ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԻԻՀ և ՀՀ փոխհարաբերությունները հենց սկզբից զարգացել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում»

«ԻԻՀ և ՀՀ փոխհարաբերությունները հենց սկզբից զարգացել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում»
06.02.2009 | 00:00

ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան պարոն ՍԵՅԵԴ ԱԼԻ ՍԱՂԱԻՅԱՆԸ
-Իրանում իսլամական հեղափոխության 30-ամյակն է։ Ինչպիսի՞ք են Ձեր երկրի ձեռքբերումներն այդ ժամանակաշրջանում, ի՞նչ է տվել հեղափոխությունն Իրանի ժողովրդին։
-Իրանի Իսլամական Հանրապետությունը, Աստծո օգնությամբ և հենվելով իր ժողովրդի կամքի և իղձերի վրա, հաղթահարեց այն ժամանակվա վարչակարգում առկա բռնությունը, տոտալիտարիզմն ու անառակությունը, վերականգնելով հավատը սեփական ուժերի նկատմամբ, գիտական, արդյունաբերական և արտադրական տարբեր ոլորտներում կարողացավ հասնել նշանակալի նվաճումների։ Իրանի իսլամական հեղափոխությունն Իրանի ժողովրդին բերեց աղքատության, խտրականության, անառակության ու բռնատիրության հաղթահարում, տվեց անկախություն, ազատություն, մարդու վեհանձնության և կանանց դերի բարձրացման զգացում։ Վերջին մեծագույն ձեռքբերումներից են միջուկային գիտության, երկրի արհեստական արբանյակի ստեղծման ու այն տիեզերք ուղարկելու տեղայնացված տեխնոլոգիաները, որոնք իրանցի երիտասարդների գիտելիքների արդյունք են։
-Հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլի Ձեր գնահատականը։ Տպավորություն է ստեղծվում, որ Իրանը վերջին շրջանում ավելի պասիվ է Հայաստանի հետ կապված զարգացումներում։ Դա սխա՞լ տպավորություն է, թե՞ դրա համար ինչ-որ պատճառներ կան։
-ԻԻՀ և ՀՀ փոխհարաբերությունները, որոնք հենց սկզբից զարգացել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, էական առաջընթաց են ապրել, կատարելագործվում են և կարող են գնահատվել որպես ցանկալի և արդյունավետ փոխհարաբերությունների օրինակ՝ հանուն երկու ժողովուրդների սոցիալական բարեկեցության։ Իհարկե, երկու երկրների պաշտոնյաները ջանում են առկա քաղաքական դինամիկ փոխհարաբերությունների մակարդակի կողքին տնտեսական հարաբերությունները ևս հասցնել ցանկալի և տնտեսական հնարավորություններին ու կարողություններին համապատասխան մակարդակի։ Երկու երկրների միջև իրականացված մեծ նախագծերը, ինչպես նաև այն նախագծերը, որոնք գտնվում են ծրագրավորման ու փորձագիտական քննարկման փուլում, բխում են հենց այդ գաղափարից։ Հիշատակված պատկերացումները, թե ԻԻՀ-ն ավելի պասիվ է Հայաստանի իրադարձությունների նկատմամբ, իրականությանը չեն համապատասխանում և համահունչ չեն առկա քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մասշտաբներին։ Նկատենք նաև, որ ռուս-վրացական պատերազմի ժամանակ մի քանի օրերի ընթացքում Հայաստանին տրամադրվեցին վառելիք, ալյուր և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Անկասկած, ԻԻՀ-ի համոզմունքն այն է, որ բոլոր ոլորտներում պետք է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ երկրի, այսինքն` Հայաստանի հետ։
-Ինչպիսի՞ն է Իրանի կառավարության վերաբերմունքը Սյունիքով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծի առնչությամբ։ Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Իրանն իր մասով մասնակցել այդ նախագծի իրականացմանը, մանավանդ որ դրանով ավելի կարճ երկաթուղու ճանապարհ է բացվելու Իրանից դեպի Վրաստան։
-ԻԻՀ-ն կարևորում է տարածաշրջանում կոմունիկացիաների և հաղորդակցության ուղիների քանակական և որակական ընդլայնումն ու զարգացումը։ Դրանց ընդլայնումը կարող է նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության և առևտրաշրջանառության զարգացմանն ու խորացմանը և, ի վերջո, էներգակիրների և այլ արտադրանքների ավելցուկի փոխադրմանն այլ տարածաշրջաններ, այդ թվում` Եվրոպա։ ՈՒստի երկաթգծի ստեղծումը ևս կարող է գնահատվել որպես դրական քայլ այս ուղղությամբ։ Իհարկե, երկու երկրների միջև ուղղակի երկաթուղային կապ ստեղծելու նպատակով երկու երկրների փորձառու մասնագետները զբաղված են դրա հնարավորությունների ուսումնասիրման և նախնական գնահատման աշխատանքներով։ Ի դեպ, երկրները ևս կարող են այդ ուղղությունից իրենց օգտագործման չափով դրա կառուցման մեջ չափաբաժին ունենալ և ներդնել ավելի մեծ գումարներ։ Այս խնդիրը քննարկվում է։
-Ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Շատ փորձագետներ կարծիք են հայտնել, թե ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնվում է։ Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում այդ իրողությանը։
-2008 թ. օգոստոս ամսվա իրադարձությունները և Ռուսաստանի ու Վրաստանի հակամարտությունն ունեցել են տարբեր հետևանքներ և հանգեցրել տարածաշրջանային որոշ դասավորությունների խախտման։ Իհարկե, արտատարածաշրջանային ուժերը ցանկացած տարածաշրջանային իրադարձությունից հետո ջանում են հնարավորություն գտնել տարածաշրջանում ամրացնելու իրենց դիրքերը և ստեղծելու իրենց ներկայության նախապայմանները։ Այս ամենի պատճառը նրանց ռազմավարական հայացքներում տարածաշրջանի կարևորության և դիրքի ընկալումն է, սակայն առավել տրամաբանականն այն է, որ տարածաշրջանային երկրներն իրենք գտնեն լուծումներ տարածաշրջանային մարտահրավերների համար, և կարծես թե տարածաշրջանային ինտեգրացիան ու միասնությունը, որոնց կարելի է հասնել հեշտությամբ, դրանք գտնելու պարզագույն տարբերակն են։
-ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությունից հետո Դուք հնարավոր համարո՞ւմ եք ԱՄՆ-Իրան հարաբերությունների արագ կարգավորումը։
-ԻԻՀ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնումը, մի կողմից` անվստահության պատի առկայության պատճառով, մյուս կողմից` Ամերիկայի` գերազանցության ձգտելու ու որպես պարտատեր հանդես գալու քաղաքականության պատճառով, դեռևս իրականանալի չէ: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման ևս, որի նախընտրական լոզունգը քաղաքականության և կողմնորոշումների փոփոխության մասին էր, հայտնվել է իր երկրի քաղաքական հեղինակությունների բռնատիրական հայացքների ճնշման տակ և էապես շեղվել իր քաղաքականությունից ու լոզունգներից, որոնց հարատևությունը ոչ մի լուսավոր հեռանկար չի բացում ԱՄՆ-ի համար` այլ ուժերի ու երկրների հետ այդ երկրի հարաբերություններում: Ի դեպ, նաև կարևոր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով և հավատալով իր ուժերին, գիտական և արդյունաբերական վիթխարի ձեռքբերումներ է ունեցել և այսօր համարվում է տարբեր ոլորտներում տարածաշրջանային ամենազորեղ ուժերից մեկը:
-Ինչպիսի՞ն է Իրանի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման` Ռուսաստանի վերջին նախաձեռնությունների նկատմամբ։
-ԻԻՀ-ն ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր ջանքեր ներդրեց կանխելու երկու երկրների միջև հակամարտության թեժացումը, և դա ինչ-որ ժամանակահատվածում հանգեցրեց հրադադարի: Դրանից հետո ևս ԻԻՀ-ն շարունակեց հավասարակշռված, անկողմնակալ քաղաքականությունը` իր հարևան և դրացի երկրներին կոչ անելով խաղաղության ու կայունության: Այս իմաստով ԻԻՀ-ն ողջունում է ՌԴ-ի դրական քայլերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ, և դա համարում է տարածաշրջանային անհրաժեշտություն: Իհարկե, պետք է ջանալ այդ հակամարտության լուծման շրջանակներում կանխել արտատարածաշրջանային ուժերի մուտքը տարածաշրջան, բոլոր այն եղանակներով, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը:
-Ե՞րբ են Իրանում տեղի ունենալու նախագահական ընտրությունները։ Ճի՞շտ է, արդյոք, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի առաջադրելու իր թեկնածությունը։ Այդ դեպքում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր Իրանի քաղաքականության մեջ, մասնավորապես, հայ-իրանական հարաբերություններում։
-ԻԻՀ 10-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսին: Իհարկե, դեռևս գործնականում չեն սկսվել կուսակցությունների, խմբերի և քաղաքական դեմքերի առաջադրումն ու մասնակցության մակարդակի վերջնական որոշումը, և քաղաքական ուժերն ու հավանական թեկնածուները քննարկում ու մշակում են իրենց նախընտրական լոզունգներն ու քաղաքական ծրագիրը: Գործող նախագահը ևս դեռ չի արտահայտել իր տեսակետը և շարունակում է իրականացնել երկրի զարգացման համար կառավարության նախատեսած ծրագրերը: ԻԻՀ և ՀՀ ընդլայնվող փոխհարաբերությունները ևս, կարևորության ու փոխադարձ ընկալման առումով, երկու կողմում էլ պայմանավորված չեն անձերով և, իհարկե, գտնվում են երկու երկրների գլոբալ քաղաքականության շրջանակներում:
Հարցազրույցը վարեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ