«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ՉԵՆ

12.11.2010 | 00:00

Մինչև շաբաթվա վերջ ԱԺ-ում պետք է հաստատվի 2011-ի պետբյուջեի նախագիծը։ Արդյոք այն իրատեսակա՞ն է և, ըստ ոլորտների, ինչո՞վ է էապես տարբերվում 2010-ի պետբյուջեից` փորձեցինք ճշտել որոշ նախարարներից։
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար)
Ընդհանուր առմամբ, 2011-ի պետբյուջեն իրատեսական եմ համարում։ Շատ կարևոր է, որ մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ունի սոցիալական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ սոցիալական ծրագրերը շարունակական կլինեն։ Այս առումով կարևորվում է նաև աղետի գոտում բնակշինարարության ծրագրի ապահովման հարցը։ Կրթության ոլորտի շինարարությանը հատկացվող ֆինանսական միջոցներն այս տարվա բյուջետային հատկացումների համեմատ ավելացել են 40 տոկոսով։ Շարունակվելու են դպրոցների հիմնանորոգման աշխատանքները։ Մարզերում նախատեսվում են 11 ավագ դպրոցների վերակառուցում և վերազննում։ Ապահովված է նաև աղետի գոտու շինարարության շարունակականությունը։

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ (սփյուռքի նախարար)
2010-ի համեմատ 2011-ի բյուջեն, կարծում եմ, բավականին տարբերություն ունի։ Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մեր ոլորտի հատկացումները երեք անգամ ավելացել են։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ նախարարությունը գործում է նախագահի հովանու ներքո։ Հետևելով առաջին երկու տարիներին նախարարության իրականացրած աշխատանքներին` այս տարի բյուջեն մեծացվել է։ Եթե հետագայում անհրաժեշտ համապատասխան կառույցները ձևավորվեն ներսում և դրսում, ապա կկարողանանք ավելի մեծ բյուջե իրականացնել։ Այս պահին բյուջեն իրատեսական եմ գնահատում։

ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ (էներգետիկայի և բնական պաշարների նախարար)
2011-ի պետբյուջեն, ընդհանուր առմամբ, իրատեսական է։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր ոլորտին, ապա մեր մասով այն համարվում է զարգացման բյուջե։

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
Հաջորդ տարվա պետբյուջեի ծախսային մասը հասնում է մոտ մեկ տրիլիոնի, շուրջ 270 մլրդ դրամը նախատեսված է սոցիալական ոլորտի համար, որը կազմում է ընդհանուր բյուջեի շուրջ 27,2 տոկոսը։ 2010-ի համեմատ 2011-ին նախատեսված է սոցիալական ոլորտի մասով 67 մլրդ դրամի ավելացում։ Այն պայմանավորված է հիմնականում ընտանեկան նպաստների բազային չափը և կենսաթոշակները 2500 դրամով ավելացնելու հանգամանքով։ Բացի այդ, նախատեսված է 15 տոկոսով ավելացնել ոլորտի ենթակայության տակ գտնվող խնամքի հաստատություններին հատկացվող ծախսերը, հաշվի առնելով սննդի և այլնի թանկացումը։ 2011-ի պետբյուջեն և՛ սոցիալական մասով, և՛ ընդհանուր առմամբ իրատեսական է։ Պետք է նշեմ ևս մեկ կարևոր փաստ` 2010-ին սկսված և 2011-ին շարունակվող բարեփոխումներն ու նախատեսվող օրենսդրական նոր նախաձեռնություններն ավելի արդյունավետ և առավել հասցեական պետք է դարձնեն ոլորտին հատկացվող բյուջետային միջոցները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ