ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Խոշոր եղջերավոր կենդանու մսից մարդը չի վարակվում»

«Խոշոր եղջերավոր կենդանու մսից մարդը չի վարակվում»
13.02.2009 | 00:00

ԾՂՈՒԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՄՈՏԵՑԵԼ ՎԱՐԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՆ
Մամուլն արդեն անդրադարձել է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում արձանագրված բրուցելյոզ հիվանդությանը, ինչը, շրջանառվող լուրերի համաձայն, մանր և խոշոր եղջերավոր անասունը ժամանակին չպատվաստելու հետևանք է։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը ստույգ, և ինչո՞ւ պատվաստում չի արվել։ Զրուցում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻ հետ։
-Տվյալ հիվանդության դեմ ՀՀ-ում պատվաստումներ չեն իրականացվում։ Ընդհանրապես, բրուցելյոզը դասվում է քրոնիկական հիվանդությունների շարքին, որով հիվանդանում են նաև մարդիկ։ Վարակի աղբյուրը հիմնականում կենդանիներն են, որոնցից էլ այն փոխանցվում է մարդկանց։ Հայաստանում, սկսած խորհրդային ժամանակներից, հիվանդությունն առավել տարածված է Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզերում։ Այդ հիվանդության դեմ գործում է պայքարի երկու մեթոդ։ Առաջինը շիճուկաբանական ուսումնասիրությունն է, որի դրական արդյունքի դեպքում իրականացվում է կենդանիների սպանդ։ Երկրորդը` ստուգումներ և վակցինացիա։ ՀՀ-ում վակցինացիան փորձել են կիրառել 60-80-ականներին, սակայն պատվաստանյութի ոչ լիարժեքության և հիվանդության իմունիտետի ոչ լրիվ առկայության պատճառով հրաժարվել են վակցինացիայից։ Հետևանքը եղել է այն, որ Հայաստանում իրականացվում են միայն շիճուկաբանական հետազոտություն և սպանդ։ Այդ առումով մենք ունենք ազգային ծրագիր, որի մեջ ընդգրկված է մեր հանրապետության բոլոր խոշոր և մանր եղջերավորների մայրական կազմը։ Կենդանիները տարեկան երկու անգամ ենթարկվում են շիճուկաբանական հետազոտության, և դրական ռեակցիայի դեպքում կենդանիները սպանդի են ենթարկվում։ Անցած տարի մեր ծառայությունն իրականացրել է 612000 կովերի շիճուկաբանական հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել են 1609 հիվանդ կենդանիներ (ընդհանուրի մեջ` 0,3%), որոնք ենթարկվել են սպանդի, տեղը ախտահանվել է, կատարվել են համապատասխան աշխատանքներ։ Նմանապես իրականացվել է 40000 մանր եղջերավոր կենդանիների մայրական կազմի հետազոտություն, հայտնաբերվել է 2742 հիվանդ անասուն (ընդհանուրի 0,7%-ը)։ Այս թվերը մեծ չեն։ Եթե հիվանդանում է կենդանիների ընդհանուրի թվի 20%-ը, ապա սահմանվում է կարանտին, և յուրաքանչյուր ամիս համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ Պետք է ընդգծեմ, որ ազգային ծրագրի շրջանակներում աշխատանքները սահմանված պարբերականությամբ իրականացվում են, այդ թվում նաև` Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Ստուգման արդյունքում նշված մարզում 2008-ին հայտնաբերվել է 71 հիվանդ կենդանի, որոնք սպանդի են ենթարկվել։ 2009-ի հունվար ամսվա կեսին ծառայությունն արյան նմուշներ է վերցրել 705 կենդանիներից, որոնցից 101-ի մոտ դրական ռեակցիա է հայտնաբերվել, և իրականացվել է սպանդ։ Մարզպետարանի որոշմամբ սահմանված է կարանտին, և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։ Մեր մասնագետներն այժմ աշխատում են Ծղուկ գյուղում, և ախտահանության ու կարանտինի պահանջի շրջանակներում 10-15 օրը մեկ իրականացնելու են շիճուկային հետազոտություններ։ ՈՒսումնասիրությունները կշարունակվեն մինչև հիվանդության վերացումը։ Այնուհետև հետազոտություն կկատարվի երեք և վեց ամիսը մեկ։
-Եթե 1980-ից կիրառվող պատվաստանյութի որակական հատկանիշները բավարար չեն, չե՞ք կարծում, որ պետք է անցնել նոր, որակյալ պատվաստանյութերի կիրառման, որոնք տնտեսապես ավելի շահավետ են։
-ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի կազմակերպության հետ համատեղ մշակել ենք պատվաստումների ծրագիր, որն իրականացվելու է այս տարվա գարնանից, առաջինը` Սյունիքի մարզում։ Ծրագրի մեջ կընդգրկվեն մանր եղջերավոր կենդանիներից` գառները, խոշոր եղջերավորներից` հորթերը։
-Իսկ որքանո՞վ են ապահովագրված սպառողները, արդյոք նշված տարածքում հիվանդությունը չի՞ անցնի մարդուն։
-Խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարակը հիմնականում տարածվում է կաթի միջոցով։ Ծղուկ գյուղից կաթը չի արտահանվել, այն ներքին սպառում ունի, քանի որ կաթի արտադրությունն այստեղ մեծ չէ։ Այն կարանտինային հսկողության շրջանակներում ստուգվում է, նոր միայն օգտագործվում։
-Բացառո՞ւմ եք, որ Ծղուկ գյուղից կաթը կարող էր արտահանված լինել մինչև հիվանդության հայտնաբերումը։
-Համոզված եմ, քանի որ, ինչպես ընդգծեցի, Ծղուկ գյուղում կաթի արտադրությունը փոքր է։ Գոյություն ունեն հիվանդության մի քանի տիպեր։ Մասնավորապես, խոշոր եղջերավորների տիպ և մանր եղջերավորների տիպ։ Մանր եղջերավորների տիպում հիվանդության տարածումը մարդկանց շրջանում ավելի մեծ է։ ՈՒզում եմ ընդգծել, որ նշված գյուղի բնակիչներն ըմբռնումով են մոտեցել խնդրին և պատրաստակամություն են հայտնել սպանդի ենթարկել դրական ռեակցիա ունեցող կենդանիներին։ Սա կնպաստի կանխելու վարակը կենդանիների մեջ և սպառողներին զերծ պահելու հիվանդությունից։
-Իսկ պետությունն սպանդի ենթարկված անասունների դիմաց գյուղացուն որևէ փոխհատուցում կտա՞։
-Սպանդի ենթարկված անասունի միսը գյուղացին ինքը վաճառել է և դրա դիմաց իր գումարը ստացել։
-Հիվանդ անասունի միսն օգտագործած սպառողը կարո՞ղ է վարակվել։
-Չի կարող, խոշոր եղջերավոր կենդանու մսից մարդը չի վարակվում։ Մանր եղջերավորի դեպքում միսը պետք է ենթարկվի ջերմային մշակման։ Այսինքն, եթե ոչխարի մսից խորոված անեն` կվարակվեն, իսկ եթե խաշլամա եփեն, ապա վարակը կկանխվի։ Ավելացնեմ, որ այսօրվա գործող օրենսդրությամբ բրուցելյոզի դեպքում փոխհատուցման կարգ սահմանված չէ, գուցե հետագայում ինչ-որ լուծում կգտնվի, առավել ևս, որ փոխհատուցման հիմնադրամ է ստեղծվում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ