«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԷՔՍՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼ»

«ԷՔՍՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼ»
08.04.2011 | 00:00

Հայաստանի էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ «դատի է տվել» հերթական օրաթերթին։ Այս անգամ` «Հրապարակին»։ Շաբաթվա սկզբին թերթի խմբագրությունը ստացել է դատական ծանուցագիր, որով պահանջվում է հերքել փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածը և որպես փոխհատուցում վճարել 6 մլն դրամ։ Նաև արգելանք է դրվել թերթի գույքի ու բանկային հաշիվների վրա։ Մայիսի 10-ին տեղի կունենա նախնական դատական նիստը։ «Հրապարակի» գլխավոր խմբագիր ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՆ խնդրեցինք որոշ պարզաբանումներ ներկայացնել։
-Արդեն պարբերաբար Ռոբերտ Քոչարյանը «դատի է տալիս» թերթերին։ Հերթը «Հրապարակինն» է։ Ինչո՞վ է պայմանավորված մամուլի դեմ նրա «արշավը»։
-Մի քանի ենթադրություններ կան. քաղաքացիներից ոմանք կարծում են, որ Քոչարյանն ուզում է անընդհատ իր մասին հիշեցնել, սակայն չեմ կարծում, թե նա դրա կարիքն ունի։ Տեսակետ կա, որ փորձում է նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ իր իմիջը մաքրել։ Հիշում ենք` նա չէր ցանկանում հաշտվել «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակի հետ ու քաղաքականություն վերադառնալու խնդիր է դրել իր առջև։ Գուցե այս քայլով փորձում է լռեցնել լրատվամիջոցներին, որ իր հասցեին բացասական հրապարակումներ, որակումներ չհնչեն։ Դրա համար էլ դատի է տալիս այն թերթերին, որոնք ավելի ազատ են ու համարձակ։ Սրանով փորձում է կանխել ապագա սուր հրապարակումները։ Քաղաքականություն վերադառնալու ծրագրեր ունեցող քաղաքական գործիչը չպետք է այս ճանապարհով գնա։ Երբ լրատվամիջոցներին տրամադրում ես քո դեմ, թշնամանում նրանց հետ, հետո ինչպե՞ս ես PR անելու քաղաքականություն վերադառնալու համար։ Չէ՞ որ այն թերթերը, որոնց «դատի ես տվել», նվազագույնը չեն պաշտպանելու, ավելին, աշխատելու են ամեն ինչ անել, որ դու չվերադառնաս։ Մյուս կողմից, ինձ համար տարօրինակ է, որ էքսնախագահը մտածում է ոչ թե դրական լիցքեր, հանդուրժողականություն բերել քաղաքական դաշտ, այլ լրագրողների բերանը փակել։ Հայցադիմումը ստանալուց հետո այս մի քանի օրը մտածում եմ, թե ո՞րն է լինելու սրա ամենամեծ բացասական հետևանքը։ Առաջին ազդեցությունն ինձ վրա եմ զգում` ներքին գրաքննիչ է հայտնվել։ Երբեք խնդիր չեմ ունեցել ազատ ստեղծագործելու, լրագրողներին էլ մղում եմ ավելի ազատ ու սուր լինելու իրենց դատողությունների մեջ։ Հիմա ամեն նյութ կարդալիս անընդհատ վախենում եմ` ի՞նչ հետևանք կունենա թերթի համար։ Սա շատ վնասակար է պետության համար։
-Ասել է` այս գործընթացները պարարտ հո՞ղ են ստեղծում այլ լրատվամիջոցների հետ ևս հաշվեհարդար տեսնելու առումով։
-Այո, այսօր բավականին մեծացել է թերթերի այն ցանկը, որոնք դատական գործընթացների մեջ են։ Կարծես թե ջինը շշից բաց են թողել։ Այսուհետ ոչ մեկը չի կարող երաշխավորված լինել, որ նույնը իր հետ չի պատահի։ Այս ընթացքում եղել են թերթեր, որ բացասական վերաբերմունք են ցուցաբերել մեր նկատմամբ, գրել են, թե Քոչարյանը ճիշտ է վարվել և այլն։ Այդ թերթերին թվում է, թե նրանք չեն հայտնվելու այս վիճակում, քանի որ ինչ-որ ձևով պաշտպանված են։ Բայց երբեք մի ասա` երբե՛ք։ Պարզ չէ` Ռոբերտ Քոչարյան- «Հրապարակ» թեմային առնչվող «Ազգ» օրաթերթը, ամենաանմեղ նյութի պատճառով, ինչ խնդիրներ կարող է ունենալ հետագայում։ Բոլորովին չի նշանակում, որ մենք դատական գործընթացների մեջ ենք, որովհետև վատ ենք աշխատել, էթիկայի կանոնները չենք պահպանել։ Պարզապես երկրում առկա մթնոլորտը, մամուլի նկատմամբ իշխանության վերաբերմունքը, նոր օրենքը նպաստեցին այս իրավիճակին։ Ի վերջո, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ շարքային քաղաքացին պիտի մի պարզ հարցի պատասխան ունենան` մամուլն իրենց պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ գուցե այս մի տասը-քսան թերթն էլ փակենք, մնանք հեռուստատեսության անդեմ, գորշ, անսկզբունք լրատվության հույսի՞ն։
-Ի տարբերություն մյուս թերթերի, Ձեր դեպքում կիրառվել է նաև թերթի գույքի ու բանկային հաշիվների արգելանք։ Սա տեղավորվո՞ւմ է օրենքի շրջանակում, և ի՞նչ քայլեր եք անում իրավիճակը շտկելու ուղղությամբ։
-Մեր երկրում օրենքից, դրա կիրառումից խոսելն աբսուրդ է, որովհետև նախ օրենքն օրենք չէ, հետո էլ` կիրառողները կիրառող չեն։ Երբ դատավորը հրահանգով է առաջնորդվում, ոչ թե օրենքով ու երկրի շահով, մենք հայտնվում ենք այս իրավիճակում։ Մեր պարագայում կարելի է ասել` պատիժ են կիրառել դեռևս քննություն չսկսած։ Թերթի գործունեությունը կասեցնելն ուղղված չէ 6 մլն դրամ ստանալուն կամ հերքում տպագրելուն։ Սա նշանակում է, որ մեկ շաբաթ հետո տպարաններին գումար չեմ կարող փոխանցել, տպարանն էլ մասնավոր հիմնարկ է և ինչու պիտի առանց գումարի թերթ տպի։ Այս պարագայում դատավորն ամեն ինչ պիտի աներ, նախաքննության փուլում կողմերի հավասար իրավունքներն ապահովելու համար և վերացներ արգելանքը, որ կարողանայինք և՛ պաշտպանվել, և մեր փաստերը հիմնավորել։ Ոչ թե էս գլխից թերթի գլխին վտանգ կախեին։
-Հայցորդը պահանջել է 6 մլն դրամ, որից միայն երեքը` փաստաբանին վճարելու համար։ «Մի քիչ» շատ չէ՞։
-Անշուշտ, շա՜տ շատ է։ Հայաստանում հարյուր փաստաբանից իննսունինը կասի, որ ողջ դատական գործընթացի համար 1 միլիոն դրամից ավելի չի ստացել։ Այստեղ խնդիրը ցավեցնելն է, պատժելը, թերթի չտպագրվելը, ոչ թե հերքումը, պատիվն ու արժանապատվությունը վերականգնելը։ Հնարավոր է` սա պայմանավորված է իշխանության տարիներից եկած մամուլի նկատմամբ նրա բացասական վերաբերմունքով, որն այսօր շարունակվում է։ Գուցե բացասական լիցքեր շատ է կուտակել, դրսևորելու տեղ է փնտրում ու գտել է ամենաթույլ օղակը` մամուլը։
-Ենթադրենք` լրագրողը կամ լրատվամիջոցը պատրաստ են վճարելու 6 մլն դրամ, ուրեմն կարող են որակումնե՞ր տալ։
-Այդպես է ստացվում։ Եթե մենք թույլ չենք տալիս, որ լրագրողն իր կարծիքն ազատ արտահայտի, նշանակում է` նրա սահմանադրական իրավունքը ոտնահարվում է։ Ես խմբագի՞ր եմ, թե՞ գրաքննիչ։ Լուսինե Պետրոսյանը հայտնի լրագրող է և ունի իր սեփական տեսակետը, որի հետ շատ անգամ ես համաձայն չեմ։ Ինչո՞ւ է օրենքը լրատվական գործունեություն իրականացնողի վրա գրաքննիչի պարտականություն դրել` նյութն աղավաղի, աղճատի, թույլ չտա հեղինակին իր կարծիքը հայտնել։ Մարդը գրել է ու տակը ստորագրել` Լուսինե Պետրոսյան։ Փաստորեն, օրենսգիրքը ապաքրեականացրին, անհատական պատասխանատվությունը վերացրին։ Եթե այն ժամանակ մարդը վիրավորված էր, դիմում էր հոդվածագրին, իսկ հիմա հեղինակը պատասխանատվությունից դուրս է, ու պատասխանատու է դառնում նա, ով լրագրողին թերթում «տարածք» է տվել։
-Լրատվամիջոցների դեմ սկսված գործընթացը, որի դրոշակակիրը Ռոբերտ Քոչարյանն է, ըստ էության, ոչ մի լավ բան չի խոստանում ԶԼՄ-ներին ապագայում։ Ձեր կարծիքով` ԶԼՄ-ներն այսօր ի՞նչ պիտի անեն, որ վաղն այլևս ուշ չլինի։
-Մամուլը պիտի հասկանա, որ այստեղ իմ ու քո, այս ու այն ճամբար չկա։ Ոչ մեկն ապահովագրված չէ այս վիճակում հայտնվելուց։ Դրա համար էլ պիտի միավորենք մեր ուժերն ու միասնական պայքարենք այս չարիքի դեմ։ Նախ պիտի պարտադրել օրենսդրական փոփոխություններ կատարել։ Չի կարող այնպես լինել, որ բարոյական վնասի ինստիտուտը գործի միայն լրատվամիջոցների համար։ Տուգանքների չափերը պետք է վերանայվեն։ Մենք պիտի ցույց տանք, որ ընկերակցություն ենք, համքարություն, որն ի վիճակի է պաշտպանելու իրեն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ