«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞ՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ի՞ՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
13.04.2010 | 00:00


«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցություն)
-Պարոն Ռուստամյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք Սերժ Սարգսյանի ամերիկյան այցից:
-Ակնկալում եմ, որ Սերժ Սարգսյանը կպաշտպանի մեր ազգային շահը և դիրքերը: Նախ` առիթ չի տա, որ Օբաման ևս մեկ անգամ խուսափի «ցեղասպանություն» բառը գործածելուց: Երկրորդ` պետք է դրվի հարցը, որ Թուրքիան շեղվել է առանց նախապայմանների սկզբունքից: Կարծում եմ` արտաքին քաղաքականության նախաձեռնողականություն հենց այս դեպքում կդրսևորվի, այսինքն` ամերիկյան այս այցի ընթացքում բոլոր հիմքերը կան հռչակված նախաձեռնողական քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:
-Պարոն Ռուստամյան, ես լրագրողորեն «անմեղ» որսում եմ Ձեր «նախաձեռնողական» բառի իրոնիան:
-Իրոնիա չկա, չէ՛, չկա, սակայն ամերիկյան այցն ամենալավ առիթն է նախաձեռնողականության:
-Պարոն Ռուստամյան, Ձեր բազմանշանակ հայացքն այնպիսի տպավորություն է թողնում, թե Ձեր մտքերի տակ ինչ-ինչ ենթաշերտեր, ինչ-ինչ չբարձաձայնված մտքեր կան. հնարավո՞ր է` Դուք ինչ-որ բան գիտեք, որ մենք` հասարակ մահկանացուներս, չգիտենք:
-Չկա ոչինչ: Պարզապես ես տեսնում եմ, որ այլևս հետ գնալու տեղ չի մնացել, և Հայաստանն իսկապես կարող է շատ բարձրաձայն խոսել իր մոտեցումների մասին և իր շահերը պաշտպանել, ինչն էլ լիովին ընկալելի կլինի միջազգային ատյանում, մանավանդ Միացյալ Նահանգներում:
-Ի՞նչ կկատարվի այնտեղ, ի վերջո:
-Կարծում եմ` Օբաման ցանկանում է հասնել նրան, որ կարողանա խուսափել ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն արտասանելուց: Վստահ եմ, որ թուրքերն էլ պահանջելու են, որ, այսպես կոչված, ինչ-որ «ճանապարհային քարտեզ» ընդունվի Ղարաբաղի, այդ թվում` հայ-թուրքականի ժամանակացույցի հաշվով: Ինչից պետք է խուսափել:
-Իսկ ի՞նչ են անելու Հայաստանը, Սերժ Սարգսյանը` ըստ Ձեզ:
-Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը պետք է վերը նշած պայմաններն ընդունի, եթե, իհարկե, նման առաջարկ լինի: Հիշենք, որ անցած տարի ապրիլի 24-ից առաջ մի այդպիսի «ճանապարհային քարտեզ» առաջարկեցին, և տեսանք` ինչ եղավ: Հիմա ևս մեկ «ճանապարհային քարտեզ» Ղարաբաղի հարցով «ունենալու» հետևանքները շատ ավելի ծանր կլինեն:
-Կհաջողի՞, թե՞ կձախողվի Օբաման այս անգամ:
-Եթե մենք պինդ կանգնենք, չզիջենք, այո, կձախողվի:

«ԵՍ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ»
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ (ԱԺ անկախ պատգամավոր)
-Պարոն Թորոսյան, ի՞նչ է կատարվելու ամերիկյան հանդիպումների ժամանակ` ըստ Ձեզ:
-Ես գուշակություններով չեմ զբաղվում:
-Տեղի կունենա՞ եռակողմ հանդիպում` Օբամա-Էրդողան-Սարգսյան:
-Էական չէ, հանդիպումը եռակողմ կլինի, թե երկու երկկողմ, կարճ կլինի, թե երկար, էական է, որ Միացյալ Նահանգները փորձելու է ամեն ինչ անել, որ Էրդողանը համաձայնի արձանագրությունները վավերացնել:
-Ի՞նչ վատ բան կա դրանում. կհաջողի՞ Օբաման:
-Կարծում եմ` չի հաջողի:
-Այդ դեպքում Էրդողանը հանդիպման է գնում «լավ տոնը» պահելո՞ւ համար:
-Պետք է հարցնել Էրդողանին:
-Իսկ հայկական կո՞ղմը:
-Հայկական կողմը, ցավոք, արձանագրությունների հետ կապված վաղուց մնացել է խաղից դուրս վիճակում:
-Իսկ եթե Դուք սխալվե՞ք, պարոն Թորոսյան, և իրադարձություններն այնպես զարգանան, որ լուծումներ գտնվեն, փոփոխություններ լինեն:
-Ավելի վատ Հայաստանի համար:
-Ինչո՞ւ, սահմանը վերջապես կբացվի...
-Ես բազմիցս առիթներ ունեցել եմ այդ հարցը մանրամասնելու և հիմնավորումներ եմ ներկայացրել, թե ինչու է վատ Հայաստանի համար, այնպես որ, ևս մեկ անգամ դա կրկնելն իմաստ չունի:
-Իսկ ղարաբաղյան հարցը կքննարկվի՞ այդ այցի ընթացքում և ի՞նչ ենթատեքստով:
-Չեմ կարծում, որ որևէ տեղաշարժ հնարավոր է (մոտակա օրերին) Ղարաբաղի հարցում:
-Բա, դե, տեսնո՞ւմ եք, պարոն Թորոսյան, եթե, ըստ Ձեզ, ստատուս քվոն պահպանվում է և՛ հայ-թուրքականում, և՛ ղարաբաղյան հարցում, ընդ որում, Հայաստանն էլ հայտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում, էնտեղ էլ բազմաթիվ երկրներ Հայոց ցեղասպանությունն են ճանաչում, ու որ սթափ հայացքով նայում ենք, էնքան էլ վատ չեն մեր գործերը:
-Կարծում եմ, որ այդ հայացքը կամ սթափ չէ, կամ հարցը սարկազմ ունի իր մեջ: Նորից ասեմ, պետք է մանրամասնորեն անդրադառնալ այն ամենին, ինչ ներկայացրիք հարցի մեջ. սկսած «Ցեղասպանության ճանաչման առնչությամբ Ձեր հնչեցրած մտքից մինչև ղարաբաղյան խնդիր: Եվ հետո, չգիտես ինչու, Ցեղասպանության ճանաչման, այսպես ասած, վերջին փուլի գործընթացն սկսվեց այն բանից հետո, երբ արձանագրությունների վավերացման ընթացքը դադարեց:
-Աստվածաշունչն ասում էր` մեկը «պողոսյան է, մյուսն` ապողոսյան», բայց կարևորը, որ Աստվածաշունչն է քարոզվում: Կարևորն այդ գործընթացում թերևս այն է, որ Ցեղասպանության ճանաչման առումով մենք շահում ենք: Ի դեպ, այն էներգիան, որ Քոչարյանը ծախսում էր տասը տարի, հետն էլ հռչակելով Ցեղասպանության ճանաչումը հայաստանյան քաղաքականության առաջնահերթություն, ու հենց մի երկիր ճանաչում էր, մենք էստեղ շքերթ էինք կազմակերպում ու բացականչում էինք, որ այդքան ուրախ կյանքը մեզ ընկեր Քոչարյանն է տվել, հիմա շռայլորեն այդ ճանաչումը տեղի է ունենում, և Դուք այդ փաստին վերապահումո՞վ եք մոտենում:
-Դե, եթե պետք է հարցից հարցի անցնենք, այդպես հարցազրույց չի ստացվի:
-Պարոն Թորոսյան, սա բլից-զրույց է:
-Ես նման լուրջ հարցերի վերաբերյալ բլից-զրույց չեմ կարող տալ. այդ ամենը շատ լուրջ ներկայացնելու և հիմնավորելու կարիք ունի, որովհետև այդ բոլոր հարցերը միմյանց հետ խիստ շաղկապված են:
-Հետաձգենք հարցազույցը մինչև վաշինգտոնյան հանդիպումների ավարտ, որովհետև հիմա «միջանկյալ» ժամանակահատված է: Բայց ևս մեկ հարց. որքան էլ Դուք հիմա ասեք` կապ չունեք, շահագրգիռ չեք, Ձեզ չի հետաքրքրում և այդպես շարունակ, այնուհանդերձ, վերջին շրջանում ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ, խմորումներ տեղի ունեցան, այդ խմորումներն առնչվում էին նաև որոշակի անձի, որը Ձեր ճակատագրի (սա` մի քիչ բարձր է հնչում էլի, բայց` թույլ տվեք) վրա նույնպես «հետք» թողեց: Ի՞նչ է, դուրս եկավ` Սերժ Սարգսյանը սխալվե՞ց իր ընտրությունում:
-Ինձ, ճիշտն ասած, այդ հարցերը չեն հետաքրքրում:
-«Ըսկի՞»:
-Բացարձակապես:
-Ձեր ժպիտը Ձեր փոխարեն ասում է, որ Դուք, համենայն դեպս, չսխալվեցիք: Չէ՛, կուլտուրական ձևակերպեմ հարցը. Դուք նման բան սպասելի՞ էիք համարում:
-Այդ հարցն ինձ չի հետաքրքրում:
-Դեռ վիրավորված ե՜ք:
-Բացարձակապես:
-Դուք անկե՞ղծ եք, պարոն Թորոսյան:
-Բացարձակապես:

«ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐ ԱՌԱՋ ՏԵՍՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ»
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)
-Սերժ Սարգսյանի այցից Սաֆարյան Ստյոպան անձամբ ի՞նչ սպասելիքներ ունի` «հալբաթ»:
-Էդպես էլ գրելո՞ւ ես` «հալբաթ»:
-Առանց «հալբաթի» եմ գրելու, բայց եթե պետք է` գեոքաղաքական «առումո՜վ»...
-Աղը չկորչի: ԱՄՆ այցի առիթով. կողմերի ակնկալիքները պարզ են. ԱՄՆ-ը ցանկանում է օր առաջ տեսնել արձանագրությունները վավերացված, բայց, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ հայկական և թուրքական կողմերը պաշտոնական մակարդակով ավելի շատ կցանկանային գործընթացը տապալված տեսնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ուժեղ կլինի Միացյալ Նահանգների հորդորը կամ ճնշումը:
-Որքա՞ն ուժեղ կլինի:
-Եթե Թուրքիան հաղթահարել է իր կոնգրեսյան հակաբանաձևային հիստերիան, ու մեկնում է փաստացի Վաշինգտոն, կարծում եմ, մնացած հարցերում նույնպես Էրդողանը կգնա այն լուծումներին, ինչն իրեն կպարտադրվի: Այսինքն` արձանագրությունների վավերացման:
-«Ողջամիտ» ժամկետ նշեք, պարոն Սաֆարյան:
-Այդ ժամկետը պետք է Հայաստանի իշխանությունները նշեն, որովհետև նրանք են արձանագրություններում ներառել այդ բառակապակցությունը, և նրանք պետք է հայ հասարակությանը բացատրեն, թե այդ բառի տակ քանի ամիս ու տարի է մտնում:
-Ամփոփենք այցի «արդյունքները», պարոն Սաֆարյան։
-Կարծում եմ` ԱՄՆ-ը կհասնի նրան, որ արձանագրությունները կվավերացվեն: Հայկական կողմի հետ նրանք խնդիր չունեն, կարծես թե:
-Եվ Սերժ Սարգսյանը` նստած սպիտակ ձիու վրա, կժամանի Հայաստան:
-Ինքնաթիռով, առանց ձիու:
-Կարո՞ղ է, էդ ժամանակ էլ մի երկնային ուղերձ` օդից, հղի Ադրբեջանի նախագահին, ոնց եղավ Էրդողանի ժամանակ ու, փաստորեն, «արդարացվեց» ուղերձը:
-Կարծում եմ` Միացյալ Նահանգներն ամենևին չի սպասում, որ Սերժ Սարգսյանն Ալիևին նամակներ կամ օդային ուղերձներ հղի. Միացյալ Նահանգներն այս հարցի լուծման բանալիներից մեկը տեսել և տեսնում է ղարաբաղյան գործընթացի ակտիվացման մեջ` փակուղուց դուրս գալու համար, որովհետև հայ-ադրբեջանական հնարավոր լուծումների մատրիցան շատ ավելի բարդ է, քան հայ-թուրքական լուծումները:

Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ