«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ ԳՈՐԾՈՎ ՊԻՏԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»

«ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ ԳՈՐԾՈՎ ՊԻՏԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
04.05.2010 | 00:00

Այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, թե Հայ ազգային կոնգրեսի ակտիվությունը մարել է, ու հասարակության մեջ որոշակի հիասթափություն կա այս կառույցի նկատմամբ։ Այս մասին սկսել են բարձրաձայնել անգամ կոնգրեսի ներկայացուցիչները, իսկ մամուլում էլ վերջերս գրվեց, թե կոնգրեսում նոր լիդերի փնտրտուք է սկսվել։ Ընդդիմության խնդիրների շուրջ զրուցում ենք «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար, ՀԱԿ-ի անդամ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։

-ՀԱԿ-ում առաջնորդի փնտրտուքի մասին լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, և արդյոք դրա համար հիմքեր կա՞ն։
-Աշխարհում ընդունված ոսկե կանոն կա, որ գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում։ Չեմ կարծում, որ դրա համար պահը հասունացել է, ու կան օբյեկտիվ հիմքեր։ Չկան նաև նախապայմաններ` անգամ կառույցի անդամներին փոխելու։ Հասարակությանը հայտնի է, որ 93-94 թվերին տարբեր ուժեր, քաղաքական կառույցներ փորձեր են արել առողջ ընդդիմություն ստեղծելու ոչ թե նեղ կուսակցական ծրագրի, այլ համամարդկային արժեքներ վերականգնելու հարցերի շուրջ` արդարություն, բարոյականություն, օրենքի գերակայություն, ազգի գոյատևում։ Այն ուժերին, որոնք այս հարցերի շուրջ փորձել են առաջ գնալ, ոչ միշտ է հաջողվել ձևավորել ճակատ, քաղաքական մարմին։ Այդպես է եղել 2002-ին, 2004-ի ապրիլին, 2005-ի հանրաքվեի ժամանակ։ Ովքեր մասնակցել են այս ամենին, հիմա կա՛մ իշխանական բուրգում են, կա՛մ քաղաքական դաշտում ընդհանրապես չկան։ 2005-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախաձեռնությամբ սկսեցինք «Հակակրիմինալ» շարժումն ու բավականին նյութեր կուտակեցինք` հայտարարելով, թե սպասվում է կրիմինալ հեղաշրջում։ Սրա շուրջը հավաքվել էր 11 կուսակցություն։ Ոգևորված ասում էինք` ուր որ է կառույցը կդառնա այն ուժերից մեկը, որը համակարգային փոփոխություն կիրականացնի։ Սակայն ստացվեց այնպես, որ այդ ուժերի մի մասը շարժմանը մասնակցում էր իշխանության պատվերով, մյուս մասը` անձնական նեղ շահից դրդված։ Վերջում, երբ լրջագույն հարցեր էին քննարկվում արդեն, ականատես էինք, թե ինչպես մեր թիկունքում, իշխանական միջանցքներում իրենց հարցերն էին լուծում։ Այս շարժումն էլ չհաջողվեց։ 2008-ի նախագահական ընտրություններին ձևավորվեց Հայ ազգային կոնգրեսը, որը, մի շարք թերություններով հանդերձ, կայացած մարմին է։ Եթե չունենք նոր, կոնգրեսին համարժեք հզոր ուժ, այս կարգի խոսակցություններն ու գնահատականները նեղ շահ են հետապնդում կամ իշխանական պատվեր են։
-Կոնգրեսի անդամները ևս դժգոհում են, թե ՀԱԿ-ը թուլացել է, իրադարձությունների առնչությամբ հակազդեցությունը նվազել է, ուստի նոր ազդակ է հարկավոր։ Դո՞ւք էլ եք կարծում, որ կոնգրեսի գործողություններում պասիվություն է նկատվում։
-Չի կարելի չհամաձայնել, որ չկա այն ակտիվ գործընթացը, որը հասարակությունն է ցանկանում։ Հայ մարդն այլևս տեղ չունի սպասելու և օր առաջ ուզում է լուծել առկա խնդիրները։ Այս առումով, կոնգրեսի իրականացրած քայլերը համարժեք չեն հասարակության պահանջին։ Իհարկե, անհրաժեշտ է շարժումն ակտիվացնել, քանի որ օր օրի մարում է ժողովրդի հույսը, որը հացի խնդրից առավել է, որովհետև երբ մարում է հույսը, մարում է ամեն ինչ։ Անհրաժեշտ է ամեն ինչ անել` հույսը չմեռցնելու համար։ Արդեն ասել եմ, որ այս տարվա փետրվար-մարտին պետք է սկսեինք ակտիվ գործողությունները։ Հիմա կոնգրեսի անդամ կուսակցությունները կասեն` այ, դուք պասիվ եք։ Բայց եթե տեսնենք, որ քաղաքական որոշում կա, քայլերը հայտնի են, մենք մեր համեստ ներդրումը կունենանք այդ գործում։ Անշուշտ, կա նահանջ, բայց սա չի նշանակում, որ նոր ուժ պիտի ձևավորել։ Հարկավոր է ՀԱԿ-ը ուժեղացնել։
-Կոնգրեսի լճացման պատճառն այն չէ՞, որ դիմացն առավել հզոր ընդդիմադիր ուժ չկա։ Եթե այլընտրանք լինի, կոնգրեսը կշարունակի՞ մնալ այն տեղում, որն այսօր զբաղեցնում է։
-Նախ, ռեժիմը վաղուց պատվեր է իրականացրել, այն է` աշխարհին պետք էր թույլ, անցյալը կորցրած Հայաստան։ Այսօր ընդդիմության համար կա մեկ գլխավոր խնդիր` վերականգնել սահմանադրական կարգը, ուստի պիտի միավորվել։ Մեզ համար օր առաջ իշխանափոխություն իրականացնելն օդի պես անհրաժեշտ է։ Այսօր կանգնել ենք լինել-չլինելու խնդրի առաջ։ Եթե ամեն մեկը գլուխը բարձին դնելիս սթափ գիտակցի, որ ազգի գենետիկան կրողն է, պետք է անի առավելագույնը` ռեժիմից ազատվելու համար։
-Ինչպիսի՞ քայլերով։
-Արդեն որոշակի բան արված է, օրինակ, Հրանտ Բագրատյանի հրապարակած «100 քայլ» տնտեսական ծրագիրը։ Բայց սա դեռ բավարար չէ։ Կոնգրեսը պիտի ունենա ոչ թե նեղ կուսակցական, աջերի, ձախերի կամ կենտրոնամետների, այլ հասարակությանը ծանր վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր։ Երբ հայ մարդը գալիս է հանրահավաք, պիտի իմանա, որ հասարակությունից գողացվածը վերադարձվելու է։ Որպես հայ մարդ, լուրջ անհանգստություն ունեմ. ի՞նչ ենք թողնելու մեր սերունդներին։ Դեմոգրաֆիկ քարտեզը ևս լուրջ խնդիրներ ունի։ Ազգի սերուցքը դրսում է, այստեղ մնացել է չքավոր, չկողմնորոշված, ելք չունեցող, անպաշտպան մարդը։ Այս պարագայում միակ լուծումը համախմբվելն է, անցյալը, նեղ անձնական վիրավորվածությունը չհիշելը և այլն։
-Բայց, պարոն Մարգարյան, ասում են` այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, ապագա չունի։
-Մենք հիշում ենք անցյալի դասերը։ Մենք ունեցել ենք հզոր Հայաստան` ինտելեկտուալ մեծ ներուժով։ Մենք մոռացել ենք ամեն ինչ, որովհետև հեռուստաեթերն աղբ է թափում։ Ես չեմ դիտում այդ «աղբանոցը»։ Այդպես չի կարելի սերունդ դաստիարակել, որ ալիքը միացնում ես` անբարոյականություն է ցուցադրվում։ Ահա սա էր պատվերը։ Ինչո՞ւ են այսօր գնում սահմանը բացելու, չգիտեի՞ն, որ Թուրքիայից ապտակ են ստանալու, այդ երկիրը չի բացելու սահմանը։ Կա մի «ճշմարտություն»` աշխարհի բոլոր հարցերը լուծում է կանաչ դոլարը, որը, մեր երկիր մտնելով, ամեն տեղ լույս է տալիս։ Սակայն սա ժամանակավոր է, կանցնի։
-Կա տեսակետ, որն արտահայտում են թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ արտախորհրդարանական որոշ ուժեր։ Այն է` Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին վերադարձավ քաղաքականություն` «անցյալի մեղքերից ազատվելու համար»։ Այս կարծիքի մեջ օբյեկտիվության հատիկ կա՞։
-Սա բավականին բարդ հարց է, ու տեսակետները կարող են բազմազան լինել, օբյեկտիվ հիմքերը շատ քիչ են։ Յուրաքանչյուրը, վերադառնալով ու ընտրելով նոր ճանապարհ, ցանկություն ունի անցյալի սխալները չկրկնելու։ Տեր-Պետրոսյանն իր ելույթներում բազմիցս ասել է, որ պետք է շտկել սխալները և՛ կադրային քաղաքականության, և՛ տնտեսության, և՛ արտաքին քաղաքականության հարթությունում։ Սա ողջունելի է։ Հենց սա է ինձ համար նախապայման եղել, որ իմ կուսակիցներին համոզել եմ գնալ այս ճանապարհով։
-Ընդդիմության որդեգրած մարտավարությունը և ունեցած ներուժը Ձեզ հիմքեր տալի՞ս են ասելու, որ հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, թե՞ պիտի սպասել հերթական ընտրություններին։
-Նախ պիտի ասել` ներուժն ու իրականացվող աշխատանքները բավարար չեն։ Երկրորդեմ` ավելի ակտիվ գործողություններ պիտի ծավալել ու վերականգնել վաղվա օրվա նկատմամբ մարդկանց հավատը։ Օր, ժամ առաջ իշխանափոխություն իրականացնելը, առողջ համակարգ ձևավորելն ազգի թիվ մեկ խնդիրն են։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Եթե գնանք հերթական ընտրության, ոչինչ չի փոխվելու, ռեժիմը կրկին կվերարտադրվի, որովհետև գյուղապետից մինչև նախագահ դարձել են հանրապետական, ուժային կառույցներն ու լծակներն իրենց ձեռքում են։ Հետևաբար, ոչ միայն խոսքով, այլև գործով պիտի հզորացնել շարժումը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ