«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑՍ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՏԵՍՆԵԼՆ Է»

«ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑՍ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՏԵՍՆԵԼՆ Է»
08.11.2011 | 00:00

Արտակարգ իրավիճակների համակարգն ազգային անվտանգության նշանակություն ունի ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվեց երեք տարի առաջ և կարճ ժամանակում երկու նախարար ունեցավ։ Հատկապես վերջին երկու տարում ո՞ր ուղղություններն են գերակա համարվում ոլորտում։ Այս, ինչպես նաև քաղաքական մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ հետ։
-Սեյսմիկ ծառայության զարգացումը համարում եմ նախարարության գերխնդիրներից մեկը,- շեշտեց պարոն Երիցյանը։- Դրա լուծման առաջնային նախապայմանը սեյսմիկ ծառայության զարգացման հայեցակարգն էր, որը 2010-ին հաստատեց կառավարությունը։ Փաստաթղթում նշված են ոչ միայն ծառայության զարգացման ուղղությունները, այլև առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մեր երկրի անվտանգության ապահովման առումով սա կարևոր քայլ է։ Հաջորդ ուղղությունն ընդհանուր փրկարարական ծառայության զարգացումն է, մենք փորձում ենք միջազգային չափանիշներին համապատասխանեցնել այն։ Ընդգծեմ, որ մեր փրկարարները մեկ տասնյակից ավելի երկրներում մասնագիտական վերապատրաստում են անցնում և իրենց փորձն ու հմտությունները ծառայեցնում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև մասնակցում այլ երկրների փրկարարական աշխատանքներին։ Այս ոլորտն արմատապես նոր չափանիշներին համապատասխանեցնելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես ենք եկել կառավարությունում, որպեսզի 2012-2013 թվականների ընթացքում համարվենք «Ինսարաքի» անդամ։ Սա այն միջազգային կառույցն է, որում գրանցված են աշխարհի լավագույն 50 երկրների փրկարարական ծառայությունները, որոնք աղետների դեպքում առաջինն են արձագանքում և լինում տեղում։ Հիմնական նվաճումը համարում եմ ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը։ ՄԱԿ-ի անդամ 23 երկրների ներկայացուցիչներ այցելել են մեր կենտրոն և ոչ միայն ընդգծել են դրա կարևորությունն ու իրենց փորձը փոխանցել մեր աշխատակիցներին, այլև, ինչպես իրենք էին նշում, այստեղ սովորելու բան ունեին։ Նրանք զարմանում էին, որ երկու տարվա ընթացքում կարելի է նման ձեռքբերում ունենալ։ 2010-ին ՀՀ-ն եղել է այն երկրների շարքում, որոնք հաստատել են ռիսկերի ազգային պլատֆորմը և «Հյուգոյի գործընկերների» ծրագրի շրջանակներում ընդգրկվել 2005-2015-ի զարգացման ծրագրում։ Կարևոր եմ համարում նաև աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հաստատումը, որը ենթադրում է աղետի դեպքում միասնական պայքար մղել բոլոր գերատեսչությունների հետ։ Դրա բաղադրիչներից մեկն էլ ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումն էր, որտեղ աշխատում է 45 երիտասարդ, որոնք հիանալի տիրապետում են անգլերենին, իսկ համակարգչի հետ դու-ով են խոսում։ Որպեսզի պատկերացնեք կենտրոնի աշխատանքի կարևորությունը, միայն մեկ օրինակ բերեմ. Վանում տեղի ունեցած երկրաշարժից րոպեներ անց կենտրոնը ճշտեց, թե Հայաստանից քանի զբոսաշրջային ավտոբուս է մեկնել Թուրքիա, և որը որ հատվածում է եղել երկրաշարժի պահին։ Այնուհետև անմիջապես թեժ գծով կապվեցինք զբոսաշրջիկների բարեկամների հետ տեղեկություն տրամադրելու համար։
-Նախարար նշանակվելուց հետո Դուք խոստացել էիք Հայաստանում ստեղծել 911 ծառայության հայկական տարբերակը, ի՞նչ փուլում է այն։
-Կարծում եմ` առաջիկա ամիսներին կկարողանամ լայնածավալ տեղեկություն տալ։ Այս պահի դրությամբ համապատասխան ծառայությունների ձևավորման համար աշխատանքներ են տարվում մի շարք նախարարությունների հետ, պատրաստում ենք պայմանագրեր, տեղադրում GPS համակարգեր։ Զուգահեռաբար այդ համակարգերը տեղադրվում են նաև ոստիկանության, առողջապահության ոլորտներում։ Այս համակարգը թույլ կտա օպերատիվ դարձնել մեր աշխատանքները, քանի որ անմիջապես ֆիքսվում է, թե դեպքի վայրին մոտ շտապ օգնության, ոստիկանության ինչ մեքենա կամ բաժին կա։ Այս պահին համակարգը տեղադրվում է դեռևս մայրաքաղաքում և մոտակա մարզերում։ Բացի այդ, արդեն կարևոր քայլ է արված քաղաքապետարանի հետ. համատեղ տեղադրվում են տեսախցիկներ, որոնցից 80-ը միացված է։ Շուտով մետրոյի ներսում ևս տեսախցիկներ կտեղադրվեն։ ՈՒզում եմ հստակեցնել, որ այս աշխատանքների նպատակը բոլորովին էլ այլ գերատեսչությունների խնդիրների մեջ մտնելը չէ։ Յուրաքանչյուրս իր մասով իր գործն է անում։
-Նշեցիք, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում ձեր աշխատակիցները բացառիկ են լեզուների և տեխնիկայի իմացության հարցում։ Իսկ նրանք բուն մասնագիտությանը լա՞վ են տիրապետում, թե՞ աշխատակիցների ընտրության շեշտը դրված է բացառապես լեզուների իմացության վրա։
-Բացարձակապես` ոչ։ Լեզվի իմացությունն անհրաժեշտ է այլ երկրներում աշխատելու ժամանակ, իսկ կենտրոնի բոլոր աշխատակիցներն իրենց գործի մասնագետներն են, բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական որակավորման բարձրացմանը։
-Պետք է նկատեմ, որ հեռավոր գյուղերում դեռևս արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքումը հապաղում է կամ տեխնիկան չի բավարարում։ Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը։
-Կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Մինչև 10-տոննանոց մեքենան մարզից հասնի հեռավոր գյուղեր, մեկ ժամից ավելի կպահանջվի։ Այդ խնդիրը լուծելու համար այժմ Ֆրանսիայի մեր գործընկերների հետ աշխատանքներ ենք տանում տեղերում կամավոր ջոկատներ ձևավորելու ուղղությամբ` Ֆրանսիայի օրինակով։ Այս ծառայությունը պետք է զարգացնենք։ Հիմա հարց կառաջանա` անվճար հիմունքներով ո՞վ կգնա նման աշխատանքի։ Խնդիրը փորձել ենք լուծել այլ մոտեցմամբ։ Այն երիտասարդները, որոնք կաշխատեն այդ խմբերում, աշխատանքի կընդունվեն առաջնահերթ։ Կտրամադրվեն նաև տեխնիկական միջոցներ, եթե գյուղապետարանները մեզ շենք հատկացնեն։ Այդ դեպքում գյուղերը կունենան իրենց «սեփական» մոբիլ ծառայությունը։
-Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային աղետից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարեց, թե հայ փրկարարներն օպերատիվ չեն աշխատել։ Սա քաղաքակա՞ն հայտարարություն էր։
-Ես արդեն ասել եմ, որ չեմ հավատում, թե Վրաստանի նախագահը նման հայտարարություն է արել։
-Բայց նա չի հերքել տեղեկությունը։
-Կարծում եմ` լրատվամիջոցներն ինչ-որ տեղ աղավաղել են նրա խոսքը։
-Համակարգի կարևորագույն խնդիրները նշեցինք, սակայն ամենակարևորը, կարծում եմ, եղել և մնում է փրկարարների ցածր աշխատավարձերի հարցը, ինչն առիթ է դառնում նաև նրանց համար կողմնակի ճանապարհով գումար աշխատելու։ Որքան էլ փորձեք պայքարել ստվերի դեմ, միևնույն է, մինչև այդ խնդիրը չլուծվի, պայքարն անիմաստ է, և բնակչության դժգոհությունն էլ մնալու է։ Չե՞ք կարծում, որ երեք տարին մեկ դատավորների աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, կարելի է բարձրացնել փրկարարների աշխատավարձը։
-Աշխատավարձի խնդիրը միայն մեր ոլորտի առջև չի ծառացած։ Ցավոք, փրկարարի աշխատավարձը ցածր է, և երազանքներից մեկն էլ հայ փրկարարներին սոցիալապես ապահովված տեսնելն է։ Այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հարցը ներկայացված է ՀՀ վարչապետին, և այժմ միասին ելքեր ենք փնտրում։ «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ստեղծման նպատակներից մեկն էլ այդ կառույցի միջոցով գումարներ վաստակելն է այն աշխատանքներից, որոնք ուղղակիորեն մեզ չեն առնչվում։ Կուտակված գումարներն ուղղվելու են աշխատավարձերի բարձրացմանը։ Ընդգծեմ, որ աշխատավարձերի բարձրացման հարցը ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարության, այլև ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում է։
-Ո՞ր խնդիրն է, ըստ Ձեզ, որը համակարգում դեռևս լուծված չէ։
-Պետական ռեզերվներում, տեխնիկական անվտանգությունում, հրդեհային տեսչությունում, մի խոսքով, բոլոր ստորաբաժանումներում էլ դեռևս անելիքներ կան։ Կան չլուծված խնդիրներ, որոնցում որքան խորանում եմ, այնքան դրանք ցցուն են դառնում։
-Իսկ ինչո՞վ է զբաղված եղել Ձեր կուսակից, նախկին նախարար Մհեր Շահգելդյանը։
-Բոլոր խնդիրները միանգամից չես լուծի։ Շատ գոհ եմ պարոն Շահգելդյանից, նա 2008-ին ձևավորել է այս կառույցը, դրել է հիմնաքարը, և ես շարունակում եմ այդ աշխատանքը։ Քանի որ խոսեցինք կուսակցությունից, պետք է նշեմ, որ իմ գործունեությունը մեր կուսակցության նախագահի ուշադրության կենտրոնում է։
-PR ե՞ք անում ձեր կուսակցության ղեկավարին։
-Բոլորովին, Դուք կարող եք գրել կամ չգրել այդ մասին։ Սակայն նա իմ մեջ տեսել է մարդու, որը պետք է կանգնի իր կողքին։ Եվ ես իմ աշխատանքով ուզում եմ ապացուցել, որ եթե «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ, ուրեմն իմ աշխատանքով պետք է նպաստեմ այս ոլորտի զարգացմանը։
-Քանի որ խոսեցինք կուսակցությունից, քաղաքական մեկ հարց. ժողովրդի մեջ «Օրինաց երկրի» վարկանիշն առաջվանը չէ, և ՕԵԿ-ականներդ, պիտի որ դա հաշվի առնեք։ Ըստ այդմ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ Ձեզ, կուսակցությունը քանի՞ տոկոս կհավաքի։
-Համաձայն չեմ վարկանիշին առնչվող Ձեր գնահատականին։ Եթե հինգշաբթի օրերին գաք մեր կուսակցության գրասենյակ, ապա կզարմանաք ժողովրդի հոսքից և ՕԵԿ-ին անդամակցելու նրանց ցանկությունից։ Ինչ վերաբերում է հարցին, ասեմ հետևյալը. ես երիտասարդ կուսակցական եմ և շատ մեծ փորձ չունեմ, Դուք դա լավ գիտեք, հետևաբար կանխատեսումների վարպետ չեմ։
-Ամեն դեպքում, եթե «Օրինաց երկիրը» միասնական ցուցակով չգնա ընտրությունների, խորհրդարանում լուրջ ներկայացվածություն կկարողանա՞ ապահովել։
-Դաշինքով, թե առանձին, վստահ եմ` կուսակցությունն ունի իր վարկանիշը, և այն քվեները, որոնք կստանա, բավարար կլինեն խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալու համար։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ. -Հարցազրույցը պատրաստ էր, երբ քաղաքում խոսակցություններ շրջանառվեցին, ըստ որոնց, Արմեն Երիցյանը ստանձնելու է գլխավոր դատախազի պաշտոնը։ Մեզ հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարությունում այս խոսակցությունները հերքեցին, նշելով. «Այս պահին նման պաշտոնական հայտարարություն կամ տեղեկություն չկա»։ Այն, որ չեն բացառվում գործադիրում կադրային նոր փոփոխություններ, ոչ ոք չի ժխտում, սակայն անժխտելի է նաև, որ նման դեպքերում խոսակցությունները գնալով շիկանում են և տարբեր անուններ կարող են հայտնվել ու հերքվել։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ