ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՉ ԿԱՅՈՒՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՄՇՏԱՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԲՀԿ-Ն ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԷ»

«ՈՉ ԿԱՅՈՒՆ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՄՇՏԱՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԲՀԿ-Ն ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԷ»
27.01.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «P-Art» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
-Պարոն Հակոբյան, արդեն հայտարարվել է, որ առաջիկա ընտրություններում կոալիցիոն հիմնական քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, հանդես են գալու առանձին։ Այդ կուսակցությունների առանձին հանդես գալն արդյոք պայքարն ավելի չի՞ սրի։
-Անկասկած, կոալիցիոն գործընկերների միջև առանց այն էլ բավականին բարդ հարաբերություններն առանձին համամասնական ցուցակներով հանդես գալու որոշումից հետո է՛լ ավելի կսրվեն: Դրա նախադրյալները երևացին դեռևս 2011 թ. վերջին, երբ ԲՀԿ-ի որոշ հայտնի դեմքերի հանդեպ քրեական գործեր հարուցվեցին։ Այդ քայլերը, անկասկած, միտված էին որոշակիորեն «քրեականացնելու» տարիների ընթացքում ընտրազանգվածի որոշ հատվածի մոտ ձևավորված ԲՀԿ-ի «բարեգործական և մարդասիրական» կերպարը: Իսկ բոլորովին վերջերս արդեն պարզվեց, որ կոալիցիոն «ոխերիմ» գործընկերներն անգամ տարաձայնություններ ունեն խորհրդարանական ընտրությունների համամասնական և մեծամասնական կարգով անցկացման ձևի վերաբերյալ. հանկարծ պարզվեց, որ ԲՀԿ-ն 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման կողմնակից է, թեև մինչ այդ նման ձգտումներ չէր դրսևորել: Եվ սա, կարծում եմ, դեռ սկիզբն է: Առավել ևս, որ եթե հավատանք կուսակցություններից կազմակերպվող արտահոսքերին, ԲՀԿ-ն մտադիր է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում հանդես գալ սեփական թեկնածուով: Դժվար չէ պատկերացնել, թե ընտրարշավի ընթացքում ինչ շիկացած մթնոլորտում են անցնելու ընտրական գործընթացները տեղերում, եթե հաշվի առնենք, թե ինչ ֆինանսական, վարչական և որոշ, մեղմ ասած, կասկածելի վարքագծի մարդկային ռեսուրսների են տիրապետում թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն:
-Եթե հարցին անդրադառնանք քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա որքանո՞վ են արդարացված այն պնդումները, որ իշխանական կոալիցիայի կուսակցությունները, առանձին հանդես գալով, ինչ-որ մարտավարական խնդիրներ են լուծում ընդդիմության, մասնավորապես, ՀԱԿ-ի ձայները հնարավորինս փոշիացնելու համար:
-Նախ` նկատեմ, որ քաղաքական տեսակետից բացարձակապես անհասկանալի է, երբ կոալիցիոն գործող համաձայնագիրը նաև առաջիկա տարիների համար երկարաձգած կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում հանդես չեն գալիս որպես միասնական քաղաքական բևեռ: Առավել ևս, որ 2011 թ. փետրվարին հերթական անգամ, ըստ թարմացված կոալիցիոն համաձայնագրի, կոալիցիոն գործընկերներն ամենակարևոր հարցի՝ ապագա նախագահի թեկնածուի շուրջ կարծես միակարծիք են: Մինչդեռ հասկանալի է, որ թե՛ այս տարվա խորհրդարանական, թե՛ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները պետք է դիտարկվեն մեկ միասնական քաղաքական գործընթացի շրջանակում, որն ուղղված է առաջիկա 5 տարվա իշխանական ամբողջ բուրգի ձևավորմանը: Այս պարագայում իրարից անջատ հանդես գալը նշանակում է, որ գոնե ԲՀԿ-ի համար իր հետագա գործելաոճն ինչպես ապագա գործադիր իշխանության ձևավորման ժամանակ, այնպես էլ նախագահական ընտրությունների ընթացքում ուղղակիորեն պայմանավորված է լինելու խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացած քվեներով: Ինչ վերաբերում է նրան, թե առանձին ցուցակներով հանդես գալը պայմանավորված է իբր ընդդիմությունից ձայներ փախցնելու մարտավարական խնդիրներով, ապա, կարծում եմ, դա թույլ փաստարկ է, քանի որ ընդդիմության՝ տվյալ դեպքում ՀԱԿ-ի, այսպես կոչված, ոչ կայուն ընտրազանգվածը, «փախչելու» համար, ցանկության դեպքում, լայն ընդդիմադիր այլընտրանք ունի՝ ի դեմս, օրինակ, «Ժառանգության», ՆԺԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀՅԴ-ի և անգամ կոմունիստների: Այսինքն՝ մշտապես իշխանության մաս կազմող ԲՀԿ-ն վերոնշյալ ընտրազանգվածի, այսպես ասած, վերջին հույսը չէ:
-Ստեղծված իրավիճակը արդյոք վերահսկո՞ւմ է նախագահը։
-Առայժմ, կարելի է ասել, վերահսկում է։ Ընդհանրապես, ինչպես ցույց տվեց ժամանակը, ՀՀ գործող նախագահը, ի տարբերություն իր նախորդի, կառավարման բացարձակապես այլ մոդելի կողմնակից է: Դա արտաքինից փափուկ մենեջմենթ է, որը հիմնված է ոչ թե ավտորիտար, նույնիսկ դիկտատորական՝ ձեռքը սեղանին խփելու մեթոդի, այլ հակակշիռների սկզբունքով ստեղծված համակարգը կառավարելու մոդելի վրա:
Ժամանակ առ ժամանակ թվում է, թե Սերժ Սարգսյանի դիրքերը կրիտիկական աստիճանի թույլ են։ Բայց այն պահին, երբ թվում է՝ վերջ, ամեն ինչ քանդվում է, նրան, այնուամենայնիվ, հաջողվում է արտաքնապես փափուկ «փաթեթավորված», կտրուկ քայլերով մանևրել և խուսափել իր համար անցանկալի զարգացումներից: Նախագահը, դեյուրե իշխանական բուրգի գագաթում լինելով, դեֆակտո ձգտում է գտնվել իրեն շրջապատող քաղաքական ուժերի և գործիչների, տնտեսական խմբավորումների, օլիգարխների և մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների կենտրոնում: Վերոնշյալ շրջապատի յուրաքանչյուր սուբյեկտ իր առանձին թելերով է կապված նախագահի հետ և միաժամանակ հակակշիռ է համակարգի մյուս անդամների համար: Շատ դեպքերում լուրջ, անգամ տեսանելի հակասություններ են առաջանում նախագահին շրջապատող սուբյեկտների միջև։ Բայց երբ նրանց միջև հակասությունը վտանգավոր աստիճանի լարվում է, գերագույն արբիտրի դեր խաղում է հենց Սերժ Սարգսյանը՝ ձգելով իր ձեռքում եղած թելերը։ Պատկերավոր ասած՝ դա յուրահատուկ «սարդոստայնի» համակարգ է, որը, ինչպես հայտնի է, ամենապինդ ու ճկուն համակարգերից մեկն է. որքան էլ ձգվի, չի քանդվում։ Այլ կերպ ասած՝ հանրաճանաչ «կոմպլեմենտարիզմը» կարծես կիրառվում է նաև երկրի ներսում և մասնավորապես իշխանական համակարգում տարբեր տնտեսաքաղաքական կլանների և անգամ մերձավոր շրջապատի հետ հարաբերվելու ու կառավարելու ասպարեզում: Նույնիսկ ԲՀԿ-ի ու անգամ Ռոբերտ Քոչարյանի գործոնը Սերժ Սարգսյանը շատ դեպքերում օգտագործում է իր հարազատ հանրապետական կուսակցությունում ոմանց նկրտումներն ու ախորժակները զսպելու նպատակով։ Կարծում եմ՝ նույն «խաղաոճի» տարր է նաև այնպիսի ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի հանդուրժումը, ինչպիսին «Օրինաց երկիրն» է:
-Եթե ներքաղաքական զարգացումներում այդ կոմպլեմենտարիզմն առայժմ հաջողվում է, ապա արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ դեր է խաղում այդ բազմավեկտոր գործելաոճը։
-Արտաքին քաղաքական ասպարեզում, կարծում եմ, կտրուկ բարդանալու է կոմպլեմենտարիզմի կիրառումը։ Բոլոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների հետ լավ հարաբերություններ ունենալու ու նրանց խաղին մասնակից լինելու գաղափարը շատ գեղեցիկ է, բայց ոչ միշտ կիրառելի, առավել ևս, երբ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընկերների շահերը սկսում են այն աստիճանի իրար հակասել, որ պահանջվում է հստակ ընտրություն կատարել կողմնորոշումներում: Այսօր մեր տարածաշրջանը բառացիորեն խրված է նման սուր հակասությունների մեջ, բայց ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես Պուտինն է ասում, աշխարհաքաղաքական առումով «սկսում է դիրքավորվել», որի կարևորագույն բաղկացուցիչը Եվրասիական միության ստեղծման գործընթացն է: Ի տարբերություն նախկին նման նախագծերի՝ այս անգամ «վերաբեռնված Պուտինը» և իր թիմը, կարծես թե, իրոք, գործնական են տրամադրված: Այս պարագայում, հավանաբար, արդեն մոտ ժամանակներս Հայաստանի ղեկավարությունից կպահանջվի հստակ պատասխան տալ ռազմավարական դաշնակցին` Եվրասիական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելու հեռանկարների շուրջ: Ըստ իս, արդեն դժվար կլինի միաժամանակ մի քանի և, ըստ էության, իրար հետ մրցող աշխարհաքաղաքական տարբեր նախագծերում մասնակցություն ունենալ: Օրինակ՝ միաժամանակ ձգտել ինտեգրվել եվրամիութենական և եվրասիական նախագծերին: Ռուսաստանյան նախագահական ընտրություններից հետո արդեն հստակ կողմնորոշման հարց է առաջադրվելու: Գուցե նաև այդ կողմնորոշմամբ պայմանավորված կլինի ՌԴ դիրքորոշումը ՀՀ առաջիկա և առանձնապես նախագահական ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ։ Իսկ եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանի շուրջ ստեղծված գերլարված ու պայթյունավտանգ մթնոլորտը, որի պայմաններում պետք է անցկացվեն 2012-2013 թթ. համապետական ընտրությունները, ակնհայտ է, որ Հայաստանի իշխող վերնախավը ստիպված է լինելու գրեթե ամեն օր պրագմատիկ, ճշգրիտ և բազմակողմանի հաշվարկված քայլերի դիմելու, որի ռեսուրսը, վստահ չեմ, թե Հայաստանի քաղաքական էլիտան ունի։
-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկա երկու համապետական ընտրությունների ելքը մեծապես պայմանավորված է լինելու արտաքին գործոններով, մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարության՝ այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ վերաբերմունքով:
-Այդ ազդեցությունը, ինչպես միշտ, կլինի, բայց գուցե ոչ այնքան մեծ, որքան նախորդ տարիների ընտրություններում, քանի որ, մի կողմից, Ռուսաստանը նախորդ տարիների և մասնավորապես վերջին ամիսների հարավօսական և մերձդնեստրյան ընտրական իրադարձություններից որոշակի դասեր պետք է քաղած լինի, մյուս կողմից էլ` չեմ կարծում, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ մեծ տարբերություն է տեսնում Հայաստանում այսօր առաջատար քաղաքական դիրքեր զբաղեցնող իշխանական ուժերի ծրագրերում, քանի որ նրանցից և ոչ մեկը հստակ դիրքորոշում չունի Ռուսաստանի եվրասիական աշխարհաքաղաքական նկրտումների հանդեպ:
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ