«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՍ ԷԼ ՄԻ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ` «ԲԵՂԵՐՍ ՈԼՈՐԵԼ ԵՄ, ԳԵՂԱՄԻՋԻՆ ԿԱՆԳՆԵԼ ԵՄ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՄ»

«ԵՍ ԷԼ ՄԻ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ` «ԲԵՂԵՐՍ ՈԼՈՐԵԼ ԵՄ, ԳԵՂԱՄԻՋԻՆ ԿԱՆԳՆԵԼ ԵՄ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՄ»
22.04.2011 | 00:00

Սուրեն Սպանդարյանի արձանի տեղափոխման որոշումը խստագույնս զայրացրել է Հայաստանի կոմկուսին։ Խնդրի առնչությամբ ՀԿԿ-ն բաց նամակով դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «Աշխարհով մեկ հայ ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել մեր հարևան երկրներում հայկական մշակույթի նմուշների նկատմամբ կատարվող վանդալիզմի դեպքերի կապակցությամբ։ Այս օրերին, երբ մեր երկրի առջև ծառացած են շատ բարդ խնդիրներ, նպատակահարմար չէ լրացուցիչ դժգոհություններ և լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ Մեզ զարմացնում է նաև այն, որ 7 հազար հոգուց բաղկացած հանրահավաք-շոու է կազմակերպվում` այն էլ արձան տեղափոխելու համար։ Այս հարցի ճարտարապետական ճիշտ լուծման համար մենք տվել ենք ավելի արդյունավետ առաջարկություն։ Խնդրում ենք հանձնարարել համապատասխան կառույցներին` կանխելու Սպանդարյանի արձանի նկատմամբ պատրաստվող վանդալիզմը»: «Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսից հետո ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցերին:
-Վաղուց էին խոսում Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհով փոխարինելու մասին,- ասաց պարոն Թովմասյանը։- Համոզված էի, որ այս քայլին դժվար թե գնան, քանի որ ժամանակին սխալ էին թույլ տվել հրապարակը կոչելով Նժդեհի անունով։ Հիմա կրկնակի սխալ են թույլ տալիս։ Վերջին 22 տարիներին արձանաքանդություն է կատարվում, որն անվանում եմ գերեզմանաքանդություն։ Մանավանդ այն մարդկանց արձանը, ովքեր Հայաստանում չեն թաղված, համարվում է նրանց գերեզման, և այցելությունն այնտեղ հենց այդպես էլ պետք է դիտարկել։ Հայերը քրիստոնյա են ու գիտեն` ինչ նշանակություն ունի այցելությունը գերեզմանին։ Պայթեցրին Ղուկաս Ղուկասյանի արձանը, որը ճարտարապետական հետաքրքիր կոթող էր, հանեցին Վլադիմիր Իլյիչի արձանը, որը հայ ժողովրդին սազական չէր։ Դրա հետ միասին քանդեցին նաև նրա պատվանդանը, որը քանդակագործության գեղեցիկ նմուշ էր, Մերկուրովի հեղինակությամբ։ Այս ամենն ուղղակի քամուն տրվեց կամ ինչ-որ մարդկանց հոր գերեզմանի դուռ դարձավ։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ պատվանդանը թողնեին ու այսօր այն օգտագործեին իրենց ցանկացած ձևով, ոչ թե անտաշ տախտակամած կառուցեին ու միջոցառումներ անցկացնեին։ Թող փոխեին դրոշն ու Հայաստանի Հանրապետությանը տեղադրեին։ Սակայն մոլագարի պես քանդեցին այն, ինչ կարող էին, անգամ բանվորի արձանը դրանց զոհը դարձավ։ Ի՞նչ էր արել հայ բանվորը։ Ընդամենը այն, որ 70 տարի միայն ստեղծել և ժողովրդի համար ապրելակերպ էր ապահովել։ Հիմա հերթը հասել է Սուրեն Սպանդարյանին, մարդ, ով չի տեսել խորհրդային կարգերը, բայց ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և աշխատավորների ազատագրմանը։ Անկախության շրջանի իշխանությունները վերջը մի բան պիտի կառուցե՞ն, թե՞ չէ։
-Ձեր բառերի ենթատեքստում այն միտքն է, թե անցյալի հետքերը «մաքրելու» հետևողական աշխատանք է իրականացվում։
-Այո, ինչը դատապարտելի է։ Բանը հասավ այնտեղ, որ բանվորի արձանը պարզապես կտրտեցին, փրթեցին ու մինչև հիմա հայտնի չէ, թե հետքերը որտեղ են։ Կառլ Մարքսի արձանն ինչ-որ անհատների ցանկությամբ հանեցին, այն դեպքում, որ ճգնաժամի այս տարիներին նրա գրքերը թիվ մեկ պահանջարկն էին վայելում, Եվրոպայում դրանք ձեռքից ձեռք էին խլում։ Այն մաղձը, որ առկա է խորհրդային կարգերի հանդեպ, խորհրդային այս կամ այն սիմվոլիկան վերացնելը հարիր չեն ո՛չ մեր ազգին, ո՛չ էլ այսօրվա ղեկավարությանը։ Նախագահը վերջին շրջանում բավականին հաջողությամբ, փոխզիջումային տարբերակով աշխատում է ընդդիմության հետ, և հուսով ենք, որ կոմունիստների ասածին էլ ականջալուր կլինի։
-Խնդիրը դիտարկենք այս տեսանկյունից. նպատակահարմա՞ր է ունենալ Գարեգին Նժդեհի հրապարակ, համապատասխան անվանումով մետրոյի կայարան, բայց այնտեղ կանգնած լինի Սպանդարյանի արձանը։ Գուցե ա՞յլ վայր տեղափոխեն հիշյալ արձանը։
-Նախ` հրապարակն անօրինական ձևով են անվանափոխել։ Նույնիսկ որոշ թափթփուկներ ուզում էին Սպանդարյանի գլուխը հանել ու տեղը Նժդեհինը դնել։ Շատ է անլուրջ։
-Ի՞նչ են առաջարկում կոմունիստները։
-Կինո «Հայրենիքի» դիմացի հրապարակում (այն գրեթե պատրաստ է, պակասում են կոսմետիկ որոշ աշխատանքներ) թող տեղադրեն Գարեգին Նժդեհի արձանը։ Եթե, իհարկե, Նժդեհն իր գործունեությամբ հայ ժողովրդի համար օգտակար բաներ է արել, թող արձան կառուցեն։ Թող մետրո կառուցեն, բնակարաններ: Լավ, 22 տարի էս իշխանությունը, բացի քանդելուց, ուրիշին վաճառելուց, ինչ-որ բան կառուցե՞լ է։ Չեմ ցանկանում Նժդեհի կերպարը վերլուծել, բայց այդ արձանի տեղադրումը հակասական կարծիքների տեղիք կտա։
-Մտավախություն չունե՞ք, որ Նժդեհի մասին Ձեր գնահատականները կարող են ճիշտ չընկալվել, հատկապես քաղաքական մեծամասնության կողմից, որը, ի վերջո, նրա գաղափարների հետևորդն է։
-Դա տվյալ կուսակցության խնդիրն է։ Նույնն է, թե հիմա նրանց հարցնեք` ինչպե՞ս եք ընդունում կոմունիստական գաղափարախոսությունը։ Բայց մարդկային պատմության մեջ չի եղել մի գաղափարախոսություն, որ այդքան մարդկային լինի, որքան սոցիալիստական գաղափարախոսությունը։ Հարց է առաջանում` արդյոք նրանք լիարժեք տիրապետո՞ւմ են Նժդեհի գաղափարախոսությանը։ Մենք ժողովրդին տանում էինք դեպի սոցիալիզմ, իսկ Նժդե՞հը ուր էր տանում։
-Նամակով դիմել եք երկրի նախագահին, որը Նժդեհի գաղափարախոսության համակիրն է։ Ի՞նչ երաշխիք ունեք, որ Ձեր առաջարկը կընդունվի։
-Երկրի նախագահը բոլորի նախագահն է, անկախ կուսակցական պատկանելությունից։ Չեմ ցանկանա, որ մեր երկրի նախագահը պատմության մեջ մնա միայն Նժդեհի հետ կապված հարցերով։ Կուզենամ լինի բոլոր կուսակցությունների համար ընդունելի անձնավորություն, հեռու մնա կողքից հուշողների արատավոր մտքերից, պատմության մեջ մնա շիտակ, արդար դատող նախագահ։
-ՈՒզենք, թե չուզենք, ժամանակն առաջ է գնում, նոր հասարակարգ է, ու նոր արժեքներ են ստեղծվում։ Ամեն հասարակարգ իր հերոսներն ունի ու չի կարող անվերջ մեծարել անցյալի գաղափարախոսության ջատագովներին։ Հարգելով պատմությունը, արդյոք չպե՞տք է նոր, թարմ շունչ հաղորդել իրականությանը։
-Ժամանակի շունչը պիտի ժողովուրդը զգա։ Եթե ժողովուրդը զգում է գործազրկության, արտագաղթի, աղքատության, ինքնասպանության «շունչը», էլ ի՞նչ հերոսներ պիտի ունենա։ Վերջին 22 տարիների սարդոստայնի մեջ ժողովուրդը թպրտում է ու ձգտում է միայն երկրից դուրս գնալ։ Այն, ինչ էլ կա, տրված է օտարներին, որոնք այնքան են լպիրշացել, որ հայ ժողովրդին թալանելուց հետո զբաղվում են մանկապղծությամբ։ Սրա՞նք են մեր երկիրը շենացնելու։ Խորհրդային տարիներին հերոսներ շատ կային, ու եթե աշակերտներին հարցնեիր` ո՞ւմ եք ուզում նմանվել, կպատասխանեին` Նելսոն Ստեփանյանին, Հովհաննես Բաղրամյանին, Վիկտոր Համբարձումյանին: Իսկ հիմա՞ մեր երեխաներն ինչի են ձգտում` բիզնես, փող, պոռնոգրաֆիա, թմրանյութեր և հազար ու մի այլանդակություններ։ Ի՞նչ են ստեղծում հիմա. երեկ մի երգ էի լսում` «խաշից փորս ուռել ա, մերսեդեսս ու ես, Սաքոն պարտք ա, Սաքոն մսագործ ա, հանգիստ քնել ա, պարտքը մարել ա»։ Կամ սազակա՞ն է հիմնի երաժշտություն փոխելը։ Աշխարհը հիանում է Արամ Խաչատրյանով։ Իսկ հիմնի բառերով հիանում էինք, հիմա վերցրել տողերն էլ փոխել ենք` «Իմ հայրենիք ազատ, անկախ», կարծես թե դրանից հայրենիքի վիճակը փոխվել է։ Խոսքե՞րն ինչու փոխեցիք։ Ես մի այլ տարբերակ եմ առաջարկում` «Բեղերս ոլորել եմ, գեղամիջին կանգնել եմ, աղջիկներին խաբել եմ»։ Դե թող այսպես դարձնեն, ի՞նչ տարբերություն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ