«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»
18.01.2011 | 00:00

«2011-ին, ներքաղաքական առումով, սենսացիաներ, հայտնություններ, քաղաքական նորույթներ առանձնապես պետք չէ սպասել, որովհետև համապատասխան նախադրյալներ չկան։ Քաղաքական համակարգն էլ զարգացման բնականոն հունով է ընթանալու։ Կոալիցիան իր ստանձնած պարտավորությունների և պատասխանատվության իրականացման շրջանակում աշխատում է»,- մեզ հետ զրույցում 2011-ի ներքաղաքական կյանքի կանխատեսումները ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ։
-Առկա սոցիալ-տնտեսական, քաղաքական, հումանիտար ռեսուրսները բավարար են, որ 2011-ն անցկացնենք կառավարության որդեգրած քաղաքականության և նախագահի նախընտրական ծրագրերին համապատասխան,- շարունակեց պարոն Զաքարյանը։- Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 2011-ը ներքաղաքական գունապնակի համար կլինի որոշակի ակտիվացման, թեժացման տարի։ Կակտիվանան քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք սովորաբար այդպիսին են նախընտրական գործընթացների ժամանակ։ Սա նորմալ է, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրն է ընտրությունների միջոցով ամրագրել իր տեղն ու դերը քաղաքական դաշտում։ Այս առումով մեր քաղաքական դաշտում չափից շատ կուսակցություններ կան (70-ից ավելի), որոնցից շատերը ցանկանում են իրենց տեղն ունենալ քաղաքական արևի տակ, ուստի չի բացառվում քաղաքական միավորումների ձևավորումը և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտում։ Իշխող կոալիցիան 2011-ին ևս կշարունակի իր պարտավորությունների կատարումը։ Խոսակցություններն առ այն, թե կոալիցիան փլուզվելու է, անիրատես եմ համարում. դրա համար որևէ հիմք չկա։
-Նախորդ տարեվերջին մեկնարկած ու այս տարեսկզբին շարունակվող կադրային փոփոխությունները և՞ս նախընտրական փուլի շրջանակում են։
-Կադրային քաղաքականությունն անընդմեջ գործընթաց է, և դա կապել նախընտրական զարգացումների հետ տեղին չէ։ Իրական քաղաքականության մի որոշիչ մասը նաև կադրային քաղաքականությունն է, որն ինքնանպատակ չէ, ուստի այդպիսին չեն նաև այս փոփոխությունները։ Դրանք պայմանավորված են եղել կա՛մ քաղաքական իրավիճակով, կա՛մ իրավիճակի փոփոխությամբ, կա՛մ տվյալ ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։ Հանրապետության նախագահի իրականացրած վերջին քաղաքական փոփոխությունները միտված են նոր լիցքեր հաղորդելու այդ ոլորտներին, նոր չափորոշիչներ, նշաձողեր սահմանելու։ Սա նաև լավագույն հնարավորությունն է հասարակություն-պետական կառույցներ հարաբերություններն ամրացնելու, զարգացնելու, մեծ ակնկալիքներ ունենալու առումով։ Կարծում եմ` այն ոլորտներում, որտեղ նոր նշանակումներ են եղել, 2011-ին շոշափելի արդյունքներ կունենանք։
-Կշարունակվե՞ն կադրային փոփոխությունները։
-Չի բացառվում։ Դա պայմանավորված է պատասխանատվությամբ ու արդյունավետ կառավարման ժամանակակից չափորոշիչներով։
-Նշեցիք, որ 2011-ին կակտիվանան անգամ քաղաքական այն ուժերը, որոնք ընտրությունից ընտրություն են այդպիսի վարքագիծ դրսևորում։ Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր դաշտն ինչպիսի՞ պատկեր կունենա։
-Չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշտում ծայրահեղ փոփոխություններ կլինեն։ Խորհրդարանական ընդդիմությունը, որը բավականին ակտիվ է, կշարունակի նույն կերպ աշխատել, իսկ արտախորհրդարանական ուժերը կփորձեն միավորել իրենց ջանքերը։ Իհարկե, մեզանում դժվար է տարանջատել ընդդիմություն կոչվածի քաղաքական իրական կշիռը և հնարավորությունը։ Զուտ հասարակության որոշելիքն է գործող իշխանություններին այլընտրանք ուժ տեսնելը։ Ընտրությունները նրա համար են, որ քաղաքական ուժերին հնարավորություն տան պատշաճ մակարդակով ներկայանալու, սակայն, ցավոք, մեր ընդդիմությունը ոչ միշտ է կարողացել նման կերպ ներկայանալ։ Ավելին, ընտրություններն օգտագործել են բոլորովին այլ նպատակներով` ներքաղաքական կայունությունը խաթարելու, հիմնախնդիրները արհեստական խորացնելու և այլն։ Այս առումով քաղաքական ուժերն իրենց հնարավորությունների շրջանակում պիտի քաղաքական հայտով ներկայանան` նպաստելով ժողովրդավարական երկրին հարիր ընտրությունների կազմակերպմանը, ոչ թե ցեխ շպրտեն, փոքր քաղաքական կշիռ ունենալով` մեծ հավակնություններ ունենան ու շարունակ պնդեն, որ ամեն ինչ շատ վատ է։
-Այդ «մեծ հավակնությունների» ոլորտի՞ց է ՀԱԿ-ի ներկայացուցչի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, թե հունիսի 1-ին կոնգրեսը կգա իշխանության։
-ՀԱԿ-ի շուրջը միավորված են մի շարք ընդդիմադիր ուժեր և, ինչպես չինական ասացվածքն է ասում, եթե բոլորը մի բարձի են քնում, չի նշանակում, որ նույն երազն են տեսնում։
-Անդրադառնանք նաև արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրին։ Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե հայկական կողմի ջանքերով բանակցությունները փակուղում են։ Ի՞նչ հիմքով է այսօրինակ հայտարարություն արվում, դա ինչ-որ կերպ վնասո՞ւմ է ընթացող բանակցությունները։
-Հայկական կողմի քաղաքականությունը և՛ հայ-թուրքական հարաբերությունների, և՛ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ եղել է միջազգային իրավունքի ու միջնորդական ջանքերի հենքով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Բանակցությունների գործընթացի բոլոր փուլերում հայկական կողմի քաղաքականությունը երբեք չի նպաստել գործընթացը փակուղի տանելուն։ Եթե նման ցանկություն լիներ, կարելի էր մեկ օրում դա կազմակերպել։ Նույնիսկ Հայաստանի խորհրդարանը չքվեարկեց հօգուտ Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծի, համոզված լինելով, որ այն պատրվակ կլինի Ադրբեջանի համար հայտարարելու, թե դա բանակցությունները փակուղի տանող քայլ է։ Իսկ Ալիևի հայտարարությունն անհեթեթություն է, այդ երկիրը սպառել է իր դիվանագիտական ռեսուրսները` չունենալով ճկունություն և կառչած մնալով զուտ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ադրբեջանը չհասկացավ, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը և մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունները նմանատիպ կոնֆլիկտների պարագայում շեշտադրում են նաև ինքնորոշման սկզբունքը, որը հստակ սահմանված է միջազգային կառույցների բոլոր նորմերով։ Այս մասին են վկայում նաև բանակցային գործընթացի բոլոր հանգուցային կետերի` ԵԱՀԿ գագաթնաժողովի, համանախագահող երկրների նախագահների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները։ Եվ եթե այս փուլում Ադրբեջանը խոսում է փակուղու մասին, նշանակում է, որ ինքն իր համար չի տեսնում այն ճանապարհը, որով կցանկանա առաջ գնալ։ Սա Ադրբեջանի դիվանագիտության պարտությունն է։ Պատահական չէ, որ այդ երկիրն սկսել է ավելի հաճախ խոսել պատերազմի վերսկսման հավանականության մասին, պետական մակարդակով ռազմական հռետորաբանություն է որդեգրել` փորձելով որոշակի ճնշում գործադրել բանակցող կողմերի վրա։
-Ռազմական հայտարարությունները և ռազմաշունչ հռետորաբանությունը որոշակի վտանգ չե՞ն պարունակում։
-Վտանգը ցանկացած ժամանակ էլ եղել է։ Խնդիրը ոչ թե վտանգի, այլ ուժերի հավասարակշռության մասին է։ Հայաստանի և ԼՂՀ-ի բնակչության անվտանգության ապահովման բոլոր երաշխիքների հանրագումարն այն լավագույն պատվարն ու պատնեշն է, որն արգելում է Ադրբեջանին սկսելու ռազմական գործողություններ։ Չնայած վտանգը միշտ էլ զրոյից բարձր մի ցուցանիշ է։ Այն պահին, երբ Ադրբեջանը համոզված կլինի, որ ռազմական գործողություններն իրեն, թեկուզ փոքր, հաջողություն կապահովեն, կօգտվի դրանից։
-Որոշ փորձագետներ պնդում են, որ այս փուլում Ղարաբաղը շատ պասիվ է և ոչ միայն բանակցային կողմ չլինելու պատճառով։
-Չեմ կարծում, թե Ղարաբաղը պասիվ է։ Լինելով չճանաչված սուբյեկտ` Ղարաբաղը միջազգային բազմաթիվ կառույցների ուշադրության կենտրոնում է և իրեն առնչվող խնդիրների վերաբերյալ միշտ էլ պաշտոնական դիրքորոշում է արտահայտել։ Բնականաբար, ցանկալի կլիներ, որ իրավական առումով ևս Ղարաբաղը մասնակից լիներ բանակցային գործընթացին։ Ի վերջո, ԼՂՀ ժողովուրդն է որոշում իր ճակատագիրն ու ողջ գործընթացի տրամաբանությունը։ Ինչ-որ մի փուլում, բնականաբար, Ղարաբաղը կդառնա բանակցային կողմ, և որքան շուտ սա իրականություն դառնա, այնքան տեսանելի կլինի խնդրի հանգուցալուծումը։
-Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացում միջնորդական դեր ստանձնելու։ Որքա՞ն է դա իրատեսական։
-Կիսում եմ Վրաստանի այն մտահոգությունը, որ մեր տարածաշրջանում կոնֆլիկտները պետք է լուծել։ Բայց յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը և, հասկանալով Վրաստանի շահագրգռվածությունը, պետք է նկատել, որ երբ 97-ին Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Մինսկի խմբում ստանձնեցին միջնորդական առաքելություն, ամրագրեցին, որ ներկայացնում են միջազգային հանրության միասնական կարծիքը։ Նոր միջնորդներ փնտրել այս երեք խոշոր տերությունների կողքին, կարծում եմ, նպատակահարմար չէ։ Նման ցանկություն կարող են հայտնել և՛ Թուրքիան, և՛ Վրաստանը, և՛ Իրանը։ ՈՒնենալով «նուրբ» հակամարտություն, պետք է ապավինենք միջնորդական այն առաքելությանը, որը երկար տարիներ ապացուցել է իր անկողմնակալ և պրոֆեսիոնալ մոտեցումը խնդրին։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ