«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԻՏԻ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ, ԽԵԼՈՔ ԳԱ ՀԱԿ»

«ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԻՏԻ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ, ԽԵԼՈՔ ԳԱ ՀԱԿ»
28.01.2011 | 00:00

Այսօր ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման Տիգրան Կարապետյանն է իր հանրահավաքային «ինտրիգներով»։ Թեև ընդդիմադիր հատվածը հաճախ հեգնանքով է խոսում այս մասին, փաստն այն է, որ Կարապետիչին հաջողվել է հոծ բազմություն հավաքել։ Թեմայի շուրջ զրուցում ենք ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ, ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Ի դեմս Տիգրան Կարապետիչի, ընդդիմադիր դաշտում նոր ուժ չի՞ ստեղծվում։
-Դա հնարավոր չէ, քանի որ Հայաստանում արդեն կա ընդդիմություն` ՀԱԿ-ը, որից դուրս այլ ընդդիմություն գոյություն չունի։ Վերջին երեք տարիներին մեր գործունեությունը դրա վառ ապացույցն է։ Երբեմն ականատես ենք եղել, թե ինչպես են իշխանությունները քաղաքական դաշտ նետում ականներ, իբրև հերթական ընդդիմություն։ Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետիչի ական լինելու հանգամանքին, կարծում եմ` դեռ ական չէ, սակայն եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ինքնաբերաբար կվերածվի ականի։
-Բայց կարողանում է նույնքան բազմամարդ հանրահավաք կազմակերպել, ինչ ՀԱԿ-ը` իր 16 կուսակցություններով։
-Եթե ուշադիր հետևեիք մեկ շաբաթվա ընթացքում նրա վերջին հաղորդումներին, ամեն ինչ պարզ կլիներ։ Նա ասաց, որ իրենից պահանջել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը (մեր տեղեկություններով` պահանջվել է 50+1), ինչը 4 մլն դոլար է կազմում։ Եթե կեսը 4 մլն դոլար է, ապա պատկերացրեք ամբողջ 8 միլիոն կորցրած մարդու հոգեբանությունը։ Հիմա այս մարդը շպրտված է զգում իրեն (ինչպես ինքն է նշում), կատաղած, վրդովված, ու սկսում է խոսել։ Բայց քանի որ Հայաստանի շարքային քաղաքացին վատ վիճակում է, աշխատանք չունի, տեսնում է ցոփության, շվայտության մեջ ուռճացած էս իշխանավոր տզրուկներին, բնականաբար, ներքին անտագոնիզմ է ապրում։ Նաև այս հանգամանքը լսարան հավաքեց։ Հանրահավաքում էլ հայտարարում է, թե ժողովուրդ, մինչև վերջ գնալու ենք։ Սակայն չի ասում, թե էդ վերջը որն է։
-Դուք էլ ասում եք` պայքար, պայքար մինչև վերջ, բա դրա վերջը ո՞րն է։
-Մեր «վերջը» ղարաբաղյան կլանից ազատվելն է, Հայաստանում արդարության վերականգնումը։ Իսկ ի՞նչ է ասում այսօրվա «ընդդիմությունը»` Տիգրան Կարապետյանը։ Գիտե՞ք, նախագահը մեղավոր չէ, չինովնիկներն են մեղավոր։ Իսկ մենք ասում ենք` և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ մեղավորը Սերժ Սարգսյանն է։ Հարց տվեք Տիգրան Կարապետյանին` էդ չինովնիկն անուն-ազգանուն ունի՞։ Ամենաուշագրավը չինովնիկի նրա բացատրությունն է` էս չինովնիկը եղել է կոմսոմոլ, որը գիտի կոլեկտիվի ուժը, ուստի քանդում են մեր գործարանները, վերացնում են կոլեկտիվները։ Եթե դու իրականում ընդդիմադիր ես, անհայտներով, իքս-իգրեկներով ինչո՞ւ ես խոսում։ Մենք գիտենք, թե ինչպես է իշխանությունն այսպիսի «ընդդիմադիր» տարրեր, ականներ ստեղծում և շպրտում մեր դաշտ։ Մենք բանտ ենք նստել, մեր երեխաները չեն աշխատում, ամեն ինչ անում են, որ լքենք Հայաստանը։ Չի՛ ստացվի։ Էս Տիգրան Կարապետյան-մարապետյանները կանցնեն-կգնան, մի ամիս հետո հեռուստաընկերությունը չեղավ, նրա հետքն իսկ չի մնա։ Մի ճար ունի` սուսուփուս, խելոք գա ՀԱԿ, որպես շարքային անդամ, ինչպես Գուրգեն Եղիազարյանը, մասնակցի մեր գործընթացներին, որպեսզի ձերբազատվենք այս ռեժիմից։ Այ, այդ ժամանակ կասենք, որ նա ընդդիմություն է։ Իսկ այսպես խոսել օդի մեջ, ինչ-որ կոմսոմոլ չինովնիկի մասին, ամոթ է, էլի՛։
-Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի բացթողումը չէ՞, որ ընդդիմադիր դաշտում նոր շարժում է առաջանում։
-Ի՞նչ է, կարծում եք, ՀԱԿ-ը պիտի ինքնաձիգով կանգնի և առաջին իսկ մարդուն, որը հորջորջում է, թե ընդդիմություն է, գնդակահարի՞։ Թող գան, խոսեն ու անհետանան։ Այսքան ժամանակ չի եղել մի քաղաքական ուժ, որն ուրիշ դիմակ հագնելով` ընդդիմացել է ու չի փոշիացել։ Ժողովրդին հայտնի է` ով է ընդդիմությունը: Մեր ներկայացուցիչներն են այսօր բանտերում, իսկ կլանի ստեղծած ընդդիմությունն առավոտյան «ընդդիմադիր» է, երեկոյան` պնակալեզ:
-Այսօր Հայաստանում, կարծես, ձևավորվել է վատ ավանդույթ, երբ որոշ օլիգարխներ, կրթության պակաս ունեցող մարդիկ թելադրող են դառնում ու պարտադրում իրենց տեսակետը։ Ինչո՞ւ։
-Երբ սկսվեց 88-ի շարժումը, կոմունիստները սարսափում էին մտավորականներից։ Ժամանակին, երբ որոշակի կարգավիճակ էի զբաղեցնում ոստիկանությունում, լիովին տեղյակ էի, թե Սիլվա Կապուտիկյանի ամեն ելույթն ինչ արձագանք էր գտնում։ Ով ինչ ասեր-չասեր` միայն շարժմանը չմիանար մտավորականությունը։ Առաջին ու վերջին վախը դա էր։ Այսօրվա իշխանությունը մտավորականությունից ոչ ակնկալիք ունի, ոչ սարսափ։
-Գուցե դրանում մտավորականությունը մեղքի իր բաժի՞նն ունի։
-Պարզվեց` այո, քանի որ չունենք մտավորականների ներուժ։ Եթե մտավորականի ձևակերպումը տանք, ապա դա այն մարդը չէ, որ գիտելիքների պաշար ունի ու զբաղված է միայն մտավոր աշխատանքով, այլ այն անհատը, որը, որպես կանոն, ընդդիմախոսում է իշխանությանն ու միշտ իր ժողովրդի հետ է։ Այսօր մի քանի մտավորական ունենք, որոնք մեզ հետ են, իսկ ո՞ւր են գրողները, արվեստագետները, ակադեմիկոսները։ Պարզվում է, երբ նրանց մի փոքր սոված են պահում, էլ Հայաստանում չեն մնում, ցավոք, կամ էլ լալկվում են։
-Վերադառնանք Տիգրան Կարապետյանի կոչերին. նա ասում է` եթե իրենց պահանջները չկատարեն, արտահերթ ընտրություններ կպահանջեն։
-Նրա բոլոր պահանջները զավեշտալի են, որովհետև պոպուլիստական այդ լոզունգները մնում են օդից կախված` աստ արեգակը պետք է ծագի արևելքում ու մայր մտնի արևմուտքում: Նազարը երիցս ճիշտ էր։ Մինչ այսօր արեգակը դեռ իր ուղեծրից դուրս չի եկել: Ասում է` պետք է ավանդները վերադարձվեն։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե մեկ ամսում, այլ մեկ տարում չի կարող վերադարձնել։ Իսկ նա պահանջում է, որ այսօրվա իշխանությունը մինչև փետրվարի 28-ն ավանդները վերադարձնի։ Խոսում է չինովնիկի մասին, որը վարկ է վերցրել ու ծախսել, դե թող ասի էդ չինովնիկի անունը։ Այդ անհասցե հայտարարություններն անհասցե էլ մնալու են, իսկ փետրվարի 28-ին մարդիկ կհասկանան, որ սա հերթական խաբեությունն է։ Իշխանությունն այս տարիներին փորձեց «երրորդ ուժ» ստեղծել, բայց մինչ օրս դա նրան չի հաջողվել։
-Նախընտրական տարում հնարավոր համարո՞ւմ եք «երրորդ ուժի» ստեղծումը։
-Այո, այսօր Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ լուրջ բևեռ է ստեղծվում։
-Ընդդիմադի՞ր բևեռ։
-Ոչ, Ռոբերտ Քոչարյանը մտածում է միայն իր մասին։ Եթե այս իշխանությունը հեռանա, նա պետք է միլիարդները թողնի, գնա նստի։ Որպեսզի այս տխուր իրավիճակում չհայտնվի, այսօրվանից բևեռ է ստեղծում, որ ինքը գա իշխանության։ Իհարկե, անձամբ ինքը չի գա իշխանության, այլ կգործուղի մաքուր կենսագրությամբ մեկին, որի վրա կդնեն միլիոններ, միլիարդներ։
-Հնարավո՞ր է, որ արդեն առկա իշխանական ուժերի միջոցով այդ բևեռը ձևավորվի։
-Նա արդեն իշխանության մեջ եղած ուժերից թիմ է ստեղծել։ Եթե ես գիտեմ այդ մասին, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը չիմանա։
-Ինչո՞ւ ընդդիմությունն առավել հաճախ չի խոսում այս բևեռի մասին։
-Մեզ համար երկուսն էլ նույնն են։ Միակ ուժը, որը կարող է այսօր թույլ չտալ Քոչարյանի վերադարձը, ՀԱԿ-ն է` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ