ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲԵԼԱՌՈՒՍԻՆ «ՔԵՐԵՍ»` ԼԵՀ ԴՈՒՐՍ ԿԳԱ

ԲԵԼԱՌՈՒՍԻՆ «ՔԵՐԵՍ»` ԼԵՀ ԴՈՒՐՍ ԿԳԱ
22.10.2010 | 00:00

1997-ին «ռուսամետ» քաղաքական խմբերը Հայաստանում մի անմիտ խաղ սկսեցին, այսպես կոչված, Ռուսաստան-Բելառուս «միութենական պետությանը» Հայաստանի միավորման նպատակով և ձեռնարկեցին միանգամայն ամոթալի մի «հանրաքվե»` ստորագրությունների հավաքմամբ, որոնց դիմաց լավ էլ վճարում էին։ Այդ ժամանակ տողերիս հեղինակին հաջողվեց լինել Մոսկվայում և Մինսկում, հանդիպումներ ունենալ ոչ միայն նախաձեռնող խմբի, որի մեջ մտնում էին անցած դարաշրջանի կասկածելի գործիչներ, այլև անվանի քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլոր ենթադրությունները հաստատվեցին, և պարզվեց, որ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Մինսկում ոչ ոք Հայաստանին չի սպասում, իսկ Երևանում ծայր առած նախաձեռնությունը Մոսկվայում օգտագործվում էր բացարձակապես քարոզչական նպատակով։ Սակայն «միութենական պետության» խնդիրն այն էր, որ արդեն այն ժամանակ և՛ Մոսկվայում, և՛ Մինսկում ոչ ոք լրջորեն չէր քննարկում այդ նախաձեռնությունը` որպես առարկայական ու բովանդակալի։ Ըստ էության, տվյալ պատրանքային նախագծի քողի ներքո իրականացվեց մի հիանալի քաղաքական նախագիծ, որն այն ժամանակ թույլ էր տալիս պարզել Ռուսաստանի առաջնային շատ խնդիրներ ու մտադրություններ, ոչ հրապարակային բնույթի պայմանավորվածություններ, որոնք առկա էին և ապագայում տեղ գտան այդ երկրի առաջատար քաղաքական ու ձեռնարկատիրական խմբավորումների հարաբերություններում։ Այդ օրերից քիչ ջրեր չեն հոսել, ժամանակը լի է եղել տարբեր պերճաշուք, հանդիսավոր միջոցառումներով, ինչպես նաև կասկածելի ու սկանդալային իրադարձություններով, որոնց մասնակցել են երկու պետությունների նախագահներն ու այլ ղեկավարներ։ Ներկայումս Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է «նոր» Բելառուսի ղեկավար, որը, Վրաստանի հետ մեկտեղ, աստիճանաբար վերածվում է Ռուսաստանի հանդեպ թշնամական պետության և ավելի ու ավելի է ներկլանվում արևմտյան ընկերակցության կողմից։ Արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները համակարգված ձևով ձգտում են Բելառուսը ներառել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների հակառուսական պակտի մեջ, ինչի մասին անթաքույց գրում է արդեն ամերիկյան ու եվրոպական մամուլը։
Բելառուսից Ռուսաստանի դժգոհության պատճառը Լուկաշենկոյի անձը չէ, այլ այն շարունակվող քաղաքական գործունեության ոճը, որ նախընտրում է Ռուսաստանը ԱՊՀ շրջակա պետությունների հանդեպ։ Այդ ոճն իրենից ներկայացնում է աջակցություն միանգամայն ոչ համարժեք քաղաքական գործիչներին, որոնք ի վիճակի չեն անգամ գործընկերային քաղաքականություն իրականացնելու։ Թեև Ռուսաստանին հետաքրքրում է ոչ թե գործընկերությունը, այլ լիակատար ու անվերապահ ենթակայությունը Մոսկվային, ինչը, վաղ թե ուշ, կոշտ հակասության մեջ կմտնի այդ երկրների ազգային շահերի հետ։ Երկար ժամանակ Լուկաշենկոն քննադատությունից դուրս էր և համարվում էր սլավոնական լայն մասշտաբի քաղաքական գործչի օրինակ։ Այժմ Ռուսաստանը, խաղալով բելառուս ժողովրդի զգացմունքների հետ, ձգտում է նրան հեռացնել երկրի նախագահի պոստից։ Դրա հետ մեկտեղ աշխարհաքաղաքական շահերն ու օրինաչափությունները ենթադրում են հարաբերությունների մի որոշակի ձևաչափ, որը ներառում է ինչ-որ մշտական չափանիշներ` անկախ քաղաքական-գաղափարախոսական նախապատվություններից ու առաջնայնություններից։ Ռուսաստանը փորձեց ամերիկյան խաղ խաղալ, քանի որ ռուս քաղաքական գործիչները, և առհասարակ հանրությունը, շատ են ուզում ապրել ու աշխատել ամերիկյան հասարակության կանոններով, այսպես ասած` ամերիկյան ձևով։ Արդյունքում Բելառուսում կառավարող վարչակազմը փոխելու փորձերը հանգեցրին այն բանին, որ այդ երկիրը սկսեց շահագրգռություն հանդես բերել բազմաճյուղ քաղաքականության հանդեպ։ Ընդ որում, Լուկաշենկոյի այդ որոշումները, անտարակույս, սկսել են հետաքրքրել քաղաքական որոշ խմբերի, գործարար շրջանակների և, ընդհանուր առմամբ, հասարակությանը։ Ինքը` Լուկաշենկոն, սկսել է հասկանալ, որ անհնար է մնալ մեկուսացման մեջ, ինչը վնասակար է և սպառնում է առաջին հերթին իր անձնական իշխանությանն ու քաղաքական կարիերային։ Ներկայիս Բելառուսը սկսել է մեծ հետաքրքրություն ներկայացնել որպես խոշոր փորձի անցկացման, Ռուսաստանի հետ ավանդաբար սերտորեն կապված ավտորիտար վարչակազմի քաղաքականության ճշգրտման ասպարեզ։
Այդ հետաքրքրությունն է՛լ ավելի է ուժեղանում այնպիսի պայմաններում, երբ ՈՒկրաինան բազմապիսի խնդիրների առաջ է կանգնած, և ցնցումները դեռևս վերջ չեն գտել։ ՈՒկրաինան առաջարկել է արտաքին քաղաքական հարաբերությունների իր մոդելը, ընդ որում, վստահություն կա, որ Վիկտոր Յանուկովիչի և Յուլյա Տիմոշենկոյի իրատեսությունը միևնույն հասարակական-քաղաքական բնույթն ունի։ ՈՒկրաինական մոդելը հեռու է ՈՒկրաինան լիակատար հսկողության տակ դնելու մոսկովյան երազանքից։ ՈՒկրաինայի առջև հարց է ծառացել` կա՛մ ուժեղ ավտորիտար վարչակարգի պայմաններում ամրապնդել պետությունը, կա՛մ կանգնել ազգային աղետի, այսինքն, երկրի տարածքային-քաղաքական պառակտման սպառնալիքի առջև։ ՈՒստի արևմտյան ընկերակցությունը, չնայած Արևելյան Եվրոպայի հանդեպ որոշ անտարբերությանը, այսպես թե այնպես, պաշտպանում է Յանուկովիչին, ինչպես կպաշտպաներ Տիմոշենկոյին։ Արևմուտքը հրաժարվեց անհամարժեք Վիկտոր Յուշչենկոյից և շատ գոհ է ներկա չափավոր քաղաքական գործիչ ու իրատես նախագահից։ Լուկաշենկոն լավ է հասկանում ՈՒկրաինայում տիրող իրավիճակը և ձգտում է ընթանալ «ուկրաինական ուղիով», ինչը բազմաճյուղ արտաքին քաղաքականություն, արտաքին տնտեսական իրատեսություն, անվտանգության հարցերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք է ենթադրում։ Ընդ որում, հարկ է նշել, որ Յանուկովիչն ու Լուկաշենկոն շատ տարբեր մարդիկ ու քաղաքական գործիչներ են, միանգամայն տարբեր կերպ են կառուցում իրենց քաղաքական կարիերան, և դա չի կարող չանդրադառնալ տվյալ մոդելի վրա։ Ներկայումս, չնայած Մոսկվայի ու Մինսկի անհաշտ հարաբերություններին, Լուկաշենկոն դեռևս ընդգծված կերպով բարեհաճ է ռազմական համագործակցության հարցում, նախ և առաջ, ՀԱՊԿ-ի առնչությամբ։ Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Բելառուսը կպահպանի իր պարտավորությունները ռազմական դաշինքի հանդեպ, արհեստականորեն չի խարխլի ՀԱՊԿ-ը և, առհասարակ, պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի դեռ չի պարզվել, թե ինչպես են կառուցվելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան պետությունների` Լեհաստանի ու Լիտվայի հետ։ Միանգամայն հնարավոր է, որ գժտությունը Բելառուսի ու Ռուսաստանի միջև կարող է ծագել ավելի շուտ, քան կարող է ենթադրել պահպանողականորեն տրամադրված հայեցողը։ Կարելի է հնարավոր համարել նաև, որ Բելառուսը կընտրի այն ուղին, որով ձգտում է ընթանալ Յանուկովիչը պաշտպանական ոլորտում, այսինքն, համագործակցելով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ, մնալ, ըստ էության, չեզոք պետություն։ Եթե Լուկաշենկոն Արևմուտքին, իսկ ավելի կոնկրետ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, առաջարկի հարաբերությունների նման մոդել, ապա նրան կներվեն բոլոր մեղքերը, այդ թվում` չբացահայտված հանցագործությունները։ Եկել է մի ժամանակաշրջան, երբ գերիշխում է «իրական քաղաքականությունը», ժողովրդավարական սկզբունքները կորցրել են նշանակությունը, և առաջնային է դարձել անվտանգությունը։ Արևմուտքի կողմից Բելառուսի վերահավաքագրումը կհանգեցնի Ռուսաստանի աշխարհաքաղաքական առաջնայնությունների ամբողջ համակարգի կործանմանը, որ նա կառուցել է այդքան տարի, այդքան մեծ ծախսերի ու ջանքերի գնով։ Ռուսաստանը կկորցնի վերջին դաշնակցին Եվրոպայում, մնալով ասիական պետությունների խմբում, և այն ժամանակ էլ կհաստատվի վաղեմի ենթադրությունը, որ մեծ վիրավորվածությամբ վիճարկում էին ռուս եվրասիացիները, այն է` Ռուսաստանը եվրասիական տերությունից կվերածվի ասիականի։ Մոսկվայում շատ լավ են հասկանում դա, և եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերը կձգտեն միավորվել և թույլ չտալ, որ Ռուսաստանը դուրս թռչի ռուսական քաղաքականության ուղեծրից։ Ընդ որում, ձախ ուժերը, երբեմն նաև աջերը, գործադիր իշխանությանը մեղադրում են նման աղետալի իրավիճակ ստեղծելու մեջ, որը ձևավորվել է Բելառուսի հետ հարաբերություններում։ Այժմ ակնհայտ է դարձել, որ Մոսկվան բավականին վաղուց է սկսել ինչպես Բելառուսի նախագահի պաշտոնի այլընտրանքային հավակնորդ, այնպես էլ Մինսկի համար հնարավոր նոր թիմի նախապատրաստություն իրականացնել։ Միանգամայն հնարավոր է, որ հենց այս հանգամանքն էլ Լուկաշենկոյի խռովարարության գլխավոր պատճառն է դարձել, նա չէր կարող չհասկանալ, որ Ռուսաստանի «նոր քաղաքականությունը», ենթադրելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում և եվրոպական առաջատար պետությունների հետ քաղաքական դաշինքի ստեղծում, որպես պարտադիր լուծում ներառում է Բելառուսի տիրակալի պաշտոնազրկում։
Ավելի բաց ու բազմակողմանի արտաքին քաղաքականության շնորհիվ Բելառուսն ընդունակ է մասնակցելու Բալթիկայի և, առհասարակ, Բալթիկ ծովի ավազանի քաղաքական գործընթացներին` անմիջականորեն արևմտյան ուղղությամբ` գործընկերներ ունենալով ոչ միայն Լեհաստանը, այլև Կենտրոնական Եվրոպայի սլավոնական այլ պետություններ, ինչպես նաև Գերմանիան։ Ռուսաստանի հույսերը, թե Գերմանիան կհամաձայնի շրջափակել Բելառուսի ընթացքը դեպի Արևմուտք` ի հաճույս Մոսկվայի, ամենևին արդարացված չեն։ Պետք է ուշադրության առնել, որ Արևմուտքի ուղղությամբ Լուկաշենկոյի ցանկացած քայլ ընդամենը խաղ է հօգուտ սեփական անձի և սեփական շահերի և, այսպես թե այնպես, կհանգեցնի Մինսկում միանգամայն այլ` ավելի բաց ու թափանցիկ և, իհարկե, ԱՄՆ-ի հետ ավելի շաղկապված վարչակազմի ձևավորմանը։ Բելառուսը զբոսաշրջության երկիր չէ, այնքան էլ հայտնի չէ արտաքին աշխարհին, հայտնի չեն հատկապես բելառուսական ծայրամասերը։ Բելառուսը որքան կենտրոնաեվրոպական, այնքան էլ արևելաեվրոպական երկիր է` բավականին ուժեղ կաթոլիկ ավանդույթներով։ «Լեհականությունը» մինչև վերջ դուրս մղված չէ Բելառուսից և, ինչպես ասում են, այնտեղ բելառուսին «քերես»` լեհ դուրս կգա։ Այս ազգային կրոնական առանձնահատկությունը հաշվի չառնելը, կնշանակեր չհասկանալ այդ բավականին բազմադեմ երկրի էությունը։ Անտեսել բելառուսներին որպես հպարտ, ինքնատիպ ժողովրդի, որն ընդունակ է իր խոսքն ասելու Եվրոպայում, սխալ կլիներ։ Ամբողջ 19 և 20-րդ դարերի ընթացքում բելառուսական ազգայնականությունը երբեք չի անցել չափազանց խոր ընդհատակ և իր ժամին է սպասել բելառուս ազգի ինքնահաստատման համար։
Բելառուսի դուրս մնալը ՀԱՊԿ-ից և ռուսական քաղաքական ուղեծրից կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի դիրքերի, այլև մեծ մասամբ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի իրավիճակի վրա, էլ չենք խոսում ՈՒկրաինայի ու Բալթիկայի մասին։ Փաստորեն, Հայաստանը մնում է միակ քիչ թե շատ կանխատեսելի գործընկերը եվրասիական տարածության եվրոպական մասում։ Դա վաղ թե ուշ կհանգեցնի ռուսական ռազմավարության վերանայմանը, և եթե ՈՒկրաինան հետաքրքրություն չցուցաբերի Ռուսաստանի հետ մերձենալու նկատմամբ, ապա ավելի կմեկուսանա, առավել ևս, եթե այնպիսի քաղաքական գործիչը, ինչպիսին Մեդվեդևն է, դառնա ռուսական քաղաքականության «քրոնիկական թյուրիմացությունը»։ Ռուսաստանը կքաշվի Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս` սոսկ անվանական ներկայություն ունենալով Հարավային Կովկասում։ Կսահմանափակվեն Ռուսաստանի դիրքերը նաև Սև ծովի ավազանում։ Բելառուսը, որպես զենքի մատակարար, իր դիրքը շատ չի փոխի, քանի որ հիմա էլ է սպառազինություն մատակարարում թե՛ ՀԱՊԿ-ի անդամներին, թե՛ ոչ այդ կազմակերպության անդամներին։ Բելառուսի դերն ապագա եվրոպական դաշինքում, իհարկե, կունենա աշխարհաքաղաքական նշանակություն, երբ այդ դոկտրինում սկսի քայքայիչ դեր խաղալ։
Եվրամիությունը ձգտում է Արևելյան Եվրոպան այս կամ այն կերպ ներառել իր տարածության մեջ։ Առաջարկել է, օրինակ, այնպիսի նախագիծ, ինչպիսին «Արևելյան գործընկերությունն» է։ Այս նախագիծը դեռևս էական միջոցառումներ չի պարունակում, բայց գաղափարների ու կոնկրետ մտադրությունների հույսեր է ներշնչում։ Առայժմ եվրոպական նախագծերն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բնույթ են կրում։ Լուծված չեն անգամ այցեկարգի հարցերը Արևելյան Եվրոպայի երկրների համար, բայց Բելառուսը հանված չէ այդ նախագծերից և ավելի լավատեսական համատեքստում է դիտարկվում, քան առաջ։ Արևելյան Եվրոպան շատ իմաստներով դեռևս հեռու է եվրոպական մեծ տանդեմից` Գերմանիայից, Ֆրանսիայից և Արևմտյան Եվրոպայի մյուս պետություններից, դրա համար էլ կարևոր է այնպիսի երկրի դիրքորոշումը, ինչպիսին Լեհաստանն է, առավել ևս, որ Վարշավան ջանում է վերաիմաստավորել հարաբերությունները Մոսկվայի հետ և բացառել առճակատումը։ Դա Լեհաստանին հնարավորություն է տալիս շատ ավելի լայնորեն ներկա լինելու ընդարձակ տարածությունում` Բալթիկայից մինչև Սև ծով, մի այնպիսի մեկուսացված պետություն, ինչպիսին Բելառուսն է, ընկալելու եվրոպական քաղաքականության ձևաչափում։ Բացի Լեհաստանից` Բալթյան-սևծովյան տարածքի այն միակ պետությունից, որ կարող է հավակնել տարածաշրջանային առաջատարի դերին, Մինսկի հետ գործակցության հարցում կարևոր դեր կարող էին խաղալ Կենտրոնական Եվրոպայի մյուս սլավոնական պետությունները, բալթյան, սկանդինավյան երկրները։ Դա, իհարկե, միանգամայն անթույլատրելի է ռուսական ռազմավարության ու շահերի համար, և Մոսկվան չի հաշտվի այդ մտադրությունների հետ։ Այդ հակասությունները կհանգեցնեն ավելի լուրջ քաղաքական հակամարտությունների Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, որոնք տարածաշրջանում գլխավոր ինտրիգի առարկա կդառնան, երբ պայքար ծավալվի Բելառուսի համար։
Այսպիսով, ՈՒկրաինայում ազդեցության նվաճմանն ուղղված Ռուսաստանի համառ ու բազմամյա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, փոխարենը պայքար սկսվեց Բելառուսի ուղղությամբ, որպես պատիժ մոսկովյան քաղաքական գործիչների և քաղնախագծողների։ Ահա սա է հետևանքը մի կորպորացիայի գործունեության, որը ձեռնամուխ է եղել հսկայական պետության կառավարմանը, հավակնում է ուժի համաշխարհային կենտրոններից մեկի դերին։ Հայաստանի հանդեպ վարվում է մի քաղաքականություն, որը նման է Մոսկվայում Բելառուսի հանդեպ վարվող քաղաքականությանը, դրա համար էլ արդյունքներն արդեն սկանդալային են դարձել։ Առաջինն սկսեցին մտածել ու բողոքել հայ զինվորականները, այժմ քաղաքական գործիչների ժամանակն է։ Մինչդեռ Ռուսաստանը դեռ հսկայական պաշար ունի իր քաղաքականությունը ճիշտ հունի մեջ դնելու համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ