Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱՀԵՆ ԻՐԵՆՑ ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՄԱՐԴՈՒ ԼԱՎ ՏԵՍԱԿՆ ԵՆ»

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱՀԵՆ ԻՐԵՆՑ ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՄԱՐԴՈՒ ԼԱՎ ՏԵՍԱԿՆ ԵՆ»
23.03.2012 | 00:00

և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է «Մովսես Խորենացի», «Նանսենի» ոսկե մեդալների շքանշանակիր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ:

«ԿԻՐԹ, ԶԱՐԳԱՑԱԾ ԿԻՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԳԵՐԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»
-Տիկի՛ն Դոլուխանյան, իր հերթական հաղթարշավն է սկսել կանանց մեկամսյակը, և հետաքրքիր է իմանալ Ձեր զգացողությունների մասին` կապված այս տոնի հետ, ու լսել հայ կանանց ուղղված մաղթանքները:
-Ոմանք դեմ են այս մեկամսյակին, բայց ես նրանց թվում չեմ: Այդ մեկամսյակը տոն հռչակողներն անխելք մարդիկ չեն: Ես շատ սիրում եմ հայ կանանց: Երևի դա պայմանավորված է նրանով, որ հայ կնոջ պատմությունը լավ գիտեմ` սկսած հին ժամանակներից մինչև այսօր: Մի անգամ մեր տանը հյուր էր Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտի տնօրեն, Սորբոնի համալսարանի դասախոս Սթիվ Սթրիքլինգը, որը խոսում էր ֆրանսերեն: Տեսնելով, որ ես ևս խոսում եմ ֆրանսերեն, աղջիկս փայլուն տիրապետում է անգլերենին, մենք լավատեղյակ ենք աշխարհի անցուդարձերին, զարմացած ասաց. «Հայ կինը ե՞րբ է հասցրել այսքան զարգանալ»: Ես նրան խորհուրդ տվեցի Վաշինգտոն վերադառնալուց հետո Կոնգրեսի գրադարանից վերցնել Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» աշխատության (գիտեի, որ այնտեղ գիրքը կա) ֆրանսերեն թարգմանությունը, կարդալ վերջին երեք էջը և իմանալ, որ հայ կինը շատ զարգացած է եղել դեռ հինգերորդ դարում: Դա փաստ է և անհերքելի: Բացի այդ, Աճառյանի «Անձնանունների բառարանում» հիշատակվում է, թե քանի՜-քանի ձեռագրերի պատվիրատուներ եղել են հայ կանայք: Դա ահռելի թիվ է կազմում: Նշանակում է, որ հայ կինը վաղնջական ժամանակներից մեծ կապ է ունեցել գրքի հետ և հոգևոր մարդ է: Ես հաճախ եմ շփվում արտասահմանցիների հետ: Երբ նրանք լինում են Հայաստանում, ուղղակի հիանում են մեր աղջիկներով, հատկապես երիտասարդ սերնդով: Նրանք միշտ ասում են, որ Հայաստան եկողները հայկական խոհանոցին, հայկական հուշարձաններին ծանոթանալուց առաջ պետք է ճանաչեն ու գնահատեն հայ աղջիկներին: Սա շոյում է իմ ազգային փառասիրությունը: Ես ցանկանում եմ, որ հայ կանայք պահեն իրենց հոգու և մարմնի գեղեցկությունը, որովհետև նրանք մարդու լավ տեսակն են: Թող պահեն այդ տեսակը և ձգտեն աշխարհում հետ չմնալ ուրիշ ազգերի կանանցից: Ես սրտանց սա եմ մաղթում մեր կանանց:
-Մեր ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանի բանահյուսական գոհարները, պատմական վավերագրերը վկայում են այն մասին, որ հայ կինը շատ բան է որոշել ոչ միայն իր ընտանիքի, այլև համայն ազգի ճակատագրում: Սակայն մյուս կողմից մենք ունենք տղամարդու դերը գերադասելու, հայրիշխանությունն իբրև կեցության հաստատուն ձև ընդունելու իրողությունը: Ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:
-Մենք միշտ էլ պիտի պահենք տղամարդուն գերակա դեր վերապահելու սովորույթը: Դա մեզ պատիվ է բերում: Ես այս հարցում էլ հայկական մոտեցմանը համաձայն եմ: Նույնիսկ զարգացած ընտանիքներում, որտեղ կնոջ և տղամարդու դիրքերը, իրավունքները հավասար են, կիրթ, զարգացած կինն ինքնակամ գերապատվությունը տալիս է տղամարդուն: Դա շատ գեղեցիկ բան է: Դա վկայում է, որ կինը տղամարդու մեջ տեսնում է ուժ, ասպետականություն, մի բան, որ անժխտելիորեն գեղեցիկ է: ՈՒ մեր տղամարդիկ արժանի են, որ կանայք նրանց առաջնային տեղ վերապահեն: Սրանով ավելի գեղեցիկ են դառնում մեր ընտանիքները: Չզարմանաք, բայց հավաստի օրինակով կարող եմ վկայել, որ եթե գերմանացուն ընտրության հնարավորություն տան իր համար կին ընտրելու ոչ իր ազգից, ապա նա անվերապահորեն կընտրի հայուհուն, որովհետև գիտի, որ հայ կինը հարգում է իր ամուսնուն, նվիրվում իր ընտանիքին, նաև զարգացած է, գրագետ: Շատ տհաճ է, երբ կինն իր մտավոր, հոգևոր կարողություններով զիջում է ամուսնուն, բայց, այսուհանդերձ, ամուսնու գերակայությունը ճիշտ բան է: Ես սա ասում եմ որպես հայ կին: Ինքս շատ կցանկանայի, որ իմ ամուսինն ինձնից խելոք լիներ, պաշտամունքային կերպար լիներ իմ ընտանիքում, ինչպես եղել է իմ հայրական ընտանիքում:

«ԻՆՏԵՐՆԵՏԸ ԳՐՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԱՐԺԵՔՆԵՐ ՎԵՐՑՐԵԼ Է ԻՐ ՎՐԱ»
-Դարերի խորքից եկող փաստերը վկայում են, որ մենք գիրքը, մագաղաթը սրբագործող, կյանքի գնով այն փորձություններից փրկող ժողովուրդ ենք եղել: Մեր օրերում հատուկենտ գրախանութներ են մնացել Երևանում, երիտասարդ գրող Արամ Պաչյանն անգամ հարկադրված բողոքի ակցիա է կազմակերպում «Անի» գրատունը փակելու դեմ, տպագրվում են գրքեր ընդամենը մի քանի հարյուր տպաքանակով: Մեզ ի՞նչ է պատահել:
-Սա գլոբալ երևույթ է և ոչ զուտ հայկական: Ես երկու տարին մեկ լինում եմ Բոստոնում և աշխատում ազատ ժամանակս անցկացնել կա՛մ գրադարանում, կա՛մ գրախանութներում: Այնտեղ, իհարկե, գիրքն ավելի թանկ է, քան մեզ մոտ, բայց ես անպայման փնտրում եմ գրքեր, որոնք կարելի է գնել և բերել տուն` Երևան: ՈՒ պիտի ասեմ, որ այն գրախանութները, որոնք գտնվում էին իմ ապրած տան մերձակայքում, այժմ գոյություն չունեն: Դրանք հեքիաթային, ընտիր գրախանութներ էին` տեղակայված եռահարկ շենքերում, ապահովված շքեղ պայմաններով: Այսօր դրանք կամաց-կամաց վերանում են: ՈՒրեմն, երևույթը միայն հայկական չէ, այլ համաշխարհային է, համընդհանուր:
-Մեղավորն ինտերնե՞տն է:
-Մասամբ, այո՛: Բայց մեկ ուրիշ բան էլ ասեմ: Ես մեկուկես ամիս պարապում էի Կանադայի գրադարաններից մեկում, ու տեսնում էի, որ կողքիս նստած` պարապում են բազմաթիվ երիտասարդներ: Նրանք կարդում էին, օգտվում գրքերից: Այնպես որ, գիրքը չի կորցրել իր արժեքը, պարզապես ինտերնետը գրքային որոշ արժեքներ վերցրել է իր վրա: Թե չէ գիրքն արհամարհված չէ: Կրթված մարդու համար գիրքը շարունակում է մնալ սրբություն, համարվել լավագույն, ամենաթանկ նվերը: Վստահ եմ, որ շատ հայ ընտանիքներում գրքի վրա ուղղակի դողում են: ՈՒ երբ նման մարդկանց լավ գիրք ես նվիրում, դա համարժեք է մի անգնահատելի գանձ նրանց հանձնելուն:
-Խորհրդային հասարակարգի արշալույսին Չարենցը, Բակունցը, Մահարին ձևավորել էին «Նոյեմբեր» միությունը, և բնականաբար, թիրախ էին դարձել անտաղանդ ու մարտնչող գրչակների համար: Չարենցը, նրանց խայթոցներին ի պատասխան, միշտ նկատում էր, որ նրանք, այո՛, կունենան բարձր պաշտոններ, կապրեն տաքուկ-փափուկ անկյուններում, բայց ժողովուրդն էլի իր և իր ընկերների գրքերը կկարդա: Այսինքն` գրողն ուներ այն վստահությունը, որ ընթերցողը բարձրաճաշակ է: Այսօր մենք ունե՞նք այդ բարձրաճաշակ ընթերցողը, կարո՞ղ ենք վստահ լինել, որ մարդիկ գրողին գնահատում են ոչ թե իր պաշտոնով (նախագահ, պատգամավոր, նախարար, հրատարակչության տնօրեն, գլխավոր խմբագիր և այլն), այլ ստեղծած գրականությամբ:
-Անշուշտ, ունենք այդ բարձրաճաշակ ընթերցողը: Անպայմանորե՛ն ունենք: Եվ այս ընթերցողին պատրաստելու առաքելությունը դրված է ուսուցիչների, ավելի շատ` դասախոսների վրա: Գրականագիտական որոշակի մակարդակ ունեցող մասնագետներն իրենց սաներին պիտի հանձնարարեն կարդալ ժամանակակից այն գրողներին, որոնք իսկապես տաղանդավոր են: Եվ երիտասարդությունը շատ սիրով կկարդա: ՈՒ կարդում էլ է, չկարծեք, թե չի կարդում: Բայց կա մի վտանգավոր երևույթ թե՛ գեղարվեստական գրականության, թե՛ գրականագիտության մեջ. որոշ գրամոլներ իրենք իրենց հռչակում են հանճար ու ստեղծում սեփական փառքի դափնիները: Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել թե՛ իբրև նախագահ, թե՛ իբրև անդամ ներգրավվելու գրական մրցանակ շնորհող հանձնաժողովների աշխատանքներում: Ի դեպ, պիտի հավաստիացնեմ, որ բավական ազնիվ ու անաչառ են և՛ գրողների միության, և՛ նախագահական մրցանակներ շնորհող հանձնաժողովները: Ոչ ոք որևէ մեկին հրահանգ չի տալիս ընտրություն կատարելիս: Դա կլիներ անբարոյականություն: Յուրաքանչյուրը քվեարկում է իր խղճի մտոք, վերջնական արդյունքը որոշվում է ձայների առավելագույն ցուցանիշով: Եվ հանկարծ ինչ-որ մեկը դժգոհում է, որ իր «հանճարեղ» գործը մերժվել է: Իսկ գործն իրականում շատ հեռու է անգամ շնորհալի լինելուց: Եվ երբ թվարկում ես այն բոլոր թերությունները, որ կան իր գործում, զարմանում է, որ այդքան ուշադիր ու մանրակրիտ կարդացել ես գործն, ու այլևս ասելիք չի գտնում: Իսկ տաղանդավոր գրողներ ու բարձրաճաշակ ընթերցողներ կան, պարզապես պետք է ուղղորդել նրանց: Կարծում եք` առաջներում չե՞ն ուղղորդել: Միշտ էլ ուղղորդել են: Եվ միշտ էլ տաղանդավոր, մեծ գրողների կողքին եղել է միջակների մի բանակ, որն իրեն համարել է չգնահատված, չարժևորված:

«ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ «ԲԱԶՈՒՄԸ» ՈՐԱԿ ՈՒՆԵՆԱ, ՊԵՏՔ Է ՆՊԱՍՏԵՆՔ ԴՐԱՆ»
-Դուք ղեկավարում եք մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնը և պատրաստում, փաստորեն, հայ գրականության ապագա ուսուցիչներին: Ի՞նչ կոնտինգենտ է այսօր սովորում և ավարտում բանասիրական ֆակուլտետը, այն Ձեզ բավարարո՞ւմ է իր մակարդակով:
-Ես մանկավարժական համալսարանում դասավանդում եմ շատ երիտասարդ տարիքից` 26 տարեկանից: Իսկ դա նշանակում է, որ աչքիս առջև եկել-անցել են ուսանողների շա՜տ ու շատ սերունդներ: ՈՒ պիտի ասեմ, որ էական տարբերություն կա 70-ականների սկզբի ու այսօրվա ուսանողության միջև: Ոչ թե ցանկանում եմ պարզապես փնովել այսօրվա ուսանողներին, այլ նշել պատճառները նրանց այսպիսի որակի: Այն տարիներին մեզ մոտ ուսանելու էին գալիս մտավորական ընտանիքների երեխաներ, նրանք որոշակի պատրաստվածությամբ, որոշակի գիտելիքի պաշարով զինված էին գալիս բուհ: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև հայոց լեզվի, հայ գրականության մասնագետ լինելը պատվավոր գործ էր խորհրդային ժամանակաշրջանում: Իսկ հիմա մեզ մոտ ընդունվում են երևի հինգերորդ հայտով: Գալիս են այն դիմորդները, որոնք պարզապես ուրիշ ոչ մի տեղ մրցակցությանը չեն դիմանում:
-Այսինքն` ակամա դառնում են մանկավարժական համալսարանի ուսանո՞ղ:
-Այո՛: Ավելին, ակամա դառնում են ուսուցիչ: Իսկ սա արդեն շատ բան է նշանակում: Տխուր բան: Երբ ես հիշում եմ իմ ունեցած առաջին կուրսը, այն բանիմաց, խելացի տղաներին ու համեմատում այսօրվա ուսանողների հետ, ուղղակի համեմատության եզրեր չեմ գտնում: Այս տարի ես ընդամենը մեկ հոգու եմ առավելագույն 20 միավոր նշանակել ընդունելության քննությանը: Սա շատ քիչ հիմքեր է տալիս ոգևորության համար: Առաջ ոգևորվելու հիմքերն անհամեմատ ավելի շատ էին: Եվ սա ոչ թե պատճառաբանվում է երիտասարդության որակով, այլ կյանքի պարտադրած չափանիշներով: Բարձր ունակություններով օժտված շրջանավարտը դիմում է ոչ թե հայ բանասիրության, այլ անգլերենի, ինֆորմատիկայի, տնտեսագիտության բաժիններ: Որովհետև մարդը, բոլոր դեպքերում, պրակտիկ է: Նա մտածում է ոչ թե սոսկ կրթություն, դիպլոմ ստանալու, այլ իր և իր ընտանիքի վաղվա բարեկեցության մասին: ՈՒր դիմում ես աշխատելու, առաջին հարցն է. «Անգլերեն գիտե՞ք»: Իսկ հայկական բանասիրության բաժնում, լինենք անկեղծ և խոստովանենք, անհնար է փայլուն կերպով անգլերենին տիրապետել: Ահա և գլխավոր պատճառը, որով պայմանավորված է մեր կոնտինգենտի ոչ բավարար որակը:
-Եվ նույնքան ոչ բավարար վիճակը հայ դպրոցում դասավանդող մանկավարժական կազմի պարագայում:
-Այո՛: Ասեմ մեկ այլ բան: Առաջ մեր կուրսերը բաղկացած էին 200 հոգուց: Հաճախ նույնիսկ բողոքում էին, թե պետությունն անհարկի ծախսեր է անում` այդքան մասնագետ պատրաստելով և նրանց կրթաթոշակ վճարելով: Չէ՞ որ խորհրդային ժամանակներում ուսանողներն այնպիսի կրթաթոշակ էին ստանում, որ կարող էին, թեկուզ համեստ, բայց առանց ծնողների օգնության ապրել այդ գումարով: Եվ դա խթան էր դառնում, որպեսզի ուսանողը լավ սովորի, չկտրվի քննությունից ու չզրկվի կրթաթոշակից:
-Փաստորեն, ստացվում է, որ ամենայն հոգևոր արժեք կյանքում պայմանավորված է նյութական բազայո՞վ:
-Նաև` նյութական բազայով: Քչերն են, սկսած միջնադարից մինչև մեր օրերը, կարողացել վեր կանգնել նյութական շահագրգռությունից և անմնացորդ ու անհատույց նվիրվել հոգևորին: Այդպիսիք կան, և նրանք գրում են, ստեղծագործում` անկախ նյութական փոխհատուցման պարագայից: Դա արդեն նրանց ճակատին է գրված: Չանել չեն կարող: Բայց եթե մենք ձգտում ենք համատարած առաջընթացի, լավ մասնագետների պատրաստման` լայն իմաստով, արդեն պիտի նյութական ներդրում անենք, նյութապես խթանենք այդ գործընթացը: Հայտնի ճշմարտություն է. «Բազում են կոչեցեալք և սակավ ընտրեալք»: Եթե ցանկանում ենք, որ «բազումը» որակ ունենա, պետք է նպաստենք դրան:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ