«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՌԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

«ԱՌԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
05.03.2010 | 00:00

Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքների 80-85 տոկոսում առկա են կոնֆլիկտներ, մնացած 15-20 տոկոսում` տարբեր պատճառներով վեճեր։ Ընդ որում, մշտական այդ վեճերից առաջին հերթին տուժում են երեխաները։ Հոգեբանների հետազոտությունները վկայում են, որ մանկական նևրոզների հիմնական աղբյուրն ընտանիքում միջանձնային հարաբերությունների խաթարումն ու ընտանեկան հարաբերությունների աններդաշնակությունն է։ Ընտանեկան կոնֆլիկտների շուրջ է մեր զրույցը «Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար ԱՐՄԵՆ ԲԵՋԱՆՅԱՆԻ հետ։
-Հասարակությունը ձևավորվում է ընտանիքից,- ասում է նա։- Անձի, անհատի կայացումը, սոցիալականացումը սկսվում են ընտանիքում։ Այս տեսակետից շատ կարևոր դեր ունի այն փոքր միջավայրը՝ ընտանիքը, որտեղ երեխան հետագայում պետք է ձևավորվի, դառնա սոցիալական էակ։ Ինչպիսին ընտանիքն է, այնպիսին էլ հասարակությունն է։ Վերջին 20-30 տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ, տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել, փոխվել են արժեքային համակարգերը, որոնք անդրադարձել են նաև ներընտանեկան հարաբերությունների վրա։
-Հայկական իրականության մեջ կա ընտանիքի ընդունված մոդել։ Ժամանակակից բարքերն ի՞նչ փոփոխություններ ու շեղումներ են մտցրել այդ մոդելում։
-Շատ է օգտագործվում «ընտանիքի հայկական մոդել» բառակապակցությունը, բայց ես դժվարանում եմ ասել՝ դա հայկակա՞ն մոդել է, թե՞ ընդհանրապես ընտանիքի ավանդական մոդելներից մեկն է, երբ մի քանի սերունդ ապրում էր նույն տանիքի տակ, և ընտանիքի գլխավորը տան ավագն էր։ Բնականաբար, սա էլ ընտանիքի լավագույն տարբերակը չէ, քանի որ անձի զարգացման համար շատ կարևոր է նրա ազատությունը։ Սակայն ազգի պահպանման, գոյատևման համար այդ պայմանները խիստ անհրաժեշտ են։ Հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին զուգընթաց փոխվում են նաև արժեքներն ու մոտեցումները երևույթներին։ Ազատականացումը հանգեցնում է դաստիարակության ձևերի փոփոխման։ Ընտանիքի մոդելները բավականին շատ են՝ 10-13 տիպի։ Ընտանիքն անձանց մի խումբ է, որն ապրում է նույն տանիքի տակ և, ամենակարևորը, ունի ընդհանուր կենցաղավարություն։
-Ընտանիքներն ունեն իրենց ճգնաժամային փուլերը։ Որո՞նք են դրանք։
-Ճգնաժամային առաջին փուլը, որ ծագում է համատեղ կյանքի ընթացքում, կոչվում է հարմարվողականության փուլ։ Ամուսիններից յուրաքանչյուրն ունի ձևավորված արժեհամակարգ, և համատեղ կյանքի ընթացքում պետք է հաշվի նստել դրա հետ։ Սա բավականին բարդ փուլ է, քանի որ արդեն ձևավորված 18-25 տարեկան անձը դժվարությամբ է հարմարվում նոր իրավիճակին։ Այստեղ մեծ դեր են խաղում հուզական ապրումները, հոգեբանական դրսևորումները։ Այս փուլը սովորաբար տևում է 6 ամսից մինչև մեկ տարի, որին անմիջապես հաջորդում է երեխա ունենալու փուլը։ Երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է հատկացվում անձնական հարաբերություններին, ավելանում է ֆիզիկական, հոգեբանական ծանրաբեռնվածությունը։ Եթե զույգերը պատրաստ չեն այս ամենին, ապա շատ բարդ են տանում։ Մյուս կողմից, այս փուլը վտանգավոր է նրանով, որ զույգերի մոտ կարող են ծագել առաջնային խնդիրներ միմյանց նկատմամբ։ Այսինքն՝ ամուսինները դեռ երիտասարդ են, սեռական ակտիվությունը բավականին բարձր է, տղամարդը չի էլ պատկերացնում, որ կնոջ մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ կան՝ երեխայի կերակրման, խնամքի հետ կապված։ ՈՒստի կնոջ մոտ նվազում է սեռական ակտիվությունը, ինչն էլ պատճառ է դառնում, որ կինը խուսափի ամուսնու հետ ինտիմ շփումից։ Եվ դա տեղի է ունենում չգիտակցված, քանի որ օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։ Սրան գումարվում են երեխայի նկատմամբ խնամքն ու գուրգուրանքը, ինչն էլ պակասեցնում է ուշադրությունն ամուսնու նկատմամբ։ Ճգնաժամային այս փուլը ամենածանրն է, որը տևում է 1-2 տարի։ Ամուսնական կյանքում հաջորդ ճգնաժամը սկսվում է երեխայի ծննդից 7-10 տարի անց, որն առնչվում է արդեն երեխայի դաստիարակությանը։ Երեխաների դաստիարակության վերաբերյալ ամուսինների և նրանց ծնողների հայացքները, տեսակետները բախվում են՝ հաճախ հանգեցնելով կոնֆլիկտների։ Հաջորդը միապաղաղության կամ ամուսնական միջին տարիքի փուլն է. այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ կամ քաղցի շրջան, երբ զույգերը, տարիներ շարունակ իրար հետ ապրելով, նոր հույզերի պահանջ են զգում։ Այս փուլում է, որ ամուսինները սկսում են հետաքրքրություններ փնտրել դրսում։ Ընդ որում, թյուր կարծիք կա, թե միայն տղամարդիկ են դրսում ազդակներ փնտրում։ Դա բնորոշ է բոլորին, եթե հուզական, փաղաքշանքի դրսևորումները պակասում են։ Ճգնաժամային հաջորդ փուլը կոչվում է իվոլյուցիոն կամ միայնության զգացման փուլ: Այս շրջանը սկսվում է 30 և ավելի տարի համատեղ կյանքից հետո: Կարող է ձևավորվել մենության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը և այլն: Ինչպես տեսնում եք, պարբերաբար բավականին լուրջ, բնական խնդիրներ են ծառանում ընտանիքների առջև։ Եթե սրանց էլ գումարենք սոցիալ-տնտեսական, ներանձնային և բազմաթիվ այլ հարցեր, ապա ընտանիքի կառավարումը դառնում է բավականին բարդ համակարգ։ Ավելացնենք նաև, որ յուրաքանչյուր անձ իր կյանքի ընթացքում ընտանիքից դուրս ևս ունի ճգնաժամային փուլեր։ Եվ այս պայմաններում մեր ընտանիքներն իսկապես խնամքի, սևեռուն ուշադրության կարիք ունեն։
Եթե նախկինում կար քավորի, քավորկնոջ ինստիտուտը, ովքեր երիտասարդներին սովորեցնում ու իրազեկում էին որոշ հարցերում, ապա այսօր այդ ինստիտուտը ձևափոխվել է, և կարևորվում են ոչ թե վերջիններիս հարգանքն ու փորձը, այլ պաշտոնն ու գրպանի պարունակությունը։ Պարզ է, որ այս տեսքով այդ ինստիտուտն էլ չի աշխատում, և ընտանիքները մնացել են մեն-մենակ։ Այս տեսակետից կարևորվում է ընտանիքի աջակցման կենտրոնների, հոգեբանական ծառայությունների դերը, որտեղ խոսվում է հնարավոր պրոբլեմների, դրանց հաղթահարման մեթոդների մասին։ Ընդ որում, այս ձևով ընտանեկան կոնֆլիկտների լուծման արդյունավետությունը բավականին բարձր է, քանի որ ամուսինները ցանկանում են շտկել ծառացած խնդիրները։ Եթե այլ տիպի կոնֆլիկտներն ավելի դժվար է հարթել, ապա ընտանեկան պրոբլեմների դեպքում ամուսինները պատրաստ են պահպանելու իրենց կապը հանուն երեխայի, հանուն ինչ-ինչ արժեքների։ Սա բավականին մեծ հնարավորություն է տալիս մասնագետներին` օգնելու ընտանիքներին։
-Ի՞նչն է պակասում ընտանեկան զույգերին համերաշխ ապրելու համար՝ հանդուրժողականությո՞ւնը, զիջելու ընդունակությո՞ւնը, պրոբլեմներին վերևից նայելու անկարողությո՞ւնը։
-Ընդամենն իրազեկված չլինելը։ Դժվար է մեղադրել ֆիզիկա չիմացող մարդուն ֆիզիկա չիմանալու համար։ Խորհրդային տարիներից ի վեր չի եղել ընտանիքի իրազեկման, կրթության հատուկ ծրագիր։ Սեռական դաստիարակության մասին մինչև այժմ էլ չեն խոսում, մինչդեռ ընտանիքում կարևորագույն հարցերից մեկը հենց դա է։ Շատ մեծ նշանակություն ունեն ամուսնական զույգերի առաջին հանդիպումն ու առաջին գիշերը։ Մեր հայկական ընտանեկան ավանդույթները բավականին ամուր և լավ հիմքերի վրա են դրված եղել, բայց բաներ կան, որ պետք է փոխվեն՝ հանուն հարաբերությունների ամրապնդման։
-Ամուսնալուծվելն այսօր դարձել է սովորական բան։ Մեկի հետ չստացվեց ընտանիք կազմել, կփորձեն մյուսի հետ։
-Պատճառն այն է, որ զույգերը պատրաստ չեն հաղթահարելու նշված ճգնաժամային փուլերը, երիտասարդներին ուղղություն տվող չկա։ Ես չեմ ասում, թե ամեն գնով պետք է ապրեն միասին։ Ո՛չ, բայց ամեն գնով պետք է փորձեն ընտանիքը պահպանել, որից հետո եթե չի ստացվում, դիմեն ծայրահեղ քայլի։ Առանց խնդիրների ընտանիք գոյություն չունի։ Ընդ որում, այդ խնդիրները նաև զարգացման հնարավորություն են տալիս։ Երբ որևէ խնդիր լուծվում է, զույգերը կարծես վերագտնում են իրենց և երկար ժամանակ ապրում շատ ներդաշնակ։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5609

Մեկնաբանություններ