«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԵՆ»

«ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԵՆ»
07.12.2010 | 00:00

Դեկտեմբերի 1-4-ին ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացրին «Բուհական համակարգի ուսանողների հավաքագրման ընթացակարգը» թեմայով սեմինար-խորհրդակցություն, որին ներկա էին բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին բուհական համակարգի ուսանողների հավաքագրման գործող ընթացակարգի կատարելագործման, նոր ընթացակարգի նախագծի անհրաժեշտության հարցերը, ընթացակարգի վերամշակման գաղափարներն ու մոտեցումները։

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մի շարք խնդիրների, այդ թվում՝ բուհական համակարգի ուսանողների հավաքագրման գործընթացում միասնական և պետական ավարտական քննությունների նշանակությանը, բուհերի, ԿԳՆ-ի գործառույթներին, ուսանողների հավաքագրման ընթացակարգում ԿԳՆ-բուհ-ԳԹԿ փոխհարաբերությունների կարգավորման հիմքերին։
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, մեզ հետ զրույցում անդրադառնալով բուհական համակարգի ուսանողների հավաքագրման ընթացակարգի բարեփոխման անհրաժեշտությանը, մասնավորապես նշեց.
-Նախ՝ բարեփոխումների անհրաժեշտությունը միշտ էլ առկա է, քանի որ կյանքը մշտապես զարգանում է, բացի այդ, ՀՀ վարչապետն է շատ լուրջ խնդիր դրել, որպեսզի երեխաները կարողանան ավելի հեշտ ընդունվել բուհական համակարգ, ընդհուպ մինչև, եթե հարկ լինի, դիմորդներն առանձին քննական փորձություններ չանցնեն։ Դա նաև կոռուպցիոն երևույթները վերացնելու լավագույն մեխանիզմներից է։ Այս ամենին զուգահեռ շեշտը պետք է դրվի ուսման որակի վրա և՛ բուհերում, և՛ հանրակրթական դպրոցներում։ Պատահական չէ, որ իրավիճակը շտկելու կապակցությամբ հատուկ հայտարարություն էր արել նաև կրթության և գիտության նախարարը՝ ընդգծելով, որ ոլորտում լուրջ արմատական փոփոխությունների կարիք կա։
-Պարոն Մկրտչյան, մեր բուհական համակարգն այսօր պատրա՞ստ է ցանկացած դիմորդի ընդունելու և հետագայում խստորեն հետևելու նրա կրթական որակին՝ դիպլոմ տալով միայն արժանի ուսանողներին։
-Գուցե այսօր պատրաստ չէ։ Տարիների ընթացքում կգտնվի այդ լուծումը։ Եվ պատահական չէ, որ շեշտը դրվում է ոչ թե կոնկրետ բուհի, այլ ընդհանրապես բուհական համակարգի վրա։ Դա ենթադրում է բուհերի միջև համապատասխան համագործակցություն, որպեսզի երեխան կարողանա ավելի ճկուն կազմակերպել իր կրթական գործընթացը։ Այսինքն՝ նա սովորի ոչ թե կոնկրետ բուհում, այլ բուհական համակարգում։ Սրանք գաղափարներ են, որոնց լուծումներն ու մեխանիզմները դեռ պետք է գտնվեն։ Ինչ վերաբերում է բուհերի պատրաստ լինել կամ չլինելուն, ապա եթե հարցը բարձրացվել է, պետք է պատրաստվեն։ Խնդիր է դրված գտնելու այնպիսի լծակներ, որոնց ազդեցությամբ բուհերը, հենց առաջին կուրսից սկսած, կկարողանան ապահովել որակյալ կրթություն։ Հապաղել այս հարցում մենք չենք կարող։
-Չե՞ք կարծում, որ որակյալ կրթությունը պետք է ապահովել տարրական դասարաններից սկսած, և ընդհանրապես դպրոց ավարտելը պետք է դժվար լինի, այդ դեպքում բուհական համակարգում էլ կբարձրանա կրթության որակը։
-Անկասկած։ Ընդ որում, տարրական դպրոցից հիմնական և հիմնականից ավագ դպրոց անցնելը պետք է հստակեցվի։ Օրինակ, հիմնական դպրոցն ավարտելիս շրջանավարտները հանձնում են քննություններ և ստանում վկայական, իսկ տարրական դպրոցից միջին դպրոց անցնելիս քննություն ընդունում ենք, սակայն վկայական չի տրվում։ Այս հարցը բարձրացված է. երեխան պետք է յուրաքանչյուր փուլ անցնելիս վկայական ունենա։ Ընդ որում, վկայականը ձևական փաստաթուղթ չէ, երբ վկայական ենք տալիս, պարտավորություններ ենք ստանձնում, իսկ պարտավորվելով սկսում ենք պատասխանատվություն կրել յուրաքանչյուր աշակերտի կրթական որակի համար։ Քանի որ վկայական չենք տալիս, տարրականից միջին դպրոց անցնում են դպրոցի հայեցողությամբ։ Պետական արտաքին հավաստագիրը որոշակի իրավունք է տալիս երեխային, նաև պարտավորեցնում է լուրջ մոտենալ հարցին։
-Պարոն Մկրտչյան, մենք մի քանի տարի լուրջ աշխատանքներ կատարեցինք միասնական քննությունները կայացնելու հարցում։ Հիմա կտրուկ շրջադարձ ենք կատարում՝ փորձելով հրաժարվել այդ քննություններից։ Որքանո՞վ է այդ քաղաքականությունն արդարացված։
-Ըստ էության, չենք հրաժարվում։ Իրականում մենք կայացրինք ոչ թե միասնական քննությունները, այլ արտաքին գնահատման համակարգը։ Եվ էական չէ՝ թեստային համակարգով միասնակա՞ն քննություն ենք կազմակերպում, թե՞ ընթացիկ։ Մենք տարիների ընթացքում կարողացանք ունենալ և կայացնել հաստատություն, որը կարող է իրագործել արտաքին գնահատում։
-Ի՞նչ եք ակնկալում «Բուհական համակարգի ուսանողների հավաքագրման ընթացակարգը» թեմայով սեմինար-խորհրդակցության արդյունքից։
-Մենք պետք է կարողանանք նոր ընթացակարգի նախագիծ պատրաստել և հանդես գալ առաջարկությամբ, որպեսզի կառավարությունը հաստատի։ Նոր ընթացակարգը պետք է ավելի ճկուն, աշխատող լինի։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ