«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՁԵՎԵՐՈՎ»

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՁԵՎԵՐՈՎ»
15.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ
-Ինչպե՞ս է անցնում սփյուռքի նախարարության և նախարարի մեկ օրը:
-Նկարագրեմ երկուշաբթին։ 9-9.30 նայում եմ թերթերը և էլփոստը: 9.30-ին տեղի է ունենում մեծ խորհրդակցությունը, որին մասնակցում են վարչության պետերը, բաժնի վարիչները, ստորաբաժանումների ղեկավարները: Ամեն մեկը զեկուցում է շաբաթվա ընթացքում իր կատարած աշխատանքների մասին: Երկրորդը` անպայման հսկողության տակ գտնվող որոշումները, հանձնարարականներն են քննարկվում: Երրորդը` առաջիկա շաբաթվա հանձնարարականներն են տրվում և նշվում է, թե որ հարցը ուշադրության կենտրոնում պահել, ի՞նչն է ամենագլխավորը, հարցի լուծման ո՞ր ճանապարհն է արդյունավետ: Համատեղ քննարկվում են և որոշվում անելիքները:
-Եվ ինչքա՞ն եք խորհրդակցում:
-Մոտավորապես երկու ժամ է տևում խորհրդակցությունը, որը նաև ուսուցողական նշանակություն ունի. սփյուռքի նախարարության աշխատակիցները, հայտնի պատճառներով, անփորձ են սփյուռքը ճանաչելու առումով, այդ պատճառով յուրաքանչյուր հարց մանրամասնում ենք, որ հնարավոր սխալներն ու վրիպումները կանխվեն: Նախարարի օրակարգում մեծ մասնաբաժին ունեն հանդիպումները` դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ...
-Հանդիպում եք նաև Հայաստանի՞ դեսպանների հետ:
-Եթե Երևանում են` անպայման, որովհետև ՀՀ նախագահը նրանց է հանձնարարել սփյուռքի հետ տարվող աշխատանքը, և արտաքին գործերի նախարարության հետ շատ սերտ աշխատում ենք: Օրվա մեջ անպայման նվազագույնը 5-10 սփյուռքահայի եմ ընդունում:
-Անհատնե՞ր են, թե՞ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-Անհատներ, կազմակերպությունների, կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, հայտնի մարդիկ, ովքեր անպայման ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
-Գերակշռող հարցադրումը ո՞րն է:
-Եթե կրթական կառույցների ղեկավարներ են, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ապա կրթական ծրագիրն ավելի լավ կազմակերպելու աջակցություն են ակնկալում, բարեգործական կառույցների ներկայացուցիչներին հետաքրքրում է` ինչ ծրագրեր կարող ենք համատեղ անցկացնել. համահայկական կազմակերպությունների վստահությունը մեր նկատմամբ մեծացել է, և նրանք առաջարկում են նաև որոշ ծրագրեր միասին իրականացնել, ավելանում է պետության հետ աշխատելու ցանկությունը: Մարդկանց երրորդ խումբը հայտնի գործիչներն են, նրանց պետք է ընդունել, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքների համար: Բազում մարդիկ գալիս են իրենց առաջարկներով, շատերը գալիս են, որովհետև հայրենադարձվել են կամ եկել են աշխատելու, ինչ-որ խնդիրներ են առաջացել հարկային, մաքսային, դատական մարմինների հետ, և փորձում են մեր աջակցությունը ստանալ: ՈՒրախալի է, որ շատացել է սփյուռքահայերի մուտքը նախարարություն, նշանակում է` նրանք գիտեն, որ հայրենիքում կա մի տեղ, ուր իրենց կլսեն, կօգնեն, կուղղորդեն, կառաջնորդեն, որովհետև իսկապես էլ սփյուռքահայը կարող է չկողմնորոշվել, թե անծանոթ պայմաններում որ խնդրի համար ում է պետք դիմել: Բնականաբար, ոչ բոլորն են տեղյակ հայրենիքի պետական կառավարման համակարգին, և նրանց խորհրդատվություն է պետք: Ցավոք, շատերը չեն բավարարվում նախարարության աշխատակիցների ընդունելությամբ և անպայման ուզում են հանդիպել նախարարին: Դա թերևս հոգեբանական խնդիր է, որն առաջացնում է որոշակի դժվարություններ, որովհետև նրանք մի քանի օրով են Հայաստանում և նրանց պետք է անմիջապես ընդունել, իսկ ժամանակը հաճախ ուղղակի չի հերիքում:
-Այդ հանդիպումներում կա՞ն չլուծվող խնդիրներ:
-Նայած ինչ հարց են բարձրացնում: Շատ քննարկումներ են լինում գաղափարական-քաղաքական հարցերի, սփյուռք-հայրենիք կապերի մասին: Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական կառույցների ղեկավարներին, որովհետև գիտնականների հետ քննարկելու բազում հարցեր կան, և նրանց հետ վերլուծությունների միջոցով որոշակիացնում ենք մեր գործունեությունը, հետագա քայլերը: Դրսում ունենալով 200-ից ավելի ռադիո և հեռուստաընկերություն, համարյա ամեն օր հարցազրույց եմ տալիս կամ ավանդական, կամ օնլայն ձևով: Դա շատ է ծանրաբեռնում:
-Այո՞, իսկ ինձ թվում է` դա օրվա հաճելի պահերից պետք է լինի` հասարակությանը ներկայացնում ես աշխատանքդ, ծրագրերդ...
-Այո, եթե շաբաթը մեկ անգամ է, դա լավ է, եթե ամեն օր է, ապա ժամանակատար է: Բավականին մեծ ժամանակ օրվա մեջ հատկացնում եմ նաև փոստին` նամակներ, շնորհավորանքներ, գրություններ: 33000 կազմակերպություն և 100-ից ավելի համայնք ունենք սփյուռքում, պատկերացրեք` ամեն համայնքում օրը մի միջոցառում կա, որը համակարգվում է նախարարության միջոցով: Արդեն ավանդույթ են դարձել ուղերձները` գրավոր ու տեսահոլովակներով, ինչը իրականում մեծ աշխատանք է պահանջում, որովհետև պետք է մանրամասն տեղեկություններ ունենաս կազմակերպության, անհատի, իրադարձության մասին, որ կարողանաս խոսքդ բովանդակալից ու հիշվող դարձնել, միայն հուզական-տոնական շեշտերը բավարար չեն: Աշխատանքի կարևոր մաս ունենք Ազգային ժողովի հետ` կարգավորելու այն հարաբերությունները, որոնց վերաբերյալ օրենքներ չկան: Արդեն չեմ ասում հեռախոսազանգերի մասին, որ աննախանձ հետևողականությամբ հնչում են թե՛ աշխատասենյակում, թե՛ բջջայինով: Ես փորձեցի մեկ օրվա մի մասը միայն ներկայացնել, բայց արդեն տեսնում եք, որ օրը չի բավարարում։
-Դուք արդեն երրորդ տարին է` նախարար եք, Ձեր կարծիքով, այս ընթացքում Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններում ո՞րն է ամենակարևոր հարցը:
-Ամենակարևորը ճանաչելիության խնդիրն է, մենք իրար լավ չենք ճանաչում, իսկ դա պարունակում է անվստահության տարր:
-Պատճառները քաղաքակա՞ն են, թե՞ իրավիճակային-տեխնիկական:
-Ամենատարբեր: Այս ընթացքում ՀՀ նախագահի ելույթները մեծ փոփոխություններ առաջացրին սփյուռքում. ընկալվեց, որ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրում և ցեղասպանության խնդրում, որը և՛ ազգի, և՛ պետության խնդիրն է, դարձյալ պետք է միասնաբար լուծենք: Մենք պետք է օգնենք, որ սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա հայրենիքին: Միակ անհանգստությունը, որ մնացել է, կապված է գործարար աշխարհի հետ: Մեր հայրենակիցները գալով Հայաստան` իրենք են ընտրում իրենց բիզնես գործընկերոջը և, ցավոք, երբեմն պատահում են մարդիկ, որ փորձում են խաբել, իսկ հետևանքը լինում է այն, որ մեղավորը դառնում են ոչ թե անազնիվները, այլ Հայաստանը, և սփյուռքահայն ասում է` այլևս չպետք է հայրենիքի հետ գործ ունենալ, հայրենիքը խաբեց: Մենք պետք է հետամուտ լինենք բոլոր դեպքերին, պարզենք մեղավորներին, որ անազնիվն էլ պատժվի, սփյուռքում էլ համոզվեն, որ Հայաստանում բիզնեսը հնարավոր ու ձեռնտու է: Եթե սկզբնական շրջանում հարկային, մաքսային, բանկային համակարգեր չունեինք, տնտեսական օրենքներ չկային, իրենք` ոգևորված Հայաստանի անկախությունով, ուզում էին օգնել, սխալներ եղան, օբյեկտիվ սխալներ էին, այսօր մեր օրենսդրությունը պարզեցված է և շուկայական տնտեսությանը հարիր: Վերջերս էլ ՀՀ նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր Հայաստանում նոր արտադրություն կկազմակերպեն, կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից: Այսինքն` պայմանները գրավիչ են, և հիմա, երբ աշխարհը տնտեսական առումով ձևափոխվում է, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այստեղ կա էժան աշխատուժ, բարենպաստ պայմաններ, կարող են միջազգային շուկան ուսումնասիրել և Հայաստանում այնպիսի արտադրություն կազմակերպել, որ մրցունակ լինի միջազգային ասպարեզում: Այդ նպատակով էլ ապրիլի 29-30-ին Հայաստան ենք հրավիրել առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներին, մոտավորապես 30 մարդ, քննարկելու ենք Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք տնտեսական կապերի ուժեղացման հնարավորությունները, ծրագրերը: Ամենակարևոր խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, որի համար գործարար միջավայրն է բարելավվում: Պետական քաղաքականությունն այսօր փոխվել է. եթե առաջ ասում էինք` եկեք, օգնեք Հայաստանին, այսօր ասում ենք` եկեք, գործ դրեք, շահ ունեցեք: Մենք ջարդում ենք այն կարծրատիպերը, որ հայրենիքին միայն օգնել է պետք, մենք ասում ենք` եկեք հայրենիքում շահույթ ստացեք: Սա քաղաքական մեծ փոփոխություն է, որ կարող է կրճատել արտագաղթն ու աղքատությունը, ավելի զորացնել հայրենիքը:
-2010-ին Հայաստանից 60000 մարդ է արտագաղթել, նրանք դարձել են սփյուռքի՞ նախարարության կոնտինգենտը:
-Մեկնում-վերադարձ հաշվեկշիռը միայն այս տարի է բացասական: Դրանք միգրացիոն գործընթացներ են: Ես հակված եմ մտածելու, որ նրանք ժամանակավոր աշխատանքի մեկնածներն են, տնտեսական ճգնաժամի պատճառով շատերն աշխատանքը կորցրին, գնաճը բացասական հետևանքներ ունի, և մարդիկ սկսեցին աշխատանք որոնել երկրից դուրս: 2008-2009-ին մենք դրական հաշվեկշիռ ունեինք:
-Այսինքն` հայրենադարձությո՞ւն:
-Այո, թեպետ քննադատողներ կան, թե ինչ հայրենադարձություն, երբ մարդիկ մեկնում են: Բայց երբ ժողովրդի 2/3-ը դրսում է ապրում, ինչպես չմշակել հայրենադարձության ծրագրեր:
-Առաջին հայրենադարձների ճակատագիրը եթե հիշենք...
-Հիշել ենք. մշակել ենք օրենքի նախագիծ հայրենադարձության մասին: Մինչ այդ կազմակերպեցինք գիտական կոնֆերանս` «1946-48 թթ. հայրենադարձությունը և նրա դասերը» թեմայով: Այս արդյունքները հաշվի առնելով է, որ մշակեցինք նախագիծը: Մենք հայրենադարձությունը խթանելու ենք: Բոլոր հնարավոր ձևերով:
-Պարտադրելո՞ւ եք վերադառնալ մի տեղ, որ չեն էլ ճանաչում:
-Ինչո՞ւ պարտադրել, մեր ժամանակներում դա հնարավոր չէ: Մենք պայմաններ ենք ստեղծելու, որ մեր հայրենակիցները իրենք նպատակահարմար համարեն վերադառնալը: Գնահատեք Հրայր Հովնանյանի, Ռիտա Պալյանի օրինակները` ինչքան անհրաժեշտ փոփոխություններ արեցին ՀՀ առողջապահության համակարգում:
-Սփյուռքի երիտասարդությանն ուղղված քայլեր ձեռնարկո՞ւմ եք:
-Ճիշտ եք, օբյեկտիվորեն երիտասարդությունն ավելի դյուրաշարժ է ու վերադարձի առումով` հեռանկարային: Համաշխարհայնացման ներկա պայմաններում երիտասարդությունը շատ արագ է ուծացվում, և դրա դեմ արդյունավետ պայքարի եղանակներ պետք է լինեն: Մենք 2011-ը հայտարարել ենք երիտասարդության տարի, շարունակում ենք «Արի տուն» ծրագիրը, որը հայրենիքը զգալու, հասկանալու ու սեփական հիշողություններ ունենալու հնարավորություն է, որը հետագայում նրանց հայ է պահելու: Այս տարի որոշել ենք Հայաստան հրավիրել խառն ամուսնություններից ծնված երեխաներին, որպեսզի նրանք Հայաստանը զգան, սիրեն: Երիտասարդներին է ուղղված և «Մեր մեծերը» ծրագիրը. մենք ասում ենք` մնացեք հայ, եղեք հայ, ինչպիսի հայ եղել են ձեր նախնիները, ձեր ժամանակակիցները` ահա օրինակները, հպարտացեք մեր մեծերով, մեր ազգի հերոսներով: Երիտասարդության տարիքը տրամադրող է` նմանվելու, իդեալ, ոգևորության և հպարտության աղբյուր ունենալու առումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկ եղավ երիտասարդ լրագրողների դպրոց ստեղծելու, մենք արդեն Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ծրագիր ենք իրականացնում` տարբեր տեղերից ստացված հայտերով երիտասարդ լրագրողները կարող են վերապատրաստվել հայրենիքում: Երիտասարդ առաջնորդների դպրոց ենք ստեղծում` սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համար, տեղում ծանոթացնելու Հայաստանի պետական կառույցների աշխատանքին: Եվս մի ծրագիր ունենք` համահայկական երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, Facebook-ում հասցե ենք բացել և մի քանի օրում 274 հոգի արդեն գրանցվել է:
-Գրահրատարակչական աշխատանքները շարունակո՞ւմ եք, թե՞ նախապատվությունը ժամանակակից տեխնոլոգիաներով շփումներին եք տալիս:
-Ժամանակակից տեխնոլգիաները մեծ հնարավորություններ են բերում, բայց գիրքը մնում է գիրք` տպագիր խոսքի արժեքը պահպանվում է, բարեբախտաբար: Գիտական ծրագրերը շարունակում ենք, և ես ուզում եմ առանձնացնել երեք գիրք` «Հայրենիք-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները», որտեղ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, սփյուռքի նախարարների ելույթներն են, ուղերձները, նախարարության կառուցվածքը, կազմը, կանոնադրությունը, երկրորդը հայկական սփյուռքի տարեգիրքն է, որ ամեն տարի կազմում ենք` հայերեն, անգլերեն ներկայացնելով, ինչ է կատարվել սփյուռքում և ինչ է արվել Հայաստանում. ճանաչողական առումով սա շատ կարևոր է, և շուտով կներկայացնենք 2010 թ. տարեգիրքը: Երրորդ գիրքը կոչվում է «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ». այդ պատկերագրքում փորձել ենք մեկտեղել աշխարհասփյուռ հայության վիշտը խորհրդանշող բոլոր հուշակոթողները, ապրիլի 20-ին նախատեսել ենք գրքի շնորհանդեսը: ՈՒզում եմ ներկայացնել ևս մեկ ծրագիր` «Նշխարք Հայաստանի» համահայկական ծրագիրը, որի հեղինակը նկարչուհի Արևիկ Պետրոսյանն է, օրգանական ապակու վրա 12 պատկերներ են` աստվածաշնչյան թեմաներով, որ Հայաստանից հղվելու են մեր հոգևոր կենտրոններում ցուցադրության, իսկ առաջին ցուցադրությունն ապրիլի 22-ին կկայանա Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
-Վերջին հարցը` ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, և ինչո՞ւ է տնօրեն Թամար Պողոսյանը սփյուռքի նախարարությանը մեղադրում փողեր լվանալու մեջ: Հայ իրականությունում նման դեպքեր լինում են կամ պատվերով, կամ երբ սեփական բարեկեցությունն է վտանգվում: Ո՞ր դեպքն է:
-Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Միայն կասեմ, որ նախարարության աշխատակազմի ղեկավարը նրան դատի է տվել զրպարտության և վիրավորանքի համար: Մենք ղեկավարվում ենք օրենքով, պայքարում կոռուպցիայի, բյուջետային վատնումների, անարդյունավետ ծախսերի դեմ, ինչը տեղ է գտել հիմնադրամում: Խնդրեմ մի հատված ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունից:
«Հիմնադրամը իր կանոնադրական գործառույթները իրականացրել է մասնակիորեն` միայն պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված մշակութային միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամը իր միջոցառումները, այդ թվում` աշխատակազմի պահպանման ծախսերը, ամբողջությամբ իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Չեն ձեռնարկվել հետևողական, գործնական քայլեր հիմնադրամի գույքի ձևավորման համար նախատեսված աղբյուրներից միջոցներ հայթայթելու ուղղությամբ, չեն զբաղվել թույլատրված ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հնարավորություն կտար ստանալու եկամուտներ: Անթույլատրելի է, որ հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ և միջոցներով գրեթե ոչինչ չի իրականացրել: Փաստորեն, հիմնադրամը չի ծառայել իր բուն նպատակին և առավելապես կատարել է ՊՈԱԿ-ին բնորոշ գործառույթներ»:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ