«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»
09.04.2010 | 00:00

«Այսօր պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում։ Այն մարդիկ, ովքեր նման կարծիք են հայտնում, թող մի քիչ մտածեն, թե ինչ հիմքով են այդ հայտարարություններն անում։ Պետք չէ ահաբեկել մեր ժողովրդին, նրանց, ովքեր ցանկություն ունեն ներդրումներ անելու Հայաստանում։ Պետք չէ նաև ահաբեկել այն ծնողին, ում որդին պիտի զորակոչվի հայոց բանակ։ Անհրաժեշտ է հստակ ներկայացնել քաղաքական ներկա իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը, միջազգային հանրության տեսակետը, Ադրբեջանում և Հայաստանում տիրող տրամադրությունները։ Ահա այս ամենը հուշում է մեզ, որ պատերազմի վերսկսման ոչ մի վտանգ չկա։ Այժմ շինականը պետք է լծվի իր գործին, ներդնողը` իր, իսկ կարծիք հայտնողներն էլ խոսեն այն թեմաների մասին, որոնցից հասկանում են»,- «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե այսօր պատերազմի վերսկսման վտանգ կա, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ։
-Պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Ադրբեջանը զինում է իր բանակը, գնում զինամթերք և այլն։ Ի վերջո, ինչի՞ է սա հանգեցնելու։
-Շատ նորմալ երևույթ է, որ զինում են բանակը, դա կլինեն մեր, թե Ադրբեջանի զինված ուժերը։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը, կառավարությունը, պաշտպանության նախարարը պետք է անընդհատ լծված լինեն զինված ուժերի արդիականացման գործին, գնահատեն բանակի մարտունակությունը, համեմատություններ անցկացնեն հավանական հակառակորդի զինուժի հետ և, ի վերջո, եզրահանգումներ անեն` պատրա՞ստ են դիմակայելու ռազմական գործողություններին, թե՞ ոչ։ Ավելորդ չի լինի այդ մասին հրապարակայնորեն ասել` այո՛, պատրաստ է հայկական բանակը ցանկացած պահի ռազմական գործողության։ Հենց այս գնահատականներից ելնելով էլ փաստում ենք, որ մոտակա ժամանակահատվածում ռազմական գործողությունների վերսկսումն անհավանական է։
-Շփման գծում հաճախակի են դարձել զինադադարի խախտման դեպքերը։ Սա ինչ-որ առումով «գնահատական» չէ՞։
-Շփման գծում միշտ էլ եղել են հրադադարի խախտումներ։ Նույնիսկ 1995-96-ին ավելի շատ էին նման դեպքերը, քան հիմա։ Կարծում եմ` պաշտպանության նախարարությունը ներդրել է այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր խախտման մասին անմիջապես տեղեկացվում է։ Միշտ էլ եղել են զոհեր, վիրավորներ, հակառակորդը միշտ էլ փորձել է դիվերսիոն խմբեր ուղարկել մեր թիկունք, որպեսզի նաև տեղեկություններ տանեն։ Այնինչ, մեր պարտավորությունները կատարելով, մենք շարունակել ենք զինադադարի կանոնները պահպանել` միաժամանակ արդիականացնելով մեր առաջին գիծը։ Այլապես, եթե ձեռքներս ծալած նստենք, վաղը, ինչ խոսք, ռազմական գործողությունները կվերսկսվեն։
-Ղարաբաղյան բանակցությունների վերջին զարգացումները դեպի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն են տանում։
-Այսօր բանակցությունների ելքի մասին կանխատեսումներ անելը ճիշտ չէր լինի։ Բանակցությունների ընթացքը հուշում է, որ բանակցող կողմերը գիտակցում են` իրենց հասարակությունները պատրաստ չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Բացի իրար համոզելուց, տեսակետները պնդելուց, կողմերը խնդիր ունեն իրենց հասարակությանը պատրաստելու խաղաղ կարգավորմանը։ Ոչ մի հայ և ոչ մի ադրբեջանցի պատրաստ չէ որևէ զիջման։ Վերջերս հանրապետության նախագահն էլ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հարցը մի քանի ժամվա ընթացքում կլուծվի։ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը երկար գործընթաց է, ու մեր խնդիրն այն է, որ դրանից հետո չկանգնենք քայքայված տնտեսություն, ոչ մարտունակ բանակ ունենալու փաստի առաջ։
-Արտախորհրդարանական ընդդիմությունը հաճախ է շեշտում, թե գործող իշխանություններն արդեն իսկ պատրաստ են զիջելու հինգ շրջաններն ու Լաչինի միջանցքը։ Դուք այս պնդումներին համամի՞տ եք։
-Ես ընդդիմություն եմ և նման պայմանավորվածություններից տեղյակ չեմ։ Այնպես չէ, որ եթե նման պայմանավորվածություններ լինեն, ապա գաղտնիության քողով կծածկվեն։ Այդ ժամանակներն անցել են։ Այսօր միջազգային հանրությունն այնքան է շահագրգռված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ, որ օր առաջ նման զիջումների մասին կբարձրաձայներ։ Ղարաբաղյան գործընթացում դեռ շատ հեռու է այն պահը, երբ պիտի քննարկվի այս կամ այն տարածքը զիջելու հարցը։ Հիմա առավել շատ քննարկվում է երկու հարց` տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի։
-Սակայն ոչ բոլորն են համակարծիք, որ այդ երկու սկզբունքները միևնույն հարթությունում պետք է դիտարկել։
-Այս ամենը ժամանակի խնդիր է։ Ժողովուրդը նախ պետք է կարողանա ամրապնդել մեր հաղթանակները։ Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղն արդեն կայացած պետություն է, ու հնարավոր չէ դա կասկածի տակ առնել, քանի որ ԼՂՀ-ում արդեն հանրաքվեներ, ընտրություններ են անցկացվել։ Այժմ պետք է օգնել Արցախին, որ վերջնականապես կայանա ու դառնա միջազգային հանրության կողմից ճանաչված սուբյեկտ։
-Որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, գո՞հ եք Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ։
-Չի լինում այնպես, որ ընդդիմությունը գոհ լինի, այլապես նա կլինի իշխանություն։ Ներքին և արտաքին քաղաքականությունները շաղկապված են, դրանք միտված են նաև անվտանգության վեկտորների ապահովմանը։ Ահա այդ վեկտորներից դժգոհություններ ունեմ։ Հենց պատերազմի վերսկսման մասին քաղաքական մեծամասնությունը պարտավոր է իր վճռական խոսքն ասել։ Ժողովուրդը դրան է սպասում։ Առկա խուճապը չեզոքացնելու համար հստակ պատասխաններ են պետք, այնինչ քաղաքական մեծամասնությունը ոչ մի խոսք չի ասում, տեսակետ չի հայտնում։ Բոլորը սպասում են, թե հանրապետության նախագահն ինչ կասի։ «Միջազգային պայմանագրերի վավերացման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ էլ ԱԺ-ի մեծամասնությունը չէր ցանկանում պատասխանատվությունը կիսել։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ