ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԶԿԻԹՆԵՐՈՎ, ՉԱԴՐԱՆԵՐ ԿՐՈՂ ԿԱՆԱՆՑՈՎ ԼԵՑՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳՅՈԹԵԻ, ԲԱԽԻ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԷ

ՄԶԿԻԹՆԵՐՈՎ, ՉԱԴՐԱՆԵՐ ԿՐՈՂ ԿԱՆԱՆՑՈՎ ԼԵՑՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳՅՈԹԵԻ, ԲԱԽԻ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԷ
22.10.2010 | 00:00

Ո՞վ կմտածեր, թե գլոբալացման մեր դարը կդիմավորենք, եթե ոչ կրոնական պատերազմի, ապա առնվազն կրոնական լուրջ դիմակայությունների պայմաններում։ Ամբողջ աշխարհում եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության բազմադարյան տարածումից հետո այսօր բախվում ենք կատաղի «կիսալուսնային» հակահարձակման։ Այս երևույթն այսօր չի ծնվել, բայց եթե առաջ «քաղաքականապես կոռեկտ» եվրոպացիներն այդ բանը նախընտրում էին ամոթխածորեն լռության մատնել, ապա նոր դարի առաջին տասնամյակում ամեն գաղտնի բան բացահայտ դարձավ։ Եվ բանն այստեղ այն չէ, որ դարն սկսվեց երկվորյակ երկնաքերերի ավերակների ստվերում, և ոչ էլ այն, որ «շահիդ» բառը մտավ բոլոր ժողովուրդների բառապաշարի մեջ։ Նոր դիմակայությունը հենվում է ավելի առօրեական, անգամ շատ սովորական գործընթացների վրա, և քանի որ պրոբլեմները խաչվում են հազար-հազարավոր շարքային մարդկանց կյանքի հետ, դրանք և՛ ավելի խոր են, և՛ ավելի զարհուրելի։
Ժամանակին Սոլժենիցինը նշել է, որ «ճշմարտությունը հազվադեպ է հաճելի լինում, գրեթե առանց բացառության այն դառն է»։ Երկար ժամանակ Եվրոպային թվում էր, թե ապահով կյանքի հետևից եկած մարդիկ անպայման պետք է դառնան «արևմտյան նախագծի» կողմնակիցներ։ Եվ արդեն այն պատճառով, որ ցանկացած համընդգրկուն նախագիծ կտրականապես չի ընդունում այլընտրանքային արժեքներ և հաստատապես վստահ է իր սեփական արժեքների առաջնայնությանը, այդ երկրներում ոչ ոք առանձնապես խորամուխ չի եղել, որ իսլամը ոչ միայն կրոն է, այլև լայնընդգրկուն նախագիծ, որը միանգամայն այլ իդեալներ է կրում։ Բոլոր փորձերը` պարտավորեցնել վտարանդիներին ապրելու Եվրոպայում, համաձայն մարդու իրավունքների հռչակագրի կամ սահմանադրությունների և ոչ` շարիաթի, առաջ էր բերել ոչ միայն բողոքներ, այլև ագրեսիա (Էյֆելյան աշտարակից վերջին կանոնավոր տեղափոխումներն ուղղակիորեն կապում են Ֆրանսիայում գլխաշորեր կրելու արգելքի հետ)։ Եվ խնդիրն սկսեցին ամոթխածորեն լռության մատնել։ Այժմ, պաշտոնական տվյալներով, Եվրամիությունում ապրում է մոտ 17 մլն մահմեդական, բայց, որոշ տվյալների համաձայն, այդ թիվը հասնում է 27 մլն-ի։ Մայրցամաքի բնակչության մեջ նրանց բաժնի աճը, և գլխավորը` ավելացման տեմպերն ապշեցուցիչ են. 1998-ին Իսպանիայում նրանք ընդամենը 3,2 տոկոս էին, 2007-ին` արդեն 13,4 տոկոս։ Ինչպես պնդում են դիտորդները, Բրյուսելում 2009-ին ամենատարածված անունները եղել են Մուհամմեդը, Մահդին, Ամինը և Համզան։ Ժողովրդագիրների կանխատեսումների համաձայն` այս դարի կեսերին Ֆրանսիայում մահմեդական մեծամասնություն կլինի, և հավանաբար, նույն բանը սպասվում է Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում, հատկապես խոշոր քաղաքներում ու մայրաքաղաքներում։ Դեպի Եվրոպա մահմեդական գաղթականների մեծ հոսքն արդեն հանգեցրել է «արգելված գոտիների» առաջացմանը, ուր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մյուս բնակիչները, ավելի լավ է, «քթները չխոթեն»։ Ավելին, եթե մայրցամաքի տեղաբնիկներն սկսել են իրենց անվանել «եվրոպացիներ», այլ ոչ թե «քրիստոնյաներ», ապա Մերձավոր Արևելքից եկած գաղթականներն իրենց չեն համարում «եգիպտացիներ» կամ «ալժիրցիներ», նրանք իրենց առաջին հերթին անվանում են «մահմեդականներ»։ Այդ փաստերն ու թվերն այնքան ապշեցուցիչ են, որ եվրոպացի քաղաքական գործիչները նախընտրել են արգելք դնել դրանց վրա, իսկ թեման դարձնել լուսանցքային։ Բայց հոգու խորքում եվրոպացիները սարսափած են։ Բոլոր վերջին հարցումները Եվրոպայում սկսել են ցույց տալ, որ գաղթի թեմաներով հանդես եկող գործիչներն առավել մեծ պաշտպանություն են գտնում բնակչության շրջանում։ Ակնհայտ է դարձել, որ «ժամացույցի մեխանիզմով ռումբը» ամեն վայրկյան կարող է պայթել, և բացառված չէ, որ, ինչպես արդեն քանիցս եղել է Եվրոպայում, դա սկսվի Գերմանիայից։
Նկատենք, որ հատկապես ԳՖՀ-ում (ԳԴՀ-ում, որը կառուցել էին «հակաֆաշիստները», ուղեղների այդ լվացումն այդքան տոտալ չէր), Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիներին նպատակասլաց ու հետևողականորեն ներշնչվում էր մեղքի և ազգային նույնականությունից հեռացած լինելու զգացողությունը։ Այդ ժամանակամիջոցում մեծացավ մի ամբողջ սերունդ, որը դաստիարակված էր լիբերալ կոսմոպոլիտիզմի լավագույն ավանդույթներով։ Այդ նույն ժամանակամիջոցում երկրաչափական պրոգրեսիայով Գերմանիայում մեծանում էր թուրքերի թիվը, որոնց մեծ մասը ոչ միայն չէր ուզում ինտեգրվել հասարակությանը, այլև Թուրքիայի վարչապետ Էրդողանը խորհուրդ էր տալիս նրանց «թուրք մնալ»։ 2008-ին գալով Գերմանիա, նա բառացիորեն ասել է հետևյալը. «Ձուլումը հանցագործություն է ընդդեմ մարդկության»։ Համապատասխանաբար Մյունխենում (գերմանական նացիզմի ծննդավայրում) ի հայտ եկան միկրոշրջաններ, որտեղ փողոցներում և մետրոյի կայարաններում գերմաներեն խոսելը (ինչպես, ի դեպ, նաև այլ լեզուներով) ամենևին էլ անվտանգ չէր։ Վերջերս «Tagesspiegel» խոշորագույն թերթում, որին դժվար է կասկածել կանխակարծության մեջ, մի հոդված հայտնվեց բեռլինյան մի շարք դպրոցներում տիրող իրավիճակի մասին, որտեղ զգալի թիվ են կազմում մահմեդական աշակերտները, հատկապես թուրքական ընտանիքներից սերվածները։ Պարզվում է, որ «այդ ուսումնական հաստատություններում գերմանացի դպրոցականները հայտնվել են «մերժվածի» դերում, ենթարկվելով փոքրամասնության խտրականությանը»։ Բանն այնքան հեռուն է գնացել, որ գիտության և կրթության աշխատողների արհմիությունն անցկացրել է հատուկ խորհրդակցություն` «Թշնամականությունը գերմանացիների հանդեպ` դպրոցներում» օրակարգով։ Այսինքն, այս իրավիճակը հատուկ է ոչ միայն բեռլինյան առանձին դպրոցների։ Ծավալվող «դպրոցական» աղմուկին առանձնակի նրբերանգություն է հաղորդում այն, որ դա ծագել է ԳՖՀ-ի կանցլեր Մերկելի և նախագահ Վուլֆի հայտարարությունների համատեքստում։ Կանցլերը պաշտպանել է գերմանական քաղաքների նկարագրի վրա մզկիթների առաջվանից ավելի մեծ ազդեցության գաղափարը, իսկ նախագահը կոչ է արել «իսլամը համարել Գերմանիայի մաս»։ Եվ սկսել է թվալ, թե վաղեմի պերճախոս «կատակը», որ հեռարձակել է հեռուստաընկերություններից մեկը` «Գերմանական միասնության օր 2030 թվականին. դաշնային նախագահ Մուհամմեդ Մուստաֆան մահմեդականներին կոչ է արել հարգել գերմանական փոքրամասնության իրավունքները», վերջնականապես կդադարի ծիծաղելի լինելուց։ Այսպես, ընտանիքի գործերի դաշնային նախարար Քրիստինա Շրյոդերը խոստովանել է, որ ինքն է անձամբ դարձել թշնամության զոհ. «Այն բանից հետո, երբ ես հանդես եկա իսլամականության թեմայով զեկուցմամբ, ինձ հրապարակային միջոցառումների ժամանակ բազմիցս անպատվել են «գերմանացի լիրբ» պիտակով»։
Կարիք կա՞, արդյոք, այս ամենից հետո զարմանալու, որ գերմանական հասարակության մեջ անշեղորեն աճում է դավանաբանական խորթացումը։ Կարիք կա՞, արդյոք, զարմանալու, որ տեղաբնիկներն սկսել են հասկանալ, որ Գերմանիան գերմանական երկիր է, մզկիթներով, չադրաներ կրող կանանցով լեցուն Գերմանիան Գյոթեի, Շիլլերի, Բախի, Հայնեի և Մենդելսոնի Գերմանիան չէ, և որ գերմանացիներն իրավունք ունեն պահանջելու նրանցից, ովքեր ցանկություն ունեն ապրելու այստեղ, հարմարվել Գերմանիայի սովորույթներին։ Հիմա յուրաքանչյուր տասներորդ գերմանացի կարծում է, որ Գերմանիային «նոր ֆյուրեր»` ուժեղ առաջնորդ, և պակաս ժողովրդավարական խորհրդարան է պետք։ Հետազոտությունների արդյունքների համաձայն` հարցվածների մեկ քառորդը համակված է ազգայնամոլական կամ ռասիստական տրամադրություններով։ Հաղորդվում է, որ քվեների ոչ մեծ քանակությունը, որ «ծայրահեղ աջերը» ստանում են ընտրություններում, չի արտացոլում շատ գերմանացիների իրական տրամադրությունները։
Սակայն քաղաքական բանավեճին առանձնակի խթան հաղորդեց Թիլո Սարացինի աղմուկ հանած գիրքը, որտեղ հայտնի ֆինանսիստը «հաշվապահական ճշգրտությամբ» նկարագրել է իրավիճակը։ Հանրությունն սկզբից դուրս ելավ նրա դեմ, բայց հետ քշվեց Բունդեսբանկից և սոցիալ-դեմոկրատների ճամբարից։ Ի դեպ, նրա ծավալուն գրքում բերված թվերի ու վերլուծությունների առթիվ ոչ ոք չէր վիճում, դրանք պարզապես անտեսում էին, իսկ հեղինակին ամբոխահաճո գործունեության պիտակ փակցնում։ Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ Սարացինը լվացել է շատ հայրենակիցների ուղեղները և արդեն ծնել հետևորդների և «քաղկոռեկտության» դեմ պայքարող մարտիկների մի ամբողջ աստղաբույլ (ճակատագրի հեգնանք է, բայց «սարացիններ» դարի կեսերին Եվրոպայում անվանում էին թուրքերին)։ Պարզվում է, որ գերմանացիների 60 տոկոսը համաձայն է Սարացինի թեզիսներին, իսկ նրա գրքի 600 հազար օրինակը վաճառվեց ընդամենը մեկ ամսում։ Կրակի վրա յուղ ավելացրեց նաև գերմանացի հայտնի հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ով բաց նամակ հղեց նախագահ Վուլֆին։ Հրապարակախոսի դիտարկմամբ` «քաղաքական և ռազմաշունչ իսլամը, առհասարակ, չպետք է որևէ տեղ ինտեգրվի», նա իսլամի հետ կապված խնդիրը համեմատել է «21-րդ դարի երկնակամարում կուտակված մութ ամպի» հետ, որն արդեն կախվել է նաև Գերմանիայի վրա երկրի միգրացիոն և ինտեգրացիոն անխոհեմ քաղաքականության պատճառով։ Այնուհետև «գերմանական ոգու» համար պայքարի մեջ մտան այլ գործիչներ։ Առանձնակի արձագանք առաջ բերեց Բեռլինում հոլանդական «Ազատության կուսակցության» պարագլուխ Գիրտ Վիլդերսի ելույթը (նկատենք, որ Հոլանդիայում, մի երկրում, որտեղ դեռևս 16-րդ դարում թոթափեցին իսպանական միապետության լուծը, այլախոհ Թիլ ՈՒլենշպիգելի երկրում, որ նախ և առաջ եվրոպացիների երկիր է, որոշել էին, որ ինկվիզիցիան իրենք չեն թոթափել, որ ապրեն իսլամական հեղափոխության պահապանների օրենքներով)։ Խիստ հատկանշական է, որ թեև «Ազատության կուսակցության» պարագլխին վերջին ժամանակներս ընդունված է մեղադրել ամեն տեսակի մահացու մեղքերի մեջ, ընդհուպ մինչև քրեական, երկրի դատախազը պահանջել է փակել նրա դեմ հարուցված գործը, քանի որ, նրա կարծիքով, «Գիրտ Վիլդերսի խոսքերը` ուղղված մահմեդական կրոնի դեմ, չեն կարող պատժելի լինել Նիդերլանդներում»։ Նրա ճառը Բեռլինում արդեն համարում են եվրոպական նոր ինտերնացիոնալի մանիֆեստ, որի ստեղծումը հառնում է հորիզոնում։ Վիլդերսը հայտարարել է, որ «եկել է Գերմանիա, քանի որ Նիդերլանդների և ամբողջ աշխարհի համար Գերմանիան շատ կարևոր է, և առանց գերմանական գործընկերների մենք երբեք չենք կարող ստեղծել «Ազատության միջազգային միություն»։ «Իսլամը ոչ միայն կրոնական համոզմունք է, այլև հեղափոխական գաղափարախոսություն, և Ջահիդն էլ հենց այդ հեղափոխական գաղափարախոսությունն է»,- հայտարարել է Վիլդերսը և ընդգծել, որ «չափավոր իսլամը» գործին չի օգնի։ Շատ հատկանշական է, բայց վերջերս Թուրքիայի վարչապետը, ասես դրա ապացույց, նշել է. «Չափավոր իսլամ» խոսքն «այլանդակ խոսք է»։ Իր ելույթում Վիլդերսը մեջբերել է Մերկելի խոսքերը, թե «Գերմանիայի իսլամացումն անխուսափելի է», և ծափահարությունների որոտի ներքո ավարտել. «ՈՒզո՞ւմ ենք մենք, արդյոք, որ կրկնվեն Վայմարյան Հանրապետության ողբերգական իրադարձությունները։ Կենթարկվե՞նք մենք, արդյոք, իսլամին այն պատճառով, որ մեր մեջ ազատության սերն սպառված է։ Ո՛չ, դա լինելու բան չէ»։
Այնուհետև երկրում, ինչպես, ի դեպ, ամբողջ Եվրոպայում, մեծ արձագանք գտան Վատիկանի հայրապետական Սինոդի հետևությունները, որը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներից քրիստոնյաների, այդ թվում` քրիստոնյա արաբների արտահոսքի առթիվ. «Առաջ քրիստոնյաները տարածաշրջանի բնակչության մոտ 20 տոկոսն էին, այժմ նրանց տեսակարար կշիռը հինգ տոկոսից չի անցնում»։ Ավելին, հրապարակվել են մի շարք հետազոտություններ, որոնց տվյալների համաձայն, աշխարհում կրոնական բոլոր հետապնդումների ավելի քան 70 տոկոսն ուղղված է քրիստոնյաների դեմ։
Այս ամենը, անշուշտ, չէր կարող չանդրադառնալ Գերմանիայի քաղաքական կլիմայի վրա, որտեղ 85 տոկոսը կարծում է, որ «գերմանացի քաղաքական գործիչների մեծ մասը չգիտի, թե ինչ և ինչպես է տեղի ունենում իրական կյանքում»։ Դրանից հետո կառավարող կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրենք համաձայն չեն կանցլերի ու նախագահի պնդումներին, իսկ քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել Անգելա Մերկելի հնարավոր պաշտոնաթողության տարբերակները։ Այդ առթիվ նա վերջերս արձագանքել է սենսացիոն մի հայտարարությամբ. «Մենք չէինք ցանկանա տեսնել այնպիսիներին, ովքեր միանգամից չեն կարողանա խոսել գերմաներեն։ Մեր մոտեցումը եղել է «մուլտիկուլտուրալիզմը», այն, որ մենք պիտի ապրենք կողք կողքի և արժևորենք միմյանց։ Այդ մոտեցումը լիովին ձախողվել է»։ Այսպիսով, այսօրվա դրությամբ արդեն ակնհայտ է դառնում, որ Արևմտյան Եվրոպան, որ աշխարհին նվիրել է լիբերալիզմ և հաղթահարել եկեղեցու ճնշումը, կարող է ոչնչանալ իր իսկ արժեքների պատճառով։ Նրան խեղդում են սեփական նվաճումները, և արդեն ժամանակն է ընտրություն կատարելու, թե ինչն է պետք զոհաբերել. արժեքները` հանուն գոյատևմա՞ն, թե՞ գոյությունը` հանուն արժեքների։ Հարց է առաջացել` կարելի՞ է, արդյոք, ժողովրդավարական կանոններով խաղալ նրանց հետ, ովքեր ունեն իրենց սեփական, տարօրինակ պատկերացումները «ժողովրդավարության» մասին, իսկ արևմտյան ժողովրդավարությունը նրանց համար սեփական նպատակներին հասնելու գործիք է սոսկ։ Առայժմ այս հարցերի վերջնական պատասխանը չկա, բայց շատերը Եվրոպայում սկսել են պնդել, թե «պացիֆիստները պատերազմում հաղթանակ չեն տանում»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ