«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԻՆՉՊԵՍ 2009-ԻՆ ԵՎ 2010-ԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ 2011-ԻՆ ՄԵՆՔ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐԵՆՔ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ»

«ԻՆՉՊԵՍ 2009-ԻՆ ԵՎ 2010-ԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ 2011-ԻՆ ՄԵՆՔ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱՏԱՐԵՆՔ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ»
30.11.2010 | 00:00

Տարին ավարտվում է, և ինչպես միշտ, պետությունը պատրաստվում է հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի` պետբյուջեի իրականացմանը։ Չնայած այս տարի որոշ չափով բարձրացան կենսաթոշակները, այնուհանդերձ, մարդիկ խիստ դժվարությամբ են լուծում հանապազօրյա հացի խնդիրը։ Ըստ որոշ վերլուծաբանների, Հայաստանը չկարողացավ ապահովել «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված միջոցառումները, որը կարող էր թեթևացնել սոցիալական լարվածությունը։ Արդյոք 2011-ի պետբյուջեով նախատեսվող ծախսերը սոցիալական պաշտպանության ոլորտում ինչ-որ չափով կլուծե՞ն այդ խնդիրը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Մեզ մեղադրում են, որ մենք կայուն զարգացման ծրագրից մի փոքր նահանջել ենք և առաջնորդվում ենք կառավարության միջնաժամկետ ծրագրերով։ Բայց համաձայնեք, որ դա շատ բնական է։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է մեծացվեր արտաքին պարտքը, կա՛մ էլ կտրուկ կրճատվեր ծախսային հատվածը։ Պետբյուջեի մեկ տրիլիոն դրամից մոտ 27,7 մլրդ դրամը բաժին է հասնում սոցիալական պաշտպանության ծախսերին։ Այնպես որ, չնայած 2009-ին արձանագրված ՀՆԱ-ի 15 տոկոս անկմանը, մենք չենք հրաժարվել սոցիալական ծրագրերից և մեր պարտավորությունները կատարել ենք հարյուր տոկոսով։ Այժմ այդ նույն գործընթացը շարունակվում է։ Ի վերջո, տեսնելով Հունաստանի, Իռլանդիայի, Իսպանիայի, այժմ արդեն Պորտուգալիայի և Հոլանդիայի տխուր փորձը` քննարկել, թե ինչու Հայաստանում սոցիալական պաշտպանվածության ծրագրերը չեն իրականացվել «Կայուն զարգացման ծրագրի» շրջանակներում, ինչը ենթադրում էր թռիչքային վերելք, կարծում եմ, տեղին չէ։ Եթե յուրաքանչյուր մարդ ճգնաժամի պայմաններում փոքրացնում է իր գրպանի բացվածքը, ապա պետությունը` առավել ևս։
-Համամի՞տ եք այն պնդմանը, թե երկրում արդեն հաղթահարված է ճգնաժամը։
-Փաստը հետևյալն է. եռամսյակային հարկերի պլանավորված հավաքագրումը կատարվում է, ինչը նշանակում է, որ նոր անկում չենք ապրում, նկատվում է վերելք։ Իսկ թե երբ կհասնենք անհրաժեշտ բարձրությանը, այսինքն` ՀՆԱ-ի աճի մակարդակին, որն ունեինք 2008-ի տարե-սկզբին, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, և՛ վարչապետը, և՛ ֆինանսների նախարարը հայտարարեցին, որ 2010-ի ինն ամիսների կտրվածքով մենք ունենք ծրագրավորվածից ավելի հավաքագրված 40 մլրդ դրամ։
-Կարելի է ենթադրել, որ դա էր պատճառը, որ 2011-ի պետբյուջեի ծավալները, հատկապես սոցիալական մասով, մեծացան։
-Իհարկե, եթե 2011-ի պետբյուջեն համեմատենք 2010-ի հետ, ապա ակներև է, որ զգալիորեն նվազել են բյուջեի դեֆիցիտը և արտաքին պարտքը։ Ինչ վերաբերում է հավաքագրվող գումարներին, ապա, եթե դիտարկենք աղբյուրների տեսանկյունից, պարզ է դառնում, որ առաջին` բյուջեի դեֆիցիտի կրճատումը եկամուտների ավելացման լուրջ աղբյուր է։ Երկրորդ` ավելացել են հարկերը։ Սրանք ֆինանսավորման աղբյուրներ են, ինչի արդյունքում սոցիալական պաշտպանության բյուջեն ավելացել է մոտ 27 մլրդ դրամով։ Եթե 2010-ին այն 244 մլրդ դրամ էր, ապա 2011-ին 272 մլրդ է։ Հետևաբար, պետբյուջեի ծախսային մասը սոցիալական ոլորտում ավելացել է հավաքագրվելիք եկամուտների հաշվին։
-Համամի՞տ եք, որ 2011-ի պետբյուջեն սոցիալական ուղղվածություն ունի։
-Կասեի, որ այն կայուն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում մենք չնահանջեցինք մեր ծրագրերից։ Այո, ճիշտ է, մի կողմից, մենք չկարողացանք ապահովել «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված զարգացման տեմպը, մյուս կողմից` սկզբունքորեն հետ չմնացինք դրանցից։
-ՈՒզում եմ հասկանալ «չկարողացանք տեմպը պահել, բայց չնահանջեցինք» ասվածը։ Եթե տեմպը չի պահվում, ապա ինքնաբերաբար հետընթաց է լինում։
-Աշխարհում մեկ այլ բան էլ կա. օրինակ, Հունաստանում 30 տոկոսով կրճատեցին բոլոր սոցիալական ծախսերը, ինչպես նաև բյուջետային աշխատավարձերը։ Այնպես որ, սա էլ կա։ Մինչդեռ Հայաստանը կարողացավ սոցիալական բոլոր հատկացումները` կենսաթոշակների, նպաստների, երեխաներին հատկացվող միանվագ վճարների չափը չնվազեցնել։ Հակառակը, երբ գազի սակագինը բարձրացավ, մենք արագ վերահաշվարկ կատարեցինք. բազային կենսաթոշակային չափը բարձրացվեց, որպեսզի մեր բնակչության այդ զանգվածը ծանր վիճակի մեջ չհայտնվի։
-Խոսեցինք թոշակներից և աշխատավարձերից, հետաքրքիր է իմանալ` հնարավո՞ր է կայուն սոցիալական զարգացում ապահովել 2011-ի բյուջեով նախատեսվող 2500 դրամ աշխատավարձի բարձրացման արդյունքում, երբ գնաճն ավելի մեծ է։
-Ընդհանրապես, կայունությունը տնտեսության և սոցիալական ծրագրերի առումով տարբեր է։ Եթե մենք կարողացել ենք այս տարվա կեսին ավելացնել բազային կենսաթոշակի չափը, ապա դա կայուն աճ է։ Եվ ես արդեն հիմնավորեցի, որ 2011-ին նախատեսված սոցիալական ծախսերի աճը պայմանավորված է բյուջետային եկամտի ավելացմամբ, ոչ թե դեֆիցիտի։ Երբ ավելի ծախս ես կատարում եկամուտների հաշվին, ապա դա արդեն կայունություն է։ Գիտեմ, որ կհարցնեք, որ գնաճն ավելի է ավելացրած գումարներից։ Կանխելով հարցը, ասեմ, որ այո, այդպես է, սակայն դա այն խնդիրն է, որը մենք քննարկում ենք։ Եթե այժմ համապատասխան մարմինները չկարողանան արդյունավետ պայքարել գնաճի դեմ, ապա, բնականաբար, ինչպես անցած տարի, այնպես էլ 2011-ին հարց կառաջանա` ինչպես պահպանել գոնե նախկին մակարդակը։ Սակայն այդ խնդիրը կքննարկվի այն ժամանակ, եթե գնաճը չկարողանանք զսպել։
-Բայց եթե գնաճը չկանխվի, այն սոցիալական դժգոհության ալիք կձևավորի, ինչը բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ 2012-ին նախատեսվող ԱԺ ընտրություններում, հատկապես իշխող կուսակցության համար։
-Եթե Դուք կարծում եք, թե իշխող կուսակցությունը միտումնավոր նպաստում է առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների բարձրացմանը, ապա սխալվում եք։
-Ես կարծում եմ, որ պետությունն այն մեքենան է, որը ցանկացած պահի կարող է գնաճի հարցում զսպողական մեխանիզմ կիրառել։
-Ձեր իսկ նշած իշխանությունը, բնականաբար, անում է հնարավոր ամեն բան գնաճը զսպելու առումով և դրան զուգահեռ փորձում է ավելացնել ՀՆԱ-ի և սոցիալական ծախսերի չափը։ Սրանք բոլորը նպատակներ են, և յուրաքանչյուր օր դրանց շուրջ աշխատանք է տարվում։ Ելնելով տնտեսագիտության սկզբունքներից, պետք է հիշեցնեմ, որ տնտեսության մեջ ամեն բան ամեն օր նույն վիճակի մեջ և հաստատուն չի կարող լինել։ Տնտեսությունը մեկ միասնական օրգանիզմ է, որի որևէ հատվածի հիվանդությունը կարող է բացասաբար ազդել մյուս մասերի վրա։
-Վերադառնանք 2011-ի պետբյուջեին։ Եթե եկամուտների հավաքագրման ներկա դինամիկան պահպանվի, ապա հաջորդ տարվա բյուջեն կկարողանա՞ ապահովել սոցիալական հոդվածով նախատեսված ծախսային մասը։
-Այն, ինչ որդեգրված է սոցիալական պաշտպանության բնագավառում, ներառյալ կրթությունն ու առողջապահությունը, համոզված եմ, որ ինչպես 2009-ին և 2010-ին, այնպես էլ 2011-ին մենք բյուջեն կկատարենք հարյուր տոկոսով։
-Նկատի ունեք եկամտայի՞ն մասը, թե՞ սոցիալական ծրագրերը։
-Եկամուտների ներգրավումից անկախ, մենք այդ ծախսերը պարտադիր կատարելու ենք։
-Ինչի՞ հաշվին։
-Եթե պետք լինի, 2009-ի նկատմամբ կատարված արտաքին պարտքի ավելացման։
-Աստված չանի, պետք լինի։
-Իհարկե, Աստված չանի, համենայն դեպս, կառավարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել` սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելու։ Օրինակ, եթե «Փարոս», «Ընտանեկան նպաստի» համակարգերը մենք ընդունել ենք այն ժամանակ, երբ 2000-ին, ՀԲ-ի տվյալներով, մեր հասարակության 56 տոկոսն աղքատ էր, ապա 2009-ի սկզբին, այդ նույն տվյալներով, աղքատությունը 22 տոկոս էր։ Սրանից ելնելով, նպատակ ունենք փոխելու մոտեցումը` գտնել այն ընտանիքը, որը պետության աջակցության կարիքն ունի։ Սա շատ բարդ գործընթաց է և գուցե շատ ընտանիքների համար ցավոտ լինի։ Սակայն, կարծում եմ, սոցիալական արդարության սկզբունքներից ելնելով` պարտադրված ենք վերանայել այն։
-Անցած տարի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ հաճախ նշված ծրագրերից օգտվում են խիստ ապահովված ընտանիքները։ Այդ խնդիրն ա՞յժմ էլ կա։
-Հենց այդ գործոնն է նաև պարտադրել մեզ վերանայելու քաղաքականությունը։
-Հաճախ այդ խախտումների մեջ մեղադրվում են ՏԻՄ ղեկավարները, որոնք իրենց բարեկամներին խցկում են այդ ծրագրերի մեջ։
-Կասեի, պետք է պետական պատկան կառույցներն իմանան իրենց անապահով քաղաքացիների տեղը։ Յուրաքանչյուր երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը վճարում է 430 հազար դրամ միանվագ գումար։ Արդյոք բոլոր ընտանիքներին պե՞տք է տրամադրել այդ գումարը, թե՞ ոչ։ Կարծում եմ, պետք է այս հարցը ևս վերանայվի և այստեղ նույնպես հասցեական քաղաքականություն իրականացվի։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ