«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՒՄ ԵՍ ՎԵՐՋՈՒՄ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԵՐՍՈՒՄԴ»

«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՒՄ ԵՍ ՎԵՐՋՈՒՄ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԵՐՍՈՒՄԴ»
29.04.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս, ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ
«ՈՐՔԱՆ ԷԼ ԱՆԾԱՆՈԹ ԼԻՆԻ ԴԻՐԻԺՈՐԸ, ԾԱՆՈԹ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՍԻՐԵԼԻ Է»
-Ռոմիկ, «Տաղ Երևանի» բանաստեղծությունն այսպիսի տողեր ունի.
«Ես քեզ սիրել եմ դեռ, երբ չէր քանդվել Անին,
Երբ արյուն չէր հոսում Այգեստանից Վանի,
Ե՛վ բարբարոս դարեր, և՛ լույս դարեր քանի,
Անցնելով եմ հասել քե՛զ` իմ Երևանին»:
Երբ Երևանն այսքան փոխվել է, երբ չկան կինոթատրոն «Նաիրին», Երիտասարդության պալատը, Ամիրյան, Պուշկին, Փարպեցի և շատ այլ փողոցների երևանյան կոլորիտային շենք-շինությունները, երբ առաջվանը չէ անգամ երևանցին, քանզի միայն վերջերս է հայտնվել Երևանում, ավելի ճիշտ` երևանյան որևէ էլիտար բնակարանում, Ձեր զգացմունքները չե՞ն փոխվում Երևանի նկատմամբ, Դուք չե՞ք դադարում Երևանը ճանաչել-սիրելուց:

-Իհարկե` ո՛չ: Ձեր հարցերի մեջ էնքա՜ն մտահոգություններ կան, որ արդեն իսկ կրում են պատասխաններ: Իսկապես, Երևանը շատ է փոխվել: Մի ժամանակ, մինչև Իսահակյանի արձանի մոտից հասնում էի կինո «Մոսկվա», տևում էր մոտ երկու ժամ, որովհետև էնքա՜ն շատ էին տղաները` տաղանդավոր մարդիկ: Սկսնակներ, արդեն կայացած, վաստակած ստեղծագործողներ: Հիմա կարծես օտար քաղաքում լինես: ՈՒ էն շենքերն էլ որ դրել են քաղաքի կենտրոնում, բոլորովին փոխում են մթնոլորտը: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել ու տեսել եմ, որ հին մշակույթ ունեցող ժողովուրդների քաղաքներում այդպիսի շենքերը կառուցվում են ոչ թե կենտրոնում, այլ ծայրամասերում, որպեսզի քաղաքը չապականեն (ես դա ապականել եմ կոչում): Մեծ ողբերգություն է կատարվում: Բայց որքան էլ անծանոթ լինի դիրիժորը, ծանոթ երաժշտությունը հոգու համար սիրելի է ամբողջ կյանքում: Երևանն այդ ծանոթ, սիրելի երաժշտությունն է: Հայերենի նման է. որքան էլ փոխվի, մերն է:
-Բանաստեղծական տող ունեք.
«Իմ հայրենիքը դեռ չի փոխադարձել
Սերս նվիրական»:
Ինչպե՞ս եք պատկերացնում հայրենիքի կողմից սիրո փոխադարձումը:

-Ես խիստ ենթատեքստեր եմ դրել էդտեղ: Չեմ ասում, թե հայրենիքը մեր արածի դիմաց պիտի վարձահատույց լինի: Շա՜տ-շատ տղաներ գրիչը վայր դրեցին, զենք վերցրին: Ես էլ, փա՜ռք Աստծո, դրանցից մեկն եմ եղել: Բայց դա իմ պարտքն էր, ես իմ տունն եմ գնացել պաշտպանելու, ուրիշի համար չեմ արել: Նույն կերպ կարող եմ իմ փողոցում պաշտպանել սեփական տունս, հարևանիս տունը` ոտնձգություն անող որևէ մեկից: Ես պատկերացնում եմ էսպես. հայրենիքը պիտի գնահատի իր զավակներին: Մեծապես պիտի գնահատի: Եթե մենք էսօր ունենք ուղեղի, տաղանդի հոսք դեպի դուրս, ես դրանում մեղադրում եմ հայրենի իշխանություններին: Կոնկրետ էն իշխանություններին, որոնց համար չեն այդ աթոռները, որոնց իշխանության գալը համընկավ մեր պայքարի հետ: Տաղանդավոր արվեստագետների արտահոսքը, այստեղ նրանց տխուր կյանքը, հուսալքությունը, հաճախակի հանկարծամահության դեպքերը մտահոգիչ են, խոսում են իշխանությունների մեղավորության մասին: Այո՛, հայրենիքն ու իր զավակը պիտի փոխադարձ սիրով կապված լինեն: Բավական է ապրենք, Շիրազի ասած` «Գնա մեռի, արի սիրեմ» տարբերակով: Մարդուն պիտի գնահատել ժամանակին:
-Մեկ ուրիշ բանաստեղծության մեջ խոստովանում եք.
«Պարտք ենք, պարտք ենք իրար,
Ես և հայրենիքս»:
Ստացվում է, որ Դուք և՞ս չմարած պարտքեր ունեք հայրենիքի առաջ:

-Իհարկե, ունեմ: Ես գրող եմ, հրապարակախոս: Շատ հպարտ եմ, որ երկար տարիներ լրագրող եմ եղել, աշխատել եմ մամուլի բոլոր ճյուղերում: Ես համարում եմ, որ հայրենիքին պարտք ենք մինչև մահ: Սա նախորդ տողերի լրացումն է: Այո՛, ես և հայրենիքս պարտք ենք իրար: Ե՛վ ես, և՛ հայրենիքս մեր սերը դեռ չենք փոխադարձել:
«ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԲԱՆ Է. ԱՅՆՏԵՂ ՍՑԵՆԱՐԸ ՊԱՐԶ Է»
-Պայքարը մարտի դաշտում և խաղաղ պայմաններում` իշխանությունը ճիշտ ուժերի ձեռքում կենտրոնացնելու համար, շա՞տ տարբեր բաներ են:
-Իհարկե: Արտաքին պատերազմը շատ ավելի հեշտ բան է: Գիտես` ինչ ես անում: Գիտես` հանուն ինչի ես կյանքդ դրել: Այնտեղ սցենարը պարզ է: Իսկ այստեղ շատ բարդ է: Խոստումների էս հեղեղում, համատարած անգրագետների իշխանության գալու ֆոնին, մեր Ազգային ժողովի մասին պտտվող լուրերի հորձանուտում ես սկսում եմ վախենալ: Մեր հեռուստատեսությունն էլ կարծես դրանց պոչը լինի: Ես ոչ մի հայերեն նախադասություն չեմ լսում եթերից: Ես վատ եմ զգում: Շա՜տ վատ: Հայերենը դարձել է լքված լեզու` սկսած գովազդներից մինչև ուսումնական հաստատություններ ու պրոպագանդայի տարբեր բնագավառներ, իշխանությունների լծակներ: Էս բոլոր բաները պարզապես հուսահատեցնում են: Ես չեմ ասում մնացած բաների մասին, որովհետև հուսահատության հասնում ես վերջում, իսկ մինչ այդ շատ ավելի վտանգավոր մտքեր են քեզ այցելում, շատ ավելի վտանգավոր խմորումներ են կատարվում ներսումդ: Եվ ամբողջն իշխանության դեմ է: Հիմա ես ընդդիմությունն էլ եմ համարում իշխանության լծակ: ՈՒստի և միակ ճշմարիտ ընդդիմությունը մնում է մտավորականությունը: Եվ քանի որ առիթը եկել է, ասեմ. երբ հասնում են փակուղու, անելանելի վիճակների, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը միաբերան կանչում են` «Ո՜Ւր է մտավորականությունը»: Կարելի է կարծել, թե իրենք չարչի են: Ախր իրենք էլ են մտավորական: Եթե խոսքը մաքուր մտավորականության` արվեստագետի, ստեղծագործողի մասին է, թող բարի լինեն իրենց համար լավ ժամանակներում հոգատարություն դրսևորեն էդ շերտի նկատմամբ, ոչ թե բավարարվեն նրանց խղճուկ, մինիմալ աշխատավարձ վճարելով և ծանր հոգեվիճակներ պարտադրելով: Այսպես հասան նրան, որ մտավորականությանը խորթացրին, օտարեցին քաղաքից: Այլ բան է, որ ես սիրում եմ իմ քաղաքը: Բայց դա նրանց արժանիքը չէ: Սիրողի արժանիքն է:
-«Մենք» տրիոլետում ասում եք.
«Մեր գետը շրջանցել է մեզ,
Մեր լեռը թախծում է հեռվում»:
Սրանք անշրջելի՞ իրողություններ են մեր ազգի ճակատագրում:

-Շատ կուզենայի, որ էսքան բաներ տեսած Ռոմիկ Սարդարյանն ու իր սերունդը նաև էդ հարցերի լուծումը տեսնեին: Մենք շատ հզոր իրադարձությունների ականատես եղանք, շատ բան մեր վրայով անցավ: Մի մասս մնաց տակը, մի մասս դուրս փախավ, մի մասս դեռ ճզմված է: Բայց ես կուզենայի մեր գետի շրջանցման բացառումը տեսնել ինքս, և մեր լեռն էլ չլիներ իմ երազների լեռը: Իմ երեխան, երբ 3-4 տարեկան էր, մի անգամ ասաց. «Պա՛պ, ե՞րբ ենք Մասիսի ձյուների վրա սահնակ քշելու»: Սա ինձ համար արդեն առաջադրանք էր. ավելի մեծ առաջադրանք, քան երբևէ ստացել եմ որևէ մեկի, անգամ իմ մեծ նախնիների` Պատկանյանի, Րաֆֆու, մյուսների կողմից: Դա իմ ականջին հասած պատգամ էր:
«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՔ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ԷԻՆ ՀԻՄԱՐ, ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ»
-ԵԽԽՎ-ում ելույթ ունեցող Էրդողանին հարցեր ուղղելու հնարավորությունից զրկվեցին հայաստանյան պատվիրակները: Սա ԵԽԽՎ թուրք նախագահ Չաուշօղլուի՞ գործոնով է պայմանավորված, ըստ Ձեզ, թե՞ եվրոպական պետությունների դիրքորոշմամբ:
-Ես Եվրոպայի նկատմամբ պահում եմ իմ նախնի քաղաքագետ-դիվանագետների անբարյացակամ վերաբերմունքը: Ես չեմ հավատում դրանց: Դրանք մեզ չեն ճանաչում, չգիտեն մեր խնդիրները: Նրանց ինստիտուտներն զբաղված են մեր թերություններն ուսումնասիրելով: Էս ամբողջ քանդուքարափի 70 %-ը ես վերագրում եմ դրանց: Ինչ թուրքին է վերաբերում, թուրքը մնում է թուրք: Խոսք չունեմ դրանց վերաբերյալ: Թուրքից ես ո՛չ սպասելիք ունեմ, ո՛չ առնելիք, ո՛չ տալիք, եթե խոսքը չի վերաբերում մեր ազգային հարցերի լուծումներին: Ո՛չ առևտուր, ո՛չ մշակույթ, ո՛չ այլ բան անձամբ ինձ պետք չէ նրանցից: Ոչ էլ իմ ժողովրդին են պետք դրանց փչացած արևածաղիկն ու մյուս ապրանքները, որ չգիտես ով բերեց-լցրեց մեր խանութները: Ինձ թուրքական ոչինչ պետք չէ: Թող իրենց երեխեքն առողջ լինեն, բայց բարի մեծանան: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ես դրանց մի քիչ տարբերում եմ թուրքերից: Թուրքերը մի քիչ ավելի խելոք են, քան ադրբեջանցիք: Ադրբեջանցիք ինչպես մարտի դաշտում էին հիմար, նույն կերպ էլ քաղաքականության մեջ են:
-Բոլոր կռվածներն են խոսում մարտի դաշտում ադրբեջանցիների հիմարության, անճարակության մասին: Տարիներ անց, երբ նրանք Արցախի վերադարձը դարձրել են գերնպատակ, երբ իրենց բյուջեն առավելապես օգտագործում են սպառազինության կատարելագործման նպատակով, կարո՞ղ են պատերազմի վերսկսման պարագայում հօգուտ իրենց շրջել իրերի դասավորությունը:
-Չէ՜: Նրանք հիմա ավելի են հիմարացել: Կարծում եմ, որ էս Ալիևը ո՛չ հոր, ո՛չ էլ մնացած էլչիբեյների չափ խելոք չէ: Նրանք շատ կկորցնեն, եթե պատերազմը վերսկսվի: Ես խորապես համոզված եմ: Մենք էն ժամանակ սկսեցինք պարսատիկով, ադրբեջանցիք` զենքով: Հիմա մենք կսկսենք զենքով, իրենք կավարտեն պարսատիկով: Ինձ էդպես է թվում:
-Ի՞նչ կարծիքի եք Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի` հայերի հանդեպ ունեցած դիրքորոշման մասին. նկատի ունեմ WikiLeaks-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե Սարկոզին Էրդողանին խոստացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը «թաղել Սենատում»: Արդյոք Շառլ Ազնավուրի` Սարկոզիի դեմ սկսած դեմարշը ինչ-որ բան կփոխի՞:
-Իհարկե` ո՛չ: Չնայած մեր պաշտելի Ազնավուրը մի հետաքրքիր հայտարարություն արեց` ասելով, թե Սարկոզին անձամբ իր հետ գործ կունենա: Ինձ շատ դուր եկավ. ֆիդայու հայտարարություն էր: Շառլն ասաց այն, ինչ մտածում է հայը: Վիլսոնից ու մյուսներից սկսած` ճշմարտությունը թաքցրել են թե՛ իրարից, թե՛ մեզնից, թե՛ աշխարհից:
«ՄԵՆՔ ԱԶԳՈՎԻՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»
-Նախընտրական խմորումների շարքում ես ինձ համար առանձնացրել եմ ՀՅԴ-ի հռչակած «Քվեն ուժ է» կարգախոսը, որի նպատակն ընտրակաշառքների դեմ պայքարն ու դրանց բացառումն է: Մենք այս ընտրություններին կգնանք ավելի բա՞րձր գիտակցությամբ, թե՞ դարձյալ կշրջանառվեն 5-10-հազարանոց թղթադրամները:
-Մենք դեռ պատրաստ չենք դրան: Ո՛չ էս, ո՛չ էլ հաջորդ ընտրություններին մենք չենք հրաժարվի ընտրակաշառքներից: Ես դաշնակցության համակիր եմ, մնացած ընդդիմադիրներին չեմ հավատում, բայց կարծում եմ, որ անգամ դաշնակցության շարքերում պիտի սերնդափոխություն կատարվի: Մենք ազգովին սերնդափոխվելու կարիք ունենք. ազգը պիտի ջահելանա: Իմ ամբողջ հույսը ջահելներն են: Մենք դրսի առջև ուժեղ ենք, ճիշտ հիմքեր ենք դնում: Բայց ամբողջ ազգային հասարակական համակարգում պիտի թարմացում լինի:
-Դուք կո՞ղմ եք ազգը երիտասարդացնելու այն տարբերակին, որ մեր հին արյունը պիտի ձուլել ավելի երիտասարդ ազգերի արյան հետ, և այդպիսով թարմացնել մեր գենը:
-Դա դրսից եկող` փչացած ազգերի տեսությունն է: Մենք միշտ եղել ենք նատուրալ, փակ ազգ, այդպիսին էլ կլինենք: Ես ազգի և ժողովրդի միջև մեծ տարբերություն եմ դնում: ՈՒ համոզված եմ, որ անգամ մեր ժողովուրդն է փակ ժողովուրդ: Մեր ուժը տնտեսական, սոցիալական, բարոյական նատուրալության մեջ է եղել միշտ: Միակ բանը, որ մեզ փրկել է, դա է: Որքան էլ մեր մշակույթը մեզնից գողացել, յուրացրել են, մենք մեր փակ դռների հետևում պահել ենք ամեն ինչ: Մենք մերն ունենք: Շատ ունենք: Ե՛վ պոեզիա ունենք, և՛ երաժշտություն, և՛ գեղանկարչություն: Ամեն ինչ ունենք, կյանք չունենք: Ես լավատես եմ, շատ լավատես: Էնքա՜ն եմ հավատում, որ գրողն ունի իր ընթերցողը, երաժիշտն` իր ունկնդիրը… Ոչինչ չի փոխվել: Ինչպես շատ բաներ են հիմա ընդհատակ անցել, նույնն կերպ էլ ընդհատակ են անցել գրողը, երաժիշտը, ընթերցողը, արվեստասերը: Պիտի ցանկանալ, որ այս ընթացքը շուտ հաղթահարենք: Ինձ թվում է` կգա մի ժամանակ, որ կրկին կունենանք մեկ կուսակցություն, բայց ազգային:
-Դուք որևէ կուսակցության անդամակցո՞ւմ եք:
-Ո՛չ, ես գրող եմ:
-Այսինքն` Ձեր կուսակցությունը գրականությո՞ւնն է:
-Այո՛: Դա ինձ բավարարում է:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ