ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԲԼԻՑՆԵՐ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԲԼԻՑՆԵՐ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
27.02.2009 | 00:00

«Անուններ հնչեցնելը պարկեշտ չէ»
ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-ԱԺ ամբիոնից «Ժառանգությանը» դիմելով՝ Դուք հայտարարեցիք, որ «ոչ լեգիտիմ իշխանություն ու նախագահ եք ասում, բայց վազում եք նախագահի մոտ և ձեր հարցերը լուծում»։ Կարո՞ղ եք փաստերով հիմնավորել։
-Ոչ միայն նախագահի, այլև իշխանության տարբեր օղակների մոտ։ Ես չեմ ընդունում, որ, մի կողմից, կարող են ուղղակի գնալ իշխանության տարբեր մարմինների մոտ իրենց խնդիրներով, մյուս կողմից էլ` վեր կենալ ու ասել, որ իշխանությունները ոչ լեգիտիմ են։ Եթե ոչ լեգիտիմ են, ապա ընդհանրապես չպետք է համագործակցեն, իսկ եթե համագործակցում են, ճիշտ չէ նման պահվածքը։
-Ասել է՝ Դուք համարում եք, որ խորհրդարանական ընդդիմությունն ուղղակիորեն համագործակցո՞ւմ է իշխանությունների հետ։
-Այո։
-Իսկ կարո՞ղ եք կոնկրետ անուններ նշել։
-Չեմ ցանկանում անուններ հնչեցնել, անիմաստ է, քանի որ բոլորի համար էլ տեսանելի է։ Պարզապես այդ ամենը պարկեշտ չէ։
-Ձեր խոսքերին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հակադարձեց, թե «բոլոր վազողներն արդեն իրականացրել են իրենց մարմաջը»։
-Ես իշխանության ներկայացուցիչ եմ, և, բնական է, որ իշխանության հետ համագործակցում եմ։ Այսինքն, իշխանությունը մենք ենք՝ բոլորս միասին։ Բա էլ ո՞ւմ հետ պետք է համագործակցեմ, կարո՞ղ է իրենց հետ։ Բնական է, իշխանության մաս ենք կազմում ու միմյանց հետ հազար ու մի խնդիրներ ենք լուծում։
Գիտե՞ք, խորհրդարանական ընդդիմությունը լավ բան է, սակայն ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, քննադատի աշխատանքները, վատը տեսնի ու արձագանքի։ Բայց երբ փորձում են անձերի հետ կապված սուտ խոսակցություններ տարածել, դա ինձ համար ամենաանընդունելին է։
-Ամբիոնից միմյանց հասցեին հնչեցրած վիրավորանքներից հետո Լարիսա Ալավերդյանը մոտեցավ Ձեզ, ու խոսքուզրույցի բռնվեցիք։ Հարթվե՞ց ընդդիմություն-իշխանություն «միջպատգամավորական» վեճը։
-Նա ինձ մոտեցավ այլ հարցով։ Քննարկում էինք Գյումրու կազմակերպություններից մեկի հետ կապված խնդիրը։ Առանձին մոտենում խոսում են, հետո, չգիտես ինչ է պատահում, ամբիոնից փորձում են ուրիշ բաներ ասել։
«Թրաֆիքինգը կապ չունի ձեռագործ գորգագործության հետ»
ՄԻՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)

-ԱԺ ներկայացված «Շահութահարկի մասին» օրենքով ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվողներն ազատվում են շահութահարկից։ Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ այն նպաստելու է թրաֆիքինգի դեմ պայքարին։ Դուք երկար տարիներ զբաղվել եք ձեռագործ գորգերի արտադրությամբ ու, երևի թե, ավելի լավ կպատկերացնեք թրաֆիքինգի դեմ պայքարի ու ձեռագործության կապը։
-Ճիշտն ասած, վերջին տարիներին նման աշխատանքով չեմ զբաղվում, սակայն երկար տարիներ այդ ոլորտում եմ աշխատել։ «Թրաֆիքինգ» հասկացությունը չեմ կապում ձեռագործ գորգագործության հետ, քանի որ դրա արտադրությունը հիմնականում լինում է սահմանամերձ գոտիներում ու գյուղական վայրերում։ Իսկ այնտեղ բացառված է նման բան։ Չեմ կարծում, որ այս միջոցով կարող ենք թրաֆիքինգի դեմ պայքարել։
-Կարծում եք, որ օրենքից այդ մասը պետք է հանե՞լ։
-Այո։ Իսկ եթե համարում են, որ գորգագործությամբ զբաղվում են միայն կանայք, այդպես չէ, քանի որ այդ աշխատանքով տղամարդիկ էլ են զբաղվում։
«Այսօր առավել կարևորը ջավախահայության, ոչ թե Թումանյանի տուն-թանգարանի խնդիրն է»
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Դուք ներկա էիք Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հանդիպմանը։ Արդյոք Հայաստանի խորհրդարանի նախագահը Ջավախքի հետ կապված մտահոգությունները փոխանցե՞ց իր վրաց պաշտոնակցին։
-Հանդիպումը կարճ էր, արարողակարգով այդպես էր նախատեսված՝ 20-25 րոպե։ Զրույցը հայ-վրացական հարաբերություններին էր առնչվում, շոշափվեցին նաև վիրահայությանը հուզող խնդիրները։ Իսկ մտահոգությունների առումով նշվեց, որ առկա են որոշ խնդիրներ հայ-վրացական հարաբերություններում, մասնավորապես, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը։ Վրաստանի ԱԺ նախագահն ընդունեց, որ կան որոշակի խնդիրներ, սակայն դրանք լուծելի են, ու դա պետք է միջխորհրդարանական, միջկառավարական երկխոսության շրջանակներում լինի, ինչպես այսօր է։ Նա հույս հայտնեց, որ կլուծվի նաև Հայ առաքելական եկեղեցու հարցը։
-Թումանյանի տուն-թանգարանի հարցին խորհրդարանների ղեկավարներն անդրադարձա՞ն։
-Այդ մասին կոնկրետ չի խոսվել։ Կարծում եմ՝ հայ-վրացական հարաբերություններում առավել կարևոր են ջավախահայության առջև ծառացած խնդիրները։ Թումանյանի տուն-թանգարանի մասին, բնականաբար, արժե խոսել, սակայն համեմատության մեջ այն հուզող խնդիրներից առաջինը չէ։
-Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այս վերջին այցերն ինչպե՞ս եք գնահատում։
-Վրաստանի խորհրդարանի նախագահն ավելի պատրաստակամ թվաց, քան արտգործնախարարը, քանի որ վերջինս այնպիսի հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, տարրական քննադատության չեն դիմանում, հատկապես այն, որ Ջավախքի խնդիր չկա, քութաիսցիներն ավելի լավ չեն ապրում, քան ջավախահայությունը և այլն։ Խորհրդարանի նախագահը, կարծես թե, խուսափեց այս կարգի հայտարարություններից։ Իհարկե, նա կոնկրետ վիրահայության խնդիրներին չանդրադարձավ, բայց հայտարարեց, որ ընդունում է դրանց առկայությունը, որոնց լուծման ուղղությամբ քայլեր պետք է անել։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ