«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՂԹԱԾ ԲԱՆԱԿՆ Է»

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՂԹԱԾ ԲԱՆԱԿՆ Է»
05.11.2010 | 00:00

Վերջին շրջանում ժողովրդագրական խնդիրները քննարկման թեմա են դարձել ոչ միայն քաղաքական, այլև հասարակական բոլոր մակարդակներում։ ԱԺ-ի նախորդ քառօրյայում անկախ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ այս թեմայի վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը, որտեղ ներկայացրեց բավականին տխուր վիճակագրություն։ Անկախ պատգամավորի հետ մեր զրույցը նաև այդ թեմային է առնչվում։
-Պարոն Դալլաքյան, վերջին շրջանի Ձեր հրապարակային ելույթներում հետևողականորեն ահազանգում եք Հայաստանի ժողովրդագրական խնդիրների և արտագաղթի մասին։ Իսկապե՞ս վիճակն այդքան լուրջ է։
-Այդ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ կան գիտական-մասնագիտական ծանրակշիռ ուսումնասիրություններ, որոնց մի մասը հրապարակվել է «Վեմ» հանդեսի 2010-ի երկրորդ համարում։ Հայաստանից արտագաղթողների առաջին ծավալուն հոսքը տեղի ունեցավ 1989-ին, երբ նախկին ԽՍՀՄ պետություններ տարհանվեց 1988-ի երկրաշարժի գոտու 200 հազար բնակիչ, որոնցից 50 հազարն այլևս չվերադարձան։ 1989-91-ին տեղի ունեցավ արտագաղթի երկրորդ ալիքը, որը ներառեց 250 հազար մարդ, որոնց 90 տոկոսը մշտական բնակություն հաստատեց արտասահմանում։ Հայաստանի բնակչության արտագաղթն իր գագաթնակետին հասավ պատերազմական 1992-94-ին, երբ արտագաղթեց 1 միլիոն մարդ, որոնցից 610 հազարն այդպես էլ չվերադարձան։ 1988-2001-ին արտասահման արտագաղթած և այնտեղ մնացած Հայաստանի քաղաքացիների թիվը շուրջ 1,1 միլիոն էր, ինչը կարելի է գնահատել որպես ժողովրդագրական աղետ։ 2002-2007-ին արտագաղթել է ավելի քան 150 հազար մարդ։
-Փաստորեն, Հայաստանի իրավիճակը չափազանց անհանգստացնող է։ Ինչպիսի՞ կանխատեսումներ կան ժողովրդագրական իրավիճակի և արտագաղթի երևույթների դինամիկայի վերաբերյալ։
-Մասնագետների հաշվարկներով` առաջիկա 5-10 տարիներին ևս 300-350 հազար քաղաքացի կարող է մշտապես արտագաղթել։ Անկախության ողջ ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթած բնակչության թիվը, փաստորեն, համարժեք է Մեծ եղեռնի ժամանակաշրջանում կոտորված հայերի թվին` 1,5 միլիոն։ Համեմատության համար նշեմ, որ նույն ժամանակահատվածում բնակչության բնական հավելաճը (շուրջ 450 հազար մարդ) բոլորովին էլ չի փոխհատուցել այս ահռելի կորուստները։ Հայաստանի ժողովրդագրական վիճակն ավելի է բարդանում նրանով, որ ներկայումս անպտղության գործակիցը բավականին բարձր է` մոտ 32 տոկոս, որը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և տարածաշրջանի մյուս երկրների նույնանման ցուցանիշը, երկու անգամ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային մակարդակը` 15 տոկոս, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես ժողովրդագրության վրա ազդող հիմնական գործոն։ Գիտնականների հաշվարկներով` այսօրվա համեմատությամբ 2020-ին Հայաստանի բնակչությունը կավելանա ընդամենը 100 հազարով, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճը կկազմի 1,2 միլիոն, Թուրքիայում` 10,9, իսկ Իրանում` 11,3 միլիոն մարդ։ Արտագաղթի նման մասշտաբների պայմաններում ստացվում է «Հայաստանն առանց հայերի» բանաձևի իրականացում, որն անթույլատրելի երևույթ է։
-ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Դուք վերջերս հարց հնչեցրիք վերոնշյալ կարևոր հիմնախնդրի մասին։ Ձեր կարծիքով, կառավարությունը գիտակցո՞ւմ է խնդրի լրջությունը։
-Իմ գրավոր հարցադրմանը կառավարությունը 2010-ի հոկտեմբերի 25-ին պատասխանել է, որը մեջբերում եմ. «Անժխտելի է, որ Հայաստանի Հանրապետությունում 90-ականներին տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական իրադարձությունները հանգեցրին ժողովրդագրական իրավիճակի կտրուկ վատթարացման։ Տեղի է ունեցել բնակչության թվաքանակի և տարիքասեռային կազմի վրա ազդող ժողովրդագրական հիմնական գործոնների` ծնելության, մահացության, արտաքին միգրացիայի ցուցանիշների վատացում։ Հանրապետության բնակչությունը միջազգային չափանիշներով համարվում է ծերացած»։ Այսինքն, կառավարությունը խոստովանում է, որ վիճակը, իրոք, աղետալի է։
-Պարոն Դալլաքյան, կա՞ն գնահատականներ, թե որոնք են արտագաղթի հիմնական պատճառները։
-Նախքան Ձեր հարցին պատասխանելը` հավելեմ, որ, մասնագետների հաշվարկներով, 2004-2010-ին 6-12 տարեկան առնվազն 18 հազար երեխա արտագաղթել է Հայաստանից։ Այսինքն, ցավոք, արտագաղթում է մեր երկրի ապագան։ 2000-2010-ին արտագաղթողների ընդհանուր թվաքանակի ավելի քան 50 տոկոսը 20-49 տարեկան անձինք են, իսկ Հայաստանից մեկնողների տարիքային երկրորդ մեծ խումբը մինչև 14 տարեկաններն են։ Դժբախտաբար, արտագաղթողների մեծ մասը երիտասարդությունն է։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանից արտագաղթելու պատճառներից առաջինը շարունակում է մնալ աշխատատեղերի բացակայությունը, իսկ երկրորդը բավարար կենսամակարդակի համար վաստակելու անհնարինությունն է։ Արտագաղթի պատճառներից գիտնականները նշում են նաև սոցիալական-բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը, Հայաստանում զարգացման հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը, ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունները, ընտանիքի միավորումը և այլն։ Երբ փորձում ենք պարզել, թե որն է անկախ և ինքնիշխան Հայաստանին համակած ժողովրդագրական ճգնաժամի պատճառը, անմիջապես արձանագրում ենք երկու վտանգավոր միտումների «զուգահեռ գոյակցության» փաստը։ Առաջինը կապված է վերջին 20-ամյակում արձանագրված աղաղակող ձևախեղումներին, իսկ երկրորդը` պետական անկախություն ձեռք բերելուց հետո էլ իրեն զգալ տվող մեր ժողովրդի հազարամյա գոյաբանական ճգնաժամի հետ։ Դրա համար այսօրվանից պետք է գիտակցենք, որ անգամ երկրում իրականացվող քաղաքականության փոփոխությունը, այսինքն` առկա մենաշնորհների վերացումը, քաղաքական համակարգի ժողովրդավարացումը, սոցիալական արդարության հաստատումը, սոսկ ծրագիր-մինիմումն է ժողովրդագրական աղետի հաղթահարման խնդրի տեսանկյունից։ Թող ինձ սխալ չհասկանան, այդ քայլերը ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր։ Բայց նույնիսկ դրանք բավարար պայման չեն Բագրատունիների թագավորության անկումից հետո սկսված հազար տարվա պատմություն ունեցող մեր գոյաբանական ճգնաժամը հաղթահարելու, գիտականորեն հիմնավորված դեղատոմսեր մշակելու և գործի դնելու համար։ Հայաստանի ու հայության գոյաբանական ճգնաժամը Հայաստանի շարունակական հայաթափման, հայրենի հողի վրա մեր ժողովրդի բնակեցրած տարածքի և այդ տարածքում բնակվող հայերի բացարձակ թվի կրճատման, օտարության մեջ գտնվող հայության պերմանենտ ուծացման շուրջ հազարամյա գործընթացն է։
-Հայաստանի ժողովրդագրական այսօրվա վիճակը և արտագաղթն ինչպե՞ս կանդրադառնան զինված ուժերի վրա, ու ի՞նչ կարծիք ունեք վերջին շրջանում բանակում տեղի ունեցող բացասական երևույթների մասին։
-Հայաստանում առկա գոյաբանական ճգնաժամը, ցավոք, ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր բնագավառները և մոտ ապագայում կարող է բացասաբար անդրադառնալ նաև զինված ուժերը մարդկային ռեսուրսներով ապահովելու վրա, որն ազգային անվտանգության լրջագույն հիմնահարց է։ Իմ գնահատականներով` 1988-ի համաժողովրդական շարժման հիմնական ձեռքբերումների շարքում` Հայաստանի անկախության հռչակում, Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախություն, ժողովրդի քաղաքական և ազգային զարթոնք, անկասկած, հիշատակման արժանի է նաև հայոց բանակի ստեղծումը։ ՈՒշագրավ է, որ նորանկախ Հայաստանի պաշտպանության վեց նախարարներից երեքը` Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը և Սերժ Սարգսյանը, քաղաքական դեմքեր էին, ովքեր տարբեր ժամանակներ զբաղեցրել են նաև վարչապետի պաշտոնը, իսկ Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը` պրոֆեսիոնալ զինվորականներ։ Ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնորեն չկարգավորված լինելու պարագայում բանակը լուրջ դերակատարություն ունի նաև երկրի քաղաքական կյանքում։ Նորագույն Հայաստանի քսանամյա պատմության ամբողջ ժամանակահատվածում զինված ուժերն այս կամ այն կերպ ու չափով ներքաշվել են ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը անհամատեղելի է ժողովրդավարության հիմնարար գաղափարների հետ։ Ցավալի է, որ այսօր բանակում առկա դատապարտելի երևույթները որոշ իմաստով դարձել են ներիշխանական խարդավանքների կամ ընդդիմադիր որոշակի շրջանակների կողմից իշխանությունների դեմ ճնշում գործադրելու միջոց, ինչը պետական մտածողության բացակայության հետևանք է։ Հասկանալի պատճառներով պաշտպանության նախարարին թիրախավորված հարվածներ հասցնելու վերոհիշյալ քաղաքական տեխնոլոգիայի կիրառման վերջնական նպատակը հանրապետության նախագահի դիրքերի թուլացումն է։ Թող բարձր չհնչի, բայց զինված ուժերի մասին գնահատականներ տալիս պետք է գիտակցել, որ հայոց բանակը մեր անկախ հայրենիքի հաղթած բանակն է։ Դա նշանակում է բանակի նկատմամբ պետական և հասարակական հոգատարություն, այդ յուրահատուկ կառույցում առկա տարատեսակ բացասական երևույթների դեմ համակարգված, հետևողական, հրապարակային և անողոք պայքար։ Բանակին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ծնողը զավակին` սիրով, նվիրվածությամբ և պահանջկոտությամբ։ Զինվորի իրավունքները ոտնահարելու, նրա արժանապատվությունը վիրավորելու ցանկացած փորձ պետք է կանխվի և խստագույնս պատժվի, որովհետև հայրենիքի պաշտպանը չի կարող անպաշտպան կամ նվաստացված լինել։ Զինված ուժերում տեղի ունեցող ցանկացած դժբախտ պատահար, մարդկային կորուստ, զինվորի արժանապատվության նվաստացման որևէ դեպք ես մարդկայնորեն ծանր եմ տանում և գիտակցում եմ, որ զինվորի ծնողը, որպես կանոն, ճիշտ է և պահանջատեր։ Այդ պարագայում հասկանում եմ այն ծնողի հոգեվիճակը, որը հայրենիքի պաշտպան է տվել, քանի որ, քաղաքական գործիչ լինելուց զատ, ես առաջին հերթին սովորական մարդ եմ, ծնող։ Բանակում առկա բացասական երևույթները վերացնելու ուղղությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լուրջ գործունեություն է ծավալել, և համոզված եմ, որ բանակաշինության աշխատանքները ծրագրավորված, համակարգված և ինտելեկտուալների ուժերով իրականացնելու դեպքում կարելի է հասնել ծանրակշիռ հաջողությունների։ Հավելեմ, որ վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտպանության նախարարն ի պաշտոնե ունի նաև զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործառույթ, իսկ զինված ուժերի գործունեության անմիջական պատասխանատուն գլխավոր շտաբի պետն է։ Այնպես որ, բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման հրամայականը ենթադրում է համագործակցություն նաև պաշտպանության նախարարի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև։ Եվ վերջինը. թերևս ցանկացած մարդու աչքերն արցունքոտվում են նաև այն ժամանակ, երբ հայրենիքի օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է Հայաստանի պետական դրոշը, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում մայր հայրենիքում, երբ զինվորական շքերթի ժամանակ կուռ շարքերով քայլում է հայ զինվորը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ