ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայոց բոլոր իրավունքներն ամրագրված են

Հայոց բոլոր իրավունքներն ամրագրված են
19.12.2008 | 00:00

«ԲԱՎԱՐԱՐ ՉԷ ԱՍԵԼ, ԹԵ ՉԵՆՔ ԶԻՋՈՒՄ ՈՉ ՄԻ ԿՏՈՐ ՀՈՂ»
ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների «ՈՒխտ Արարատի» միության աշխատանքները համակարգող և համանուն պարբերականի խմբագիր ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ հետ մեր զրույցը համահայկական եւ համամարդկային խնդիրների ծիրում է ու կրում է արդի և համաժամանակյա մտահոգությունների դրոշմը:
-Պարոն Փաշաբեզյան, կարծիք կա, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կարելի է օգտագործել ի նպաստ Հայաստանի` ստիպելով թուրքերին հայկական հարցի քննարկումներում առաջնորդվել հենց ԵՄ-ի սկզբունքներով: Համամի՞տ եք:
-Եվրամիությունը Թուրքիայից ստանալու է իր ակնկալածն ու ծրագրածը: Դրանցում Հայաստանին վերաբերող մասը կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչումը, միգուցե նյութական վնասի ինչ-որ փոխհատուցում: Դա լուծում է Հայաստանի անվտանգության խնդիրը, այսինքն` արտաքին ագրեսիայից պաշտպանված լինելու խնդիրը, սակայն չի լուծում Հայկական հարցը: Եթե եվրոպական ժողովրդավարությունն ավելին լիներ, քան այսօր է, հնարավոր էր ակնկալել տարածաշրջանային երկու կարևոր խնդիրների` քրդական հարցի և հայկական հարցի լուծումը։ Բայց եվրոպական ժողովրդավարությունը լուրջ թերություններ ունի: Այդ թերություններն ավելի տեսանելի են այսօր, մանավանդ, երբ փլուզվել է խորհրդային համակարգը: Խորհրդային համակարգի համեմատությամբ այն կարող էր առավելություններ ունենալ, սակայն հիմա, նորացվող այս աշխարհում, այն չի համապատասխանում ազգերի ակնկալած ժողովրդավարության չափանիշներին և արգելակում է խաղաղության ու խաղաղ համակեցության ձգտումները: Դրա վառ օրինակը եվրոպական սահմանադրությունն է, որը չեն ընդունում եվրոպական մի շարք երկրներ, ժողովուրդներ: Հարցականի տակ է ԵՄ-ի կազմավորման վերջնական հարցադրումը: Սրանք ծնում են հարցեր նաև Հայաստանում: Բնական է, որ անհանգստանալու պատճառներ կան, և, ըստ այդմ, շատ ակնկալիքներ չունենք ԵՄ-Թուրքիա բանակցություններից ու ինտեգրացման ծրագրերից:
-Ռուսաստանը վերադառնում է որպես տարածաշրջանային գերտերություն: Սա շահեկա՞ն է հայերի համար, ի վերջո:
-Խնդիրն այն է, թե ի՞նչ ծրագրերով, ի՞նչ նպատակներով է Ռուսաստանը վերադառնում տարածաշրջան և ընդհանրապես` համաշխարհային քաղաքականություն: 20-րդ դարի սկզբներին դա տրոցկիների Ռուսաստանն էր և աղետալի եղավ Հայաստանի համար, քանի որ խնդիր դրվեց Հայաստանը զոհաբերել «համաշխարհային հեղափոխությանը»: Այսօր կարող է խնդիր դրվել Հայաստանը զոհաբերել գլոբալիզացիայի և ինտեգրացիայի ծրագրերին, ինչը նույնպես անընդունելի է: Հույս է ներշնչում այն փաստը, որ Ռուսաստանը վերադարձավ ոչ այնքան ուժի ցուցադրությամբ, ինչպես թվում է շատ շատերին, այլ իրավունքի ճանապարհով: Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Տասնամյակների դադարից հետո մեկը պիտի հիշե՞ր, վերջապես, իրավունքի մասին` ժողովուրդների ինքնորոշման, ցեղասպանության և բռնագաղթի չենթարկվելու, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով մարդուն վերապահված հիմնական իրավունքների ու ազատությունների մասին… Ահա սա է 2008 թ. օգոստոսի 8-ից հետո ստեղծված նոր իրադրությունը: Շատ բան, և առաջին հերթին հենց Ռուսաստանի համար, կախված է նրանից, թե որ ուղղությամբ կշարունակի ընթանալ Ռուսաստանը: Դրանով էլ պայմանավորված կլինի նրա ներկայության շահեկանությունը մեր և տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար:
-Տրամաբանակա՞ն են այն փորձերը, որոնցով Բարաք Օբամային համեմատում են Ջոն Քենեդու հետ:
-Համեմատությունը տեղին է, եթե հիշենք, որ Ջոն Քենեդին նորացվող ԱՄՆ-ի և նորացվող աշխարհի ջատագովն էր: Բարաք Օբաման նույնպես հանդես է գալիս նորացման օգտին: Նա նշել է չորս գերակայություններ հայկական խնդիրներում, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրն է: Ավելի հեռուն էլ է գնացել, կարևորել է աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների դատապարտման խնդիրը` ապագայում նոր ցեղասպանությունները կանխարգելելու հեռանկարով: Ահա այս վերջինը կարող է փոխել ոչ միայն ԱՄՆ-ի զարգացման ուղին, այլև լուրջ խթան լինել խաղաղության և խաղաղ համակեցության հաստատման համար ողջ աշխարհում: Բայց պետք է խոստովանել, որ նա չափազանց ծանր «ժառանգություն» է ստացել նախորդ վարչակարգի 8-ամյա իշխանավարման արդյունքում: Կհաջողվի՞ նրան հաղթահարել այդ և այլ դժվարություններ: Ինչպիսին կլինի Օբամայի նոր Ամերիկան աշխարհում, ցույց կտա մոտակա մեկ տարին, որի սկիզբը 2009 թվականի հունվարի 20-ն է լինելու:
-Եթե Հայաստանը, մասնավորապես հայ ժողովուրդը, չհամաձայնի «խաղալ» գերտերությունների պարտադրած սցենարով, ի՞նչ պատժամիջոցներ կարելի է սպասել նրանցից:
-Դա թույլ չտալու, ավելին, իսպառ բացառելու համար մենք պետք է ընտրենք մեր իրավունքների պաշտպանության իրավական ճանապարհը: Այսինքն, բավարար չէ ասել, թե չենք զիջում ոչ մի կտոր հող: Պետք է հիմնավորել, թե ինչու չենք կարող զիջել մեր հայրենիքի տարածքները: Պետք է հիմնավորել, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանագծումն իրականացվելու էր և իրականացվելու է Ազգերի լիգայի 1920 թ. փետրվարի 24-ի հատուկ որոշման համաձայն՝ ազգագրական տեղաբաշխման սկզբունքի հիման վրա: Այդ դրույթը գործածել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Սևրի դաշնագրի` Հայաստանին վերաբերող դրույթներում, որոնք, ի դեպ, մինչև այսօր պարտադիր են կատարման համար: Ահա թե ինչու, երբ որոտում են թնդանոթները, մենք պետք է դիմենք ինքնապաշտպանության, բայց երբ դրանք լռում են, պարտավոր ենք գործել իրավունքի դաշտում և նրա նորմերի ու սկզբունքների համաձայն: Պարույր Սևակը 1963-64 թթ. գրած «Անորոշություն» բանաստեղծության մեջ մի շարք հարցադրումներ ունի, որոնք արդիական են նաև այսօր: Կցանկանայի, որ մարդիկ վերընթերցեն այդ բանաստեղծությունը և հիշեն, որ հարցադրումների պատասխանները նույնպես այնտեղ են՝ իրավունքի ոլորտում, մարդու իրավունքների հռչակագրում և այլ հռչակագրերում ու կոնվենցիաներում: Մաղթենք, որ տիրապետենք այդ զենքերին ու միջոցներին ևս: Ի վերջո, պետք է միշտ հիշել, որ հանցագործությունը չի ծնում իրավունք, և պետք չէ նոր հեծանիվ հորինել, քանզի հայոց բոլոր իրավունքներն ամրագրված են 1920 թ. Ազգերի լիգայի և Սևրի դաշնագրի դրույթներում, որոնք այսօր էլ ուժի մեջ են:
Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ