«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ԵՍ ՉՄԱՍՆԱԿՑԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

«ԵԹԵ ԵՍ ՉՄԱՍՆԱԿՑԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
11.11.2011 | 00:00

Ներքաղաքական զարգացումների գնահատականն ու առաջիկա ընտրություններում իրենց անելիքներն է մեզ հետ զրույցում ներկայացնում «Իրատես de facto» ակումբի հյուրը` ժողովրդական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Վերջին հրաժարականների շղթան, ավելի ճիշտ, փոխատեղումներն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք դրանք պայմանավորված են միայն նախընտրական շրջանի տրամաբանությամբ:
-Այո, առաջին հերթին պայմանավորված են ընտրություններով, որովհետև Երևանում հաղթելու խնդիր կա: Գյուղերում ժողովուրդը կառավարվում է, իսկ Երևանում ո՛չ հինգ հազար դրամ կաշառքն է աշխատում, ո՛չ էլ մյուս գործոնները: Տարոն Մարգարյանին նշանակել են քաղաքապետ, ասել է՝ Ավանում հաղթելու է ՀՀԿ-ն, Գագիկ Բեգլարյանին այլ պաշտոն խոստանալով` Կենտրոնի ձայները ևս ձեռք կբերեն, Խուճուճ Էդոյի որդուն ուզում են նշանակել քաղաքապետի տեղակալ, այսինքն` կհաղթեն նաև Էրեբունիում, Մալաթիայում Լֆիկի հաշվին կշահեն: Այս կերպ ուզում են Երևանում ՀՀԿ-ն առաջատար լինի: Բացի այդ, արտաքին գործերի նախարարը ևս երևանցի է: Այսինքն` ուժեղացնում են երևանցու սինդրոմը:
-Փաստորեն, կարծում եք, որ իշխանական մեծամասնությունը մտավախություննե՞ր ունի Երևանում հաղթելու առումով ու բոլոր ուժերը կենտրոնացնում է մայրաքաղաքը մոբիլիզացնելո՞ւ վրա:
-Որքան էլ ընտրություններում այսպես, թե այնպես հաղթեն, ժողովուրդն իշխանավորին չի սիրում, որովհետև հայը վատ է ապրում, արտագաղթում է, հասարակ ջեռուցման խնդիր ունի, անօթևան է, աշխատանք չունի, հիվանդանոց է ընկնում` այնքան փող են ուզում, որ տակից չի կարողանում դուրս գալ: Թոշակառուից բուժման համար 300 հազար են ուզում, սա ողջ տարվա նրա թոշակն է: Ո՞նց ապրի այս մարդը: Մինչև այս սխալ քաղաքականությունը չփոխվի, ինչպես էլ հաղթեն, ընդունելի չեն լինի:
-Ասացիք՝ չեն սիրում, չեն վստահում իշխանություններին, իսկ վաղվա օրվա հույսը մարդիկ կապո՞ւմ են ընդդիմության հետ:
-Ոչ: Ժողովուրդը ոչ մեկին չի վստահում, որովհետև ընդդիմության ներսում խաղեր կան: Ի՞նչ է նշանակում` հավաքվենք, նստենք, հետո էլ՝ գնացեք, նորից կգաք: Ասում են` քիչ մարդ է հավաքվել, տո 100 հազար էլ, 50 հազար էլ ժամանակին եղել է: Ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմության լիդերները չեն ցանկանում ռիսկի դիմել: Եթե նրանք չեն ցանկանում, ուրեմն ո՞վ պիտի ժողովրդին առաջնորդի:
-Տվյալ դեպքում «երրորդ ուժ» ստեղծելու անհրաժեշտություն չկա՞:
-Երրորդ ուժն ինքնին արդեն ստեղծված է:
-Ո՞Ւմ եք համարում «երրորդ ուժ»:
-Ես եմ, որպես այլընտրանք, ոչ թե ուժ: Ով չի հավանում Լևոնենց, Սերժենց, ձայնը մեզ կտա: Էլ ո՞ւմ կտա. Րաֆֆի Հովհաննիսյանին աղանդավորները ձայն տվեցին, չնայած նրա թիմում կարգին մարդիկ կան, օրինակ, Զարուհի Փոստանջյանը: Բայց ոչ մեկը չի «ջոկում»` ինքն ինչ է ուզում: Մեր կուսակցությանը, որպես այլընտրանք, անպայման ձայն կտան ու միշտ էլ տվել են: Այլ խնդիր է, որ չենք կարողացել դրանք լիարժեք պահել:
-Ասել է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
-Անպայման:
-Դաշինքո՞վ, թե՞ առանձին:
-Դա պարզ կլինի հունվարից հետո:
-ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքում Դուք էլ էիք ներկա: Մինչ այդ հայտարարել էիք, թե ուզում եք Տեր-Պետրոսյանին միանալ:
-Նախ ես հայտարարել եմ, որ միանում եմ ժողովրդին, հետո էլ մի անգամ եմ հանրահավաքին մասնակցել: ՈՒզում էի ինքս համոզվել, որ շոու է: Հայտարարում են՝ մեզ միանում է Աջափնյակի պատվիրակությունը, ծափողջյուններո՜վ դիմավորեք: Իսկական շոու: Նախ` ամեն ինչ անձնավորված է՝ Լևոն, նախագահ: Հետո էլ նրա շրջապատը պատանդ է, ժողովուրդն ընդունում ու հավատում էր Ստեփան Դեմիրճյանին, որն այսօր ոչ մի դեր չի խաղում, նույնը Արամ Զ. Սարգսյանը: Միանձնյա է որոշվում ամեն ինչ: Հա, կա Լևոն Զուրաբյան, որը հավատարիմ է Լևոն Տեր-Պետրոսյանին, կոորդինացնում է աշխատանքները: Նիկոլն է, որը ևս անհատականություն է: Հասկացեք, իրենք բոլորն ընդդիմադիր են Սերժին, իրենցից բացի ոչ մեկի չեն տեսնում, պատրաստ են երկխոսության, եթե կիսեն իշխանությունը: Սա արդեն ընդդիմություն չէ, այլ մի թիմի պայքար մյուսի դեմ: Ավաղ, իշխանության պայքար է գնում:
-Բացի ՀԱԿ-ից, կան նաև արտախորհրդարանական այլ ուժեր: Հնարավոր համարո՞ւմ եք նրանց միավորումը:
-Դա պարտադիր է, որովհետև երկրում պիտի լինի երկու ուժ՝ իշխանություն և իրական ընդդիմություն: ՀԱԿ-ն ի՞նչ ընդդիմություն, եթե դաշտը մենաշնորհել է ու ասում է՝ մենակ մենք ենք ընդդիմություն, ուրիշը չկա: Վերցնեին Ազատության հրապարակը կոչեին Միասնության հրապարակ ու միանային իրար:
-Ապագա խորհրդարանում ո՞ր ուժերին եք տեսնում, ի՞նչ պատկեր կունենանք:
-Նույնը, գումարած Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, որին մի 12 տեղ կտան: Սրանով կփլուզեն ՀԱԿ-ը, որովհետև կուսակցապետերը հույս ունեն մանդատ ստանալու, սակայն չեն ունենա, կնեղանան ու կհեռանան: Այսինքն, այդ կառույցը, որպես այդպիսին, կփլուզվի: Խորհրդարան անցածներն էլ կխաղան «Արդարություն» դաշինքի դերը: Նրանց էլ կամաց-կամաց պաշտոններ կտան ու ամեն ինչ կփոշիացնեն: Հանուն արդարության պայքարողներ, ազնիվ ուժեր չկան: Եթե այդ պայքարը տեսնեմ, հենց վաղը, առանց որևէ հավակնության, կմիանամ այդ ուժին: Ճիշտ էր Ժիրայր Սէֆիլյանը, որ ՀԱԿ-ի համար ասում էր՝ հանուն ինչի՞, ո՞ր գաղափարի միավորվենք կոնգրեսին: Ի՞նչ եք անում, մեկ ասում եք` երկխոսում ենք, մեկ՝ նստում եք, մեկ՝ «հելնում», «տիտտիրիդներ» եք անում: Հանուն ո՞ր գաղափարի միանանք, հանուն իշխանափոխությա՞ն, խնդրեմ, հանուն արդարությա՞ն, ժողովրդի լավ ապրելո՞ւ՝ հենց վաղը միանանք:
-Եթե խորհրդարանը նույն պատկերն է ունենալու, ավելանալու է միայն ՀԱԿ-ը, իզուր չէ՞ Ձեր պայքարը առաջիկա ընտրություններում: Մասնակցության հայտն անիմաստ չի՞ դառնում:
-Եթե ես չմասնակցեմ ընտրություններին, ժողովուրդն այլընտրանք չի ունենա: Մեկը գալիս է ընտրատեղամաս, չի ուզում նրան, չի ուզում մյուսին, ո՞ւմ տա ձայնը: Ճարահատյալ տա Սերժի՞ն, թե՞ Լևոնին: Ես միշտ եղել եմ այլընտրանք ու միշտ էլ կմնամ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ