ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՏԻՊԸ»

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՏԻՊԸ»
10.02.2012 | 00:00

Այս քառօրյայում ԱԺ-ն քննարկեց և ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Սա նշանակում է, որ պատգամավորների վարքագիծը խոշորացույցի տակ են պահելու: Մեր իրականությունը հաշվի առնելով` դժվար է պատկերացնել, թե որքանով դա կհաջողվի: Բոլոր դեպքերում, ինչպիսի՞ն պիտի լինի «օրինակելի պատգամավորը»` ըստ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների:

«ԹՈՒՐՆԵՐԸ ՀԱՆԵԼ, ԸՆԿԵԼ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ»
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

-Ի՞նչ չափանիշով կարելի է «չափել» օրինակելի պատգամավորին:
-Աշխատասիրությամբ, ստացած քվեն արդարացնելով: Իմ խորին համոզմամբ, իր արյունը տված հերոսամարտիկը քիչ հայրենասեր չէ, քան այստեղ գլուխներ հաշվող պատգամավորը կամ փողկապ կապածը: Կամ ասում են` բարոյական արժեքն առաքինի խոսելու մեջ է, կամ էլ ասում են, թե անձեռնմխելիությունը պիտի «հետ կանչեն», դա ո՞ւմ է պետք` իշխանությա՞ն պատգամավորին, թե՞ ընդդիմության: Այսինքն, որպես ընդդիմության ներկայացուցիչ, փոքրամասնություն` իրենց իրավունքները պաշտպանում ենք, իսկ իշխանությունը պիտի իր պատգամավորին հե՞տ կանչի:
-Պատգամավորների գռեհիկ արտահայտությունների առնչությամբ ի՞նչ կասեք:
-Գռեհիկ արտահայտությունները, ցանկացած պարագայում, լինեն պատգամավորի, թե ոչ, չեն ողջունվում: Դա չի ընդունվում ո՛չ ընտանիքում, ո՛չ տրամվայում, ո՛չ պատգամավորական դահլիճում:
-Ոչ էլ ասուլիսների ժամանակ։ (Հիշեցնենք, որ վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ Վարդան Այվազյանն իրեն թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Տղամարդ եմ փնտրում, որ կարող է իմ հետ առաջադրվել»։ Թե սա որքանով է վարքագծային «շեղում», հավանաբար կորոշի էթիկայի հանձնաժողովը):
-Այո, բնականաբար: Հայրենասիրության չափանիշը դրանով չի չափվում: Ազգաբնակչությանն ընտրելու, որոշում կայացնելու սկզբունքից չի կարող զրկել ԱԺ-ի մի հանձնաժողով: Մեկը կարող է մի քիչ գռեհիկ լինել, բայց շատ ավելի մարդկային ու բարոյական, այսինքն` մեկ չափանիշով չէ` կուլտուրական խոսել ու վերջ, էլ ոչ մի բան կարող ես չանել:
-Ձեր չափանիշներով` այսօրվա ԱԺ-ի քանի՞ տոկոսն է օրինակելի պատգամավոր:
-Բոլորը, անխտիր, որովհետև ես չեմ որոշում կայացնողը, այլ քվե տվողը: Հիմա էլ թուրները հանել, ընկել են մեծամասնական պատգամավորների հետևից: Չեմ հասկանում` էդ բարոյական նորմերը համամասնական պատգամավորնե՞րն են պահպանելու:

«ՄԱՐԴԻԿ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ՀՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ»
ՄԻՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

-Ըստ Ձեզ` ո՞րն է օրինակելի պատգամավորի չափորոշիչը:
-Դժվար հարց է: Օրինակելի պատգամավորը նա է, ով առանց այլևայլությունների հաճախում է նիստերի, մասնակցում է հանձնաժողովներում հարցերի քննարկմանը, առաջարկություններ է ներկայացնում:
-Իսկ կողքի պատգամավորի փոխարեն քվեարկելը օրինակելի կարելի՞ է համարել (հիշյալ պատգամավորը նիստի ընթացքում պարբերաբար քվեարկում էր կողքինի փոխարեն):
-Իհարկե` ոչ: Եթե սկզբում հաճախակի էին նման դեպքերը, այսօր գրեթե նման բան չկա:
-Իսկ ԱԺ-ում անվայել արտահայտություններ թույլ տա՞լը:
-Նման արտահայտություններին մշտապես եմ դեմ ու հիմա էլ: Մարդիկ ինչ-որ տեղ հունից դուրս են գալիս, պարզապես մի փոքր զսպվածություն է պետք, ու ամեն ինչ լավ կլինի:
-Հույս ունենանք, որ հաջորդ խորհրդարանում ուրիշի կոճակի «սիրահար», հայհոյող, անվայել արտահայտություններ թույլ տվող պատգամավորներ չեն լինի:
-Իհարկե, շատ քիչ կլինեն կամ ընդհանրապես չեն լինի:

«ՀՈԳՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԻ»
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Օրինակելի պատգամավորի Ձեր պատկերացումը:
-Մի քիչ բան կլինի, է՛լի, որ ես իմ անունը տամ:
-Շա՜տ համեստ եք:
-Դե, պիտի լինի ազգասեր, այսինքն, ամեն օր քնից ելնելով` պիտի մտածի` ինչ լավ բան անի ազգի համար: Պիտի հոգով պատգամավոր լինի: Լինի բանիմաց, մարդկանց հետ կարողանա շփվել, ճիշտ ներկայացնի քաղաքական, տնտեսական դաշտերը: ՈՒ ամենակարևորը` լինի բարոյական:
-Չպիտի՞ բացառի հայհոյանքները, «փիս-փիս» արտահայտությունները:
-Եթե նույնիսկ սահմանադրության մեջ էլ դա ամրագրենք, որ չպիտի հայհոյել, չի ստացվի ոչինչ, որովհետև դա պայմանավորված է մարդու կենսաձևով, տեսակով: Ինչ ուզում ես արա, եթե մարդը հայհոյող ա, այդպես էլ կանի, ինչ կապ ունի` սահմանադրության մեջ դա գրվա՞ծ է, թե՞ չէ, կամ դրա համար պատասխանատվություն կկրի՞, թե՞ չէ: Դա ընդամենը դաստիարակության խնդիր է:
-Չնայած նոր քվեարկության համակարգի ներդրմանը, էլի ուրիշի փոխարեն քվեարկողներ կան. սա է՞լ է դաստիարակության խնդիր:
-Երևույթը շատ անընդունելի է, բայց, կարծում եմ, կա ավելի առաջնային խնդիր, քան այդ հարցն է, որի վրա այդքան մեծ ուշադրություն է սևեռվել: Այնպես ենք դա ներկայացնում, թվում է, դրանից վատ բան չկա:
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ