«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԳՆԱԺԱՄ կամ` պատերազմ առանց սահմանների)

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԳՆԱԺԱՄ կամ` պատերազմ առանց սահմանների)
01.02.2011 | 00:00

Իմ զրուցակիցը գրող, հրապարակախոս, 1990-1995 թթ. ՀՀ ԳԽ անկախ պատգամավոր ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Նրա հետ փորձեցի փնտրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառահետևանքային կապերը:
-Պարոն Գրիգորյան, համաշխարհային ճգնաժամի «իններորդ ալիքը», կարծես, հասունացման փուլում է: Եվ աշխարհը, կամ գոնե մի մասը, խորացող տագնապով է սպասում ամենազորեղ, անկասելի հարվածին: Ճշտենք. ե՞րբ ծրագրվեց համաշխարհային ճգնաժամը:
-Թե երբ ծրագրեցին և մարդկությանը «պարտադրեցին» ներկայիս համաշխարհային ճգնաժամը, դեռևս կարիք ունի հանգամանալից ուսումնասիրման:
Բայց, անկախ ամեն ինչից, այդ «նվերն» արդեն բոլորինն է, նույնիսկ նրանցը, ովքեր դեռ լրիվ չեն ըմբռնել կամ չեն հասկացել դրա էությունը և հնարավոր բոլոր հետևանքները:
Դժվար է ասել, թե որքան ժամանակում է ծրագրվել ճգնաժամի հրեշը, բայց այն արդեն շրջում է աշխարհով մեկ: Կարծում եմ, ճգնաժամի հրեշին ծրագրել են և բաց թողել շրջելու երկրագնդի ճանապարհներով նախ` գլոբալացման ուրվականի տեսքով, որպես մեծ պատերազմի փոքր սկիզբ:
Էությունը պարզ է. դա ուժեղների խաղն է: Դա աշխարհի հզորների սահմանած նոր խաղի կանոնն է. այն, ինչ հնարավոր չէ անել զենքով, կարելի է անել տնտեսական լծակներով:
Սկիզբ է դրվել աշխարհի վերաբաժանման նոր ժամանակաշրջանի:
Սա որակապես նոր պատերազմ է, որը ներառել է սկզբունքորեն ամբողջ մոլորակը: Փլուզվում է այն ամենը, ինչը դեռ երեկ անսասան ու անքննելի ճշմարտություն էր թվում, որտեղ հաղթողները «բարեգործների» դերն են խաղում` խիստ «մտահոգված» մարդկության ճակատագրով, իսկ պարտվողները փրկվող «քաղաքակիրթ» մարդկությունն են կազմում:
Փլվում են դեմոկրատիայի հին տաճարները, որոնց տեղում կառուցվելու են գլոբալացման նոր տաճարները` նոր վարդապետներով ու փիլիսոփայությամբ:
Անգամ հնարեցին ֆինանսական կառույցների իրականացրած ոչ արդյունավետ քաղաքականության հետևանք «գաղափարախոսություն»: Հասկանալի է, որ «միամիտ» ֆինանսական կառույցների վրա մեղքը գցելն այդքան էլ լուրջ չէ:
Ստեղծված իրավիճակը նման է բարձր սարից գահավիժող ձնագնդի, որն իր ճանապարհին սրբում է ամեն ինչ:
Մի բան ակնհայտ է. դարերի ընթացքում հղկված և ձևավորված համաշխարհային տնտեսությունը շունչը փչում է:
Մարդկությանը նոր տնտեսավարման փիլիսոփայություն է պարտադրվել. իրական ապրելու և տիրելու իրավունք կունենան միայն ուժեղները` նախ փրկվիր, հետո միայն կմտածես ապրելու մասին: Այսպիսով այս պատերազմում հակառակորդ չկա, կան «փրկիչներ» և փրկվողներ:
-Փորձեք ուրվագծել այդ ամենի հետևանքների համապատկերը:
-Ենթադրվում են սոցիալական բազմաթիվ ցնցումներ, խռովություններ, փոքր ու մեծ գունագեղ հեղաշրջումներ, լոկալ պատերազմներ և այլն: Բայց անհանգստանալու ոչինչ չկա, այդ ամենը դեռևս գտնվում է թույլատրելիի, նախապես ենթադրվող ծրագրերի սահմաններում, քանզի մարդկությունը ներկայումս ավելի կառավարելի է, քան երբևէ: Տարբեր ազգեր ու ազգություններ, տարբեր ժողովուրդներ և խմբային պատկանելություններ ապրում և գործում են այն կանոններով, որոնք նրանց համար մեծագույն հոգատարությամբ նախատեսել են աշխարհի հզորները: Այնպես որ, ամեն ինչ հսկողության տակ է:
Մնում է սպասել, թե ովքեր կհայտնվեն նոր զոհասեղաններին։
-Գուցե ինչ-որ բան «սայթաքե՞լ է իր շավղից»: Եթե այո, ապա ի՞նչը և ինչպե՞ս:
-Առաջիկա երկու տարում մոլորակը կգտնվի շեշտված բացասական էներգադաշտում, որը գնալով մեծանալու է, ինչի պատճառով երկրագնդի վրա է՛լ ավելի կշատանան երկրաշարժերը, կործանիչ փոթորիկները, եղանակային փոփոխությունները մեծ ծավալներ կընդունեն, շատ երկրներում մեծ թափ կստանան տարաբնույթ հեղաշրջումները, հուզումները, իշխանափոխությունները: Համաշխարհային տնտեսությանն ավելի մեծ ցնցումներ են սպասում, քանի որ, այսպես ասած, համաշխարհային ճգնաժամն ընդամենը նոր է թափ հավաքել, սովյալները տասնյակ ու տասնյակ միլիոններով կավելանան ու կավելանան, հանցագործությունները կակտիվանան այն աստիճանի, որ համամարդկային լուրջ վտանգի խնդիրներ կառաջանան: Եվ այդ ամենը զուտ մարդու կողմից և իր իսկ վարքագծով պայմանավորված համաշխարհային էներգադաշտի կոպիտ խախտման պատճառով:
-Ամենայն հավանականությամբ, տարբեր երկրներ դիմակայության տարբեր դրսևորումներ հանդես կբերեն: Հայաստանը` անվերապահորեն թույլ ու անդեմ։
-Երկրների տնտեսությունների անկումներն ընդամենը ճգնաժամային պատերազմական գործողությունների ծրագրի մի մասն են: Ինչ վերաբերում է առանձին երկրների վրա պարտադրված ճգնաժամի ավելի մեղմ կամ մամլիչային ազդեցությանը, ապա հպանցիկ դժվար է պատասխանել, քանզի կան բազմաթիվ պատճառներ և պայմաններ, որոնցից կարելի է նշել, մասնավորապես, կոնկրետ երկրի տնտեսավարման առանձնահատկությունները, փոխկապակցվածությունը համաշխարհային տնտեսությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության խոցելիությանը, անշուշտ, այն շատ խոցելի է, այդ մասին բավականին շատ է ասվել, առանձնապես նոր ու հետաքրքիր որևէ բան ասելը դժվար է: Սակայն մի բանում համոզված եմ. եթե համահայկական էներգադաշտը հնարավոր լիներ ուղղել կոնկրետ նպատակների, ապա Հայաստանի տնտեսությունն այդքան խոցելի չէր լինի: Ցավոք, հայերս էական քայլեր չենք ձեռնարկել ու չենք ձեռնարկում մեր ազգային էներգադաշտի արդյունավետ օգտագործման ուղղությամբ, առանց որի ոչ միայն խոցելի ենք, այլև անպաշտպան` պարտադրված պատերազմի խաղի կանոններ դիմագրավելիս:
Յուրաքանչյուր ազգային միավորի բնորոշ է որոշակի էներգադաշտ, իր առանձնահատկություններով: Ինչպես ազգային էներգադաշտը, այնպես էլ մարդկային էներգադաշտը կարիք ունեն լուրջ ուսումնասիրությունների, որոնց պայմաններում մարդկային զարգացումը մեծապես կշահի: Սակայն մի բան հաստատ է. մարդկությունը գտնվում է այս պահին խաթարված սեփական էներգադաշտում` իր գոյության առաջին իսկ օրից, որը որոշակի զարգացում է ունեցել` մարդկության զարգացմանը զուգընթաց:
Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ