«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԱՄՈՒՐ ՉԵՍ, ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԾՆԿԻ ԿԲԵՐԻ»

«ԵԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԱՄՈՒՐ ՉԵՍ, ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԾՆԿԻ ԿԲԵՐԻ»
22.04.2011 | 00:00

Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքից առաջ Շուշիի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ Հայաստանի ներքաղաքական կյանքին չցանկացավ անդրադառնալ` սահմանափակվելով միայն իրեն ուղղված Տեր-Պետրոսյանի` «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտության մեկնաբանությամբ։ Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթը «խիստ պարտվողական» որակելով` Սեֆիլյանը դարձյալ պնդեց, որ «Լևոն` նախագահ» կարգախոսին պետք է վերջ դրվի։ Անդրադառնալով ԲիԲիՍի-ի հետ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե 97-ին կողմերն առավել մոտ էին ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, Սեֆիլյանն ասաց.
-Նայած, թե խնդրի լուծում ասելով ի՞նչ են հասկանում։ Տերպետրոսյանական լուծման առնչությամբ վաղուց մեր տարակարծությունը հայտնել ենք, որը մինչ այսօր չի փոխվել։ Սխալն այն է, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ, խնդրի լուծման շուրջ համախմբվելու այս շրջափակումից հնարավորինս շուտ ձերբազատվելու փոխարեն, նորից ընկնում են քաղաքական, գաղափարական իրենց հին մոտեցումների հետևից, որոնք հայ ժողովուրդը մերժել է։ Այսօր, չգիտես ինչու, հնամաշ գաղափարները ցանկանում են վերականգնել։ Սա ցավալի է։
-Քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե պատերազմի վերսկսման սպառնալիքը գնալով մեծանում է։ Համակարծի՞ք եք։
-Չեմ ընդունում այն տեսակետը, թե Արցախը կորցնում ենք ներքաղաքական իրավիճակի պատճառով։ Սա անընդունելի է։ Ովքեր փորձում են ներքաղաքական դրությունը պայմանավորել Արցախի գլխին կախված վտանգով, կհայտնվեն պարզապես անհեթեթ վիճակում։ Դա ընդամենը ճշմարիտ գործից խուսափելու պատրվակ է։ Մենք պիտի գիտակցենք, որ այսօր կանգնած ենք ոչ թե Արցախը, այլ ողջ երկիրը կորցնելու վտանգի առաջ, ու դա գլխավորապես պայմանավորված է ոչ թե արտաքին, այլ ներքին մարտահրավերներով։ Հնարավորինս շուտ պիտի ուղղել ներքինը։ Որքան ուշանում է այդ գործընթացը, այնքան խոցելի ու վտանգավոր է դառնում արտաքին գործոնը։ Եթե ներսում ամուր չես, արտաքին ցանկացած ոտնձգություն քեզ ծնկի կբերի։
-Վերջին օրերին շատ է խոսվում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման մասին, ինչը ձգձգվում է։
-Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին ոչ թե հիմա պիտի խոսվեր, այլ զինադադարից անմիջապես հետո։ Սխալն այդ օրերից է գալիս։ Այնուամենայնիվ, երբ այսօր խոսում են օդանավակայանի բացման անհրաժեշտությունից, կարելի է նկատել` լավ է ուշ, քան երբեք։ Այսօր, երբ ժողովուրդը կեղեքվում է, նման օդանավակայաններից նա ոչ մի օգուտ չի քաղելու, կրկին շահելու են չինովնիկները։
-Ղարաբաղյան բանակցությունների այսօրվա ընթացքը Ձեզ հիմքեր տալի՞ս է ասելու, որ հանգուցալուծումը մոտ է։
-Այսօր այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե բանակցությունների ընթացք կարելի է որակել, այլ իմիտացիա, քանի որ բանակցություններ իրականում գոյություն չունեն։ Կա տարբեր երկրների շահերի սպասարկման գործընթաց, և այս հարթությունում պետք է դիտարկել Մինսկի խմբի այցերը տարածաշրջան, նախագահների հետ հանդիպումները։ Գերտերություններից յուրաքանչյուրը ցանկանում է հարցը հօգուտ իր շահերի ծառայեցնել։
-Հայկական կողմի առավելությունը չէ՞ր, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշված էր` հանդիպում ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների, այլև «Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ։
-Սա առավելություն չեմ համարում։ Պիտի հիշենք` 94-ի մայիսին զինադադարի պայմանագիրը կնքողներն ովքեր էին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողքին կանգնած էր ղարաբաղյան բանակի ներկայացուցիչը։ Այսինքն, արդեն այդ օրերին հայկական զինուժը պարտադրել էր Արցախի փաստացի անկախությունն ընդունել։ Սխալ քաղաքականության պատճառով այս նվաճումն անտեսվեց, որը կերտվել էր հազարավոր հայորդիների արյան գնով։ Սա ի չիք դարձավ հաջորդող տարիներին հայկական դիվանագիտական կորպուսի վարած քաղաքականության պատճառով։ Այսօր եթե Մինսկի խումբը մեկ հիշում է ԼՂՀ-ն, մեկ` ոչ, սրանով չպետք է ուրախանալ։ Այն մարդիկ, ովքեր զբաղվում են հակամարտության լուծմամբ, կտրված են հայ ժողովրդից, հայկականությունից, և օր օրի այդ կտրվածությունը խորանում է։ Սա՛ պետք է մեզ մտահոգի, ոչ թե այն, ինչ են ասում Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում։
-Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները հաճախ իրար մեղադրում են ղարաբաղյան հիմնախնդիրը ներքաղաքական նպատակներով շահարկելու մեջ։ Ձեր կարծիքով, ո՞վ է իրական շահարկողը։
-Երկուսն էլ։ Վերջին 15-20 տարիներին և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պարբերաբար այս խնդիրը շահարկում են։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ