«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ»

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ»
30.10.2009 | 00:00

Մեր թերթի հարցերին շարունակում է պատասխանել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:
(սկիզբը՝ թիվ 82-ում)
-ՀՀԿ կանանց խորհուրդն ի՞նչ խնդիրներ է լուծում:
-ՀՀԿ-ում, ի տարբերություն այլ կուսակցությունների, չկա կանանց կազմակերպություն, մենք համարում ենք, որ կուսակցության մեջ կուսակիցներ են` անկախ սեռից: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ մեր կուսակցության մեջ հավասարազոր են, բայց քանի որ մեր երկրում, մեր կյանքում կան հարցեր, որոնք կանանց ավելի հոգեհարազատ են, որոնց բարձրաձայնումների ու լուծումների մեջ կինն ավելի բովանդակային ու խորքային որոշումներ կարող է կայացնել, այդ պատճառով էլ ստեղծվել է կանանց խորհուրդը, որպեսզի կուսակցության ներսում կանանց այս յուրահատուկ գործունեությունը համակարգվի: Կանանց խորհուրդներ ՀՀԿ-ի բոլոր տարածքային կազմակերպություններում կան, և կանայք բոլոր ոլորտներում իրենց խոսքը կարող են ասել պրոֆեսիոնալ մակարդակով:
-Կանայք ավելի ակտի՞վ են տղամարդկանցից:
-Կանայք ինքնատիպ են և ունեն այնքան եռանդ ու ակտիվ դիրքորոշում, որ իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնեն այդ ոլորտների կամ հասարակական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը: Այդ պատճառով էլ, բացի քաղաքական կազմակերպությանը բնորոշ աշխատանքային ուղղություններից` կազմակերպական ու գաղափարաքարոզչական, որոշվեց, որ կանանց խորհուրդը կունենա ոլորտային հանձնախմբեր` կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական և այլն, կանայք կբարձրաձայնեն խնդիրներ, որոնց ՀՀԿ-ն իր լծակներով կփորձի ընթացք տալ: Կուսակցությունը խորհրդարանում ունի մեծամասնություն կազմող խմբակցություն, ներկայացուցիչներ կառավարությունում, և շատ հաճախ կանանց խորհրդի բարձրացրած հարցերը դառնում են առաջարկներ կառավարությանը, առաջարկներ պատգամավորներին, արտահայտվում են այս կամ այն փաստաթղթի մեջ: Կանանց խորհուրդն իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ազգապահպանությունը, հայապահպանությունը, լեզվապահպանությունը:
-Ի՞նչ խնդիրներ են լուծվում այդ ծրագրերով:
-Ժամանակի ընթացքում մենք կարողացանք առանձին տոների և միջոցառումների իրականացման պրակտիկայից անցում կատարել ծրագրային միջոցառումների, որոնք ավելի նպատակային են, ավելի ընդգրկուն ու հետաքրքիր:
-Ի՞նչ է դա նշանակում, կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:
-Օրինակ, մենք ունենք մայրենիի տոն, ունենք լեզվապահպանության խնդիր և օրն առանձին միջոցառմամբ նշելուց անցել ենք լեզվապահպանական ծրագրի իրականացման, որի խնդիրներն ու նպատակները որոշարկելիս առաջնորդվել ենք այն դրույթով, որ լեզվապահպանության գործում կարևոր դեր ունեն կանայք: Այս ծրագիրը մի քանի անգամ Երևանում կենսագործել ենք «Մայրենին սրբորեն պահպանող մայրեր» մրցույթի ձևով, այսինքն, կարևորել ենք, թե ընտանիքի ակունքում գտնվող մայրը լեզվական ինչ գիտելիքներ, ինչ վերաբերմունք ունի լեզվի նկատմամբ, ինչ լեզվով են խոսում ընտանիքում։ Այստեղից ենք փորձում սկսել՝ երեխային ճիշտ խոսել սովորեցնելու համար:
-Իսկ ուսուցիչնե՞րը:
-ՈՒսուցիչներն ունեն գիտելիքներ հաղորդելու մեծ առաքելություն, բայց երեխան միայն դպրոցում չի մեծանում, երեխան մեծանում է տանը, ընտանիքում, փողոցում, և կարևոր է մթնոլորտը, լեզվական ճիշտ միջավայրի պահպանությունը: Կանանց խորհուրդը բոլոր ոլորտներում ունի ամենամյա ծրագրեր, որոնք հանրային հնչողություն ու արժեք են ներկայացնում: Բոլորովին վերջերս Թարգմանչաց տոնը նշեցինք: Ամեն տարի իրականացնում ենք մի ծրագիր, որը կրթության տոն է կոչվում, և շարունակական միջոցառումների, քննարկումների ճանապարհ է` կրթական խնդիրների վրա ուշադրությունը սևեռելու նպատակով: Որպես կանոն, կրթական շաբաթն սկսվում է ուսուցչի տոնով: ՈՒսուցչի տոնից մինչև Թարգմանչաց տոն տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: ՀՀԿ տարածքային կազմակերպությունները ներկայացնում են կրթական ոլորտի պարգևատրման արժանի թեկնածուներին, նոմինացիան միայն մանկավարժական չէ, այլ մեր կուսակցությանը, մեր գաղափարախոսությանը հոգեհարազատ դրույթ: Մեր տարածքային կազմակերպություններն իրենց մարզերում փնտրում-գտնում են այն հանրապետական ուսուցիչներին, ովքեր առավելապես աչքի են ընկել իրենց սաներին որպես հայ քաղաքացիներ դաստիարակելու գործում:
Թարգմանչաց տոնն էլ փորձում ենք ծառայեցնել այն նպատակին, որ հանրությունը ևս մեկ անգամ հիշի իր պատմական անցյալը, իր արժեքներն ու արմատները:
-Այսինքն` այն, ինչ պիտի անեն հայ գրողները, հայ գիտնականները, լեզվաբանները, պատմաբանները...
-Նրանք ժամանակ առ ժամանակ մասնակցում են մեր միջոցառումներին, աջակցում են մեզ: Այս տարի մեզ մեծ աջակցություն ցույց տվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը, արժևորվեց մեր մոտեցումը, և, ակներևաբար, գալիք տարվա միջոցառումները նույնպես եկեղեցու հետ համատեղ կլինեն` դառնալով ավելի հնչեղ: Երեխաների պաշտպանության օրվա առիթով մենք ենք ծրագիր իրականացնում հունիսին` հեռավոր մարզերից, սահմանամերձ գյուղերից երեխաներին մայրաքաղաք բերելով, թանգարաններ ու ցուցասրահներ տանելով: Մենք նաև թանգարանային օր ունենք. այդ օրը երեխաներին Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի և այլ գրողների տուն-թանգարաններ ենք տանում: Երախտագիտությամբ պետք է նշեմ, որ թանգարանների աշխատակիցները մեծ ուշադրությամբ են վերաբերվում երեխաներին, նրանց համար մուտքն անվճար է։ Սրանք մանրամասներ չեն, վերաբերմունք ու արժևորում են արտահայտում: Այս տարի նման ծրագրում ընդգրկել ենք նաև Էրեբունի ամրոցն ու թանգարանը, մարզերի երեխաներին ենք հրավիրելու: Քանի որ տարին թումանյանական է, հեռավոր շրջանների երեխաների համար «Անուշ» օպերայի դիտում կազմակերպվեց: Կարծում եմ` դա լավ հնարավորություն է և՛ արվեստին հաղորդակցվելու, և՛ Երևանում զբոսնելու համար: Ավանդական ևս մի ծրագիր ունենք` «Մինասն իմ մեջ», որ իրականացնում ենք Ջաջուռում` Շիրակի մարզի երեխաների համար: Շիրակի մարզում գեղանկարիչներն ընդհանրապես շատ են, և շատ նվիրյալներ կան, որ աշխատում են երեխաների հետ: Տարին մեկ անգամ Մինասի թանգարանում մրցանակաբաշխություն ենք անցկացնում: Երևանի քաղաքապետարանի հետ անցկացվեց «Ճանաչենք մեր մայրաքաղաքը» մրցույթը, որին մասնակցեցին Երևանի տասնյակ դպրոցների աշակերտներ, մրցույթը միայն շարադրություններով չսահմանափակվեց, այցելություններ կազմակերպվեցին Երևանի տարբեր տեսարժան վայրեր, հուշարձաններ, ուսումնասիրեցին պատմությունը` ինչպես է կառուցվել, ով է կառուցել, երբ... Երեխաներն ուսուցիչների, ծնողների, տատիկ-պապիկների հետ հայտնագործում էին իրենց ծննդավայրը, կարդում` ինչ այդ մասին կա, նկարում: Հետո այս գիտելիքների շրջանակներում մրցույթ կազմակերպեցինք` «Երևանի յոթ հրաշալիքները», որին 100-ից ավելի երեխաներ էին մասնակցում, այնքան հետաքրքիր պատասխաններ կային, օրինակ, Մատենադարանից, ճարտարապետական հուշարձաններից բացի, որ սպասելի էր, մեկը Երևանի աղջիկներին էր համարել հրաշալիք, մեկը` 114-րդ դպրոցի բակի թթենին... Մեր Երևանն էլ մեր երեխաների համար փոքր աշխարհ է ու ոչ պակաս հրաշալիքներ ունի, քան իր պատմության մեջ ունեցել է աշխարհը: Կարծում եմ` կարևորն այն էր, որ երեխաներն ինքնուրույն էին բացահայտում հարազատ մայրաքաղաքի՝ իրենց համար կարևոր ու թանկ անկյունները: Երեխաների և նրանց ծնողների առաջարկով այդ մրցույթը նույնպես դարձրինք ավանդական և «Ճանաչենք մեր մայրաքաղաքը» բանաձևից անցանք «Սիրենք մեր մայրաքաղաքը» բանաձևին: Հաջորդ քայլը, կարծում եմ, «Սիրենք մեր երկիրն» է լինելու, այսինքն` նույնպես ճանաչողական, մշակութային, միտքը կրթող ու զարգացնող: Այս աշխատանքները պահանջում են ամենօրյա ուշադրություն, մեծ ընդգրկում ունեն, իսկապես հետաքրքիր են և՛ մեզ, և՛ ուսուցիչների, և՛ երեխաների ու նրանց ծնողների համար, և ամենակարևորը` երեխաներն իրենք վկայում են, որ դա իրենց համար հետաքրքիր է, նոր գիտելիքներ են ձեռք բերում, նոր ընկալումներ ու նոր ապրումներ, նաև նպաստում են մասնագիտական կողմնորոշմանն ու հետագայում մասնագիտության ընտրությանը:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ