«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՆՀԱՏ Է, ՆՐԱ ՀԱՄԱՐ ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ Է»

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՆՀԱՏ Է, ՆՐԱ ՀԱՄԱՐ ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ Է»
29.04.2011 | 00:00

Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նկատելի է ուռուցքային հիվանդությունների աճ: Հիվանդների 45 %-ը (փաստորեն, ամեն երկրորդը) մասնագետներին դիմում է երրորդ, չորրորդ` ուշացած փուլերում: Մասնագետները փաստում են, որ կա քաղցկեղի ձևավորման չորս փուլ։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին փուլում, և համապատասխան բուժում է իրականացվում, բավականին լուրջ հաջողություններ են գրանցվում, 90-95 % են կազմում բուժվածները: Երկրորդ փուլում հաջողությունները 60 % են, երրորդ, չորրորդ փուլում հինգ տարի է ապրելիությունը, և այդ հինգ տարին թևակոխում է 10-12 % հիվանդ: Հայաստանում բավականին տարածված են նաև մաշկի քաղցկեղը, մելանոմաները (չարորակ խալեր): Ամբողջ աշխարհում խալերից առաջացող չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը մեծանում է` տասը տարին մեկ կրկնապատկվելով: «Մաշկի քաղցկեղը հիմնականում 50 տարեկանից հետո է արտահայտվում»,- ասում է ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌԱՖԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա շուրջ երեսուն տարի աշխատել է ուռուցքաբանության կենտրոնում: Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքը ղեկավարում է 2000-ից: Այստեղ հիմնականում բուժում են գլուխ-պարանոցի տեղակայումների բարորակ, նաև չարորակ ուռուցքային հիվանդություններ` թքագեղձեր, վերին-ստորին շուրթեր, վահանաձև գեղձ, պարանոցի գոյացություններ, իրանի, վերջույթների, փափուկ հյուսվածքների, մաշկի գոյացություններ և այլն:
-Մարմնի տարբեր հատվածներում երբեմն գոյացություններ են առաջանում, որոնք արտաքինից նկատելի են, բայց առանձնապես անհանգստություն չեն պատճառում: Կա տարածված կարծիք, որ նման դեպքերում նախընտրելի է «ձեռք չտալ», այսինքն` չդիմել բժշկական միջամտության: Որևէ հիմք ունի՞ այդ մտայնությունը, և ո՞ր դեպքերում պետք է դիմել մասնագետի:
-ՈՒռուցքաբանության ասպարեզում լուրջ խնդիր է հիվանդության բարձիթողությունը, երբ մասնագետին հիմնականում դիմում են հիվանդության զարգացման երրորդ, չորրորդ` ուշացած փուլերում: Ստամոքսի, թոքերի քաղցկեղի դեպքում դեռ հիվանդները կարող են արտահայտված ախտանշաններ չունենալ և ուշ դիմել բժշկի, բայց արտաքին տեղակայումների դեպքում, երբ աչքի առաջ է և տեսանելի է գոյացությունը, դա անընդունելի է: Անհիմն է մտայնությունը, թե` գնացի բժշկի` չարորակ դուրս եկավ, դրանից հիվանդությունը չի փոխվում: Ավելին, եթե ժամանակին դիմեն, արդյունքներն անհամեմատ դրական կլինեն: Մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում, թողնում են, մինչև դանակը ոսկորին է հասնում, նոր միայն դիմում են մեզ, ինչը պահանջում է անհամեմատ ծանր վիրահատություններ, ու բուժման արդյունքներն ավելի ցածր են լինում:
-Եթե բարորակ է գոյացությունը, հնարավո՞ր է, որ մասնագետն ինքն առաջարկի` չվիրահատել, ձեռք չտալ:
-Բարորակ ասվածը հարաբերական է: Կան բարորակ ուռուցքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում չարորակի չեն վերածվում, նույնիսկ եթե ահռելի չափերի են հասնում: Կան ի սկզբանե չարորակ գոյացություններ և կան նախաքաղցկեղային հիվանդություններ, որոնք ի սկզբանե բարորակ են, բայց սահմանային վիճակում են, երկար մնալուց հետո վերափոխվում են քաղցկեղի: Այս դեպքում է, որ հիվանդությունը երկար ժամանակ չի անհանգստացնում հիվանդին, հետո հանկարծ սկսում է արագ տեմպերով զարգանալ: Ինչ վերաբերում է բժշկական միջամտությանը, միշտ չէ, որ վիրահատություն է արվում, կան բուժման տարբեր եղանակներ:
-Արտաքին տեղակայման գոյացությունների դեպքում արդյունավե՞տ են ավանդական բժշկության մեթոդները:
-Կան ավանդական բժշկության ճյուղեր` դարերի խորքից եկած, գիտականորեն հիմնավորված (բուսաբուժություն, մանուալ թերապիա և այլն), որոնք իրենց ցուցումների շրջանակում բավական լավ արդյունքներ կարող են տալ: Բայց դրանով պետք է զբաղվի մասնագետը: Այդ մեթոդները հիմնականում տարածված են արևելյան երկրներում, Գերմանիայում: Հարկ է նշել, որ չարորակ գոյացությունների դեպքում ավանդական բժշկության ոչ մի եղանակ չի գործում, կարող է նույնիսկ խորացնել, արագացնել հիվանդության ընթացքը:
-Պատահո՞ւմ է, որ մարդիկ Ձեզ դիմում են բժշկական այլ կենտրոններում, այլ մասնագետների մոտ սխալ, ոչ պրոֆեսիոնալ բուժում ստանալուց հետո: Եվ ինչո՞ւ են դիմում այլ կենտրոններ, ոչ թե ուռուցքաբանության կենտրոն:
-Հաճախ են նման դեպքեր լինում: Թե ինչու են դիմում այլ կենտրոններ, չգիտեմ: Գուցե տարածքը մոտ է, բժիշկները ծանոթ են, կամ խուսափում են «ուռուցքաբանական կենտրոն» անվանումից: Սակայն դրանից հիվանդության բնույթը չի փոխվում, ու, ցավոք, ընդհանուր բուժական ցանցի ոչ բոլոր մասնագետներն ունեն ուռուցքաբանական բավարար գիտելիքներ, զգոնություն, որ համապատասխան բուժում նշանակեն հիվանդին: Դիմում են վիրաբույժին, իսկ ուռուցքային հիվանդությունները միայն վիրահատությամբ չեն բուժվում: Համալիր մոտեցում է պահանջվում, հարկ եղած դեպքում` նախավիրահատական, նաև հետվիրահատական ազդեցության եղանակներ: Հիվանդը պետք է լինի մշտական հսկողության տակ նաև վիրահատությունից հետո, որն ընդհանուր բուժական ցանցը չի կարող ապահովել: Իհարկե, կան լավ մասնագետներ, ովքեր զբաղվում են ուռուցքային հիվանդությունների բուժմամբ, բայց նրանք շատ քիչ են: Հիմնական մասը մեծ սխալներ է թույլ տալիս, բարդացնում է մեր գործը, և բուժման արդյունքներն էլ անհամեմատ ցածր են լինում:
-Իսկ որո՞նք են քաղցկեղային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները:
-Պատճառները տարբեր են, դեր ունեն ժառանգական գործոնը, արտաքին միջավայրը, սնունդը, աշխատավայրը, սթրեսները, ծխելը, այլևայլ վատ սովորությունները: Քաղցկեղը բազմապատճառ հիվանդություն է:
-Իսկ հնարավո՞ր է ինչ-որ չափով կանխարգելել այն:
-Առաջին հերթին հարկ է հնարավորինս բարելավել սոցիալական պայմանները, քչացնել արտաքին վնասակար ազդեցությունները: Սա` կանխարգելման մասին, իսկ բուժման առավել դրական արդյունքների համար հարկ է նախաքաղցկեղային հիվանդությունները ժամանակին հայտնաբերել և բուժել: Օրինակ, մարդիկ, ովքեր ունեն շատ խալեր, պետք է խուսափեն արևայրուկից, իսկ հիմա ոչ միայն ամառն են արևայրուկ ստանում, այլև հատուկ սրահներում:
-Առհասարակ, արհեստական արևայրուկը դրակա՞ն ազդեցություն ունի մաշկի, օրգանիզմի վրա, թե՞ բացասական:
-Դա ավելի շուտ կոսմետիկ բնույթ ունի, քան բուժական: Ովքեր զբաղվում են դրանով, ասում են, թե լավ է օրգանիզմի համար, բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը: Կան հատուկ ցուցումներ. օրինակ, սպիտակամաշկ մարդկանց, ովքեր ունեն պիգմենտային խալեր, ընդհանրապես, հակացուցված է: Մասնագետը, որն զբաղվում է դրանով, պետք է ուռուցքաբանության ասպարեզում գոնե մինիմալ գիտելիքներ ունենա:
-Ասում են` ներշնչանքը նույնպես մեծ դեր ունի ուռուցքային հիվանդությունների դեպքում: Այսինքն, կարող է նպաստել առաջացմանը, կամ հակառակը: Ձեր պրակտիկայում նման երևույթների հանդիպե՞լ եք:
-Տեղ չունի այդ գործոնը, ամեն դեպքում, գիտականորեն հաստատված աշխատանքներ ես չեմ տեսել:
-Որպես մասնագետի` ի՞նչն է Ձեզ մտահոգում, ի՞նչը կցանկանայիք փոխվեր մեր հասարակության մեջ:
-Առաջինը, որ հիվանդները չխուսափեն բժշկի դիմելուց, սկսած առաջին օղակից (ընտանեկան բժիշկներ, տարածքային պոլիկլինիկա)` վերջացրած մասնագիտացված հիմնարկներով: Խորհրդային ժամանակներում պրոֆիլակտիկ զննումներ էին իրականացվում դպրոցներում, աշխատավայրերում: Եթե հնարավոր լիներ, կուզեի, որ վերականգնվեր այդ ավանդույթը, որ հարկ եղած դեպքում շուտ սկսեինք անհրաժեշտ բուժումները:
-Որքան գիտեմ, ուռուցքաբանները մշակել էին հետազոտման ալգորիթմ, ուր նշվում է` որ տարիքից և որ սեռի մոտ պետք է սկսել այս կամ այն քննությունը (օրինակ, կրծքագեղձի համար, որ տարիքում, ինչ պարբերականությամբ պետք է ուղարկել կնոջը հետազոտության): Որպես ուղեցույց` դրանք տրամադրվելու էին մայրաքաղաքի հիվանդանոցներին և առաջին օղակին` ընտանեկան բժիշկներին, տարածքային պոլիկլինիկաներին:
-Որոշ քայլեր արվում են, չենք կարող համեմատել տասը-քսան տարի առաջվա հետ: Բայց դրանք ֆինանսներ պահանջող միջոցառումներ են:
-Հիվանդներն այսօր վստահո՞ւմ են բժիշկներին:
-Մեզ մոտ եկողները մեզ վստահում են: Պարզապես մեր հասարակության կենցաղային կուլտուրան, դաստիարակությունը, հոգեբանությունն այնպիսին են, որ առողջության մասին ամենավերջում են մտածում: Ժողովուրդն ասում է` գնանք բժշկի, մի բան կգտնեն: Դա սխալ պատկերացում է: Ի վերջո, բժիշկը բացատրում է, ինֆորմացիա է տալիս հիվանդության և բուժման եղանակների մասին, որոշումը հիվանդինն է:
-Եթե խնդիրներ չունի մարդը և եկել է պրոֆիլակտիկ բուժզննման, հարց չի՞ առաջանա` ինչո՞ւ է եկել:
-Ո՛չ, բայց նման դեպքեր չեն լինում: Պրոֆիլակտիկ բուժզննման կուլտուրան դեռևս չի ձևավորվել մեզանում: Եթե մի բան անհանգստացնում է, պետք է անպայման հետազոտվեն:
-Լավ մարդ լինելը կարևո՞ր նախապայման է լավ բժիշկ լինելու համար:
-Լավ մասնագե՛տ լինելն է անհրաժեշտ պայման: Իհարկե, բժիշկը պետք է բարեսիրտ և հոգեբանական մոտեցում ունենա: Ամեն մարդ անհատ է, նրա համար իր հիվանդությունն աշխարհի վերջն է, և նա գալիս է բժշկի մոտ` ամբողջ հույսը դնելով նրա վրա: Համապատասխան վերաբերմունք է պետք, որ հոգեբանորեն պատրաստ լինի բուժման:
-Ձեր բաժանմունքում, ասում են, ընդհանուր բուժանձնակազմն է բարյացակամ: Ներդաշնակ ու բարյացակամ մթնոլորտը, հավանաբար, ապահովելու գործում մեծ է ղեկավարի դերը:
-Բաժանմունքի բժիշկներից շատերն իմ ուսանողներն են եղել, այսպես ասած` իմ կադրերն են (Հրայր Հակոբյան, Արթուր Բաղդասարյան): Դժբախտ դեմքով հիվանդների մեր միջանցքներում չեք տեսնի, մենք զրուցում ենք, նախապատրաստում ենք մարդկանց:
-Երկար տարիներ այս բաժանմունքում աշխատելը դժվար չէ՞, թե՞ հարմարվում եք:
-Ծանր է: Եթե լավ բժիշկը մի քիչ էլ էմոցիոնալ է լինում, երևի թե երբեք էլ չի հարմարվում:
-ՈՒռուցքաբանության ասպարեզում ունե՞ք նորագույն տեխնիկայի խնդիր, որը խանգարում է բուժման արդյունավետությանը:
-Վիրահատության իմաստով, չի խանգարում, թեև ցանկալի է, որ լավ գործիքներ, սարքավորումներ ունենայինք: Տեխնիկայի խնդիրը հիմնականում հետազոտությունների ասպարեզում է նկատելի, ավելի շատ քիմիաթերապիայի ասպարեզում, ռադիոլոգիայի: Գիտելիքներով մեր մասնագետները հետ չեն մնում, բայց տեխնիկայի առումով, իհարկե, զիջում ենք:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5198

Մեկնաբանություններ