«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ՀՍԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ»

«ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ՀՍԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ»
07.05.2010 | 00:00

Մարզային հիվանդանոցների հիմնանորոգումն ու վերազինումը հասարակության ուշադրության կենտրոնում են։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն այն իրականացնում է ՀԲ-ի ծրագրի շրջանակներում։ Առողջապահության ԾԻԳ-ից տեղեկացանք, որ վերակառուցվող հիվանդանոցներում ոչ միայն բուժանձնակազմի կրճատում չի լինելու, այլև եղած մասնագետները վերապատրաստվելու են նոր սարքավորումներով աշխատելու համար, ենթակառուցվածքների ստեղծման արդյունքում բացվելու են նոր աշխատատեղեր։ Սակայն, մյուս կողմից, տարբեր լրատվամիջոցներ նշում են այս կամ այն մարզային հիվանդանոցի ոչ բարվոք վիճակը` ընդգծելով դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Այսինքն, մի կողմից` իրականացվում է մարզային հիվանդանոցների արդիականացում, մյուս կողմից` կան դժգոհություններ։ Խնդրի շուրջ զրուցում ենք առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Բնականաբար, բոլոր մարզերում միանգամից վերակառուցել և վերազինել հիվանդանոցները գործնականում հնարավոր չէ,- ասում է ԾԻԳ-ի ղեկավարը։- Այն պարզ պատճառով, որ մարզերում 40-ից ավելի հիվանդանոց կա, և եթե յուրաքանչյուրի նորոգման համար 2 մլն դոլար ներդնես, դա արդեն 80 մլն կկազմի, չհաշված բուժտեխնիկայի, բուժանձնակազմի վերապատրաստման համար անհրաժեշտ գումարները։ Այսինքն, 100 մլն դոլարից ավելի գումար անհրաժեշտ կլինի, որ այդ բոլոր հիվանդանոցները համապատասխանեն արդի չափանիշներին։ Սրան զուգահեռ պետք է հաշվարկել` արդյո՞ք անհրաժեշտություն կա, որ բոլոր 40 հիվանդանոցներն էլ միևնույն չափանիշներն ունենան։ Կարծում եմ` ոչ։ Ծրագրի սկզբնական քննարկումների ընթացքում հասկանալի դարձավ, որ թե՛ բուժական, թե՛ մասնագիտական ներուժի բարձրացման և զարգացման տեսանկյունից հնարավոր չէ միաժամանակ մեկ մարզում ունենալ չորս բարձր մակարդակի հիվանդանոց։ Դրա համար որոշվեց լավագույն դեպքում յուրաքանչյուր մարզում մեկական հիվանդանոց արդիականացնել։ Համոզված ենք, որ այդ հիվանդանոցն իր մեծ հնարավորություններով ձգելու և բարձրացնելու է մարզի մյուս հիվանդանոցների մակարդակը, քանի որ երկու կողմն էլ սերտ համագործակցելու է։ Այն հիվանդները, ովքեր կարիք կունենան լայն բուժսպասարկման, բուժում կստանան մարզկենտրոնի հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո արդեն տեղամասի կամ ընտանեկան բժշկի հսկողության տակ կլինեն։ Ի վերջո, եթե առաջ ընկնենք և հարցը դիտարկենք 15-20 տարվա կտրվածքով, ապա ժամանակի պահանջով հիվանդանոցային կառուցվածքներն ընդհանուր առմամբ փոխվելու են, որովհետև օպտիմալացում ասվածը, որն այսօր բացասական ընկալում ունի հասարակության շրջանում, իրականում դրական իմաստ ունի, քանի որ հիվանդանոցային համակարգը համապատասխանեցվում է գոյություն ունեցող արդի պահանջին։ Այնպես որ, տեխնոլոգիաների, դեղամիջոցների թռիչքային զարգացման հետևանքով հնարավոր է, որ 20 տարի հետո այսօրվա թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքներին ներկայացվող պահանջները փոխվեն։ Սա նշանակում է, որ հիվանդանոցի «հայեցակարգն» անընդհատ փոփոխվելու է։ Այդ ժամանակ մարզային հիվանդանոցները նույնպես կհարմարեցվեն տվյալ համակարգին, և արդեն մեկ հզոր հիվանդանոց ունենալու պարագայում իրենց խնդիրները կլուծեն։ Սա` մոտ ապագայի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել այն, որ մարզերում ընդհանրապես չունենք հիվանդանոց, որն ի զորու լինի որակյալ ծառայություն մատուցելու, դրա համար էլ բնակիչները գալիս էին Երևան։ Սա կանխելու նպատակով որոշվեց մարզերում զարգացած առողջապահություն ունենալ։ Սակայն, բացի այս ծրագրից, մարզային հիվանդանոցները զուգահեռաբար վերանորոգվում են։
-Պետբյուջեի միջոցների՞ հաշվին։
-Ո՛չ, տարբեր հիմնադրամների։ Մասնավորապես, Նոյեմբերյանի և Չարենցավանի հիվանդանոցները, Կապանի հիվանդանոցի մանկական մասնաշենքը նորոգվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, իսկ Ալավերդու հիվանդանոցը և Սիսիանի պոլիկլինիկան` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով։ Պետք է ընդգծեմ, որ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են առողջապահության նախարարության ակտիվ մասնակցությամբ։
-Այսինքն, 15 տարի պետք չէ, որ քաղաքներում ու գյուղերում փոքր հիվանդանոցները նույնպես զարգանան։
-Իհարկե։ Ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի արդիականացման ծրագիրը, որը նույնպես ՀԲ-ի ծրագրերի շրջանակներում է, առաջիկա երկու տարում ամբողջությամբ կավարտվի։ Իսկ հիվանդանոցային համակարգի զարգացումը սկսված է և արագ առաջ է գնում։ Կարևորն այն է, որ այլ ֆինանսական աղբյուրներով վերակառուցվող հիվանդանոցներն ունենան միևնույն հայեցակարգը` համապատասխանեն մեր ծրագրերին, քանի որ այս ծրագրով հիվանդանոցների ենթակառուցվածքները գերժամանակակից մոտեցումով են կառուցվում։ Օրինակ, ներդրվում են օդափոխության համակարգեր, որպիսիք մայրաքաղաքի սահմանափակ թվով հիվանդանոցներ ունեն։ Հզորացվել է ընդունարանի հայեցակարգը, իսկ մինչ այս ընդունարան ասվածը հիվանդանոցում բացակայում էր, և հիվանդի բժիշկն էր որոշում` հոսպիտալացնե՞լ նրան, թե՞ ոչ, մինչդեռ ընդունարանն ամենակարևոր օղակն է, որը մենք ոչ թե ստեղծել ենք, այլ հարստացրել ենք վերակենդանացման սենյակներով, դիագնոստիկ ծառայությամբ և այլն։ Մի խոսքով, ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցներում ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հիվանդների հոսքը կառավարելու համար։ Հաշվի են առնված նաև բժիշկների և հիվանդատերերի հոսքը, մուտքի, սպասասրահի հարցերը։ Թվում է` սրանք մանրուքներ են, սակայն բուժհիմնարկում խիստ կարևոր են։
-Եթե չեմ սխալվում, ծրագիրը պետք է ավելի շուտ մեկնարկեր, ո՞րն էր ուշացման պատճառը։
-Հրազդանի և Իջևանի հիվանդանոցների նախագծման աշխատանքները տևել են ընդամենը 5 ամիս, սակայն շինարարության ընթացքում ի հայտ էր գալիս բժշկական ենթակառուցվածքներն անհրաժեշտ ձևով ապահովելու խնդիր, որի լուծումից հետո միայն աշխատանքները թափ առան։ Օրինակ, թվում է, թե օդափոխության համակարգը մեծ խնդիր չէ, սակայն իրականում ինչպե՞ս անել, որ վիրահատասրահում այն մի քանի անգամ ավելի լինի, կամ վիրահատարանի դռներն այնպես բացվեն, որ փոշի չբարձրանա, և նմանատիպ այլ հարցեր։ Այս ամենը շինարարության ընթացքում որպես խնդիր առաջանում էր և լուծում ստանում, ինչը, բնականաբար, երկարատև գործընթաց է։ Բացի այդ, ի սկզբանե որոշված էր հիմնանորոգել Հրազդանի հիվանդանոցի միայն մեկ հատվածը, սակայն ընթացքում պարզ էր, որ կիսով չափ վերանորոգված շենքը կարկատանի տպավորություն է թողնելու, ուստի որոշվեց այն ամբողջությամբ վերանորոգել ու մյուս հատվածում տեղափոխել Հրազդանի ծննդատունը։ Մի կողմից` տպավորություն է ստեղծվել, թե ծրագիրը որոշ ժամանակով ուշացավ, սակայն մյուս կողմից` այն խիստ արդարացված է որակի ապահովման տեսանկյունից։ Ավելին, այդ լայնածավալ ուսումնասիրությունները հիմք դարձան մյուս մարզերի հիվանդանոցների նորոգման գործընթացն արագ իրականացնելու համար։ Մասնավորապես, Արմավիրի հիվանդանոցի աշխատանքները սկսվել են 2009-ի հուլիսին և այժմ ավարտման փուլում են։ Նույնը նաև Արարատի հիվանդանոցում. այստեղ աշխատանքներ են տարվում բուժսարքավորումներով հագեցնելու ուղղությամբ։ Ապարանի հիվանդանոցը շահագործման կհանձնենք ամռանը, Գորիսի հիվանդանոցի շինարարությունը կավարտենք աշնանը, Գավառինը` ընթացքի մեջ է, իսկ Գյումրիինը կսկսվի 2010-ին։ Այստեղ նոր հիվանդանոց է կառուցվելու։ Այնպես որ, մինչև տարեվերջ նոր հիվանդանոցների բացման ականատեսը կլինենք։
-Ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է հատկացվել յուրաքանչյուր հիվանդանոցի շինարարության և վերազինման համար։ Այդ գումարները բավարա՞ր են այդչափ մեծածավալ աշխատանքների համար։
-Ծրագրով նախանշված գումարը, ընդհանուր առմամբ, բավարար է, բայց քանի որ առողջապահության նախարարությունը նպատակ ունի մարզային հիվանդանոցները արդիական սարքավորումներով զինելու, ուստի առաջացավ հավելյալ ֆինանսական միջոցների կարիք։ Այժմ նախարարությունն այդ ուղղությամբ բանակցում է ՀԲ-ի հետ։ Կարծում եմ` բանակցությունները հաջող ավարտ կունենան, քանի որ ծրագրի իրականացման գործընթացը բարձր են գնահատում բոլոր կողմերը։ Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր հիվանդանոցի հատկացնել 2-2,3 մլն դոլար` հաշվի առնելով նրա ընդհանուր վիճակը։ Մենք նախատեսում ենք նաև կառուցել հիվանդանոց Մեղրիում, որի հզորությունը թույլ կտա սպասարկել հարակից երկու քաղաքները։
-ՈՒսումնասիրե՞լ եք, թե շինարարությունից հետո ինչ թերություններ են առաջ եկել։
-Այդ գործընթացը մշտապես իրականացվում է։ Ի հայտ են գալիս մանր տեխնիկական թերություններ, որոնք վերացվում են անմիջապես շինարարի հաշվին։ Սակայն կա մեկ այլ խնդիր, որ կուզենայի Ձեր թերթի միջոցով բարձրացնել` դա պահպանման հարցն է։ Ստուգումների ժամանակ տեսել ենք, որ ծխախոտը հանգցրած է հակահրդեհային սարքի վրա, հիվանդասենյակի պատի երկարությամբ կոշիկի հետք է, անգամ պառկած երկու հիվանդների հետաքրքրությունն այնքան մեծ է եղել միջնապատի նյութի վերաբերյալ, որ ոտքի ուժեղ հարվածով ջարդել էին գիպսակարտոնը։ Ճիշտ է, մենք այդ թերությունն անմիջապես վերացրինք, սակայն ծրագրի ավարտից հետո ո՛չ մենք, ո՛չ էլ հիվանդանոցի բուժանձնակազմը չենք կարող ամեն վայրկյան հսկել քաղաքացիներին։ Այստեղ, իսկապես, բնակչության գիտակցության բարձրացման խնդիր ունենք։ Կարծում եմ, նրանք այդ գույքին պետք է վերաբերվեն այնպես, ինչպես իրենց սեփական իրերին։ Չէ՞ որ նույն բանն իրենց թույլ չէին տա տանը։ Մեր բնակչությանը պետք է խնդրենք ավելի ուշադիր լինել այս հարցերում։
-Չե՞ք կարծում, որ հետագայում հիվանդանոցների պահպանման խնդրի պատասխանատվությունը պետք է ստանձնեն մարզպետարաններն ու քաղաքապետարանները, քանի որ դրանք, ի վերջո, նրանց սեփականությունն են և գտնվում են նրանց հաշվեկշռում։
-Հենց այդ պատճառով էլ մենք կարևորում ենք հիվանդանոցներում կորպորատիվ կառավարման ձևավորումը, որի մեջ ընդգրկված կլինեն մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև տարբեր բարերարներ։ Այս քաղաքականությունը հնարավորություն կտա ոչ միայն պատշաճ կերպով իրականացնելու պահպանման աշխատանքները, այլև զարգացնելու համակարգը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ