«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՄԵԿՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍՕՐ ՉԿԱՆ ԼԱՎ ԳՐՈՂՆԵՐ, ՆԱ ԻՎՈԼՅՈՒՑԻԱ Է ԱՊՐՈՒՄ»

«ԵԹԵ ՄԵԿՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍՕՐ ՉԿԱՆ ԼԱՎ ԳՐՈՂՆԵՐ, ՆԱ ԻՎՈԼՅՈՒՑԻԱ Է ԱՊՐՈՒՄ»
15.03.2011 | 00:00

Երաժշտություն, կիթառ, ասմունք, թեյախմություն… Հովհաննես Թումանյանի թանգարանում կիթառահար ԼԻԼԻԹ ՄԱՐԴԻՅԱՆԻ և հաղորդավար, ասմունքող ԱԻԴԱ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ գրական երեկոն նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 142-ամյակին: Աիդա Ասատուրյանը նշեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը համընկել էր երիտասարդության և սիրո բարեխոս սուրբ Սարգսի ծննդյան օրվա հետ: Երեկոյից հետո զրուցեցինք Աիդա Ասատուրյանի հետ: Նրա կատարմամբ 2008-ին հրատարակվել է Հովհաննես Թումանյանի 16 հեքիաթների գրքույկ-սկավառակը: Մինչ այդ լույս են տեսել նաև «20-րդ դարի հայ պոեզիա», «Արևելահայ սիրերգություն» գրքույկ-սկավառակները: Սկավառակի տեսքով ունկնդրին է հասել նաև Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Դանիել Վարուժանի և այլոց պոեզիան: Շուրջ վեց տարի է` Աիդա Ասատուրյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ հրատարակում է իրանական դասական (Հաֆեզ, Խայամ, Մոլավի, Ֆիրդուսի) և ժամանակակից պոեզիան (Սոհրապ Սեփերի) ներկայացնող սկավառակներ: Նախատեսում է հրատարակել նաև 20-րդ դարի իրանական պոեզիայի անթոլոգիայի գրքույկ-սկավառակը: Մեր զրույցն Աիդա Ասատուրյանի հետ է։
-Պոեզիան այսօր գրավո՞ւմ է մարդկանց, հատկապես նոր սերնդին:
-Ես ինքս էլ երբեմն մասնակցում եմ գրական երեկոներին որպես հանդիսատես: Երբ ինձ ինչ-որ բան պարտադրում են, այսինքն, խոսքի պարտադրանք կա, գոռգոռոց, ես չեմ լսում: Բայց երբ ինձ հետ զրուցում են, ես լսում եմ: Եվ փորձում եմ ինքս էլ զրուցել հանդիսատեսի հետ, անկեղծանալ` նախապես անկեղծանալով ինքս ինձ հետ: Եվ երբ դու անկեղծ ես խոսում, կարևոր չէ` դիմացինդ քանի տարեկան է, նա լսում է քեզ:
-Կարծում եք` այսօրվա մեր նյութականացած կյանքում տեղ մնո՞ւմ է պոեզիայի համար:
-Կան մարդիկ, որոնց պետք է պոեզիան: Խորհրդային տարիներին ընդունված էր գրական երեկոներին մասնակցելը, բայց շատերը գնում էին իրենք իրենց ցուցադրելու համար: Բոլոր ժամանակներում էլ, ըստ էության, պոեզիա գնահատող ու հասկացող մարդիկ մեծ թիվ չեն կազմել: Բայց դա նորմալ եմ համարում: Պոեզիան այն նուրբ արվեստն է, որ բարձրագույն աշխարհներից եկած պոետներն են բերում: Աստված մեզ չի տալիս այդ նրբագույն էներգիան, տալիս է պոետներին: Իսկ նրանք փոխանցում են մեզ: Եթե դու ունակ ես այդ էներգիայի հետ շփվելու, հաղորդակցվելու, ուրեմն դա քեզ պետք է: Պատահական չէ, որ Սևակն «Աստծու քարտուղար» է անվանում բանաստեղծներին:
-Քանի որ երեկոն նվիրված էր Թումանյանին, հետաքրքիր է իմանալ` ո՞վ է Թումանյանը Ձեզ համար:
-Նախ` մինչև վերջ չեմ հայտնաբերել Թումանյանին, և ինչպե՜ս կարող եմ… Սերունդներ կգան ու միշտ կբացահայտեն չբացահայտված շերտերը Թումանյանի: Նա տիեզերական մտածողության պոետ է, մենք հասկանում ենք միայն տեսանելի շերտերը նրա գրականության, իրականում, խորքում շատ չբացահայտված շերտեր կան, որ դեռ պիտի կարողանանք պեղել:
-Ժամանակակից պոետներին անդրադառնո՞ւմ եք: Ասմունքողները հաճախ ասում են, որ այսօր չկա բանաստեղծ, որ իր աշխարհն ունենա: Գուցե ասմունքողն ի՞նքը պետք է գտնի, բացահայտի նոր աշխարհներ` իր և ունկնդրի համար:
-Անկեղծ ասած, պետք է փորձեմ, ես նման մտադրություն ունեմ: Եվ համաձայն չեմ, որ այսօր չունենք լավ պոետներ: Մեր նոր սերունդը շատ ավելի տաղանդավոր սերունդ է, չէ՞ որ էվոլյուցիա ենք ապրում: Եթե մեկն ասում է, որ այսօր չկան լավ գրողներ, նա իվոլյուցիա է ապրում` հակառակ պրոցեսը, պարզապես չի ուզում տեսնել:
-Բայց հնարավո՞ր է մատուցել նորը, այսօր ուրիշ կերպ են ստեղծագործում:
-Պետք է կարողանաս թափանցել հոգեվիճակի մեջ, ես անպայման կփորձեմ:
-Թումանյանի ծննդյան օրն ընդունված է համարել նաև «Գիրք նվիրելու օր»: Ձեզ գրքեր նվիրե՞լ են, կամ Դուք նվիրե՞լ եք:
-Ամուսինս հեքիաթի գիրք նվիրեց մեր տղային: Ես նույնպես գրախանութից գրքեր գնեցի նրա համար:
-Փաստորեն, ուշադրության է արժանացել միայն ձեր փոքրի՞կը:
-Պետք է մատաղ սերնդի մասին մտածել։
-Դժվար չէ՞ պոեզիայի երեկոներից հետո «վերադառնալ» իրականություն, ուր, չէի ասի, թե շատ է պոեզիան, մաքուրն ու լուսավորը:
-Ոչ, ավելի հեշտ եմ ապրում, ավելի լավատես եմ դառնում: Ես ոչ միայն տալիս եմ, այլև վերցնում եմ: Ասելիք կա, ուզում եմ ասել անպայման, հակառակ դեպքում` կհիվանդանամ: Ես անկեղծ եմ ասում: Հիմա այնքան լավ եմ ինձ զգում: Ես հոգնած չեմ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ