Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԵՍ ԿՀԱՍՆԵՄ ՆՐԱՆ, ՈՐ ՌԵԳՐԵՍԻՎ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ»

«ԵՍ ԿՀԱՍՆԵՄ ՆՐԱՆ, ՈՐ ՌԵԳՐԵՍԻՎ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ»
20.01.2012 | 00:00

Հայաստանի իրավական համակարգի խնդիրները հայտնի են յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ կյանքում գոնե մեկ անգամ առիթ է ունենում հայտնվելու բյուրոկրատական քաշքշուկների թնջուկում: Շուրջ 12 տարի այս իրավիճակում է «Հոկտեմբերի 27-ի» գործով մեղադրված և արդարացված ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվելուց հետո նա պատասխանեց մեր հարցերին:

-Դուք պատրաստվում եք դիմելու ՀՀ նախագահին, ինչո՞ւ:
-Դեկտեմբերի 22-ին նախագահը հավաքեց արդարադատության ոլորտի պատասխանատուներին և մատ թափ տալով նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը վատ վիճակում է ու պետք է իրավիճակը շտկել: Հույս ունենալով, որ ասվածը հերթական ընտրություններից առաջ քարոզչական տարրեր չի պարունակում, առաջիկայում քր. օրենսգրքի 177 հոդվածով սահմանված կարգով, գրավոր հայտարարությամբ դիմելու եմ նախագահին` ֆիզիկական անձի կողմից հանցագործության մասին հաղորդմամբ: Տեղեկացնելու եմ, որ 2010-ի մայիսի 31-ին, քննիչ Սարդարյանի որոշմամբ, կասեցվել է իմ խոշտանգումների վերաբերյալ հարուցված քրեական գործը, որի առնչությամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազ Զալինյանը և այս որոշման նախաձեռնող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կատարել են քր. օր. 351 հոդվածով սահմանված արդարադատության դեմ հանցագործություն (ապացուցված հանցագործություն իրականացրած անձանց քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատ արձակում), ինչը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Այն, որ իմ հանդեպ հանցագործություն է կատարվել, ու դա ապացուցված է, ոչ միայն իմ տեսակետն է, այլև քննիչի եզրակացությունը. «Նաիրի Բադալյանի նկատմամբ, հավանաբար, կատարվել է բռնություն, սակայն ում կողմից ու ինչ հանգամանքներում, հնարավոր չէ միանշանակ նշել»: Այսինքն, քննիչը, տասը տարի իմիտացիա անելով, թե գործ է քննում, հանգել է եզրակացության, թե հանցագործություն կատարվել է, բայց չգիտի, թե ով է կատարողը: Աբսուրդ է: Ավելին, նշվում է, թե չի բացառվում, որ բռնություն է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ռազմական ոստիկանությունում, զինվորական դատախազությունում կամ այլ վայրում: Ընդհանրապես Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, մարդու ձերբակալման պահից սկսած, ցանկացած գործողության համար պատասխանատու է պետությունը, անկախ այն բանից` որտեղ և ով է կատարել: Հավելեմ, որ երկու իրավունք կա` կյանքի և խոշտանգումների արգելման, որոնք գերակա են մյուսների նկատմամբ: Այսինքն, եթե ես հայտարարում եմ, որ իմ նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, ապացուցողը պետք է պետությունը լինի:
-Փաստորեն, տարիներ հետո քննիչն իր եզրակացության մեջ ոչ մի նոր բան չի՞ ավելացրել:
-Ավելին, հաստատում է աբսուրդ որոշումները: Եզրակացության մեջ նշվում է այնպիսի մի դրույթ, որը ենթադրում է՝ եթե վրեժխնդրության նկատառումներով ինձ խոշտանգում են, նորմալ է, եթե ցուցմունքներ կորզելու նպատակով են խոշտանգում` աննորմալ: Սա մառազմ է: «Հիշյալ ապացույցներով չի հիմնավորվել Նաիրի Բադալյանի նկատմամբ հավանական բռնությունը «Հոկտեմբերի 27-ի» քր. գործի քննող քննիչների և Երևանի թիվ մեկ քննչական մեկուսարանի աշխատողների փոխհամաձայնությամբ կատարված լինելը»: Այս եզրակացությունից պարզվում է, որ եթե զինդատախազության քննիչները, սեփական հաճույքից ելնելով, մարդու են խոշտանգել, իսկ «Նուբարաշենում» էլ՝ իրենց «կայֆից» ելնելով, նորմալ է: Սա հանցագործություն է, որը քննիչն ապացուցում է իր եզրակացությամբ՝ միաժամանակ կատարելով հանցագործություն:
-Կարելի՞ է սա բնութագրել որպես իրավական անգրագիտություն:
-Այո: Բոլորն էլ ասում են` քեզ խոշտանգել են, բայց հանցագործ չունենք: Է՜, հանցագործը դուք եք, եթե չեք ցանկանում արդարացի լուծում տալ խնդրին:
-Փակուղո՞ւմ է հայտնվել գործը:
-Գործը բացահայտված է, բայց քանի որ չկա քաղաքական հրահանգ գործը փակելու, չգիտեն ինչ անել: Ամեն մեկն ասում է՝ ես չեմ մեղավորը, ինձ ասել են, մյուսն էլ, թե չգիտենք՝ ով է: Այնինչ, ըստ օրենքի, նրանք ունեն քր. գործ հարուցելու ու բացահայտելու ոչ թե իրավունք, այլ պարտականություն:
-Դիմելով նախագահին, ակնկալում եք, որ հանգույցը, ի վերջո, կքանդվի՞:
-Ոչ մի երաշխիք չկա, որովհետև խոսքը Հայաստանի մասին է: Բայց երաշխիքն այն է, որ նոր քր. գործ կհարուցվի հիշյալ անձերի նկատմամբ: Այլապես մերժման որոշումը պետք է ինձ ուղարկեն, որպեսզի այն դատական կարգով բողոքարկեմ ու հասնեմ մինչև Եվրադատարան ու ՄԱԿ: Ես ունեմ նաև մեկ այլ հնարավորություն` չդիմել այդ ատյաններին ու մերժման որոշումով մտնել ԱՄՆ-ի դատարան (ի դեպ, միակ երկիրն է, որը կարող է այլ երկրների պաշտոնյաներին դատել և պատասխանատվության ենթարկել): Ի տարբերություն Եվրադատարանի, ԱՄՆ-ի դատարանները գործ են հարուցում ու փոխհատուցում պահանջում ոչ թե պետությունից, այլ կոնկրետ անձերից: Իմ փաստական բազան առավել քան բավարար է այս ճանապարհով գնալու համար:
-Ո՞րն է Ձեր հիմնական նպատակը՝ արդարության հաստատո՞ւմ, թե՞ ֆինանսական փոխհատուցում:
-Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մարդու իրավունքների միջազգային նորմերը սահմանում են, որ մարդու իրավունքները վերականգնված կարող են համարվել այդ երկու գործոնների առկայության պարագայում: Եթե մեղավորին պատժում ես ու ֆինանսական փոխհատուցում չես տալիս, արդարությունն ապահոված չես կարող համարել: Այսինքն, դա միայն իմ ցանկությունը չէ, այլ արդարացի որոշման պահանջը:
-Այսքան տարի պայքարելով Ձեր իրավունքների համար և իրազեկ լինելով Հայաստանի դատական ու իրավական համակարգի խնդիրներին, չե՞ք կարծում, որ Ձեր ջանքերն իզուր են:
-Չէ, իզուր չեն: Որևէ մեկը կարո՞ղ էր ակնկալել, որ ինձնից գրավոր ներողություն կխնդրեն: Ես ունեմ զինվորական դատախազի` ներողություն խնդրելու փաստաթուղթը: Եթե դու հետևողական ես ու ճիշտ, որքան էլ դիմադրությունն ամուր լինի, կջարդես: Ջրի կաթիլը քար է ծակում: Ես իմ գործում բավականին առաջ եմ գնացել: Մեր անհասկացողներին փորձում եմ հասկացնել, որ պարտակելով իրենցից ցածր գտնվողներին ու ստորագրելով թղթեր, հանցավոր որոշում են կայացնում, ուրեմն նաև պատրաստ պիտի լինեն դիմակայելու հենց իրենց ուղղված հարվածին: Հիմա ես արդեն պայքարում եմ մարդկանց դեմ, ովքեր հանցավոր որոշումներ են ստորագրել: Այս առումով ես համբերատար եմ, ժամանակ ունեմ: Ի վերջո, Հայաստանը մի օր պետություն է դառնալու և փոխհատուցելու է ինձ, իսկ ես կհասնեմ նրան, որ ռեգրեսիվ որոշում ընդունվի և հանցագործություն իրականացրած անձն իր գրպանից վերադարձնի պետության կրած վնասը:
-Այս տարիներին առաջի՞ն անգամ եք նախագահի ինստիտուտին դիմում:
-2008-ին մեկ անգամ դիմել եմ ու դարձյալ Սերժ Սարգսյանին: Այդ դիմումիս ընթացք է տրվել և նշվել, որ եթե Հայաստան գաք, քր. գործ կվերաբացվի, եկել եմ ու այդպես էլ եղել է: Հիմա նորից եմ դիմում, բայց տառապանքս փորձ ունի, ու արդարադատության ոլորտի մարդկանց այնքան էլ չեմ հավատում: Բայց գիտեմ իմ հաջորդ քայլերը, որոնց շրջանակը բավականին լայն է ու ազդեցիկ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ