«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱՀԵՐԹԻ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

«ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱՀԵՐԹԻ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
06.12.2011 | 00:00

Հայոց համազգային շարժումը, արդեն երեք տարի է, անդամակցում և ակտիվ աշխատում է Եվրոպայի լիբերալ-ազատական կուսակցության հետ. 2012-ի մայիսի 11-12-ին նախատեսվում է համատեղ խորհրդի նիստ Հայաստանում: Այս մասին մեզ հետ զրույցի սկզբում տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, հավելելով, որ ԱՊՀ տարածաշրջանում ամենածանրակշիռ ուժն այդ կառույցում համարվում է ՀՀՇ-ն, քանի որ մյուս երկրներում լիբերալները որոշակի խնդիրներ ունեն: Ադրբեջանն ու Վրաստանն անդամավճարները չեն մուծել, Ռուսաստանի լիբերալները ներքին խնդիրներ ունեն, Մոլդովան, Բելառուսը, ՈՒկրաինան, ներքաղաքական իրավիճակի պատճառով, շատ ակտիվ չեն: Ի դեպ, վերջերս Պալերմոյում կայացած լիբերալների տարեկան համագումարում հիշյալ երկրների պատվիրակները միասին թվաքանակով զիջել են ՀՀՇ-ին: «Եվրոպայի լիբերալները նպատակ ունեն հնարավորինս ընդարձակվելու դեպի Արևելք, նոր զարգացող երկրներ»,- ընդգծեց ՀՀՇ վարչության ղեկավարը:
-Հայաստանում լիբերալ-ազատականների խորհրդի նիստից ի՞նչ եք ակնկալում:
-Խորհրդի նիստերը տարին մեկ անգամ են գումարվում, ընդունվում են քաղաքական լուրջ բանաձևեր, Եվրոպային անհանգստացնող ծանր խնդիրների շուրջ որոշումներ են կայացվելու, հավանաբար, այս անգամ այդպիսիք կլինեն տասը: Ասել է՝ Երևանը կլինի լուրջ քննարկումների ու որոշումներ կայացնելու կենտրոն: Այս նիստը կնպաստի նաև մեր երիտասարդների շրջանում լիբերալ արժեքների տարածմանը, ինչպես նաև համատեղ ուժերով կիրականացնենք լիբերալ գրականության, փաստաթղթերի տպագրություն: Թերևս, ամենակարևորը` նիստի ժամանակահատվածը համընկնում է Հայաստանում հերթական ընտրությունների հետ, եթե կոնգրեսին չհաջողվի մինչ այդ արտահերթ նախագահական ընտրությունների հասնել, ապա լիբերալները հնարավորություն կունենան դիտորդական առաքելություն իրականացնելու հերթական ընտրությունների ժամանակ: Այն մարդիկ, ովքեր կլինեն այստեղ, շատ լուրջ քաղաքական դեմքեր են, առնվազն երեսուն պատգամավոր Եվրապառլամենտից, նախարարներ, վարչապետեր, ազգային խորհրդարանների դեպուտատներ, միջազգային կառույցների ղեկավարներ, այսինքն, եվրոպական լիբերալների սերուցքը: Փաստորեն, եվրոպական քաղաքական լուրջ ֆորում է լինելու:
-Վերջին օրերին ամերիկյան տարբեր պաշտոնյաներ շեշտում են, որ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների անցկացումը շատ կարևոր է: Այս մասին վաղուց խոսում են նաև թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը: Խոսելուց բացի, ՀԱԿ-ն այս ուղղությամբ ի՞նչ է անում:
-Մեր տեսակետը և գործելակերպը շատ բաց են: Նույնիսկ այսօր հայտարարում ենք, որ փետրվար-մարտին իշխանությունների վրա ճնշումներն ուժեղացնելու ենք: Մեր ակցիաներով, միջոցառումներով հնարավորինս պիտի մոբիլիզացնենք հանրությանը, փորձելով փետրվար- մարտին ժողովրդական ճնշմամբ հասնել արտահերթ ընտրությունների, որը մեզ համար օպտիմալ տարբերակն է: Բոլորիս էլ ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններում իշխանությունն ավելի թույլ է, քան հերթականի ժամանակ, քանի որ արտահերթի դեպքում չեն հասցնում վարչական, ֆինանսական, տնտեսական օրինական և ոչ օրինական միջոցներ կիրառել: Հերթական ընտրությունները մեզ համար վերջին հանգրվանն են, եթե մինչ այդ չկարողանանք հասնել մեր նպատակին: Հերթական ընտրություններից չենք կարող խուսափել, քանի որ քաղաքական ուժը պարտավոր է մասնակցել ընտրություններին: Երկրորդեմ. եթե, իհարկե, փետրվար-մարտին արտահերթ ընտրությունների չենք հասնում: Իսկ հերթականին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև չես կարող մայիսին կամ ապրիլին կայացնել որոշումներ ուժեղ թիմով: ՈՒստի նաև դիտորդական առաքելություններն ենք ներգրավում այս գործում: Եթե իշխանություններն ազնիվ են իրենց մղումների մեջ, իսկ միջազգային կառույցներն էլ իսկապես արդար, ազատ ընտրությունները կարևորում են, մենք ներկայացրել ենք մի քանի կետ, որոնք ոչ մեկին չեն վնասում, բացի օգուտից. ընդունե՛ք դրանք: Դրանով վստահություն ձեռք կբերեն ժողովրդի շրջանում ու կհամոզեն, որ արդար ընտրություններ են ցանկանում անցկացնել:
-Մշտապես վստահեցնում եք, որ արտահերթ ընտրությունների եք հասնելու: Նախ` ժամանակային առումով դա հնարավո՞ր է, հետո էլ քաղաքական ուժերի շրջանում, կարծես, արտահերթի տրամադրություններ չեն նկատվում: Ակնհայտ չէ՞, որ ամեն ինչ տանում է հերթական խորհրդարանական ընտրությունների:
-Ամենևին: Մեր շարքերում ժողովրդի տրամադրությունը, արտահերթ ընտրությունների անցկացման առնչությամբ, գերիշխում է: Մենք ունենք այդ հնարավորությունը: Առավել ևս, որ իշխանության ներսում առկա գզվռտոցները նպաստում ու արագացնում են դրա հնարավորությունը: Հուսով եմ` գարնանը լուրջ համախմբում կլինի, քանի որ իշխանություններն ավելի թուլացած կլինեն: Սակայն մեր թիմը, այս պահից սկսած, պատրաստում ենք նաև ցանկացած ընտրությունների: Այսինքն, դրանք միմյանց չեն հակասում. ձգտում ենք արտահերթի, բայց պատրաստվում ենք նաև հերթական ընտրություններին: Թիմի պատրաստված լինելը կօգնի նաև արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
-Տեսակետ կա, որ ՀԱԿ-ն իր քայլերը մշակում ու հաշվարկները կառուցում է իշխանության սայթաքումների վրա:
-Ոչ, պարզապես մենք ամեն ինչ կանենք, որ նրանք շատ սայթաքեն: Վստահ եմ, որ այն, ինչ իշխանության ներսում է կատարվում, մենք էլ ենք նպաստել դրան: Այս իրավիճակը կանխատեսելի էր, որը դեռ կշարունակվի ու կխորանա: Իշխանության «ջարդվելը» թուլության և ընդդիմության ուժեղացման նշան է, չնայած իրենք էին փորձում մեր շարքերում ճեղքեր առաջացնել, ինչը չհաջողվեց:
-Այս օրերին շատ է խոսվում, թե ՀԱԿ-ում տարաձայնությունների ալիք է բարձրացել: Ի վերջո, ինչպիսի՞ մթնոլորտ է կոնգրեսի ներսում:
-Հրաշալի: Մեզանում բազմակարծությունը միշտ գերիշխել է, ինչը մեր երկարակեցության գաղտնիքն է: Մենք ժողովրդավարական կառույց ենք, ու ցանկացած մարդ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք և հնարավորություն, իսկ վերջում համատեղ որոշումը դառնում է բոլորիս համար գործելակերպ:
-Խոսակցություններ կան, որ ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներն արդեն անհամաձայնություններ են հայտնում նախընտրական ցուցակում իրենց զբաղեցրած հորիզոնականի առնչությամբ: Քննարկվո՞ւմ է նախընտրական ցուցակը:
-Մեզ մոտ ցուցակների խնդիր չկա ու երբեք չի եղել: Մասնակցում եմ բոլոր խորհրդակցություններին, շտաբի անդամ եմ, ու նման խոսակցություն ընդհանրապես գոյություն չունի: Անգամ կուսակցությունների մակարդակում այդպիսի քննարկում չի եղել:
-Իսկ այն տեսակետը, թե ՀԱԿ-ը ողջ ուժերը կենտրոնացրել է խորհրդարանում շատ մանդատներ ունենալու վրա՞։
-Այդպիսի բան գոյություն չունի: Եթե մենք այժմ պատրաստվում ենք արտահերթ նախագահական ընտրությունների, այդ հարցն անիմաստ է դառնում: Մեր նպատակը դա չէ, այլ այս իշխանությունն արագ փոխելը, որպեսզի երկիրը երկիր դառնա: Երկիրը ձեռքից գնում է:
-Հանրահավաքային դադար է հայտարարվել: Նոր փուլն սկսելու եք նախընտրական քարոզչությա՞մբ:
-Ոչ: Դեկտեմբերի 10-ին մեծ երթ կկազմակերպենք, համեցեք: Մարզային ու շրջանային լուրջ հանդիպումներ ենք անցկացնելու: Մեր աշխատանքները ծանրաբեռնված շարունակելու ենք, հիմա էլ մարզային կառույցների հետ հանդիպումների գրաֆիկ ենք կազմում: Չեմ բացառում, որ հարկ եղած պահին հանրահավաք էլ կարող ենք հրավիրել:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ