ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՊԱՅՔԱՐԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՅՔԱՐԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
11.06.2010 | 00:00

Ներքին վտանգներ կա՞ն: Չկան: Ո՞վ ասաց: Թերթերը: Ինչի՞ հիման վրա: Ինչի հիման վրա ասես: Ոնց ասես: Եվ ում ասես: Բայց ասես, չասես, մի հաշիվ է: Դրա համար էլ ներքին վտանգներ չկան: Կան առանձին երևույթներ, որոնք մտահոգում են: Առանձին մարդկանց: Առանձին վերցրած իրավիճակներում: Չնայած իրավիճակներ էլ չկան: Կան վիճակներ: Երկար տևող: Ասենք` քսան տարի: Նույնիսկ ավելի շատ: Շատ ավելի շատ: Իսկ դա արդեն վիճակ չէ: Դա արդեն դիագնոզ է: Բժշկական: Սոցիալական: Նաև փիլիսոփայական:
Ելքեր կա՞ն: Կան: Մուտքերը ավելացնելու ձևով: Մուտքեր էլ կան: Ելքերը ավելացնելու ձևով: Պետք է ներմուծվեն նոր մտքեր: Նոր քաղաքական գործիչներ: Արտամուծվեն հին մտքեր: Հին քաղաքական գործիչներ: ՈՒ ընդհանրապես գործիչներ: Քանի որ մտքերը սավառնում են, գործիչները նույնպես սավառնում են, այսինքն` գործում են, բայց ոչ մտքերն են տեղ հասնում, ոչ էլ գործն է տեղից շարժվում: Կամ շարժվում է մի ուղղությամբ, որը հայկական չէ: Չնայած ռուսական էլ չէ: Ոչ էլ ամերիկյան է: Ճիշտն ասած, պարզ էլ չէ, ընդհանրապես ուղղությո՞ւն է, թե՞ ուղղություն էլ չէ: Միայն պարզ է, որ պարզ չէ: Բայց պարզեցնելն էլ շատ բարդ խնդիր է: Ի հակակշիռ բարդացնելուն, որը շատ պարզ խնդիր է: Մի խոսքով, բանը բուրդ է: Չնայած սկզբից բանն էր: Բուրդը հետո էր:
Կլինեն մարդիկ, որ կասեն` սոցիալական բունտ: Կլինեն մարդիկ, որ կասեն` հոգեբանական բունտ: Կլինեն մարդիկ, որ կասեն` ոչ մի բունտ: Մարդիկ էլ կլինեն, որ ոչ մի բան չեն ասի: Քանի որ ասելու սովորություն չունեն: Ճիշտն ասած, լսելու սովորություն էլ չունեն: ՈՒ ընդհանրապես, ռաբիս լսելուց, նարդի խաղալուց ու խորոված ուտելուց բացի, ուրիշ սովորություն չունեն: Սրանք ամբոխներն են: Չնայած նրանք մի սովորություն էլ ունեն: Խելագարվելու: Չարենցը գրել է: Չարենցը տեսել է: Չարենցը գիտեր: Էլի մարդիկ կան, որ գիտեն: Ճիշտ է, բանաստեղծություններ չեն գրում: Բայց գիտեն: Հաստատ: Քանի որ ուսումնասիրել են: ՈՒսումնասիրում են: ՈՒ դեռ կուսումնասիրեն: Հանուն գիտության, քաղաքականության ու վիճակներից իրավիճակ ստեղծելու ունակության: Բայց խելագարված ամբոխների իրավիճակը մի թերություն ունի: Նա համարյա անկառավարելի է: Այս թերությունն այնքան մեծ է, որ վիճակներ ուսումնասիրող մարդիկ հազիվ թե դիմեն այսպիսի իրավիճակային լուծման: Քանի որ այն հղի է անսպասելի հետևանքներով: Իսկ անսպասելի հետևանքներ ոչ ոք չի սիրում: Բացի էքստրեմալ տուրիզմի սիրահարներից: Որոնք, իհարկե, սակավաթիվ են: ՈՒ շատ հեռու են ժողովրդից, ինչպես կասեր Վլադիմիր Իլյիչ Լենինը: Վլադիմիր Իլյիչն ինքը սիրում էր սպասելի հետևանքներ: ՈՒ բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները նույնպես սիրում են սպասելի հետևանքներ: Այդ առումով բոլոր հայ քաղաքական գործիչները ողջամիտ են, իսկ բոլոր հայկական իրավիճակները` սպասելի: Ոչ թե այն առումով, որ, իրոք, սպասելի են, այսինքն, որ ինչ-որ մեկը դրանց սրտատրոփ սպասում է: Այլ այն առումով, որ սպասելի են իրոք: Այսինքն, ուրիշ բան սպասելի չէ: Ավանդույթներ ու սովորույթներ, այսպես ասած, չեն ձևավորվել: Երկու հազար տարվա ընթացքում: Սա խոսում է ինչպես ավանդապաշտության մասին դրական առումով, այնպես էլ ավանդապաշտության մասին բացասական առումով: Զուտ հայկական հակադրությունների միասնություն ու պայքար: Պայքար ու միասնություն: Մի խոսքով` պայքարամիասնություն: Ո՞նց տարաբաժանել այս բարդ հասկացությունը մի քանի ավելի պարզ հասկացությունների, ասենք` նորմալ կյանք, հարգանք միմյանց հանդեպ, օրենքի հանդեպ և այլն, դեռ պարզ չէ: Քաղաքական միտքը դեռ այդ մանրուքներին չի անդրադարձել: Քաղաքական միտքը լուծում է արդիական խնդիրներ: Արդիական խնդիրներն էլ լուծում են քաղաքական միտքը: Արդյունքում կա այն, ինչ կա: Այսինքն` պայքարամիասնություն:
Արամ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ