ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՑՈՒՑԱ՞ԿԸ ՊԻՏԻ ՁԵԶ ԶԱՐԴԱՐԵ

ՑՈՒՑԱ՞ԿԸ ՊԻՏԻ ՁԵԶ ԶԱՐԴԱՐԵ
27.03.2012 | 00:00

«ԵՍ ԵԼԵԼ ԵՄ ԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԱԺ «ժառանգություն» խմբակցություն
)
-Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման մասին (հիշեցնենք, որ երեկ Հովհաննիսյանն արդեն ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ թիվ 7 ընտրատարածքում ընդդիմությունից Նիկոլ Փաշինյանն է առաջադրվել) խմբակցության, կուսակցության ներկայացուցիչները տեղյա՞կ էին:
-Որ նա առաջադրվելու էր որևէ ընտրատարածքում, տեղեկություն ունեինք, իսկ թե որտեղ, նրա անձնական որոշելիքն էր:
-Շատերը, հատկապես ընդդիմությունից, դա որակեցին որպես իշխանության պատվեր:
-Ամեն մեկը պիտի իր գործն անի, ոչ թե ուրիշների վրա ցեխ շպրտի:
-Նորմա՞լ է, որ որոշ ընտրատարածքներում ընդդիմությունից երկու թեկնածու կա: Ստացվում է՝ ընդդիմությունն ընդդիմության, ոչ թե իշխանության դեմ է պայքարում:
-Մենք հստակ նշել ենք, որ մեզ համար ցանկալին այն տարբերակն է, երբ, ընդհանուր պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմության մեկ միասնական թեկնածու է առաջադրվում:
-Ի՞նչ եք կարծում, մյուս ընդդիմադիրները կգնա՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհով, այսինքն, «տեղ բացելով» մյուս ընդդիմադիրի համար:
-Չգիտեմ, թե ընդդիմության մյուս հատվածներն ինչ քայլեր կանեն, բայց «Ժառանգությունը» երբևիցե չի արել ու չի անի որևէ քայլ ընդդիմության դեմ:
-Կոռեկտ պայքարի կողմնակի՞ց եք:
-Ինչպես միշտ:
-Ասածն առնչվո՞ւմ է նաև իշխանության հետ պայքարին:
-Բոլորի հետ ենք կոռեկտ պայքարում՝ մնալով միշտ բարեկրթության շրջանակներում:
-Համամասնական ձեր ցուցակը ևս քննադատությունների թիրախում է, հատկապես այն տեսանկյունից, որ այնտեղ ներկայիս իշխանություններին պաշտպանող անձինք են հայտնվել:
-Ցուցակում կան նախկին պաշտոնյաներ, որոնք նաև առաջին նախագահի օրոք են աշխատել: Այնպես որ, ունենք մի ցուցակ, որն ապագային է միտված: Չեմ կարծում, որ նման մեղադրանքները բարեկրթության շրջանակում են:
-Դուք առաջադրվել եք 6-րդ ընտրատարածքում, որտեղ իշխանությունից երկու թեկնածու է ներկայացված: Մտավախություն չունե՞ք, որ իշխանությանն այս անգամ էլ կհաջողվի հաղթանակ տոնել:
-Որևէ մտավախություն չունեմ, մեր քաղաքացիներին այլընտրանք եմ ներկայացնում, իմ կատարած աշխատանքով ցույց եմ տալու, թե ինչպիսին պիտի լինի պատգամավորը: Անկախ նրանից` իշխանություններն ինչ լծակներ կօգտագործեն, ես ելել եմ արդար պայքարի ու գնալու եմ մինչև վերջ:

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՈԼՈՐԻՆ ՑՈՒՑԱԿ ՄՏՑՆԵԼ»
ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցություն)

-Այնպես ստացվեց, որ ՀՅԴ ցուցակից ևս դժգոհողներ, «հեռացողներ» եղան, որոնց թվում է նաև Բագրատ Եսայանը, ով հրաժարվել է «Երկիր» օրաթերթի խմբագրի պաշտոնից: Դժգոհողների թիվն այսքանով սահմանափակվո՞ւմ է:
-Հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս, որ նախընտրական շրջանում ցուցակների հետ կապված բոլոր կուսակցությունները խնդիրներ ունեցան, իսկ ՀՅԴ-ի մոտ ամեն ինչ կարծես շատ հարթ ընթացավ: Նախ և առաջ Բագրատ Եսայանը մինչ ցուցակների հրապարակումն է իր աշխատանքը թողել այլ գործով զբաղվելու համար: Նա մեր առաջին կուսակցականներից է, ու այն մարդը չէ, որ նման հարցով կուսակցության հետ կարող է հարցեր ունենալ: Խոշորացույցով փորձում են ման գալ, թե դաշնակցությանը վարկաբեկելու համար ինչ կարող են գտնել: Շահագրգիռ անձինք և ուժերը թող շարունակեն իրենց փնտրտուքը:
-ՀՅԴ-ի ցուցակը մյուսների համեմատ մրցունա՞կ է:
-Շատ մրցունակ է, որովհետև ՀՅԴ-ն ներկայացել է իր դեմքով, այնտեղ չկա որևէ մեկը, որ զարմացներ կամ վախեցներ հանրությանը: Դաշնակցությունը ներկայացրել է դաշնակցության ցուցակ:
-Սակայն գործող ոչ բոլոր պատգամավորներն են անցունակ հորիզոնականներում:
-Դա էլ է բնական: Կուսակցությունը չի կարող բոլորին ցանկ մտցնել և ոչ էլ դրա ցանկությունն ունի: Կուսակցությունը լայն աշխատանքի ուրիշ դաշտեր էլ ունի, և մարդիկ կարող են զբաղվել նաև դրանով:

«ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ԽՆԴԻՐ` ԳԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ (ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ-ի անդամ)

-ՀԱԿ-ի համամասնական ցուցակը ևս անմասն չմնաց նեղացողներից: Այդուհանդերձ, այսօրինակ ցուցակով ՀԱԿ-ը կարո՞ղ է հասարակության քվեների գերակշիռ հատվածի տերը լինել:
-Նախ, ես նեղացած-գնացած մարդիկ չեմ տեսնում: Իրենք են որոշում` ցուցակ մտնել կամ չմտնել: Եթե համեմատենք ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի ցուցակի հետ, անտեղի է նույնիսկ հարցը՝ մրցունա՞կ է, թե՞ ոչ: Ներկայացվածների մեջ, կարծում եմ, լավագույն ցուցակն է, ինչպես նաև՝ ամենաքիչ քննադատության ենթարկվածը: Ավելին, ՀԱԿ-ի ցուցակում չկա կողմնակի մարդ: Մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ համակարգի դեմ պայքարի մեջ են: Բիզնեսմենների, քիչ, թե շատ ճանաչված մարդկանց ներգրավելու կարիքը չունեինք, ինչպես մյուս կուսակցություններն են արել:
-«Կողմնակի մարդիկ» ասելով` հատկապես ո՞ւմ նկատի ունեք:
-Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան ու էդ կարգի վարկաբեկված, շահադիտական նպատակներով ՀՀԿ ցուցակ մտած այլ անձանց: Ի վերջո, այդ մարդկանցից յուրաքանչյուրն ուներ կուսակցություն, և եթե ՀՀԿ-ի ցուցակով են գնում, պիտի համարել, որ այլևս կուսակցություն չունեն:
-Մամուլում անդրադարձ եղավ ՀԱԿ-ի շտաբի ղեկավարի խնդրին. հայտնի՞ է, թե ով է այն ղեկավարելու:
-Դեռ ոչ մի որոշում չկա, հարցը քննարկման փուլում է: Կենտրոնական գրասենյակում արդեն կան մարդիկ, ովքեր շտաբի կորիզը կկազմեն, այն կհամալրվի նաև կուսակցություններում ճանաչում ունեցող մարդկանցով, որոնք ի վիճակի են ողջ ընտրական գործընթացը կազմակերպելու և առաջ տանելու:
-ՀԱԿ-ն ինչի՞ վրա է կառուցելու իր նախընտրական քարոզչությունը, որո՞նք են լինելու հիմնական «մեխերը»:
-Մեր թիրախը նույնն է՝ իշխանական համակարգ: Հատուկ «մեխեր» դնելու անհրաժեշտություն չունենք, բայց, իհարկե, որոշ բաներ կմշակվեն: Քարոզչական առանձնահատուկ աշխատանք տանելու կարիք չկա, քանի որ 5 տարի շարունակ մենք խոսել ենք ամեն ինչից՝ ներկայացրել վիճակը, առաջարկել լուծումներ: Մեզ մնում է միայն մեկ խնդիր՝ գալ իշխանության:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ