Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՄԵՆՔ ՏԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ, ԵՎ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՌԱԶՄԱԴԱՇՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՐԱԳՐԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

«ՄԵՆՔ ՏԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ, ԵՎ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՌԱԶՄԱԴԱՇՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՐԱԳՐԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
27.03.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ

-Ինը կուսակցություն ԿԸՀ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության համամասնական ցուցակները, Ձեր կարծիքով` ի՞նչ փուլ է հիմա սկսվում քաղաքական դաշտում:
-Այո, արդեն 9 կուսակցություն իր քաղաքական հայտերը ներկայացրել է, և հիմա ԿԸՀ-ում նրանց գրանցման փուլն է սկսվել: Փաստորեն, արդեն հնչել են քաղաքական ուղենշող հայտարարությունները, հրապարակված են քաղաքական մեսիջները, հայտնի է` ովքե՞ր, ի՞նչ թիմերով, քաղաքական ի՞նչ պաշարով ու ուղեգծով են գնում ընտրության: Այս շրջանն ամփոփում է առաջին թեթև «հրաձգությունը», ընտրացուցակների գնահատականները, հետո կսկսվի բուն նախընտրական շրջանը: Շատ շուտով կերևա` որ քաղաքական ուժը ի՞նչ մարտավարություն է ընտրել` աշխատել հանուն սեփակա՞ն հաղթանակի, թե՞ հանուն սեփական հաղթանակի աշխատել ընդդեմ մյուս քաղաքական ուժերի:
-ՀՀԿ-ն ի՞նչ մարտավարություն է որդեգրել:
-ՀՀԿ-ն ամենափորձառու, ամենակայացած ու ամենաբազմամարդ քաղաքական ուժն է, որ տարիներ առաջ է ընտրել հանուն սեփական հաղթանակի աշխատելու տարբերակը: Հակառակ դրան` շատ քաղաքական ուժեր, ընդհուպ կոալիցիոն, տարբեր ժամանակներում օգտագործել են ընդդեմ մրցակից քաղաքական ուժերի պայքարի տարբերակը: «Հանրապետականին» դա հարիր չէ, երբևէ նման բանաձևով հանդես չի եկել և չի գա:
-Ինչո՞ւ, ընտրությունների ժամանակ սև PR-ը լավ էլ աշխատում է:
-Անցած տարիների մեր վարած քաղաքականությունը, ՀՀԿ համագումարում ՀՀ և ՀՀԿ նախագահի ելույթը, կուսակցության անդամների հայտարարությունները և ելույթները Ձեզ չե՞ն համոզել, որ դա մեր ճանապարհը չէ: Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ հիմա, ՀՀԿ-ն քաղաքական համերաշխության ու հանդուրժողականության ճանապարհով է առաջ գնում և փորձում է հաստատել քաղաքացիական հաշտություն:
-Համերաշխությունն ու հանդուրժողականությունը ո՞ր ուժերի նկատմամբ և ի՞նչ գաղափարի շուրջ եք պատկերացնում:
-ՀՀԿ-ի քաղաքական կարգախոսն է` «Հավատանք, որ փոխենք»: Միայն առաջին հայացքից է սա մեկ կուսակցության քաղաքական կարգախոս: Լինելով մեր կուսակցության նախընտրական կարգախոս, այն վերաբերում է հանրության բոլոր շերտերին ու ողջ հասարակությանը, այնպես, ինչպես ՀՀԿ-ի քայլերն ու գործողությունները բոլոր ժամանակներում:
-Ի՞նչ է նշանակում այդ կարգախոսը` ո՞ւմ հավատանք, ի՞նչ փոխենք:
-Մենք ուզում ենք արժանավայել ապրել բարեկեցիկ երկրում, և յուրաքանչյուրս պիտի մեր գործունեության մեջ մի քիչ այլ լինենք: Յուրաքանչյուրս` մեր աշխատատեղում, մեր տանը, մեր մտածելակերպով: Այսինքն` սա ոչ միայն մեր գործողությունների ու քայլերի տրամաբանության փոփոխությանն է վերաբերում, այլև բոլորիս և ամբողջ երկրին:
-Այդ տրամաբանությամբ համակարգայի՞ն փոփոխությունների ենք հանգելու:
-ՀՀԿ համագումարի բանաձևում դա պարզ ասված է` համակարգային փոփոխությունների ենք գնալու:
-Այդ դեպքում ո՞րն է լինելու մեր իդեալը, դեպի ո՞ւր ենք գնալու:
-Ներքաղաքական կյանքում այս տարիներին ՀՀԿ-ի կատարած քայլերը բերեցին այս կարգախոսին և այդ իդեալին: Առաջին հերթին մեզ պետք է միմյանց նկատմամբ հանդուրժողականություն: Եթե փորձեմ օրինակավորել, պիտի հիշեցնեմ, որ ժամանակին հանրության մեջ ոչ ոք հնարավոր չէր համարում երկխոսությունը ՀԱԿ-ի հետ, ՀՀԿ-ի ներսում էլ, կոալիցիայում էլ կային տարբեր մոտեցումներ, բայց նախագահ Սերժ Սարգսյանը տարավ իր հստակ գիծը, թեպետ երկխոսությունը կիսատ մնաց, բայց դրսևորված քաղաքական կամքը որոշակի դրական որակներ հաղորդեց քաղաքական դաշտին, մթնոլորտ փոխեց: Բազում քայլեր են եղել, որոնք վկայում են լայնախոհությունն ու հանդուրժողականությունը գործունեության առանցք դարձնելու մեր հաստատակամությունը: Վստահ եմ, որ գալիք տարիներին էլ նախագահ Սարգսյանի ռազմավարությունն այսպիսին է մնալու. լինելով եվրոպական արժեհամակարգի, եվրոպական քաղաքական չափանիշների կրողներ` խորացնել ժողովրդավարությունն ու իրականացնել քաղաքական, սոցիալական, տնտեսական անհրաժեշտ բարեփոխումները: ԵԺԿ-ին անդամակցելիս մեր ստանձնած հանձնառություններն անկեղծ են և մեր սրտից բխող, համապատասխանում են մեր երկրի առաջընթացի ճանապարհների ընտրությանը: Այս մոդելն է ՀՀԿ-ն առաջարկում և այս մոդելին հոգեհարազատ էլ գործելու է գալիք տարիներին:
-Հետընտրական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում:
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում ցանկացած գնով հաղթանակի, և ՀՀ նախագահն էլ միանշանակ ասել է, որ մեզ անհրաժեշտ են մաքուր, ազնիվ, արդար ընտրություններ:
-Կա՞ն նման ընտրություններ անցկացնելու նախադրյալներ:
-Իհարկե, կան: Առաջին նախադրյալը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է: Այսօրվա ԸՕ-ն յուրաքանչյուր քաղաքական ուժի դիտորդին հասցրել է գրեթե հանձնաժողովի անդամի կարգավիճակի, հանձնաժողովի աշխատանքը ծայր աստիճան թափանցիկ է դարձվել, և ընտրական գործընթացի յուրաքանչյուր մասնակից, ով ուզում է սկզբից մինչև վերջ ամեն ինչ իր աչքով տեսնել, ունի այդ հնարավորությունը:
-Օրենսգիրքը նախորդ ընտրություններում էլ չէր մղում ընտրակեղծիքների:
-Կարևոր է, որ վստահված անձանց նման հնարավորություններ են ընձեռված` ամեն պահի, ամեն տեղում ամեն ինչ վերահսկելու, տեսնելու, իմանալու: Բայց ավելի կարևոր է քաղաքական կամքը. բազմիցս «Հանրապետականի» առաջնորդը, մյուս առաջատարները հայտարարել են այդ մասին: Մենք գնում ենք արդար ընտրությունների, գործելու ենք բաց և շիտակ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրության օրը: Էլ չեմ ասում, որ հիմա հեռահաղորդակցության միջոցներն այնքան են զարգացել, որ տանը նստած էլ հնարավոր է ամբողջական տեղեկություն ունենալ ամեն ինչից:
-Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կատարված փոփոխությունները կարո՞ղ են առնչվել այս ընտրություններին:
-Այս օրենքն առաջիկա, և ընդհանրապես, ընտրությունների հետ առնչություն չունի: Անվիճելի է, որ որևէ հարցի օրենսդրական լուծումը նախընտրելի է չկարգավորված վիճակից, և դրանով է պայմանավորված այս օրենքի ընդունման մեր հետևողականությունը: Մենք համարում ենք, որ արտակարգ դրությանը վերաբերող բոլոր հարցերը առավելագույնս պետք է կարգավորված լինեն օրենքով:
-Քաղաքական ի՞նչ ուժեր եք տեսնում ապագա խորհրդարանում:
-Ես չեմ պատրաստվում քաղաքական կանխատեսումներով զբաղվելու և Հայաստանի Հանրապետության ընտրողի փոխարեն որոշումներ կայացնելու: Ընտրողն այս տարիներին լիուլի ունեցել է ճանաչելու և կողմնորոշվելու հնարավորություն: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը լավ հայտնի են հասարակությանը: «Ազատ դեմոկրատներն» էլ, որ առաջին անգամ պիտի ընտրությանը մասնակցի այդ անվանումով, նույնպես և վաղուց հայտնի է հանրությանը: Նորահայտ քաղաքական ուժեր, որոնք կարող են անակնկալներ մատուցել, բացահայտորեն չկան:
-Չե՞ք կարծում, որ, դատելով հրապարակված ընտրացուցակներից, Հայաստանի քաղաքական դաշտին պակասում են քաղաքական բազմակարծություն ապահովող դեմքերը:
-ՀՀԿ-ն շահեկանորեն տարբերվում է այդ առումով. ինչքան էլ մամուլում շահարկվում էր, թե փոփոխություններ չկան, նույն մարդիկ են, ՀՀԿ-ի ցուցակում շատ նոր դեմքեր կան, և կան շատ հին դեմքեր էլ: ՀՀԿ-ն մշտապես երիտասարդությանը մեծ տեղ է տվել, մենք համարում ենք, որ կուսակցությունը նաև պետական կառավարման համակարգի կադրերի պատրաստման դարբնոց է, ուստի այս անգամ ևս երիտասարդությունը լավագույնս ներկայացված է մեր ցուցակում, նույնքան մեծ ներկայացվածություն ունեն կանայք:
-Ի՞նչ առանձնահատկություն են բերելու նոր խորհրդարանին կանայք:
-Իհարկե, դա այսօր ԸՕ-ի պահանջն է, բայց ոչ միայն ԸՕ-ի, այլև կյանքի պահանջն է, և մեր կուսակցությունն այդ պահանջին ֆորմալ չի վերաբերվել, ի խորոց սրտի ընդունել է, այլապես ԸՕ-ի այդ փոփոխությունը խորհրդարանում չէր անցնի: Հանրության զգալի հատվածը, ժողովրդի կեսից ավելին կանայք են, և նրանք ցանկալի չափով ներկայացված չէին խորհրդարանում, ուստի նրանց ընտրությամբ ապահովվելու է հասարակության զգալի մասի ներկայացվածությունն օրենսդիր մարմնում: Երիտասարդների ու կանանց ընդգրկումով ՀՀԿ-ն ստանում է 30-40 տոկոս նոր արյուն ու նոր ավյուն իր շարքերում և իր ընտրացուցակում: Բնականոն զարգացող քաղաքական ուժը պետք է անպայման համադրի ավագների փորձառությունը և իմաստնությունը այսօրվա գլխավոր ծանրությունը կրող սերնդի և երիտասարդների նորովի մտածողության հետ: Այս եռամիասնությունն է ապահովում քաղաքական ուժի մրցակցային լինելը և բարձունքում մնալը:
-ՀՀԿ-ն հավակնո՞ւմ է 50+1 տոկոսի:
-Իհարկե: Հայաստանի քաղաքական երկնակամարում մեր ներկայությունն ինքնանպատակ չէ, մեր ծրագրերը հաջողությամբ և արագ իրագործելու համար մենք ուզում ենք մեր գաղափարախոսությունը տարածված տեսնել և մեծացնել մեր կողմնակիցների թիվը: Մենք հավատում ենք մեր ուժերին, ամեն ինչ արել և անում ենք, որպեսզի Հայաստանը հնարավորինս առաջ մղվի, և հավատում ենք, որ մեր ժողովուրդն ապրելու է իր իդեալներին ու իր պատկերացումներին վայել կյանքով:
-Հաղթելու պարագայում ՀՀԿ-ն ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու:
-Արտաքին քաղաքականության սկզբունքները ձևավորվել են այս տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ. եվրաինտեգրման հետագա խորացում, դրացիական հարաբերություններ տարածաշրջանի հարևանների հետ։ Հայ-թուրքական հարաբերություններում եղել և մնում ենք ջատագովը դիվանագիտական հարաբերությունների հաստատման, եղել և մնում ենք ջատագովը Ցեղասպանության միջազգային ճանաչման և այս տարիներին առավելագույն քայլերն ենք այդ ուղղությամբ ձեռնարկել: Նույն քաղաքականությունը, որը մենք վարել ենք Լեռնային Ղարաբաղի հարցում, շարունակելու ենք` մենք տերն ենք մեր հաղթանակների, և մեր նպատակն է ռազմադաշտում ձեռք բերված հաղթանակը ամրագրել դիվանագիտական դաշտում` դեյուրեն դարձնելով դեֆակտո:
-Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և՞ս նույնն է մնալու:
-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ինչքան էլ մեզ շեղեց զարգացման ճանապարհից ու կառուցողական խնդիրներից, այնուամենայնիվ, այս տարիներին մենք կարողացանք պետականության ամրապնդման քայլեր ձեռնարկել, կարողացանք դիմակայել` կանգնեցնելով մեզնից չկախված պատճառներով տեղի ունեցող տնտեսական անկումը: Շնորհիվ ՀՀ կառավարության իրականացրած խելամիտ քաղաքականության մենք վերադարձանք կայունության և տնտեսական աճի: Եվրոպական հզոր և հարուստ պետությունները դադարեցրին ու կրճատեցին սոցիալական ծրագրերը, գնացին ծայրահեղ ոչ պոպուլյար քայլերի, ձևավորեցին բյուջեի մեծ պակասուրդներ և պետական պարտքեր, ինչն այսօր նրանցից շատերի համար ամենամեծ վտանգներից է: Այս համապատկերում, ճգնաժամի պայմաններում ոչ մի սոցիալական ծրագիր Հայաստանում չձախողվեց, կառավարությունը կատարեց իր բոլոր սոցիալական պարտավորությունները, ոչ միայն չնվազեցնելով, այլև ավելացնելով սոցիալական ոլորտներին` առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, կրթությանն ուղղվող միջոցները, աննախադեպ ներդրումներ կատարվեցին արդյունաբերական ներուժը վերականգնելու և նոր բնագավառներ ու հնարավորություններ բացահայտելու համար, վարվեց հատուկ քաղաքականություն գյուղին ու գյուղացիությանն աջակցելու նպատակով, իրականացվեցին գյուղատնտեսության զարգացմանն ուղղված, նախադեպը չունեցող ծրագրեր, լրջագույն ներդրումներ եղան ենթակառուցվածքներում: Մեզ երբեմն մեղադրում են, թե պարտք ենք վերցրել: Ճիշտ է, վերցրել ենք, բայց այդ պարտքը ոմանց նման չենք վատնել կամ ինֆլյացիայի չենք ուղղել: Այսօր շատ երկրներ կան, որոնք գերագույն ճիգեր են գործադրում պարտք ստանալու համար, բայց ապարդյուն, որովհետև պարտք տվողներն էլ տալուց առաջ ուսումնասիրում են, հաշվում, գնահատում, ճշտում, և եթե վերադարձի վստահությունը, նախադրյալներն ու երաշխիքները, ծախսելու ճիշտ ուղղությունները ձևավորած չեղար, ոչինչ չես ստանա: ՀՀԿ համագումարում մեր նախագահը գալիք տարիների ուղենիշը սահմանեց. վերադառնալ տնտեսական զարգացման, տնտեսական աճը հասցնել յուրաքանչյուր ընտանիք` ամենքի համար տեսանելի և զգալի դարձնել, մարդակենտրոն քաղաքականություն վարել` մեր բոլոր ծրագրերի կենտրոնում տեսնելով կոնկրետ մարդուն իր տարատեսակ խնդիրների լուծման մեխանիզմներով: Ինչքան էլ մենք տնտեսական աճ, տարբեր ցուցանիշներ ենք գրանցում, ամեն հայ ընտանիք պիտի տեսնի ու զգա բարեփոխումներն իր կենցաղում ու իր կյանքում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ