«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՎԵՍՏԸ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՎԵՍՏԸ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
31.05.2011 | 00:00

Լրացավ Երևանի գեղարվեստի ակադեմիայի 65-րդ տարեդարձը:
Այս առիթով «Իրատես de facto»-ի հյուրն է պրոֆեսոր, կերպարվեստի ֆակուլտետի դեկան ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ։

-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 65-ամյակը նշանավորվեց ցուցահանդեսների շարքով։ Խոսենք այս մասին։
-Ըստ էության, յուրաքանչյուր հինգ տարին մեկ առանձնահատուկ շուքով է նշվում գեղարվեստի պետական ակադեմիայի հոբելյանը։ Առավել ևս, որ թե՛ նշելու, թե՛ հիշելու շատ բան կա։ Այս տարի ռեկտորատում որոշվեց կազմակերպել ցուցահանդեսների շքերթ. Հայաստանի նկարիչների միության գլխավոր դահլիճում գործող նկարիչ-դասախոսների աշխատանքների, 3-րդ հարկի դահլիճում` ուսանողների ստեղծագործությունների ցուցադրությունը կազմակերպվեց։ Սակայն մեկնարկը գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում էր, ուսանողները ներկայացրել էին կրթօջախի կյանքի ուշագրավ դրվագները` լուսանկարչական գործերով, իր շարժերով նրանց էր միացել 1960-ականների շրջանավարտ, գեղանկարիչ Համլետ Ասատրյանը։ Օրն ավարտվեց Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ պարգևներ, մեդալներ և շնորհակալագրեր հանձնվեցին վաստակաշատ դասախոսներին։ Վերջում, իհարկե, երեկոն ամփոփվեց գողտրիկ մի սեղանի շուրջ։
Եվս մի կարևոր բան. ցուցահանդեսից առաջ գեղարվեստի ակադեմիայի 65-ամյա հոբելյանին նվիրված պատկերագիրքը ներկայացվեց և բաժանվեց դասախոսներին, առհասարակ` արվեստասերներին։
Ասեմ, որ անակնկալ էր առաջին ցուցահանդեսը։ Երեք ուսանող պատկերել էր ակադեմիայի առօրյան` հանպատրաստից ակնթարթներ որսալով։ Գևորգ Զուռնաչյանն էր մեծադիր լուսանկարների հեղինակը` գրաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող։ Ծաղրանկարների շարքով հանդես էին եկել գեղանկարի բաժնի 3-րդ կուրսեցի Արեն Շահնազարյանը և Զաքար Դեմիրճյանը` գրաֆիկայի 2-րդ կուրսի ուսանող։ Համլետ Ասատրյանի ծաղրանկարներում և շարժերում Վահան Հարությունյանն էր, Անատոլի Պապյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Եղիշե Մարտիկյանը և էլի շատերը։
-Ես զարմանալի բաներ եմ հիշում այն տարիներից, երբ գեղարվեստի ակադեմիան գործում էր որպես գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Հիշում եմ` միակ բուհն էր, ուր դասամիջոց ասվածը խիստ վերացական երևույթ էր, ուսանող-դասախոս հարաբերություններում երկրորդ պլան էր մղված պաշտոնական շփումը։ Առաջնայինը գեղարվեստի ընկալումն էր։
-Մեր ինստիտուտում, թերևս, ավելի ազատամիտ էին, ավելի նախաձեռնող և մտահղացումներն իրագործող։ Ցանկացած միջոցառում նկարիչների միությունում և նշանավոր ԱԴՐԻ-ում (Հայաստանի արվեստի աշխատողի տանը) երևույթ էր, և մենք անպատճառ պետք է դրա մասնակիցը լինեինք, երբեմն` ի հաշիվ դասերի։ ԱԴՐԻ-ն, հարակից «Սկվազնյաչոկ», «Դերասան», «Պոպլավոկ», «Կոզիրյոկ» և, անշուշտ, «Նկարիչ» սրճարանները երկրի բոհեմիկ կենտրոններն էին, յուրօրինակ դպրոցներ կյանքի ու արվեստի։ Բնականաբար, մենք կրթվում էինք նաև այդ օջախներում, ունկնդրում, երբեմն էլ զրուցակից դառնում ազգային մշակույթի նշանավոր դեմքերին։
Այն տարիներին մեր ինստիտուտի ողջ ուսանողությունը գերնպատակ ուներ` հնարավորինս յուրացնել պրոֆեսիոնալ կերպարվեստի հիմունքները։ Քրտնաջան աշխատանք էր արվեստանոցներում` դասախոս-նկարիչների քննախույզ հայացքի ներքո։ Այլ կերպ ասած, այն տարիներին պատահական մարդիկ չկային, արվեստը նրանց չէր հանդուրժում։
Եվ սա բնական է. դասախոսների աստղաբույլ էր։ Ինձ նշանավոր Արա Միհրանիչը չի դասավանդել, բայց նրա, ինչպես և դարձյալ ինձ չդասավանդած Էդվարդ Իսաբեկյանի ներկայությունը, նրանց ձևավորած միջավայրն ինքնին դպրոց էր։ Ոչ պակաս հաճելի հուշեր են կապված ինձ դասավանդած վարպետների` Սուրեն Սաֆարյանի, Ռոմանոս Սարգսյանի, Վռամշապուհ Շաքարյանի, մյուսների հետ։
Նշանավոր էր պրոռեկտոր Մանուկ Կարպիչը։ Նշանավոր էին Շանթ Հերթևցյանը, Արա Բեքարյանը... Առհասարակ, նրանց կոհորտան մի մասնագիտական-մշակութային այնպիսի միջավայր էր ձևավորում, որն ինքնին ուսուցանում էր, հղկում, անկախ այն բանից` քեզ անմիջականորեն դասավանդել էին, թե ոչ։ Ես մի քանի անուններ թվարկեցի, սակայն նրանք շատ էին և շատ սիրված ու գնահատված մեր կողմից։ Այսօրվա հետ զուգահեռներ անցկացնելը դյուրին չէ։ Օրինակ, մենք բաց չէինք թողնում Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, «Անուշ» օպերան։ Միաժամանակ չկորցրինք «պատմական պահը» ֆուտբոլ խաղալու հռչակավոր Արկադի Անդրեասյանի հետ` Աբովյանի անվան դպրոցի խաղահրապարակում։ Այսօր ժամանակն այլ է։ Բայց և այնպես, մեր բուհի ուսանողները լայն հետաքրքրություններ ունեն այս ոչ այնքան մշակութանպաստ օրերում։
Մենք այսօր փորձում ենք բացը լրացնել և նրանց փոխանցել այն մշակույթը, որ ժառանգել ենք, ասենք, Վռամշապուհ Շաքարյանից, Մկրտիչ Սեդրակյանից, Էդվարդ Իսաբեկյանից։ Նրանք նաև հայի հրաշալի տեսակ էին` բազմագիտակ և հայրենանվեր։ Ահա Իսաբեկյանը` ոչ միայն կերպարվեստի փայլուն վարպետ, ժողովրդական նկարիչ, այլև վիպասքի հեղինակ, Հայաստանի ճակատագրով այրվող անհատ։
-Անգամ մեր ոչ ծավալուն հարցազրույցը «գունազուրկ» կլինի առանց «զարմանահրաշ» հիշողությունների։ Աշնանային մի չքնաղ օր էր։ Օրվա սուրճը որոշեցի ըմպել գեղարվեստաթատերականի նշանավոր բուֆետում, այնտեղ ուսանող ընկերներիս` Վարդան Ավետիսյանի, Այվազ Ավոյանի, Մկրտիչ Մկրտչյանի հետ։ Սուրճն ենք վայելում, և, բնականաբար, զրուցում բարձր բոհեմական թեմաների շուրջ։ Մեկ սեղան այն կողմ Խորեն Աբրահամյանն էր։ Մի խոսքով, դասամիջոցը վաղուց էր ավարտվել, մեր զրույցն ավարտ չուներ։ Ներս մտավ ճանաչված գեղանկարիչ Մարտին Պետրոսյանը և գնեց 12 փոքր տուփ թթվասեր, որոնցից գաստրոնոմներում չէին վաճառում։ Իմ զարմացած հայացքը սեղանակիցներս պարզաբանեցին. Պետրոսյանն իր նշանավոր ճերմակ գույնը ստանում է... հենց այդ բարձրորակ թթվասերից։ Շատ տարիներ անց միայն իմացա, որ Մարտին Պետրոսյանն ուղղակի բազմազավակ հայր էր։
-Հիշողություննե՞ր, որքան ուզեք, մեկը մյուսից թանկ։
Հիշում եմ, մի առավոտ Սուրեն Սաֆարյանը դասն սկսեց գեղանկարի մեր կուրսում։ Ռոստովից մի հայ ուսանող կար` Սարգիսը։ Ինչ-որ լավ չէր նկարում։ Սաֆարյանը, դա նկատելով, որոշեց, որ վերջինս քաղցած է, նվազ, ու գրպանից 25-ռուբլիանոց հանելով «գործուղեց» մոտակա գաստրոնոմը ուտելիք բերելու, հուշելով` մի «բան» էլ բերել։ Սարգիսը բեռնավորված վերադարձավ` հաց, երշիկ, կաթնաշոռ, պանիր և այլն։ Սաֆարյանը բնորդուհուն հրահանգեց հագնվել, մեզ էլ` սնվել, մի բաժակ օղի ըմպել և կազդուրված նկարել։ Ինքը գնալու էր միություն. նկարիչների միության նախագահն էր։ Սեղանը բացեցինք վարագույրի հետևում, բայց «բանը», այսինքն` օղին, չկար։ Կաթնաշոռի և կաթի սիրահար ռուսահայ մեր ընկերը ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել, որ այնպիսի պատկառելի դեմք, որպիսին պարոն Սաֆարյանն էր, կարող էր իր սաների նախաճաշը կազմակերպել դասաժամին, այն էլ` օղու ցանկալի ներկայությամբ։ Քիչ հետո, իհարկե, Սարգիսը երկրորդ ուղերթով «բերման ենթարկեց» օղին` ամբողջովին կատարելով պատվավոր հանձնարարությունը։
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ