«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱԿՏԻ ՀԵՏ»

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱԿՏԻ ՀԵՏ»
03.06.2011 | 00:00

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում իշխանություններին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական առաջարկությունն այս օրերին բուռն քննարկման թեմա է քաղաքական շրջանակներում։ Ի՞նչ կարող է ակնկալել հասարակությունն արդեն «ֆորմալ» այդ երկխոսությունից։ Այս և այլ հարցերի պատասխանում է քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ։
-Ձեր թերթում դեռ երեք ամիս առաջ տված հարցազրույցում նախանշել էի այսօրինակ սցենարը, ինչը, բարեբախտաբար, իրականություն դարձավ,- ասաց քաղաքագետը։- Մենք մտնում ենք մի նոր փուլ, որտեղ հակադրության ռեժիմը փոխակերպվում է մրցակցության միջավայրի։ Սա դրականորեն կանդրադառնա քաղաքական համակարգի բարեփոխման վրա։ Երկխոսությունը չպետք է շփոթել կապիտուլյացիայի ակտի հետ։ Սա հակասում է երկխոսության տրամաբանությանը։ Այս մասին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց։ Իհարկե, ՀԱԿ-ը կգնա իր օրակարգով, իշխանությունը` իր, կգտնվեն փոխզիջումային լուծումներ, որոնք, վստահ եմ, չեն վերաբերի արտահերթ ընտրություններին։
-Կոնգրեսականները, սակայն, պնդում են, որ երկխոսության գլխավոր թեման արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։
-Երկխոսության ընթացքում այդ պահանջը ինտերակտիվ բնույթ չի ունենա։ Անշուշտ, չեմ բացառում, որ այդ հարցն էլ կքննարկվի, սակայն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են նաև իշխանության հակափաստարկները լսելու։ Քաղաքականությունը ենթադրում է, որ կարող է առաջարկվել առավելագույն խնդիր, պատրաստ լինելով, որ բանակցության ընթացքում լուծվելու է դրա մի մասը։ Պարտադիր չէ, որ իշխանությունն ու ընդդիմությունն առաջադրեն ու լուծեն իրենց բոլոր խնդիրները։ Երկխոսության իմաստն էլ այն է, որ ձևակերպվեն ու լուծվեն այն խնդիրները, որոնք ընդհանուր են։ Կարևորը երկրի առջև ծառացած խնդիրների ճիշտ ամրագրումն ու հաղթահարման մեխանիզմներ գտնելն է։ Ընդհանրապես երկխոսության նպատակը երկրում որակական փոփոխություններն են։ Պետք է անցկացնել ընտրություններ, որոնք որակապես տարբեր կլինեն նախորդ տարիների ընտրություններից։ Երկխոսությունը հնարավորություն է, որ խնդիրները լուծվեն, համենայն դեպս, հակադրության միջավայրում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն առաջնորդվելու են միմյանց ոչնչացնելու ճանապարհով, իսկ ընտրությունները դառնալու են մրցակցություն, ոչ թե Ավարայրի ճակատամարտ։
-Հնարավո՞ր է` երկխոսությունը ձախողվի:
-Կարող է և՛ ձախողվել, և՛ տապալվել, և՛ ընդհատվել, և՛ ձգձգվել։ Այսօր մենք խոսում ենք երկխոսության հնարավորության մասին։ Գլխավոր խնդիրը համակարգային և իշխանության որակի փոփոխություններն են։ Սրանք պետք է լինեն առանցքում, որպեսզի երկխոսությունն արժևորվի։ Երբ նորմալ ընտրություններ լինեն, դա երաշխիք է, որ մարդկանց կյանքի որակն էլ փոխվի, մրցակցային միջավայր ստեղծվի։
-Քանիցս նշել եք, որ արտահերթ ընտրությունների պատուհանը փակ է։ Այսօ՞ր էլ նույն կարծիքին եք։
-Այո, բայց մշտապես մի վերապահում ունեմ` եթե ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն։ Կարգավորման գործընթացում, ակնհայտ է, ստատուս քվոյի պահպանման ռեսուրսները փոքրանում են, այսինքն, հանգուցալուծումները մոտ են։ Սակայն առայժմ ինձ համար տեսանելի չեն այնպիսի զարգացումներ, որոնք հանգեցնեն արտահերթ ընտրությունների։
-Չե՞ք կարծում, որ երկխոսության համար պետք է բանակցությունների սեղանի շուրջը նստեն հենց լիդերները` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի գործարքների մասին խոսակցություններն այդքան ակտիվ չշրջանառվեն։
-Երկխոսությունը բազմաշերտ գործընթաց է։ Պատկերացնել, որ միանգամից առաջին դեմքերը կնստեն բանակցությունների, և՛ քաղաքագիտորեն, և՛ տեխնոլոգիապես հնարավոր չէ։ Սրան պետք է նախորդի նախապատրաստական աշխատանքը, այսինքն, նրանց լիազոր ներկայացուցիչների շփումները, հանդիպումները։ Սկզբունքային հարցերի շուրջ, բնականաբար, համաձայնությունը լեգիտիմ կլինի, եթե դրան մասնակցեն իշխանության ու կոնգրեսի առաջին դեմքերը։ Այս ամենից գործարքի «հոտ» չի գա, եթե իշխանությունն ու ընդդիմությունն անկեղծ լինեն իրենց ընտրազանգվածի հետ, որպեսզի հասարակությունը թեկուզ անուղղակիորեն մասնակից դառնա այդ գործընթացին։ Առանց հասարակական մասնակցության երկխոսությունը դատապարտված է։ Իշխանությունը պետք է հրաժարվի այն մոտեցումից, թե երկրում այլ սուբյեկտ չկա, ընդդիմությունն էլ, արտահերթ ընտրությունների պահանջն օրակարգում պահելով, իր ընտրազանգվածին անկեղծորեն պետք է ասի, որ հնարավոր են նաև այլ զարգացումներ։ Այսպիսի անկեղծությունը կհանգեցնի նրան, որ հասարակությունն էլ իրեն մասնակից կհամարի այդ երկխոսությանը։ Ցավոք, իշխանության և ընդդիմության որոշ գործիչների մեջ նկատում եմ անկեղծության որոշակի դեֆիցիտ։ Գործարք չկա, բայց որպեսզի դա հասարակության բոլոր շերտերն ընկալեն, անկեղծություն է պետք։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ