ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏՆ ԸՆԿԱԼՈՂ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏՆ ԸՆԿԱԼՈՂ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»
01.02.2011 | 00:00

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հրավերով մեր օպերայինում որևէ ներկայացում բեմադրելու եկած Մարիո Կոռադին հազիվ թե ձեռնարկեր Ջուզեպե Վերդիի «Աիդան», եթե Երևանում պատահաբար չհանդիպեր Հայաստանի ժողովրդական արտիստուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻՆ։ Միայն 24 անգամ առաջնախաղային ներկայացումներում Աիդայի դերերգով հանդես եկած աշխարհահռչակ հայուհու մասնակցությունն իտալացի բեմադրիչի գլխավոր հաղթաթուղթը դարձավ։ ՀՀ նախագահի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարի աչալուրջ վերահսկողությամբ, խոշոր գործարարների ֆինանսական հզոր ներդրումներով և օպերայինի ողջ կազմի գերակտիվ տքնանքով անցյալ տարեվերջին կայացվեց երևանյան «Աիդա»-ի վեհաշուք բեմելը։ Խուսափելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ ներմուծված նոր ներկայացման վաղաժամ գնահատությունից, գերադասեցինք ճշգրտել մեր դեռևս չհամակարգված նախնական տպավորությունները Նյու Յորքում, Վիեննայում, Բարսելոնում, Համբուրգում, Փարիզում, Բեռլինում, Դրեզդենում և այլուր մեծահամբավ երգիչների հետ մի քանի տասնյակ «Աիդա»-ներ կայացրած Հասմիկ Պապյանի հարուստ փորձառությամբ։
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԵՐԳՍ ՆՈՐՄԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ»
-Հետահայաց ինքնարժևորող ընդգրկմամբ ներկայացրեք, խնդրեմ, Ձեր արտիստական այցեքարտը։
-Իմ մասին այնքան է գրվել ու խոսվել, որ դժվարանում եմ նորահայտնությամբ զարմացնել։ Այս տարի լրանում է առաջին բեմելիս 25-ամյակը։ Սկսել եմ մեր օպերային թատրոնում, «Սևիլյան սափրիչ»-ով (Ռոզինա)։ Մասնագիտությամբ ջութակահարուհի եմ, ավարտել եմ ԵՊԿ Ռուբեն Ահարոնյանի դասարանը։ 18 տարի ջութակ նվագելուց հետո, վերջին կուրսում հայտնաբերել եմ ձայնս, որը մշակել է իմաստուն մանկավարժ Տաթևիկ Սազանդարյանը։
-Դոմինգոյի ճանապարհն եք անցել, փաստորեն։
-Նրա հետ շատ եմ երգել։ Նա իմ առաջին Աիդան է ղեկավարել «Մետրոպոլիտենում»` 99 թվականին։ Հետո նրա հետ Մադրիդում «Ագռավի թագուհի» («կՌՍՏՉՈ ՊՈՎՈ») եմ երգել, ապա հրավիրել է ինձ իր տնօրինած վաշինգտոնյան թատրոն... Բայց, կարծեմ, շեղվեցինք. երեք տարի մեր օպերայինում երգելուց հետո 4 միջազգային մրցույթներում դափնիներ եմ ունեցել և գնացել եմ Գերմանիա, որտեղ էլ սկսել եմ երգարվեստի ճանապարհով առաջ գնալ։ Երբ առաջին անգամ հանդես եկա Վիեննայի պետական օպերային թատրոնում, հասկացա մի պարզ իրողություն։ Եթե Երևանում չեմ ապրելու, եվրոպական քաղաքներից նախապատվելի է Վիեննան, որովհետև բուռն մշակութային կյանք ունի` երաժշտական, թատերական, թանգարանային... Առաջին անգամ երբ «Տոսկա» երգեցի այնտեղ, առավոտյան փորձի գնալիս ինձ թվաց, թե վթար է տեղի ունեցել արտիստների մուտքի մոտ։ Իրականում հավաքված հոծ բազմությունը եկել էր նոր Տոսկային իր բարեմաղթությունները հղելու։ Շատ շոյվեցի։ Վիեննայում մարդիկ իրենց հավանությունն արտահայտում են 45 րոպե անընդմեջ ծափահարելով, ժամերով մուտքի մոտ սպասում են ինքնագրեր ստանալուն։ Տաքսու վարորդն անպայման տեղյակ է լինում օրվա ներկայացման, դրա հետ կապված անակնկալների մասին։ Ամեն փոքրիկ խանութ մտնելիս կարող ես լսել Մոցարտի երաժշտությունը։ Այսպիսի հրաշալի մշակութային մթնոլորտ կա Վիեննայում։ Աշխատում եմ պայմանագրային կարգով։ ՈՒնեմ գլխավոր մենեջեր, որի վաղօրոք հաստատած ժամանակացույցով տարվա 11 ամիսը, ճամփորդելով տարբեր երկրներում, ելույթներ եմ ունենում աշխարհի գրեթե բոլոր մեծ թատրոններում։ Դերացանկում ունեմ 45 մշտական դերերգ։
-Առանձնացրեք, խնդրեմ, նշանակալիները։
-Անզուգական է Նորման։ Երբ 19 տարի առաջ Նորմայով բեմ բարձրացա, այն դարձավ ամենապահանջվածը թե՛ ունկնդիրների, թե՛ ինձ համար, քանի որ տալիս է և՛ վոկալ, և՛ դրամատիկ կարողությունների լիարժեք դրսևորման հնարավորություն։ Բացառիկ պարգև է Նորմա երգելը։ Ես ինձ օրհնված եմ համարում, որ կարող եմ այդ պարգևն ունենալ։ Մոտ 28 տարբեր բեմադրություններում եմ երգել, տարբեր երկրներում։
-Լավագույնները որո՞նք եք համարում։
-Յուրաքանչյուրի կայացման համար ջանք չեմ խնայել, բայց, ընդհանուր առմամբ, լավագույնը «Մետրոպոլիտենինն» է։ Այդ բեմում գլխավոր դեր երգելը հավասարազոր է օլիմպիական չեմպիոնի կոչման արժանանալուն։ Բեմադրությունը չափազանց ավանդական էր, սակայն։ Շարժում չկար, ինչը շատ քննադատվեց։ Ամենահաջողվածներից էր, իմ համոզմամբ, Ամստերդամի «Նորման», որը Մարիա Կալասի կյանքն էր փոխադրել բեմ։ Ավարտական տեսարանում Նորման դեպի խարույկ գնալու փոխարեն պարզապես դուրս էր գալիս դահլիճից։ Այսինքն, երգչուհու համար ձայնը կորցնելը մեռնելուն համարժեք է։ Եվրոպայում հատկապես հակված են ժամանակակից բեմադրություններին, մարդկային բնավորությունների ու հարաբերությունների արդիական մեկնաբանություններին։ Եթե լինում են լավ մտահղացումներ, ես միայն ողջունում եմ դրանց բեմավորումը։ Անկարելի է նույն թավշյա կոստյումներով, հնամաշ բեմամիջավայրում հանրածանոթ պարտիտուրը ոգեշնչված վերապրելով երգել ու խաղալ։ Առավել ևս, 21-րդ դարասկզբի հանդիսատեսին հետաքրքրել։ Շտուտգարդի Նորման, օրինակ, որպես քաղաքական գործիչ էր ներկայացված։ Ինչո՞ւ ոչ։ Նայենք Հիլարի Քլինթոնին, որն իր ընդունած որոշումներով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա։ Չէ՞ որ 500 տարի առաջ ապրած դրուիդների մասին քիչ բան գիտենք այսօր։ Նորման իր թշնամուց ծածուկ երկու զավակ ուներ։ Մայր էր, լքված կին, դուստր և, միաժամանակ, ճակատագրական որոշումներ պիտի ընդուներ։ Մերօրյա զուգահեռներ, կարծում եմ, միանգամայն կարելի է անցկացնել։
«ԵՐԳԵԼ ԵՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱԻԴԱՆԵՐ, ՄՈՏ 25 ՏԵՍԱԿԻ»
-Կողմ լինելով դասական գործերի արդիականացմանը` չե՞ք կարծում, որ հաճախ մոդեռնացումն ինքնանպատակ է դառնում, արտառոց երևալու մոլուցքի դրսևորում։
-Կա այդպիսի միտում ևս։ Երգել եմ բազմաթիվ Աիդաներ, մոտ 25 տեսակի։ Կարճ շրջազգեստ եմ կրել, 3-րդ գործողության մեջ, հայրենիքի կարոտի ու սիրո մասին երգելիս, աշխատել եմ համակարգիչով։ Սկզբից մինչև վերջ հատակն եմ լվացել` ստրկուհու նվաստ կարգավիճակն ավելի շեշտադրելու համար կամ, պարզապես, ամբողջ ներկայացմանը շղթայակապ եմ մնացել։ «Հաղթական քայլերգն» է հանված եղել։ Պատահել է, որ ամբողջ «Աիդան» առանց ընդմիջման է խաղարկվել։ Ամենահիշարժանը, ճոխն ու տպավորիչն իմ բոլոր «Աիդա»-ներից «Մետրոպոլիտենինն» է, հաղթարշավին ձիեր են մասնակցում։ Երբ 99-ին առաջին անգամ այնտեղ Աիդա երգեցի, կարծեմ, 1082-րդ ներկայացումն էր նույն բեմադրության։ Կարո՞ղ եք այդպիսի բան պատկերացնել։ Աչքի լույսի պես են պահում-պահպանում այդ աներևակայելի շքեղ ու դիտարժան ներկայացումը։ 2009-ին էլ «Մետրոպոլիտենի» 5000-տեղանոց դահլիճում դատարկ աթոռ չէիք գտնի։ Բարսելոնի «Լիսեյ» թատրոնի բեմադրությունը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին ցանկացել ու պատկերացրել էր ինքը` Վերդին։ Կա Նեղոսը, հրաշալի բնությունը, չքնաղ հանդերձները, բեմավիճակները...
-Ձեր բոլոր «Աիդա»-ների հետ համեմատելով` ինչպե՞ս եք գնահատում Կոռադիի երևանյան բեմադրությունը։
-Նրա հետ երկու անգամ եմ «Աիդա» ներկայացրել։ Մեկը` Ցինցինատիում` ԱՄՆ-ի Օհայո նահանգում անցկացվող մեծ փառատոնի շրջանակներում, մյուսը` Մարսելում, 2001-ի հունվարի 27-ին` Վերդիի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հանդիսաշարում։ Կոռադին մեծ վաստակ ունի։ Երևանյան «Աիդա»-ի փորձերին, պետք է խոստովանել, ես գրեթե չեմ մասնակցել։ Եկել եմ վերջին վայրկյանին և ուղղակի մտել ներկայացման մեջ։ Մշտապես հեռակապի մեջ լինելով բեմադրիչի հետ` գիտեմ, որ աշխատել է նաև տեքստի վրա, երգիչների հետ, կազմակերպչական այլևայլ գործունեություն է ծավալել` ի մի բերելու, հավաքելու ուղղությամբ։ Երևան գալուցս առաջ, երբ Նեապոլից նամակներ էի գրում, բավականին հուսալքված պատասխաններ էի ստանում նրանից։
-Կոռադին Երևանում կրկնել է արդեն արա՞ծը։
-Որոշ նորություններ կային։ Օրինակ, Ամներիսի և Աիդայի զուգերգն Ամներիսի օծվելու-լողանալու տեսարանում։ Լավ գաղափար էր 3 բեմ օգտագործելը։ Ինձ համար այս «Աիդան» զգալիորեն հնաոճ էր ու ստատիկ։ Ասենք, «Հաղթական քայլերգի» դրվագում զինվորներն անընդհատ գալիս են, բարձրացնում ձեռքերը և վերջ։ Ոչինչ չի կատարվում։
-Դրվատելի է, իհարկե, որ Կոռադին խուսափում է ինքն իրեն կրկնելուց։ Ձեզ հետ արված նախորդ երկուսում էլ, չէ՞, գուցե խմբերին հարմարեցնելով, ինչ-ինչ փոփոխություններ կատարել է։ Մեզ մոտ էլ անխուսափելի էին դրանք։ Պարզապես մեծ իրարանցումը, որ տիրում էր երևանյան «Աիդա»-ի բեմադրության շուրջ, անհամեմատ բարձրարվեստ վերջնարդյունքի ակնկալության էր տրամադրում։ Օպերայինում, կարելի է ասել, միայն «Աիդա»-ով էին ապրում։ ՈՒրիշ ոչինչ չէր կատարվում։ Կազմակերպչական, ստեղծագործական ողջ ներուժը անմնացորդ նվիրումով իրագործում էր իտալացի բեմադրիչի ստեղծագործական մտահղացումները։ Ահռելի ֆինանսական ներդրումներ ուղղորդվեցին։ Անձամբ ՀՀ մշակույթի նախարարն էր փորձերին մասնակցում։ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը հետաձգվեց, Հարությունյանի «Սայաթ-Նովայի» ոդիսականն անավարտ մնաց։ Երկրի տերերի առանձնահատուկ ուշադրությամբ` ենթադրում էինք օպերայինի բեմում տեսնել ոչ միայն արտաքուստ, այլև բոլոր բաղադրիչների իմաստավորված ներդաշնակմամբ թանկարժեք, սքանչելի մի ներկայացում։ Նույնիսկ արտաքին փայլի ինչ-ինչ կողմեր ի սկզբանե խոցելի, անհամոզիչ ընկալվեցին գլխավոր փորձի ու 3 առաջնախաղային ներկայացումների հանդիսատեսների գերակշռող մեծամասնության կողմից։ Հանդերձների չարդարացված էկլեկտիկայում ամենից ավելի աչք էր ծակում Ձեր Աիդայի զգեստը։ Ես մտածեցի, որ զուր Դուք էլ չեք հետևել Ելենա Օբրազցովայի օրինակին, որն 89-ին իր Աիդայի զգեստով էր եկել։ Դրանից բացի, Ձեր Աիդայի բեմական կերպարն այնքան շահեկանորեն էր տարանջատվում մյուս բոլորից, որ որպես արքայադուստր էր Ձեր հերոսուհին ընկալվում։ Ինչ-որ հակասություն կար քանդակազարդ բեմի պատկառազդու ձևավորման և դրա վրա կատարվողի միջև։ Գլխավոր փորձից ամենացայտուն տպավորությունը Ձեր Աիդայից և Գևորգ Հակոբյանի Ամոնասրոյից ստացա։ Չեմ կարծում, որ հրավիրյալ տենոր Գեորգի Օնիանին Ձեր լավագույն ռադամեսներից էր։ Նուրիջանյանին դեռ չեմ լսել, բայց մեր Սարգիս Աղամալյանը նրան ամենևին չէր զիջում, կարծեմ։
-Իհարկե։ Լավագույններից են Սալվադորե Լիչիտրան (հիմա թիվ մեկ երգիչն է), Դենիս Օ՚Նիլը, Ռիչարդ Մարջիսոնը... Բայց և չմոռանանք, որ այսօր դժվար է գտնել Ռադամես ամբողջ աշխարհում, ընդհանրապես` լավ տենոր։ Սարգիսն իսկապես կարողացավ հաղթահարել դժվարին դերերգը։ Դեռ կաճի, վստահ եմ։ Քրիստինա Սահակյանն էլ Ամներիսով նոր որակ ի հայտ բերեց։
-Ես երաժշտագետ չեմ, սակայն թանկարժեք երաժշտանախագծերի լուսաբանման բերումով վերջին տարիներին բազում առիթներ եմ ունեցել, բարձրակարգ երաժիշտ կատարողների վարպետությանն անմիջականորեն հաղորդակցվելով, ընկալումս նրբացնելու։ Հիմա դյուրությամբ եմ տարբերում «սևը սպիտակից»` չհամակերպվելով մատուցվող թերարժեքությանը։
-Շատ լավ է։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում կա բարձր արվեստն ընկալող ու գնահատող հանդիսատես։ Դա տանում է պահանջարկի բարձրացմանն ու ճշմարիտ արժեքների վերադարձին։ Մի տխուր իրողություն կա։ Հիմա աշխարհում բացառիկ են լավագույն ներկայացումները։ Երևանյան «Աիդա»-ի Ձեր նկատառումներին լիովին համամիտ եմ։ Թերությունների մեծ մասը, կարծում եմ, կարելի է շտկել։ Հիմնականում հաջողված եմ համարում ներկայացումը։
-Հսկայական աշխատանք է կատարված։ Խոշոր մարդկային ու նյութական ռեսուրսներով բեմ բարձրացված, օպերայինում ստեղծագործական ցանկալի եռուզեռ առաջացրած նոր ներկայացումը, անշուշտ, պետք է հղկել ու ապրեցնել։ Ինչպես, ասենք, գրիգորովիչյան «Սպարտակը»։ Ըստ իս, որևէ, թեկուզ հանրահայտ գործ ձեռնարկելիս` բեմադրիչն էլ սեփական ասելիք պիտի ունենա։ Երբ Կոռադիին հարցրի այս մասին, պատասխանեց, որ ինքն ընդամենը կոմպոզիտորի թարգմանիչն է, ոչ մեկնաբանը։ Միակ երազանքն է` երկնքում բազմած Վերդիին, Մոցարտին, Վագներին և մյուս մեծերին հանդիպելիս երբ հարցնի` արդյո՞ք լավ է թարգմանել նրանց ստեղծագործությունները, պատասխանը դրական լինի։
-Ես շատ ուրախացա, որ նա գործնականում հասկացավ` Հոնդուրաս կամ Սոմալի չի եկել։
«ՊԱՂԵՍՏԻՆՆ ՈՒ ԱՖՂԱՆՍՏԱՆՆ ԷԼ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՉՈՒՆԵՆ»
-Կուզենայի, որ միասին զրուցեինք մեր օպերայինի վերելքի շուրջ։ Բարսեղ Թումանյանի հետ ծավալուն քննարկումներով ինքս ինձ ու մեր ընթերցողի համար բավականին սուր և աշխույժ պարզաբանումների հանգեցի։ Բայց, ինչպես ասում են. «Ձայն բազմաց, ձայն արդարության»։ Ցավոք, չկարողացա Լոնդոնի սիմֆոնիկի հետ Ձեր սեպտեմբերյան ելույթի առիթից օգտվել։ Հիմա էլ արդեն մեկնում եք։
-Ես ինձ երկարատև գործուղման մեջ եմ համարում, ոչ ընդմիշտ գնացած։ Ամեն ամառ գալիս եմ Երևան, անպայման կշարունակենք մեր զրույցն ինձ համար էլ շատ կարևոր այդ թեմայով։ Երբ դեռ սկսնակ էի, մեր խաղացանկում 27 անուն կար։ Դրանք մոռացության տալու ոչ մի բացատրություն ինձ չի գոհացնում։ Ժողովրդի մեջ պիտի մշտապես բորբոքել հետաքրքրությունն ու սերը օպերային արվեստի հանդեպ։ 8 տարեկանում եմ առաջին անգամ, դպրոցի նախաձեռնությամբ, ոտք դրել թատրոն։ Առհասարակ, պրոպագանդել է հարկավոր բարձր մշակույթը։ Ասենք, Պաղեստինն ու Աֆղանստանն էլ չունեն օպերային թատրոն և ամենևին մտահոգված չեն դրանով։ Բայց մենք ունեցել ենք, չէ՞։ Սրտացավ անհատականություն է պետք, որն ի զորու լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, կազմակերպչական ու ստեղծագործական եռանդով արմատական բեկում ապահովելու հեղհեղուկ ներկայում։
-Նաև` պետության առանձնահատուկ մարտավարություն` փառատոնային թիթեռակյանք հանդիսաշարերի սահմանափակմամբ լուրջ արվեստի զարգացումը խթանելու։
-Այո, համապատասխան գիտելիքների կենտրոնացումից զատ, այս օրվան համաքայլ առաջ գնալու իրական հնարավորություններ են հարկավոր։ Օպերային թատրոն ունենալը թանկ հաճույք է։ Ամբողջ աշխարհում դրանք պետական հովանավորությամբ են պատշաճ հարատևում։
-Ի՞նչ պիտի արվի մեզանում օպերային արվեստի համարումը, հասարակական պահանջարկը բարձրացնելու համար։
-Նախ` պիտի թարմացվեն ու խաղացվեն արդեն ստեղծված ներկայացումները։ Վատ թե լավ։ Այսօր երիտասարդ երգիչ-երգչուհիներին փորձառություն ձեռք բերելու, աճելու, կայանալու հիմքեր պիտի տալ։ Թող որ անվերապահորեն վատն էր «Դոն Ժուանը», բայց ափսոս էր այն ուղղակի դեն նետել` մեկ-երկու անգամ խաղարկելուց հետո։ Հսկայական աշխատանք էր կատարվել, գումարներ էին ծախսվել, ստեղծագործական ու կենսական էներգիա։ Նույն «Դավիթ Բեկը»։ Դրանք, ըստ իս, կարելի էր խաղարկելով բարեփոխել։ Ինձ համար նվիրական են Աճեմյանի «Անուշը», Գուլակյանի «Աիդան», Լևոնյանի «Օթելլոն» ու «Պողիկտոսը»։
-Ես համամիտ չեմ, որ վատ ներկայացումը խաղարկվի։ «Դոն Ժուանի» կարգի պարզունակ ու ցածրարվեստ օպերային ներկայացմանն առաջին անգամ թատրոն ոտք դրած հանդիսատեսը հազիվ թե կրկին գալու ցանկություն ունենա։ Չէ՞ որ արվեստի հետ կենդանի հաղորդակցությամբ նաև հասարակության ճաշակն ենք ձևավորում։ Մինչ բեմելը գեղագիտական առաջնորդը (գոնե գեղխորհուրդը) պետք է կարողանա ուղենշել ցանկացած բեմադրության որակական բարեփոխումները։ ՈՒռճացված ստեղծագործական խմբում կան երգիչ-երգչուհիներ, որոնց բնատուր կարողությունները փոքրիկ կամերային համերգներին կարող են միայն բավականացնել, մինչդեռ ոմանց գլխավոր դերերգեր են վստահում։ Իմ համոզմամբ` փորձառու և խորագետ անհատականությունն ի զորու կլինի տարանջատելու վատը լավից։ Միայն այդպես կարելի է խուսափել անհարկի վատնումներից։
-Ժամանակին, այո, պիտի կանխել ձախողումը։ Աշխարհի լավագույն թատրոններում անգամ ամեն երեկո չէ, որ աստղային բեմելներ են լինում։ Միայն Վիեննայի ու Նյու Յորքի ամենահեղինակավորներն են այդ առումով բացառիկ։ Երկիրն ապրում է դրանց շահույթով նաև։ 52 ներկայացում կա «Մետրոպոլիտենի» խաղացանկում, նրանց տարեկան բյուջեն 350 մլն եվրո է։ Այնտեղ պարտավոր են արվեստի բարձրագույն նշաձողը պահպանել, քանի որ Ճապոնիայից մարդիկ հատուկ տոմս են պատվիրում, երկու օրով գալիս, որ մեկ ներկայացում կամ համերգ լսեն։ Դա մեծագույն շռայլություն է հասարակ արվեստասերի համար։ Մեր օպերայինում երգիչներ կան, որոնք տարիներով չեն երգում, դիրիժորներ, որոնք նվագախումբ ու ներկայացում չեն ղեկավարում։ Ամենօրյա գործունեությունն օրինաչափորեն կզատեր շնորհալիին ապաշնորհից։ Ոմանք կհամոզվեին, որ այնքան էլ պիտանի չեն ու գործունեության այլ ասպարեզ կփնտրեին։ Նախ և առաջ, «մեծապատիվ մուրացկանի» անարժանապատիվ գոյավիճակից պիտի ազատագրել արվեստագետներին։ Ըստ արժանվույն վարձատրել, ապա բարձր արվեստի պահանջ ներկայացնել։ Այսպես է ամբողջ աշխարհում։ Կարծեմ, Հայաստանում էլ հիմա իրական արժանավորությամբ են մարդիկ իրենց տեղը գտնում։
-Չափազանց լավատես եք։ Մեզ մոտ առայժմ գերակա են թայֆայական, ընկերային չափորոշիչները։
-Օպերային արտիստների պարագայում, վստահաբար, մի տեղում մնալը նշանակում է թերի մնալ։ Նույն Դոմինգոն, որն Իսպանիայում է ծնվել, ամբողջ կյանքն անցկացնում է օդանավակայաններում։ Եթե մի տեղում մնար, հազիվ թե ներկայիս անզուգական նկարագրին հասներ։ Հնարավոր չէ աշխարհի լավագույն օպերային թատրոնները սեփական հարկի տակ ունենալ։ Ինքդ պիտի շրջես, դրանցում բեմելներ ունենաս, բարձր պրոֆեսիոնալների հետ աճես ու կայանաս։ Այդպիսով նաև աշխարհը տեսնելու, տարբեր երկրներ ու մշակույթներ իրենց հողի վրա ճանաչելու հնարավորություն ես ունենում։ Ճամփորդելը, պատկերասրահներ ու թանգարաններ այցելելը ինձ մեծագույն հաճույք են պարգևում։ Ընթերցանությանը զուգահեռ դա ինձ հոգեպես հարստացնում է։ Հիմա Կաֆկան է անգերազանցելի, ժամանակակից գերմանացի գրողները։ Դրամատիկ թատրոն եմ շատ սիրում։ Սիրում եմ արդի խայտաբղետ խենթության մեջ նոր անուններ հայտնաբերել։ Իհարկե, պիտի պատշաճ ներկայացումներ ունենալ օպերայինի խաղացանկում, հանրությանը գոհացնող։ Գերմանիայում, օրինակ, 140-ից ավելի օպերային թատրոն կա։ Աստղային ներկայացումներ տարվա ընթացքում լինում են մեկ-երկու անգամ։ Մնացածներն էլ, սակայն, միանգամայն գոհացնում են արվեստի երկրպագուներին։ Ի տարբերություն մեզ, նրանք իրենց սերը կարողանում են սերունդներին փոխանցել` մանկուց պատվաստելով։ Նրանց երեխաները դպրոցում պարտադիր որևէ երաժշտական գործիք նվագել են սովորում, որպեսզի լավ ունկնդիր դառնան։
-Դուք էլ, չէ՞, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում ջութակ նվագել սովորելիս եք սկսել օպերային թատրոն հաճախել։ Եղել է մշակութային դաստիարակության աբոնեմենտային հրաշալի համակարգը։ Պահպանել էր պետք, ոչ թե կտրուկ արգելել դպրոցներում նույնիսկ ներկայացումների տոմսեր իրացնելը։ Ներկայիս հոգևոր աղքատացման մեջ այս իրողությունը, հաստատ, իր սև գործն արել է։
-Իմ տպավորությամբ` հիմա Հայաստանում կան մեծահարուստներ, որոնցով հնարավոր է մեկենասության կուռ համակարգ ձևավորել։ Ո՛չ միայն ի նպաստ մշակույթի, այլև բոլոր ասպարեզների բարեկիրթ զարգացման։ Նրանց պարտաճանաչ կերպով վճարած հարկերի խելամիտ ուղղորդմամբ, կարծում եմ, հնարավոր է քաղաքակիրթ ապրելակերպ ապահովել։ Բոլորը պիտի իրենց պաշտպանված զգան սեփական երկրում։ Ես էլ եմ դրսում իմ եկամուտներից պետական տուրք վճարում։ Դա ամենևին հաճելի չէ, անշուշտ, բայց պաշտպանված լինելու, մաքուր փողոցներ ունենալու, բժշկական ապահովագրության և այլնի կայուն երաշխիք է։ Երևի թե սա է մեզ ամենից առաջ անհրաժեշտ ունենալ ու արմատավորել։ Նկատո՞ւմ եք, որ երկրագնդի բնակլիմայական փոփոխությունները, մարդկանց պատուհասող չարիքները կրկին արթնացնում են հոգևոր առողջ սննդի պահանջը։ Մարդիկ սկսել են գիտակցել, որ իրենց կյանքի տևողության կրճատումը, բազմաթիվ սթրեսներն ու համաճարակները գալիս են հոգևոր աղքատությունից։
-Առավել ևս կարևորվում են մշակութային մնայուն արժեքների պահպանումն ու հանրաճանաչումը, նորաստեղծների բարձր որակի ապահովումը։
-Միանշանակ։ Եվ եթե այդ տեսակետից արժևորելու լինենք երևանյան «Աիդան», ամենից առաջ պատշաճ ապրեցնելով պիտի մտահոգվենք։ Հավատացած եմ, որ սրտացավ ջանադրությամբ բեմի շքեղ հարդարանքին կմերձենան երաժշտության դրամատիզմով հագեցած հնչողությունը, առկա ներուժի սերուցքով խորացված դերակատարումները, երգիչների ու նվագախմբի միաձույլ ներդաշնակությունը։ Կարելի է խաղարկելով ճշգրտել բեմավիճակները, ձերբազատվել առաջին ներկայացումների երևակած այլ թերություններից։ Չէ՞ որ ամեն նորածին հատուկ խնամքի կարիք ունի` հասունանալու, ամրանալու համար։
Զրույցը` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ