«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈՏԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԶԳԱՑՈՒՄՆ Է, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈՏԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԶԳԱՑՈՒՄՆ Է, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»
19.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԽՆԴԻՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է»
-Քաղաքական դաշտում ի՞նչ վիճակ է Ձեր գնահատականով:
-Քաղաքական իրավիճակի բնորոշիչը երկրի առջև ծառացած խնդիրներն են, որոնք 1999 թ. հոկտեմբերի 27-ից առայսօր սրվում են. նկատի ունեմ 2003 թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, 2004 թ. ապրիլի 12-ը, 2005 թ. հանրաքվեն, 2008-ի նախագահական ընտրությունները, մարտի 1-ը, օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը, դատարկվող երկիրը: Եվ դա միայն իմ ու ընդդիմության կարծիքը չէ, այլև միջազգային կառույցների, որոնց վերջին գնահատականներին իշխանություններն արդեն չեն էլ հակադրվում:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Մասնավորապես ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ վերջին տարեկան զեկույցը: Եթե անցած տարի համանման զեկույցի գնահատականները չէին ընդունվում, այս տարի կարծես համամիտ են, որ գործող նախագահն ընտրվել է նշանակալից խախտումներով ընտրությունների արդյունքում, որ ժողովուրդն ընտրությունների միջոցով չի կարողանում իշխանություն ձևավորել: Սկսել են չհակադրվել և նույնիսկ ընդունել, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ծանր է, ու թեթևացնելու համար էլ փորձում են գործընթացներ ծավալել: Օրինակ` բոլորս դեպի գյուղ կամպանիան կամ արդյունաբերության այն ճյուղերին, որոնք Հայաստանում չկան, հարկային արտոնություններ տալը, ինչը, իմ կարծիքով, կոպիտ սխալ է:
-Վա՞տ է, որ փորձում են արդյունաբերությունը զարգացնել:
-Իհարկե` լավ է, առավել ևս, ես միշտ արդյունաբերության զարգացման կողմնակից եմ եղել և իմ վարչապետության ընթացքում հիմնական ուղղություն եմ համարել գունավոր ու սև մետալուրգիան, քիմիան, այդ ճյուղերին փորձել եմ առաջնահերթություն տալ` Մեղրի, Քաջարան, Կապան, Չարենցավանի կենտրոնաձույլ ու թուջաձույլ, Երևանի «Նաիրիտ», կաբելի գործարաններ և այլն... Պետության թիվ 1 խնդիրը տնտեսության մեջ հավասար պայմանների ապահովումն է և, երկրի հեռանկարը հաշվի առնելով, ուղղություն ընտրելը, հնարավորության դեպքում նաև առաջնահերթություն տալը, ստրատեգիական դարձնելը: Իսկ գործող ու նախկին իշխանությունների գործելաձևը ստրատեգիական ուղղությունները դրսին վաճառելն է, սեփական բաժնեմաս ունենալով, իհարկե...
-ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում իշխանության հետ երկխոսության կայացման համար երեք խնդիր դրվեց, անցած ժամանակից երևում է, որ պայմանները չեն ընդունվում: Հավատո՞ւմ եք, որ այդ խնդիրները կլուծվեն:
-ՀԱԿ-ը անկեղծորեն ցանկանում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Եվ այնքան հետևողական է իր ցանկության մեջ, որ ՀԱԿ-ի ընդդիմախոսները, ներառյալ իշխանության մեջ գտնվողները, նրանց արբանյակ դարձած անհատներն ու քաղաքական ուժերը, հարցազրույցների ու հոդվածների հեղեղով ՀԱԿ-ին մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ: Իրականում գործընթացներն ապացուցում են, որ իշխանությունը ոչ թե չի ուզում, այլ իսկապես վախենում է երկխոսությունից:
-Ի՞նչ ունի վախենալու:
-ՀԱԿ-ի առաջադրած 3 խնդիրների լուծումը դժվար չէ, ակնհայտ է նաև, որ կթուլանա քաղաքական դաշտի լարվածությունը: Գործող նախագահը 3 տարիներին իրեն ամբողջությամբ նախագահ ու հանգիստ չի զգացել, իսկ այդ դեպքում որոշակի հանգստություն և արտաքին գործընթացներում վստահություն կարող էր ստանալ: Սերժ Սարգսյանը չի կարող չտեսնել այդ երկխոսության առավելությունները և շահեկան կողմերը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներում: Նրան լուծման գնալ թույլ չեն տալիս սեփական թիմի հավակնությունները, միմյանց հանդեպ ունեցած անվստահությունը և փլուզման վտանգը: Եթե կարծում են, որ ԲՀԿ-ին կոալիցիոն հուշագիր պարտադրվեց, և դա ամրապնդեց իրենց իշխանությունը, խորապես սխալվում են, իրականում հարկադր-յալ բարեկամությունը թշնամանքից վատ է, և դա վաղ թե ուշ արտահայտվելու է: Ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել վերջին երեք տարիներին: Ես սա ասում եմ` հիմք ընդունելով անցած 3-4 հանրահավաքները, և այն ալիքը, որ մեր դեմ բարձրացավ. բոլոր ուղղություններով քննադատում են մեզ, կարծես մենք ենք իշխանությունը, և մենք պիտի հարցերը լուծենք: Դա նշանակում է, որ բոլորի սպասելիքները մեզնից են, նույնիսկ` իշխանությունների, որ երբեք այսքան թույլ չեն եղել: Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հասնել մեր նպատակներին: Զարկը բաշխելը բնորոշ է ուժեղին, բայց ուժեղը, երբ համբերությունը հատավ, կարող է ուժը ցույց տալ: Այդ դեպքում իշխանությանը սատարող մնալու են միայն ոստիկանությունն ու բանակը: Որքանով նրանք կներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ, կախված է գործող նախագահից, և առաջիկա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը նրա վրա է:
-Եթե ապրիլի 28-ին ակնհայտ դարձավ, որ իշխանությունը ՀԱԿ-ի առաջարկներին չի պատասխանում, ի՞նչ է լինելու ապրիլի 29-ին:
-ՀԱԿ-ի թե՛ քաղաքական խորհրդում, թե՛ կենտրոնական շտաբում այդ հարցը, բնականաբար, քննարկվել է: Ես, իհարկե, չեմ ցանկանում նման զարգացում, բայց եթե իշխանությունը հակված է սրելու իրավիճակը, պետք է հասկանա նաև, որ սպառվում է հասարակության համբերությունը: Վերջին շրջանում ՀԱԿ-ի ղեկավարությունն իր հեղինակությամբ էր հասարակությանը հետ պահում վճռական քայլերից և քաղաքական լուծումների մղում: Իսկ ապրիլի 29-ին ջրբաժանը կարող է վերածվել չկամրջվող անդունդի, որը կարող է ներառել սկսած քաղաքացիական անհնազանդությունից (նստացույցեր, բողոքի ակցիաներ, պիկետներ, հանրահավաքներ Հայաստանով մեկ), վերջացրած նրանով, որ ՀԱԿ-ն այսօր իր հանրահավաքներում հավաքում է այնքան ժողովուրդ, որին միայն ոստիկանական ուժերով ցրելու ու ճնշելու հնարավորություն իշխանությունը չունի ու ստիպված է լինելու հատուկ դրություն հայտարարելու միջոցով զորք մտցնել: Ինչին հակադրվելու փորձ արդեն ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհն ունի: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 28-ին, կորոշի հանրահավաքը: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունների հետ բոլոր արտաքին քաղաքական շփումները զուգահեռվում են ՀԱԿ-ի ղեկավարության հետ հանդիպումներով, ինչն էլ, իր հերթին, ազդեցություն է ունենում գործընթացների ձևի ու ժամկետների վրա:
-Կարծո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը և քաղաքական դաշտը այս պահին պատրաստ են արտահերթ ընտրությունների:
-2003 թ. նախագահական ընտրություններից հետո ցանկացած օր ընդդիմությունը` այն ժամանակ «Արդարություն» դաշինքը, այսօր ՀԱԿ-ը, հասարակությունն ու ժողովուրդը պատրաստ են արտահերթ ընտրությունների: Ժողովուրդը պատրաստ չէ հերթական ընտրությունների, որովհետև չի սիրում ձևական միջոցառումների մասնակցել:
-ՀԱԿ-ի անցած ճանապարհին ի՞նչ կորուստներ ու ձեռքբերումներ եք տեսնում:
-Ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, մթնոլորտն է` ոչ ընտրական ժամանակում, արտաքին քաղաքական պասիվ զարգացումների պարագայում, երկրում տեղի են ունենում հանրահավաքներ` մեկը մեկից մարդաշատ: Հասարակությունը, օրվա խնդիր լուծելուց զատ, հենց հիմա հաղթանակի հասնելուց զատ, տեսնում է այդ հաղթանակին հասնելու իրական, աշխատատար ճանապարհը և գնում է այդ ճանապարհով` պատրաստ տևական պայքարի: Չի հուսահատվում, չի հիասթափվում, գիտի` ինչ է ուզում, գիտի, որ իր ուզածին, առավել ևս խաղաղ ճանապարհով հասնելու համար, ժամանակ է պետք, բայց այդ ժամանակը այդ հասարակության համար հավերժ չէ, որովհետև մի ստվար զանգված հենց այսօր հացի խնդիր ունի, որի լուծումները չտեսնելով` ստիպված լքում է երկիրը, ինչն ամենատխուրն է: ՀԱԿ-ի ամենամեծ ձեռքբերումը կլինի, եթե կարողանա մարդկանց այնքան հույս ու հավատ ներշնչել, որ մնան հայրենիքում և իրենց մնալով բոլորիս հաղթանակը մեկ օր, մեկ ամիս շուտ բերեն:
-Հետ կգան:
-Գնացածների հիմնական մասը, ինչքան ես շփվել եմ, թե՛ ԱՄՆ, թե՛ Ռուսաստան մեկնածները վերադառնալ ուզում են, խնդիրն այն չէ, որ այնտեղ ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում: Կա կարոտ: Շատ մարդկանց համար դա լիրիկայի ժանրից է, բայց իրականում հայրենիքի կարոտը ամենածանր զգացումն է, որի մասին չեն խոսում: Բարեբախտաբար, հայրենիքը հավերժ է: Ես ուզում եմ, որ վերադառնան:
-Կարոտը քաղաքակա՞ն կատեգորիա է:
-Մարդկային բոլոր զգացումներն էլ քաղաքական կատեգորիա են: Թե՛ սերը, թե՛ կարոտը, թե՛ ատելությունը, թե՛ արհամարհանքը հոգևոր կատեգորիաներ են և հոգևորի հետ միաժամանակ` քաղաքական: Ով տարանջատում է, հայտնվում է այն վիճակում, ինչ ՀՀ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք նախկինում իշխանական կամ ընդդիմադիր դաշտում ազդեցություն ունեին, այսօր ուղղակի չկան:
-Այսօր նույնիսկ իշխանական դաշտում ընդունում են, որ ՀԱԿ-ում հավաքված է ոչ միայն քաղաքական, այլև ինտելեկտուալ էլիտա...
-Եթե համեմատենք` ովքեր են այսօր Սերժ Սարգսյանի կողքին, ինչ փորձառություն ունեն, ինչ փորձություններ են անցել և ինչ ուժեր են հավաքված ՀԱԿ-ում առաջին նախագահի կողքին, հասկանալի է դառնում հիմնական պատճառը, թե ինչու է իշխանությունը խուսափում մտքի դաշտ մտնելուց, շախմատային խաղից... Սեփական շրջապատում մտքի մարդկանց պակասությունն է խնդիրը ուժային դաշտ տեղափոխելը շահեկան դարձնում, այնտեղ կան զինվորներ, ոստիկանություն... Շատ ինտելեկտուալներ, որ մեծ ներդրում ունեն, դժբախտաբար, հեռացան կյանքից, և նրանց հիշատակը պարտավորեցնում է երկիրը հասցնել իրական փոփոխությունների: Երբեմն մտածում եմ` քանի շիրիմ կա, որ պիտի գնամ ու հաղթանակի ավետիս տամ: Սկսած եղբորիցս` Վազգեն Սարգսյանից, Կարեն Դեմիրճյանից, Հրանտ Մաթևոսյանից, Օհան Դուրյանից, Արաքս Դավթյանից, իմ ընկեր Այդին Մորիկյանից...
«ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒ ԼՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈՒՅՍ ՈՒ ԼՈՒՅՍ ԷՐ ՃԱՌԱԳՈՒՄ»
-Ապրիլի 18-ը Այդին Մորիկյանի ծննդյան օրն է, որ վերջին մի քանի տարիներին միասին էիք նշում, արդեն երկրորդ տարին է` առանց նրա... Այս ընթացքում ավելի շատ նրա բացակայությո՞ւնն եք զգացել, թե՞ ներկայությունը:
-Հայտնի հարցաշար կա, որի հարցերից մեկն էլ` «Եթե աշխարհում եղած մեծերին հանդիպելու հնարավորություն ունենայիք, ո՞ւմ կուզեիք հանդիպել»-ն է: Ես անդիմադրելի պահանջ ունեմ Այդին Մորիկյանի հետ զրուցելու, այնքան ասելիք կա, այնքան հարցեր կան: Ներքին համոզում ունեմ, որ հանդիպելու ենք: Ինձ համար շատ դժվար է իմ ընկերոջ մասին խոսելը, 7 տարի ամեն օր մենք կամ հանդիպել ենք, կամ հեռախոսել: Նրա մասին խոսելիս, ինձ թվում է` իմ մասին եմ խոսում: Ես չեմ ընդունում, որ անփոխարինելի մարդ չկա, իրականում փոխարինվող մարդ չկա, իսկ Այդինին բացարձակապես փոխարինել հնարավոր չէ: Ես համոզված եմ, որ այդպես է հարազատների, իր ընկերների, իր ուսանողների համար, երկրի ու պետության...
-«Ժամանակի» առաջնորդողներից մեկում նա գրել է մարդկանց մասին, ում հետ խոսում ես մշտապես` անկախ տարածությունից ու գտնվելու գուցե և միանգամայն տարբեր չափումներից... Մարդիկ, ում հետ հարցուպատասխանի մշտական հոգևոր շփման մեջ ես... «Ասացի և ազատեցի հոգին իմ» գրքում առանձնանում է խելահեղ մաքրամաքուր մի շերտ, որ չի խառնվում օգտապաշտական, առօրեական, անհրաժեշտ ու կարևոր իրողություններին, այդ շերտի հետ հաղորդակցվելը Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորություն է, ճանապարհ: Ես համոզված եմ, որ այսօր բոլորիս այդ շերտն է պակասում, որովհետև շատ կարևոր են գազի գինն ու արտագաղթի կանխումը, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, բայց այդ ամեն ինչը որոշողը մարդն է, մարդու ներաշխարհում պիտի կատարելություն լինի, եթե քո ներսում քաոս է, քո քաոսով ճիշտ, գեղեցիկ ու մնայուն ոչնչի չես հասնի:
-Այդինի հետ ես սերտ սկսեցի շփվել եղբորս կորստից հետո: Այդինը դարձավ այն հազվագյուտ մարդը, որ կարողացավ իմ մեջ կուտակվող ցավը, դժգոհությունը, վիշտը ժամանակի մեջ կամաց-կամաց փոխել լավատեսության, փոխել պայքարի, եղբորս համար հպարտության... Իր բոլոր փոխհարաբերություններում լույսն ու բարին հաստատող նրա աներկբա կամքը նույնիսկ անհավանական է թվում մեր օրերում: Ինքը լույսի մեջ մարդ էր, որում նաև հիմա է, և նույնիսկ իր ծանր հիվանդության ու լղարության մեջ հույս ու լույս էր ճառագում: Լրագրողի ու հրապարակախոսի նրա խոսքը դիպուկ էր ու տարողունակ, երբեք գեղեցկագրության խնդիր չի ունեցել, բայց լուծել է խորքագրության խնդիրները: Ես շատ ուրախ եմ, որ նա ժուռնալիստիկա էր դասավանդում, և հույս ունեմ, որ ուսանողներից շատերը լրագրության ասպարեզ մտնելով` չեն մոռանա Այդին Մորիկյանի մարդկային ու մասնագիտական դասերը: Ես իր պես ընկեր եմ ունեցել, և դա այնքան կարևոր ու այնքան հրաշալի իրողություն է, որ ես չեմ ուզում բացատրել, չեմ ուզում պատմել, ես ուզում եմ, որ ինձ հասկանան: Ովքեր ճանաչել են Այդինին, միանշանակ ու անվերապահ սիրել են նրան, ովքեր չեն ճանաչել, ավելի երջանիկ են, որովհետև կարող են ճանաչել նրա գրքերը կարդալով:
-Ինչո՞ւ է իր գիրքն անվանել «Ասացի և ազատեցի հոգին իմ»...
-2003 թվականից հետո, երբ գիտեր իր առողջական վիճակի մասին, գիտեր, որ ամեն օրը կարող է վերջինը լինել, ոչինչ հենց այնպես չի ասվել...
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ