«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻՆ, ԴԱՍԱԽՈՍԻՆ, ՌԵԿՏՈՐԻՆ` ԼԻՆԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ»

«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻՆ, ԴԱՍԱԽՈՍԻՆ, ՌԵԿՏՈՐԻՆ` ԼԻՆԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ»
13.12.2011 | 00:00

Որքան մոտենում է նախընտրական շրջանը, այնքան հաճախակիանում են խոսակցությունները, թե բուհերը կուսակցականացվում են։ Կրթական հաստատություններում, ըստ ընդդիմադիրների, ամեն ինչ հօգուտ իշխանական կուսակցությունների է որոշվում։ Չնայած ընդդիմադիրների մշտական բողոքներին, կրթության և գիտության նախարարությունը կտրականապես հերքում է բուհերում կուսակցությունների իրականացրած քարոզչության փաստը։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ։
-Վերստին բուռն քննարկման առարկա է, հատկապես պետական բուհերում, կուսակցությունների քարոզչության փաստը։ Որպես պատկան մարմին, այս առնչությամբ ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ եք։
-Նման խոսակցությունները թեժանում են ընտրություններին ընդառաջ։ Այդ խոսակցությունները` քաղաքական ընդդիմադիրների կողմից տարածված, իմ պաշտոնավարման երկուսուկես տարվա ընթացքում գրեթե չեն բարձրաձայնվել, իսկ այսօր նման քննարկումները պայմանավորում եմ միմիայն նախընտրական շրջանով։ Սա նպատակ ունի վարկաբեկելու գալիք ընտրությունները և սեփական քաղաքական թուլություններն ուրիշների վրա բարդելու։ Մյուս կողմից, քանիցս հայտարարել եմ, որ ինքս եմ պայքարելու կրթական համակարգի քաղաքականացման դեմ։ Նախընտրական շրջանում ավելորդ լարվածությունները չպետք է ազդեն կրթական ոլորտի վրա, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է կանգնած այս կամ այն առաջարկի հետևում։ Իմ պաշտոնավարման երկուսուկես տարում մեր բոլոր ընդդիմադիրները բավականին կառուցողական մոտեցում են ցուցաբերել կրթական համակարգի բարեփոխումների նկատմամբ, հիմնականում «կողմ» քվեարկելով առաջարկված նախաձեռնություններին։ Այսօր նրանց կարծիքի փոփոխությունը կարելի է դիտարկել նախընտրական տրամաբանության շրջանակում։ Մարդկայնորեն, որպես անձ և նախարար, ցավում եմ, որ մեր որոշ ընդդիմադիր գործիչներ նախընտրական «զոհասեղանին» են դրել վերջին երեք տարվա համագործակցության, կառուցողական աշխատանքի փորձն ու հաջողությունները։
-Փաստն այն է, որ թեպետ հերքում եք կրթական ոլորտի քաղաքականացվածությունը, սակայն գրեթե բոլոր բուհերի խորհրդի նախագահներն իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ են։
-Բոլորը չէ, որ հանրապետական են։ Ոչ մի խորհրդի նախագահ, որպես ՀՀԿ ներկայացուցիչ, չի զբաղեցնում այս պաշտոնը։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, իսկ բուհական խորհուրդները ղեկավարում են պետական պաշտոնյաները։
-Բայց այդ պաշտոնյաները նաև ՀՀԿ-ի անդամ են։
-Նաև պապիկներ են, հայրեր, գրականությունը սիրողներ։ Այսինքն, դա ոչ մի կապ չունի քաղաքական պատկանելության հետ։ Մենք ունենք ՀՀԿ-ական, անկուսակցական, ԲՀԿ-ական խորհրդի նախագահներ։ Այսինքն, խնդիրը քաղաքական հարթությունում չէ, այլ պետության կողմից բուհերին աջակցելու այլ հնարավորություն է ընձեռվում։ Շահարկումներից խուսափելու համար պետք է տեսնել, թե օրենքով ինչ լիազորություններ ունեն խորհրդի նախագահները։ Եվ ամենակարևորը, որ պայթեցնում են այս խնդրին առնչվող բոլոր «փուչիկները»։ Եթե երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ խոսնակը կամ ԿԳ նախարարն ինչ-որ բան ուզենան անել, արդյոք դա չե՞ն կարող իրենց պաշտոնից ելնելով իրականացնել, պետք է անպայման խորհրդի նախագա՞հ լինեն։ Սա աբսուրդ է։ Ճիշտ հակառակը, խորհրդի ղեկավարումը մեր պաշտոնյաների կողմից օգնում է բուհերին լուծելու կոնկրետ խնդիրներ։ Պետհամալսարանին նախագահը հետևում է ուշի ուշով: Վերջին թարմ օրինակը. գիտահետազոտական սարքավորումների տրամադրման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակցությունն է ունեցել։ Նույնը կարելի է ասել մյուս բուհերի մասին, որտեղ խորհրդի նախագահները պաշտոնյաներ են, որոնք իրենց լիազորությունների շրջանակում փորձում են օգտակար լինել։ Հիմա դրանից բուհական համակարգը շահո՞ւմ է, թե՞ տուժում։
-Փաստորեն, հերքում եք բոլոր այն խոսակցությունները, թե բուհերում կուսակցականացման գործընթաց է իրականացվում։
-Դա պարզապես զավեշտ է։ Մայր բուհը բազմակարծության օջախ համարվող կառույց է, որտեղ ուսանողության և դասախոսության մակարդակով շատ ակտիվ են ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն, մյուս կուսակցություններն ու նաև ՀՀԿ-ն։ Ցավում եմ, որ որոշ պատգամավորներ լավ չեն մեկնաբանում կրթության մասին օրենքը։ Բուհերի ներսում արգելված է կուսակցական գործունեությունը, ես ինքս եմ անձամբ հետևում, որ այդ դրույթը չխախտվի։ Նույնը կարող եմ ասել նաև դպրոցների պարագայում։ Բայց ոչ մեկը չի արգելում ուսանողին, դասախոսին, ռեկտորին` լինելու որևէ կուսակցության անդամ։ «Կուսակցությունների մասին» օրենքը հստակ ամրագրում է` ո՛վ չի կարող կուսակցական լինել, մնացած ամեն ինչը դիտարկում եմ ընդդիմադիրների կողմից ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման փորձ։
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողի կուսակցական լինելուն, և արդյոք պարտադի՞ր է իշխանական կուսակցության անդամ լինել` մասնագիտական առաջխաղացում ունենալու համար։
-ՈՒսանողի համար առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն է։
-Իրականությունը, սակայն, այլ բան է ցուցանում։
-Կա՞ մի անխելք, անկիրթ, տգետ երիտասարդ, որ այսօր առաջ է գնում։
-Չկա՞ն։ Տգետ, պատեհապաշտ, կարիերիստ ջահելներ` որքա՜ն ուզես։
-Կարիերիստն ու տգետը տարբեր բաներ են։ Ես ինձ դրական առումով համարում եմ ամբիցիոզ մարդ, բայց իմ ամբիցիաները բավարարվել են։ Եթե դուք չուզենաք վաղը, մյուս օրն ավելի լավ վիճակում, կիրթ, խելացի լինել, բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ, ուրեմն այսօրվա ձեր գոյությունն անիմաստ է։ Սեփական անձի վրա աշխատելու անհագուրդ ցանկությունը, որը դրսևորվում է ամբիցիայի տեսքով, հրաշալի է։ Դատարկ, տգետ, փուչիկ ամբիցիան վտանգավոր է։ Ի վերջո, ո՞ր զինվորը չի ուզում գեներալ դառնալ, ո՞ր ուսուցիչը չի ուզում տնօրեն դառնալ, դասախոսը` ամբիոնի վարիչ և այլն։ Մարդու գործունեությունն առաջ մղող ուժ է ամբիցիան, այն վտանգավոր է, եթե տակը դատարկ է։ Գիտելիքով զինված մարդու առաջմղումը երկրին զարգացում է ապահովելու։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ