«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՎ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԱՂՔԱՏ Է, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՏՀԱՍ Է, ԿԱ՛Մ ՍՐԻԿԱ»

«ՈՎ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԱՂՔԱՏ Է, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՏՀԱՍ Է, ԿԱ՛Մ ՍՐԻԿԱ»
20.09.2011 | 00:00

«Այգեստան` գյուղ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս: Տնտեսության հիմնական ճյուղը այգեգործությունն է: Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղը հիմնադրել են Իրանի ՈՒրմիա և Խոյ գավառներից եկած հայերը 1828-29-ին (ՀՍՀ, հ. 1)»:


Մեր զրույցը գյուղապետ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ, ինչպես կարգն է, սկսվեց նրա «ով լինելուց»:


«ՆԱԽԿԻՆ ԵՐԵՔ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ»
-Ծնվել եմ Այգեստանում: Հայրս Վանից էր, ներգաղթած 1915-ին, մայրս` Պարսկաստանի Սալմաստ գավառից: Հայրս Այգեստանի դպրոցի տնօրենն էր, մայրս` հայոց լեզվի ուսուցչուհի: 1941-ին հորս բանտարկում են քաղաքական հայացքների համար և «գործուղում» ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներ: Վերադարձից հետո նա, մնալով իր համոզմունքներին, այնուամենայնիվ, հակախորհրդային որևէ դիրքորոշում չուներ: Պատճառը պարզ էր. նա համոզված էր, որ հայ ժողովրդի գոյապահպանության համար Սովետական Միությունը անփոխարինելի երկիր էր: Նաև լավատես էր ու հավատում էր երկրի ապագային: Եվ ուրախ եմ, որ շատ բաներով ծնողներիս եմ նման:
Հումանիտար գիտությունների հանդեպ մասնագիտական հակումներս ուղեկցեցին ինձ պոլիտեխնիկական ինստիտուտ, այնուհետև պետհամալսարանի բանասիրական բաժին։ Հետո կոչումս տեսա իրավական համակարգում, ավարտեցի համալսարանի իրավաբանական բաժինը, աշխատանքի անցա հանրապետական դատախազությունում։ 2007-ին անցա կենսաթոշակի։ Եվ որոշեցի կենսափորձս ու գիտելիքներս ներդնել հայրենի գյուղի զարգացման մեջ։ Հակառակորդս կեղծիքներով «հաղթեց»։ 2008-ին նոր ընտրություններ նշանակվեցին։ Մասնակցեցի և հաղթեցի։ Ի դեպ, նախկին կոլեգաներիս` երեք գյուղապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Սա, կարծում եմ, ինչ-որ բանի մասին խոսում է։
-Հարցս բնական պետք է հնչի. ի՞նչ էր իրենից ներկայացնում Այգեստանը Ձեր աշխատանքային առաջին օրը։
-Նախ` հիշեցնեմ, որ խորհրդային տարիներին Այգեստանի կոլտնտեսությունը տարեկան 2 մլն ռուբլու շրջանառություն ուներ, այսինքն` այն ժամանակ, երբ սովետական 65 կոպեկը կշռվում էր 1 ԱՄՆ դոլարով:
Սակայն վերհուշերով առաջ գնալն անհույս բան է։ Այգեստանը, անկախացումից հետո, բնականաբար, չէր կարող խուսափել երկրում թափ առած գործընթացներից: Տառացիորեն թալանվում էր ամեն բան, սկսած մեքենատրակտորային կայանից մինչև գյուղի կուլտուրայի տան… մանրահատակը: Իսկ երբ ես գյուղապետ ընտրվեցի, աշխատանքային իմ առաջին օրը լուրջ անակնկալ էր ինձ համար, գյուղի բյուջեում կար ընդամենը 23 հազար դրամ: Եվ չունենալով որևէ նյութական հիմք, այնուամենայնիվ, սկսեցի գյուղապետարանի հիմնանորոգումը: ՈՒ շնորհակալությունս հայտնեմ իմ այն համագյուղացիներին, ովքեր անվճար աշխատեցին, աշխատեցին հանուն Այգեստանի: Մարդկանց մեջ հավատ կար: Հետո վերականգնեցինք գյուղի մարզադահլիճը: Այդ օրերին ինձ մի միտք էր տանջում. լավ, ասենք թե ակումբի մանրահատակը գողացան և մի քանի օր վառարանները վառեցին, իսկ մարզադահլիճի ծանրաձողե՞րն ինչ արեցին: Ցավոք, անկախության սկզբնափուլում թե՛ պաշտոնատար անձի, թե՛ շարքային քաղաքացու մեջ ձևավորվել էր թալանողի, գռփողի անպատիժ մնալու հոգեբանությունը:
-Սկսեցիք գյուղապետարանից և ակումբից: Բայց գյուղացու կենսական շահերն ու հետաքրքրությունները այլ հարթությունում են:
-Գյուղի գազիֆիկացումն անավարտ էր: Գրավոր դիմեցի կառավարությանը, թե բարոյական այդ ո՞ր իրավունքով են գազատարները, որոնք գյուղի սեփականությունն են, կրկին վաճառվում գյուղացուն: Չէ՞ որ ժամանակին գազատարները գյուղի միջոցներով էին անցկացվել և գյուղաբնակների սեփականությունն էին: Նշեցի, որ թույլ տան խողովակները ապամոնտաժել, նորոգել և գործածել նոր գազատարում: Կառավարությունն ու «ՀայՌուսգազարդն» ընդառաջեցին: Եվ այսպիսով, եթե նոր գազատարի 1 կմ-ն 8 մլն դրամ է, ես այն անցկացրի 2 մլն դրամով:
-Այսինքն` գյուղում կիրառում եք նախկին ինժեների մտքի ճկունությունն ու դատախազի գիտելիքների խորքայնությունը:
-Այո, միանգամայն: Այս տարի 6,5 կմ խմելու ջրի գիծ ենք անցկացրել: Ինչպե՞ս: Հանում ենք գազի երկաթյա խողովակները, գործածում ըստ նպատակի, իսկ նախկին գազատարի ճանապարհով ջրագիծն ենք անցկացնում: Սա բավականին շահութաբեր է:
Գյուղի բյուջեն այսօր 34-35 մլն դրամ է, որն օգտագործվում է մանկապարտեզի պահպանության, գյուղապետարանի աշխատակազմի պահպանության և այլնի վրա:

«ԾՈՒՅԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՊԱՏՃԱՌՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՉԱՇԽԱՏԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՍԵՐՆ ԱՄԵՆ ԲԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆՈՒՄ»
-Այգեստանը կրում է բոլոր այն դժվարությունները, որ ծառացած են հանրապետության առջև: Սակայն մեծ դժվարությամբ կայունանալով, այնուամենայնիվ, «խնդրի խնդիրն» առկա է` արտագաղթը: Այս իմաստով ի՞նչ օրեր եք ապրում:
-Պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր արտագաղթի հիմքում սոցիալական պատճառներ են տեսնում: Սա, անշուշտ, կա: Սակայն գլխավորը ծուլությունն է: Մեր քարից հաց քամող ժողովրդի մեջ շատ են անբանները: Հաճախ գյուղացուն վայել աշխատանք ես տեղում առաջարկում, ասենք, այգեգործության բնագավառում, պահանջում է այնպիսի գումար, որ անհնար է վճարել: ՈՒ այս ճանապարհով «արդարացնում է» սեփական անբանությունը: Կան նաև աշխատասեր, բանիմաց մարդիկ: Ասենք` Տարզանի ընտանիքը, Հասրաթյան Սուրոյի ընտանիքը, Վիրաբի տղաները, Ժորան ընտանյոք հանդերձ: Լավ աշխատում են, բարեկեցիկ էլ ապրում: Այսինքն` ծույլը միշտ էլ պատճառներ է փնտրում չաշխատելու, աշխատասերն ամեն բան հաղթահարում և արդյունքի է հասնում:
-Դե, ինչպես ռուսական հայտնի առածն է ասում` հայտնի է, թե վատ պարողին ինչն է խանգարում:
-Այո: Սակայն հարցին վերադառնամ և ամենայն պատասխանատվությամբ պիտի հայտարարեմ, որ մարդիկ հեռանում են անարդարությունից: Ամենուր է անարդարությունը: Եվ մարդն այն հաղթահարել չկարողանալով` տարագրվում է:
Եվ ամենամեծ անարդարությունը հենց ամենակենսաբեր խնդրին է վերաբերում, ոոռգման ջրին, որ վաճառվում է անբնական բարձր գնով: Ինձ, բարեբախտաբար, հաջողվեց խմելու ջրի խնդիրը գրեթե լիովին կարգավորել։ Սակայն թող զարմանալի չթվա, որ ոռոգման ջրի խնդիրը գյուղաբնակի համար հարցերի հարցն է։ Հաճախ ամենաաշխատասեր գյուղացին անգամ ամենաբարեբեր տարվա բերքահավաքից հետո մնում է կոտրած տաշտակի առջև։ Քանի որ հարկերն ու վարկերը վճարելուց հետո նրան գրեթե ոչինչ չի մնում։
-Ընդհատեմ Ձեզ վառ մի օրինակով, որ դաջված է հիշողությանս մեջ: 1995-ի ամռանը, անկախացումից հետո առաջին անգամ Բուրաստան գյուղում էի: Այստեղ, պապիս այգու հարևանությամբ, խոր մի գետակ էր հոսում, որ սարերից գալով ջրում էր գյուղի հողերն ու հանդերը և թափվում Արաքս: Այդ գետը չկար: Ցամաքեցրել էին, քանզի գյուղացին ի վիճակի չէր վճարելու ոռոգման ջրի դիմաց:
-Ցավալի և ծանոթ պատկեր է: Բայց դարձյալ փոքր-ինչ շեղվենք: Մենք սիրում ենք ամեն բանում մեղադրել երկրի նախագահին: Ջուրը դաշտ չի հասնում, նախագահն է մեղավոր: Իշխանություններն անօրինություններ են թույլ տալիս, նրա օձիքից կախվենք և այլն:
-Դե մենք արմատական թագավորամերժ ենք:
-Բարի, էդ դեպքում ինչո՞ւ ենք հարկեր վճարում և պահպանում ամենատարբեր իշխանավորներին` գյուղապետից մարզպետ, նախարարից էլ վարչապետ:
Ես գյուղացիների հետ հանդիպումներում հաճախ եմ ասում, որ մեր գյուղը մի առանձին աշխարհ է, մի պետություն, եկեք խղճի մտոք, ազնվաբարո աշխատենք և ապրենք, մի կողմ դնելով, թե ով և ինչ չափի է երկիրը կեղեքում:
Բայց ջրին անդրադառնանք: Այսօր ջրի խորանարդ մետրը 11 դրամով է վաճառվում գյուղացուն: Սա հանցագործություն է: Արարատյան դաշտավայրում մինչև հունիսի կեսերը ջուրը հորդառատ ընթացքով կիսում է մեր հողերը և թափվում Արաքսը, ողողում ադրբեջանական դաշտավայրերը: Բայց եթե Հայջրպետկոմի նախագահ Անդրեասյանը դուրս գա իր աշխատասենյակից և իրականում ծանոթանա ջրին մեր հանապազօր, ապա պատկերը էապես կփոխվի: Գարնան ամիսներին և ամռան սկզբին ջրերը կուղղվեն Արտաշատի ջրանցք և Մխչյանի ջրհան կայան, գյուղացիները որոշակի ժամկետներում անվճար կօգտվեն ջրից, ինչը կանդրադառնա և՛ նրանց աշխատանքի արդյունավետության, և՛ ապրանքատեսականու վերջնական գնի վրա:

«ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ ԾԱՂԿՈՒՆ ԵՎ ՇԵՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ԳՅՈՒՂԱՑԻՆ` ՀՊԱՐՏ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ»
-Դե Եվրոպան վարկավորում է մեզ ու պահանջներ ներկայացնում, մասնավորապես գրանցել աղանդները, անհավանական գնով վաճառել ջուրը: Սակայն ջրի օպտիմալ գինը որքա՞ն է:
-Լավագույն դեպքում 3-4 դրամ: Չէ՞ որ ջրի շուրջ 80 տոկոսն անհետանում է առուներում: Իմ սեփական հողի ջուրը մոտ 1,5 կմ հեռու է: Հիմնական ջրատարից 50 լ ջուր է ուղղվում, բայց տեղ է հասնում 5 լիտրը: Մնացածը կորչում է հողում:
-Խնդիրն ավելի խորքային դիտարկենք: Վարչահրամայական Խորհրդային Հայաստանի համեմատությամբ խիստ ազատական տնտեսություն ունեցող անկախ Հայաստանի չինովնիկական ապարատը մեծ է երկու անգամ: Պատահակա՞ն է, որ ազգային հարստություն հանդիսացող ջրի և գյուղացու միջև ինչ-որ պարտոկրատ մարմին է ձևավորվել և նրանց հաշվին մեծ գումարներ է վաստակում ու բարձրացնում ջրի գինը:
-Ձեր ասածը վերաբերում է ՋՕՄ-երին` ջրօգտագործողների միավորումներին: Ակնհայտ վարչաբյուրոկրատական մի համակարգ է սա, որ անում է անհնարն ու հնարավորը ջրի գինը անհասկանալի սահմանագծում պահելու համար:
Սակայն գյուղի խնդիրը, ցավոք, միայն ջուրը չէ: Այսպես կոչված, էլիտար սերմացուն հաճախ ամենացածր որակի է, և դրա ներկրումը, ըստ էության, դավադրություն է: Հիշում եմ, մեզ տրամադրեցին էլիտար եգիպտացորենի սերմացու, որն էլիտար ծաղկեց, բարգավաճեց, սակայն մեկ լիարժեք կողր եգիպտացորեն մենք չտեսանք։ Ահա և ձեզ էլիտար սերմացու։ Մի խոսքով, այսօր գյուղում պայքար է ընթանում, և այս պայքարի ընթացքում անպատճառ հաղթել է պետք։ Այլ ճանապարհ չկա։ Առայժմ մտորումների մեջ եմ, որոնք ցանկացած գնով պիտի իրականացվեն։ Մասնավորապես, պետք է վերականգնվի գյուղի մեքենատրակտորային բազան։ Առանց դրա, հավատացեք, գյուղը լրացուցիչ խնդիրների առջև է կանգնում։ Զուգահեռաբար պետք է շարունակվեն համայնքի բարեկարգման աշխատանքները, կրկնում եմ, ոռոգման ջրի կորուստները պետք է նվազագույնի հասնեն, ոռոգման ջրի գինը, անշուշտ, երկրի կառավարության նախաձեռնությամբ, պետք է տեղավորվի տրամաբանության սահմաններում։ Աշխատանքները շատ են, սակայն անլուծելի խնդիրներ գրեթե չկան։
-Վերջին հարցս: Ի՞նչ եք մաղթում այգեստանցուն և Այգեստանին:
-Հայրենի գյուղը ծաղկուն և շեն պիտի լինի, գյուղացին` հպարտ և արժանապատիվ: Ես այդպես եմ ապրում և ցանկանում եմ, որ բոլորն այդպես ապրեն: Իմ գերնպատակն է` գալիք սերունդը լինի խրոխտ, հայրենասեր, արժանապատիվ և իր գյուղի մեջ հայրենիքը տեսնի:
Իմ «Հայի տեսակը» գրքում գրել եմ. «Ով ասում է, որ այս երկիրն աղքատ է, կա՛մ քաղաքականապես տհաս է, կա՛մ սրիկա»: Մենք հարուստ ենք, հարուստ ամեն բանով: Սկսած հանածոներից, վերջացրած հայի աշխատասիրությամբ և տաղանդով: ՈՒ պետք է բարեկեցիկ ապրենք։
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ