր ֆինանսական գործունեությանը բացասական գնահատական է տվել,- ասաց։- Դա շատ զգայուն տեղեկատվություն կլինի, մանավանդ հայկական մենթալիտետի համար: Մի երեք-չորս տարի հետո պատկերը բոլորովին այլ կլինի, և խոշոր գործարարն ինքը կցանկանա հարկատուների ցուցակում բարձր տեղ զբաղեցնել»:
Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաները գործարարությամբ են զբաղվում, ի՞նչ է մտադիր անել կառավարությունը` հետաքրքրվեցինք։ «Այստեղ երկու մոտեցում գոյություն ունի։ Մեկն այն է, որ խոշոր պաշտոնյան կարող է զբաղվել գործարարությամբ, եթե բարեխղճորեն վճարում է հարկերը,- ասաց Ահարոն Չիլինգարյանը:- Երկրորդ մոտեցման կողմնակիցներն էլ այն կարծիքին են, որ այս պարագայում մրցակցային դաշտը նեղանում է, այդ պատճառով էլ պետք է գնալ բարեփոխումների ճանապարհով: Այս հարցում քաղաքական որոշումն արդեն կայացվել է, և կառավարությունն ընդունել է գործողությունների ծրագիր: Պետք է սկսել առնվազն այդ մասին բացահայտ խոսելուց, հիշատակելով այն պաշտոնյաների անունները, որոնք իրենց դիրքը չարաշահում են, վարչական տույժ կիրառել, եթե պատգամավոր է` զրկել անձեռնմխելիությունից»:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ