«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԴ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍԻ ՀԵՏ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ»

«ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԴ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍԻ ՀԵՏ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ»
08.11.2011 | 00:00

Հայկական հեռուստատեսությամբ տրվող հաղորդումները, սերիալները վերջին շրջանում քննադատությունների առանցքում են: «Եթերաաղբից» ազատվելու համար սոցցանցերում ստեղծվում են տարբեր խմբեր, անցկացվում են միջոցառումներ, ընդհուպ` մրցանակաբաշխություններ` փորձելով սթափեցնել հանրությանը և փակել ցածրաճաշակ, ապազգային հաղորդումների, սերիալների ճանապարհը: Հասարակության մի մասին էլ գրավում է համացանցը: Թեև ընտրության հնարավորությունն անհամեմատ մեծ է, սակայն այստեղ էլ էժանագին, չճշտված, բացասական տեղեկատվությունը պտտվում է անասելի արագությամբ: Ըստ հոգեբույժ, հոգեվերլուծող ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԻ` պետք է լինի տեղեկատվության տարածման որոշակի վերահսկում: Նրա խոսքով` հոգեմարմնական հիվանդությունների, ինքնասպանությունների, վթարների զգալի մասը վատ ինֆորմացիոն հոսքի հետևանք է:
-Հեռուստատեսությունը, հատկապես մեր այսօրվա սերիալները, հաղորդումները, շոուները ի՞նչ ազդեցություն ունեն մարդկանց հոգեբանության, մտածելակերպի, տեսակի ձևավորման վրա:
-Հեռուստատեսությունը, առհասարակ ԶԼՄ-ները միջոց են, որոնցով տրվող տեղեկությունը հասնում է մարդկանց գիտակցությանը, ավելի շատ` ենթագիտակցությանը: Թե ինչ հեռահար ազդեցություն կունենա հեռուստադիտողի վրա, կախված է նրանից` ում ձեռքերում է, ինչ հաղորդումներ կկազմակերպեն ու կմատուցվեն: Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, եթե սերիալը լինի դաստիարակչական, գիտահանրամատչելի, այլ հարց է, բայց մեր սերիալների նպատակը միայն ուշադրություն գրավելն է, այն էլ` ցածրագույն բնազդների մակարդակով: Առավել ազդեցության են ենթարկվում երեխաները, հուզական մարդիկ: Տարիներ առաջ հայկական մի հեռուստաալիքի հաղորդումների հետազոտություն էինք կատարել, պարզվեց` մոտ 97 տոկոսը զվարճալի, էրոտիկ, ցածրաճաշակ հաղորդումներն ու ֆիլմերն են, իսկ հոգեբանական, մշակութային, դաստիարակչական ծրագրերը` ընդամենը 3 տոկոս: Չեմ կարծում, թե այդ թիվը կտրուկ փոխվել է:
Հեռուստատեսությունն ունի հիպնոսացնող ազդեցություն, այն զգալ է տալիս, որ դու մենակ չես, միլիոնավոր մարդիկ դիտում են նույն բանը, և ուրեմն այն, ինչ ցուցադրվում է, ճիշտ է: Մարդն իր գիտակցությունն ու ենթագիտակցությունը ենթարկում է մեծամասնության կարծիքին: Այսինքն, լրատվամիջոցներով տրվող տեղեկությունը շատ անգամ շրջանցում է գիտակցությունը:
Օրինակ, ժամանակին Կաշպիրովսկին մարդկանց հիպնոսի մեջ էր գցում, ինչը արտաքուստ շատ տպավորիչ, բայց իրականում պարզունակ երևույթ է: Եթե Կաշպիրովսկուն մեկ հոգու դիմաց նստեցնես, հավանական է, չկարողանա հիպնոսացնող վիճակ առաջացնել:
Ըստ այդմ, հիմա, տարբեր շահեր ունեցող մարդիկ, կազմակերպություններ շոու են կազմակերպում, որ մարդկանց գիտակցությունը շրջանցեն ու իրենց տնտեսական նպատակներին հասնեն. մարդկանց դարձնեն իրենց արտադրանքի գնորդը, իրենց ծառայությունների սպառողը, ինչ-ինչ արժեքների կրողը: Այսինքն, լրատվամիջոցները զենք են, և մեր պետությունը պետք է այդ զենքը վերցնի իր ձեռքը, օգտագործի ի նպաստ մեր երկրի:
-Կա՞ որոշակի սահմանափակում երկնագույն էկրանից մատուցվող տեղեկությունն ընկալելու հարցում:
-Պե՛տք է սահմանափակում լինի: Հեռուստադիտումը, ինչպես ինտերնետը, կարող է դառնալ մոլուցք, այսինքն, կտրվես իրականությունից: Շատ հեշտ է նայել ու տեսնել, թե ուրիշներն ինչ լավ են ապրում, մինչդեռ վաղը քո հոսանքն անջատելու են, որովհետև փող չունես, որ վճարես: Փոխանակ աշխատելու, կյանքդ բարելավելու, որ մի հերոս էլ դու դառնաս, տրանսֆորմացնում ես կյանքդ հեռուստասերիալի հերոսի հետ ու դառնում սոցիալական հաշմանդամ:
-Ազգային հոգեկերտվածքը խեղելու միտում չե՞ք տեսնում այս ամենի մեջ. դատարկաբանություն, բամբասանք, սուտ, զրպարտություններ և այլն: Որպես օրինակ` վերջերս Անժելա Սարգսյանի պոռնոնկարների պատմությունը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, և պետք է ասել, որ նոր քննարկումները թևակոխել են նոր փուլ: Առողջ հետաքրքրասիրության բնակա՞ն, թե՞ հիվանդագին դրսևորում է սա:
-Հետաքրքրասիրությունն էլ կարող է հիվանդագին լինել: Ես մանրամասներին ծանոթ չեմ, գիտեմ, որ էրոտիկ նկարներ են դրվել համացանցում և առաջացրել հասարակական ոգևորություն: Այստեղ ես զուտ շոու եմ տեսնում: Ինտիմ կյանքի մանրամասները նկարահանելն արդեն իսկ շոու է, ուղղակիորեն կապված է ցուցադրության հետ: Այն հանրային դիտման «դնելը» նույնպես շոու է. այս աղմուկից հետո դերասանուհին հանդիսատես է հավաքել թատրոնում, սա էլ է շոու: Ոմանք ասում են` մեղք է տվյալ շոուի հերոսը, բայց, ի վերջո, միակ զոհը հանդիսատեսն է, որին կերակրում են «անմիս երշիկով» կամ «թունաքիմիկատներով հագեցած սննդով»` տեղեկատվական տեսակետից: Այս աղմուկը հիմնականում հասարակության քաղքենիական շերտերին է ոգևորել: Բայց երբ շոուի է վերածվում, մեծ թվով մարդիկ (նրա վարսահարդարը, ատամնաբույժը, հոգեբանը և նրանք, ովքեր իրենց բիզնեսն ունեն) սկսում են շահել: Ես երևույթն եմ մատնանշում և նկատի չունեմ կոնկրետ մարդկանց: Հեռուստատեսությունը նպաստում է մարդու ճանաչելիությանը, իսկ բիզնեսի մեջ հիմնականում դա է կարևորը:
-Ինչի՞ դեմ է պետք պայքարել:
-Տգիտության, ցածր կուլտուրայի, որտեղ նման երևույթները աճելու պարարտ հող ունեն: Պետք է օրենքները ճշտել, որ ցանկացած անպարկեշտ, անցանկալի տեղեկություն ունենա պատնեշ` մինչև սպառողին հասնելը, որ մարդը, ռադիոն կամ հեռուստացույցը միացնելով, միանգամից չլսի, թե այսօր ավտոբուս է շրջվել, քսան հոգի մահացել է, մեքենա է պայթել և այլն: Սրանք լուրեր չեն, բնակչության մահացությունը կտրուկ բարձրացնող, ապակայունացնող, հոգեկանը խանգարող տեղեկություններ են:
Վթարները, ինքնասպանությունները հենց այնպես չեն լինում, դրանք որոշակի տեղեկության արդյունք են: Ինքնասպանությունը համարվում է ելք` ժամանակի սղության մեջ: Մարդը ելք է փնտրում, ժամանակը սուղ է, և այդ ելքն է ընտրում: Եթե հասարակությունը, ԶԼՄ-ները դեպի լավը տրամադրեն, տան տեղեկություն, որ կան նաև այսպիսի ելքեր, ինչո՞ւ պետք է մարդն ինքնասպան լինի: Եթե մեքենա վարողներն ավելի բարձր մակարդակի ինֆորմացիայի, կուլտուրայի կրողները լինեն, ավելի օրինապահ ձևով կվարեն մեքենան, վթարների, մահացությունների թիվն էլ կտրուկ կնվազի: Մեզ մոտ ինքնասպանների, ավտովթարի զոհ դարձողների, հոգեմարմնական հիվանդների թիվը մոտ երեք անգամ համաշխարհային տվյալներից բարձր է, սակայն այդ մասին չեն ահազանգում:
Տեղեկատվական անվտանգությունն այսօր առաջին տեղում է: Իսկ ինֆորմացիոն անվտանգության ի՞նչ պաշտպանիչ միջոցներ ունենք, կամ ԶԼՄ-ները որքա՞ն են դրան նպաստում: Մեր հասարակությունը շատ խոցելի վիճակում է տեղեկատվական հոսքերի առաջ: Անիմաստ շոուների հետևից են ընկնում, շեղում են մարդկանց, որ կարևոր բաներով չզբաղվեն: Նորմալ կենսակերպից շեղելու բազմաթիվ ձևեր կան, որոնցից մեկն էլ սա է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ